≡AAAAAAA | Տնտեսակետ | ← → |
Հրատարակման տեղեկություններ
ՏՆՏԵՍԱԿԵՏ
Անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը
Անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը
Խմբագրված տարբերակ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրների համար
ՋԵՅՄՍ Դ. ԳՈՒԱՐԹՆԻ
Ֆլորիդա նահանգի համալսարան
Ֆլորիդա նահանգի համալսարան
ՌԻՉԱՐԴ Լ. ՍԹՐՈՈՒՊ
Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարան
Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարան
ԴՈՒԱՅԹ Ռ. ԼԻ
Հարավային մեթոդիստական համալսարան
Հարավային մեթոդիստական համալսարան
ԹՈՈՒՆԻ Հ. ՖԵՌԱՐԻՆԻ
Հյուսիսային Միչիգանի համալսարան
Հյուսիսային Միչիգանի համալսարան
ՋՈԶԵՖ Պ. ԿԱԼՀՈՒՆ
Ֆլորիդա նահանգի համալսարան
Ֆլորիդա նահանգի համալսարան
ՌԵՆԴԱԼ Կ. ՖԱՅԼԵՐ
Հանթեր քոլեջ և Նյու Յորքի քաղաքային համալսարանի (CUNY) հետդիպլոմային կենտրոն
Հանթեր քոլեջ և Նյու Յորքի քաղաքային համալսարանի (CUNY) հետդիպլոմային կենտրոն
Տնտեսակետ. անձնական բարեկեցության և երկրի բարգավաճման բանաձևը: Հեղինակներ՝ Ջեյմս Դ. Գուարթնի, Ռիչարդ Լ. Սթրոուպ, Դուայթ Ռ. Լի, Թոունի Հ. Ֆեռարինի, Ջոզեֆ Պ. Կալհուն և Ռենդալ Կ. Ֆայլեր:
Առաջին անգամ հրատարակվել է 2020թ.:
Economic Fundamentals Initiative, 110 Jabez Street 1060, Newark, New Jersey NJ 07105, USA:
Խմբագրվել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և նախկին Խորհրդային Միության երկրների համար՝ Ջեյմս Դ. Գուարթնիի, Ռիչարդ Լ. Սթրոուպի, Դուայթ Ռ. Լիի, Թոունի Հ. Ֆեռարինիի, Ջոզեֆ Պ. Կալհունի և Ռենդալ Կ. Ֆայլերի հեղինակած «Տնտեսակետ. այն, ինչ յուրաքանչյուրը պետք է իմանա բարեկեցության և բարգավաճման մասին» գրքի երրորդ հրատարակության հիման վրա:
© Economic Fundamentals Initiative
Գիրքն արտոնագրվել է Creative Commons-ի միջազգային արտոնագրով՝ «հեղինակներ, ոչ առևտրային օգտագործման համար, առանց ձևափոխությունների» նշումով, տարբերակ՝ 4.0 (CC BY-NC-ND 4.0): Արտոնագրի բովանդակությունը հասանելի է https://creativecommons.org/licenses/by-nc-nd/4.0/ հղումով:
ISBN 978-1-952729-02-7
Առաջաբան
Այս գրքի հեղինակները ցանկանում են, որ դուք հաջող և լիարժեք կյանքով ապրեք: Մենք նաև ցանկանում ենք, որ դուք և մյուս բոլոր մարդիկ ապրեն մի միջավայրում, որը յուրաքանչյուրին թույլ կտա և կքաջալերի հասնել իր առավելագույն ներուժին: Կարծում ենք, որ այս նպատակների իրագործման համար անհրաժեշտ է, որպեսզի երկրների ղեկավարները և առհասարակ քաղաքացիները հասկանան տնտեսագիտության հիմնարար սկզբնունքները: Տնտեսական որոշումները և քաղաքականություններն իրենց ազդեցությունն ունեն մեզնից յուրաքանչյուրի վրա՝ մեր առօրյա կյանքի գրեթե բոլոր ոլորտներում և հաճախ այնպիսի առումներով, որոնք մեզ համար լիովին ընկալելի չեն: Մեզ շարունակ զարմացնում է քաղաքական գործիչների ու ընտրողների տնտեսագիտական անգրագիտության աստիճանը: Տնտեսագիտության չիմացությունն ամենուր վտանգավոր է, սակայն հատկապես տարածված է և վնասակար ազդեցություն ունի զարգացող և հետկոմունիստական անցումային տնտեսություններում: Գրքի հիմնական նպատակը մեր մասնագիտության կարևոր հասկացությունները բոլորին մատչելի դարձնելն է:
Քանի որ ժամանակն արժեքավոր է, մենք այս գիրքն այնպես ենք կազմել, որ նվազագույնի հասցնենք նոր եզրեր սովորելու, բանաձևեր մտապահելու կամ միայն պրոֆեսիոնալ տնտեսագետների համար կարևոր բարդ մանրամասներ իմանալու անհրաժեշտությունը: Փոխարենը կենտրոնացել ենք տնտեսագիտության այնպիսի հիմնական հասկացությունների վրա, որոնք իսկապես կարևոր են և կօգնեն ձեզ կատարել ավելի լավ ընտրություններ, բարելավել մեր օրեցօր բարդացող աշխարհի մասին ձեր ընկալումը և ավելի գոհացուցիչ կյանքով ապրել:
Այս գիրքը կարևոր և ուսուցողական տեղեկություն է պարունակում, որը նախատեսված է բոլորի համար՝ անկախ այս պահին ունեցած տնտեսագիտական գիտելիքներից: Ինչպես գրքի վերնագիրն է հուշում, կարծում ենք, որ տնտեսագիտության հիմնարար սկզբունքներն առաջնահերթորեն արտացոլում են ողջախոհ միտքը: Գրքում այս սկզբունքները ներկայացված են գործնականում՝ ցույց տալով իրական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բացատրելու դրանց ունակությունը:
Մեր նպատակն է՝ օգնել ձեզ հասկանալ, թե ինչու որոշ երկրներ բարգավաճում են, իսկ մյուսները՝ ոչ: Գրքում վերլուծել ենք քաղաքական գործընթացը և ուսումնասիրել ենք տնտեսության պլանային և շուկայական մոդելների միջև տարբերությունները: Մեր աշխատանքը օգտակար կլինի նաև տնտեսագիտություն և գործարարություն մասնագիտությունների բարձր կուրսերի ուսանողների համար, քանի որ այն տալիս է «ամբողջական պատկերը»: Կարող եք ժամանակավորապես մի կողմ դնել բարդ բանաձևերը, մաթեմատիկական մոդելները և կենտրոնանալ տնտեսագիտության այն սկզբունքների վրա, որոնց շնորհիվ էլ հետաքրքրվել եք տնտեսագիտությամբ:
Նյութերը ներկայացնում ենք այնպես, որ հիմնարար գիտելիք տրամադրենք հատկապես ուսանողներին, որոնք այլևս տնտեսագիտություն չեն ուսումնասիրելու, ինչպես նաև այն բոլոր մարդկանց, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչպես է կառուցված իրենց շրջապատող աշխարհը: Գիրքը նախատեսված է միջնակարգ դպրոցի աշակերտների, բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների (օրինակ՝ իրավագիտություն կամ ժուռնալիստիկա) ուսանողների և ամենակարևորը` բոլոր մարդկանց համար:
Քանի որ «Տնտեսակետ» գրքի կոլեկտիվը ցանկանում է այս նյութերով կիսվել դասավանդողների հետ, կարող ենք առաջարկել սեմինարներ, որոնք կօգնեն դասավանդողներին հնարավորինս արդյունավետ օգտագործել մեր նյութերը: Այդ միջոցառումների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր կայք՝ http://www.econfun.org:
Բեռլինի պատի փլուզումից երեսուն տարի անց շատերին հուզում են անցումային փոփոխությունների տեմպերն ու ուղղությունը: Հատկապես կարևոր է, որ այդ տարածաշրջանի քաղաքացիները «ոչ լիբերալ ժողովրդավարության» և «պետական կապիտալիզմի» կեղծ խոստումների թակարդը չընկնեն: Շատ մարդիկ են զոհաբերել իրենց ժամանակը, կարիերան և նույնիսկ կյանքը, որպեսզի այդ տարածաշրջանում քաղաքական ու տնտեսական ազատություն հաստատվի: Այս գիրքը նվիրում ենք ազատության հերոսներին։
Մաս 1. Տնտեսագիտության տասներկու հիմնական բաղադրիչները
Տասներկու հիմնական բաղադրիչները
- Խթանները որոշիչ են. եկամուտների և ծախսերի փոփոխությունները կանխատեսելի կերպով ազդում են ընտրության վրա:
- «Անվճար նախաճաշը միայն թակարդում է». ապրանքները սահմանափակ քանակությամբ են, հետևաբար պետք է ընտրություն կատարենք դրանց միջև:
- Որոշումները կայացվում են սահմանային հաշվարկներով. եթե ցանկանում ենք մեր ռեսուրսներն առավելագույնս օգտագործել, տարբերակներ պետք է ընտրենք միայն այն դեպքում, երբ սահմանային օգտակարությունը գերազանցում է սահմանային ծախսերը:
- Առևտուրը խթանում է տնտեսական առաջընթացը:
- Գործարքային ծախսերը խոչընդոտ են առևտրի համար:
- Գները հավասարակշռում են գնորդների և վաճառողների ընտրությունները:
- Շահույթները բիզնեսը մղում են դեպի ռեսուրսների արժեքը բարձրացնող արտադրական գործունեություն, այնինչ կորուստները զսպում են այն՝ ստիպելով զերծ մնալ ռեսուրսների արժեքը նվազեցնող վատնողական գործունեությունից:
- Մարդիկ եկամուտ են վաստակում՝ ուրիշներին տրամադրելով այն, ինչն արժեք է ներկայացնում նրանց համար:
- Պարզապես «աշխատանք ունենալով» բարձր կենսամակարդակի հնարավոր չէ հասնել. պետք է նաև մարդկանց համար արժեք ներկայացնող բարիքներ (ապրանքներ ու ծառայություններ) արտադրել:
- Տնտեսական առաջընթացը հիմնականում ապահովվում է առևտրի, ներդրումների, կատարելագործված տեխնոլոգիաների և կայացած տնտեսական հաստատությունների շնորհիվ:
- Շուկայական գների «անտեսանելի ձեռքը» գնորդներին և վաճառողներին համընդհանուր բարեկեցությանը նպաստող գործողությունների է դրդում։
- Գործողությունների երկարատև հետևանքները կամ երկրորդային ազդեցությունները շատ հաճախ անտեսվում են:
Ներածություն
Կյանքը բաղկացած է ընտրություններից, իսկ տնտեսագիտությունն ուսումնասիրում է, թե ինչպես են խթաններն ազդում այդ ընտրությունների վրա և ձևավորում մեր կյանքը: Մեր կրթության ընտրությունը, այն, թե ինչպես ենք ծախսեր ու ներդրումներ կատարում, ինչ ենք անում աշխատավայրում և շատ այլ անձնական որոշումներ ազդում են մեր բարեկեցության և կյանքի որակի վրա: Ավելին, որպես ընտրող և քաղաքացի կատարում ենք ընտրություններ, որոնք ազդում են օրենքների ու «խաղի կանոնների վրա», իսկ այդ կանոնները հսկայական ազդեցություն են ունենում մեր ազատության և բարգավաճման վրա: Որպեսզի թե՛ մեզ համար, թե՛ հասարակության համար ճիշտ ընտրություն կատարենք, պետք է հասկանանք մի քանի հիմնական սկզբունք. ինչպես են մարդիկ ընտրում, որն է նրանց գործողությունների շարժառիթը, և ինչպես են նրանց գործողություններն ազդում իրենց և ուրիշների անձնական բարեկեցության վրա: Այսպիսով, տնտեսագիտությունը գիտություն է մարդկային որոշումների կայացման գործընթացի մասին, վերլուծում է ընտրության հիմքում ընկած խթանները և հասարակությունների գործելակերպի հետևանքները:
Տնտեսագիտական մտածելակերպը մտավոր գործընթացում որոշ կարևոր սկզբունքների ներմուծում է ենթադրում: Հաջորդ բաժնում ներկայացնում ենք տասներկու սկզբունք, որոնք խիստ կարևոր են տնտեսագիտությունը հասկանալու համար, ինչպես նաև բացատրում, թե ինչու որոշ երկրներ զարգանում և հասնում են եկամտի բարձր մակարդակների, այնինչ մյուսները լճանում են և մնում աղքատ: Դուք կիմանաք, թե որն է ծախսերի իրական նշանակությունը, ինչու են գները կարևոր, ինչպես է առևտուրը նպաստում բարգավաճմանը, և ինչու է մարդկանց համար արժեքավոր իրերի արտադրությամբ պայմանավորվում մեր կենսամակարդակը: Այս սկզբունքները կօգտագործվեն գրքի հաջորդ մասերում մի շարք կարևոր թեմաներ քննարկելիս:
Բաղադրիչ 1.1. Խթանները նշանակություն ունեն
Օգուտների և ծախսերի փոփոխությունները կանխատեսելի կերպով ազդում են ընտրությունների վրա:
Տնտեսագիտության հիմքում ընկած է մեկ պարզ սկզբունք. խթանների փոփոխությունները կանխատեսելի կերպով ազդում են մարդկանց վարքագծի վրա: Խթանների վրա ազդում են և՛ դրամական, և՛ ոչ դրամական գործոնները: Երբ ինչ-որ բան թանկանում է, փոքրանում է հավանականությունը, որ մարդիկ այն կընտրեն։ Այս պարզ գաղափարը, որը երբեմն անվանում են տնտեսագիտության կանխադրույթ, հզոր գործիք է, քանի որ կիրառելի է գրեթե այն ամենի նկատմամբ, որ անում ենք:
Քիչ հավանական է, որ մարդիկ կընտրեն մի բան, որը թանկացել է։ Մտածե՛ք այս պնդման հետևանքների մասին: Երբ ուշանում ես հանդիպումից, քիչ հավանական է, որ ընկերոջդ այցելելուն ժամանակ կհատկացնես: Ցուրտ և անձրևոտ օրերին ավելի քիչ մարդ կգնա զբոսանքի: Բարձր գների դեպքում ավելի քիչ ապրանք կվաճառվի։ Արձակուրդից առաջ քոլեջի դասերի հաճախելիության մակարդակը սովորականից ավելի ցածր կլինի: Բոլոր դեպքերում բացատրությունը նույնն է. որքան ծախսատար է դառնում այլընտրանքը, այնքան նվազում է այն ընտրելու հավանականությունը:
Նույն կերպ, երբ որևէ այլընտրանքի շահավետությունը մեծանում է, մեծանում է նաև հավանականությունը, որ մարդիկ կընտրեն այն: Փողոցով քայլելիս գետնի վրա փող նկատած մարդն ավելի մեծ հավանականությամբ կկռանա ու կվերցնի եվրոն կամ դոլարը, քան ցենտը: Ուսանողները կհաճախեն և ավելի ուշադիր կլինեն դասի ժամանակ, եթե իմանան, որ տվյալ առարկայից քննություն են հանձնելու: Հաճախորդներն ավելի շատ կգնեն այն խանութներից, որոնք առաջարկում են ավելի ցածր գներ, սպասարկման բարձր որակ և գտնվում են հարմար վայրում: Աշխատողներն ավելի ջանասիրաբար և արդյունավետորեն կաշխատեն, եթե համապատասխանաբար պարգևատրվեն: Այս բոլոր արդյունքները շատ կանխատեսելի են և պարզապես արտացոլում են տնտեսագիտության՝ «խթանները նշանակություն ունեն» կանխադրույթը:
Այս հիմնական կանխադրույթը բացատրում է, թե ինչպես են շուկայական գների փոփոխություններն ազդում խթանների փոփոխման վրա այնպես, որ համաձայնեցնում են գնորդների ու վաճառողների գործողությունները: Եթե գնորդները որևէ ապրանքից ցանկանում են գնել ավելի շատ, քան արտադրողները պատրաստ են (կամ կարող են) վաճառել, այդ ապրանքի գինը շուտով կբարձրանա: Գնի բարձրանալու հետ մեկտեղ վաճառողները կցանկանան ավելի շատ առաջարկել այդ ապրանքից, իսկ գնորդներն ավելի քիչ կգնեն. այսպես կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ ավելի բարձր գինը կհավասարակշռի պահանջվող ու առաջարկվող քանակությունը: Այդ կետում գինը կայունանում է:
Ի՞նչ կկատարվի հակառակ իրավիճակում, եթե վաճառողները ցանկանան առաջարկել ավելի շատ, քան պատրաստ են գնել գնորդները: Եթե վաճառողները չկարողանան վաճառել իրենց բոլոր ապրանքները ներկա գնով, ստիպված են լինելու իջեցնել ապրանքի գինը: Ցածր գինն իր հերթին մարդկանց կդրդի ավելի շատ ապրանք գնելու, բայց միաժամանակ արտադրողներին հետ կպահի այդքան շատ արտադրելուց, քանի որ արտադրանքը նոր՝ ավելի ցածր գնով առաջարկելը նրանց համար պակաս գրավիչ է։ Կրկին, գնի փոփոխությունը հավասարակշռում է սպառողների կողմից պահանջվող և մատակարարների կողմից արտադրվող քանակը: Այստեղ գնի փոփոխություն առաջացնող ճնշում այլևս չկա:(1)
Օրինակ՝ 2014թ. ամռանը ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում վատ եղանակի պատճառով դեղձի գինը նախորդ տարվա համեմատ մոտ 180%-ով աճեց: Չնայած գների հսկայական թանկացմանը՝ սպառողները չէին բողոքում: Ինչո՞ւ: Երբ գինը բարձրանալու արդյունքում դեղձը թանկացավ, սպառողներից շատերը հեշտությամբ դեղձը մասամբ կամ լիովին այլ մրգերով փոխարինեցին և իրենց ձմեռային պահածոները պատրաստեցին տանձից ու սերկևիլից:
Ավելին, վաճառողներն արձագանքեցին դեղձի բարձր գներին այնպես, ինչպես գնորդները: Դեղձ մատակարարող ֆերմերները նոր ծառեր տնկեցին: Մյուս ֆերմերները կտրեցին իրենց խնձորի ու տանձի այգիները և փոխարենը դեղձի ծառեր տնկեցին: Եվ այսպես, երկու տարի անց (երբ նոր տնկած ծառերն արդեն բերքատու էին դարձել) դեղձի գինը նվազեց, քանի որ առաջարկը մեծացավ:
Խթաններն ազդում են նաև քաղաքական ընտրությունների վրա: Քվեախցիկում ընտրություն կատարողի վարքը թերևս շատ չի տարբերվում առևտրի կենտրոնում ընտրություն կատարողի վարքից: Շատ դեպքերում քվեարկողները հակված են պաշտպանելու այն քաղաքական թեկնածուներին ու նրանց ծրագրերը, որոնք իրենց կարծիքով կապահովեն ամենամեծ անձնական օգուտները համեմատաբար քիչ ծախսերի պայմաններում: Նրանք կընդդիմանան այն քաղաքական տարբերակներին, որտեղ անձնական ծախսերն ավելի մեծ են, քան ակնկալվող օգուտները: Օրինակ՝ տարեց քաղաքացիները բազմիցս դեմ են քվեարկել այն թեկնածուներին ու ծրագրերին, որոնք կենսաթոշակի իջեցում են նախատեսել: 2018թ. սեպտեմբերին Ռուսաստանում կայացած նահանգապետի ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցության ցածր արդյունքների պատճառ են համարվել կենսաթոշակային նպաստներում առաջարկվող նվազեցումները: Նույն կերպ, քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ ուսանողները մեծապես կողմ են բուհերի ուսանողների համար նախատեսված կրթական դրամաշնորհներին:
Հնարավոր չէ հաշվի չառնել խթանների կարևորությունը: Դրանք մարդկային էության մաս են կազմում: Խթանները սոցիալիստական հասարակարգում նույնքան որոշիչ են, որքան կապիտալիստական հասարակարգում: Նախկին Խորհրդային Միությունում ապակու արտադրության գործարանների ղեկավարներն ու աշխատակիցները մի ժամանակ պարգևատրվում էին ըստ իրենց արտադրած ապակե թիթեղի տոննայի: Քանի որ նրանց եկամուտները կախված էին ապակու քաշից, գործարանների մեծ մասը թերթային ապակին այնքան հաստ էր արտադրում, որ այն գրեթե թափանցիկ չէր: Արդյունքում կանոնները փոխվեցին այնպես, որ ղեկավարներին վճարում էին ըստ արտադրված ապակու քառակուսի մետրի: Ըստ նոր կանոնների խորհրդային գործարաններն սկսեցին ապակին արտադրել այնքան բարակ, որ այն հեշտությամբ կոտրվում էր: Նույն կերպ, երբ Լեհաստանի գործարանների համար կոշիկի քանակի քվոտաներ սահմանվեցին, և դրա հետ մեկտեղ նրանց շատ քիչ քանակությամբ կաշի էին մատակարարում, զարմանալի չէ, որ շուկայում մանկական կոշիկի առատություն էր տիրում։
Որոշ մարդիկ կարծում են, թե խթանները նշանակություն ունեն միայն ագահ ու եսասեր մարդկանց համար: Այդպես չէ: Մարդկանց գործողություններն ունեն տարբեր դրդապատճառներ. ոմանք գործում են եսասիրությունից, մյուսները՝ մարդասիրությունից դրդված: Թե՛ եսակենտրոնների և թե՛ ալտրուիստների ընտրությունների վրա ազդում են անձնական ծախսերի և օգուտների փոփոխությունները: Օրինակ՝ ավելի հավանական է, որ թե՛ եսակենտրոնները և թե՛ ալտրուիստները կփորձեն փրկել ավելի շուտ ծանծաղ լողավազանում խեղդվող երեխային, քան Դետիֆոս ջրվեժը(2) թափվող արագ հոսանքներում հայտնված երեխային: Նաև ավելի հավանական է, որ երկուսն էլ կարիքավորին կտան իրենց հին հագուստը, այլ ոչ լավագույնը:
Եվ չնայած հանգուցյալ ալբանացի բարեգործ Մայր Թերեզային ոչ ոք ագահ չէր անվանի, նրա անձնական շահը ևս ստիպում էր նրան հաշվի առնել խթանները: Երբ Մայր Թերեզայի «Գթության միսիոներներ» կազմակերպությունը փորձում էր Նյու Յորքում կացարան բացել անօթևանների համար, քաղաքի իշխանությունները պահանջեցին թանկարժեք ձևափոխումներ կատարել շենքում: Կազմակերպությունը հրաժարվեց նախագծից: Այս որոշումը որևէ կերպ չփոխեց Մայր Թերեզայի՝ աղքատներին օգնելու հանձնառությունը: Փոխարենն այն արտահայտվեց խթանների փոփոխությամբ: Երբ Նյու Յորքում աղքատներին օգնելու ծախսերը մեծացան, Մայր Թերեզան որոշեց, որ իր ռեսուրսներն ավելի մեծ օգուտ կտան այլ վայրերում:(3) Խթանների փոփոխությունն ազդում է յուրաքանչյուրի ընտրության վրա՝ անկախ մի կողմից ագահ, նյութական և մյուս կողմից բարի, ալտրուիստական նկատառումներից, որոնք ընկած են այս կամ այն որոշման հիմքում։
Բաղադրիչ 1.2. Անվճար լանչ չի լինում
Ապրանքները սակավաթիվ են, հետևաբար մենք պետք է ընտրություններ կատարենք:

Հուսով եմ՝ գնահատում ես, որ յուրաքանչյուր «զբոսանքին» տրամադրում եմ ժամանակ, որն արժե $175:
Հուսով եմ՝ գնահատում ես, որ ես քո միակ ընկերն եմ:
Stu’s Views կոմիքսներ © 2004 Stu Բոլոր իրավունքները պահպանված են www.STUS.com
Իրականությունն այն է, որ մեր մոլորակում արտադրական ռեսուրսները սահմանափակ են, մինչդեռ ապրանքների ու ծառայությունների նկատմամբ մարդկանց պահանջները անսահմանափակ են: Ուզո՞ւմ եք ունենալ նոր հագուստ, շքեղ զբոսանավ կամ վայելել արձակուրդը շվեյցարական Ալպերում: Իսկ կուզեի՞ք ժամանցին, հանգստին ու ճամփորդելուն ավելի շատ ժամանակ հատկացնել: Երազո՞ւմ եք ձեր նոր Porsche մեքենայով մտնել օվկիանոսի մոտ գտնվող ձեր առանձնատան բակը: Մեզնից շատերը կուզենային ունենալ այս ամենը և էլի այլ բաներ: Բայց մենք սահմանափակված ենք ռեսուրսների, այդ թվում՝ ժամանակի սակավությամբ:
Քանի որ չենք կարող ամեն ինչ մեր ուզած չափով ունենալ, ստիպված ենք ընտրել տարբերակներից: «Անվճար լանչ» չի լինում: Մի բան անելու համար մենք զոհաբերում ենք մեզ համար կարևոր մեկ այլ բան անելու հնարավորությունը: Սա է պատճառը, որ տնտեսագետները բոլոր ծախսերն անվանում են այլընտրանքային ծախսեր։
Շատ ծախսեր չափվում են փողով, բայց դրանք նույնպես այլընտրանքային ծախսեր են: Որևէ բան գնելու ժամանակ ծախսված փողը այլ բաների վրա չես ծախսի: Ձեր գնած որևէ բանի այլընտրանքային ծախսը ձեր գնահատմամբ այն ապրանքների գինն է, որոնցից այժմ պետք է հրաժարվեք, քանի որ փողն արդեն ծախսել եք սկզբնական գնման վրա: Բայց նույնիսկ եթե որևէ գործողության վրա գումար չեք ծախսում, չի նշանակում, որ գործողությունն արժեք չունի: Զբոսանքի գնալու և գեղեցիկ մայրամուտ վայելելու համար պարտադիր չէ գումար ծախսել, բայց զբոսանքի գնալը այլընտրանքային ծախս է ենթադրում: Զբոսնելու վրա ծախսված ժամանակը կարող էր օգտագործվել ձեզ համար արժեքավոր որևէ այլ բան անելու, օրինակ՝ ընկերներին այցելելու կամ գիրք կարդալու համար:
Հաճախ ասում են, որ որոշ բաներ այնքան կարևոր են, որ դրանք պետք է անել առանց ծախսը հաշվի առնելու: Նման հայտարարությունը կարող է ողջամիտ թվալ առաջին հայացքից և կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ ուզում ենք մարդկանց խրախուսել ավելի շատ փող ծախսել մեզ համար արժեքավոր բաների վրա, որոնց համար կուզեինք, որ վճարեն: Սակայն ծախսն անտեսելու անխոհեմությունը դառնում է ակնհայտ, հենց որ գիտակցում ենք, որ այդ ծախսերը հանդիսանում են բաց թողնված այլընտրանքների (այսինքն՝ այլընտրանքներ, որոնցից հրաժարվել ենք) արժեքը: Այն պնդումը, թե պետք է որևէ բան անել առանց ծախսերը հաշվի առնելու, իրականում նշանակում է, որ պետք է դա անել առանց այլընտրանքի արժեքը հաշվի առնելու: Երբ ընտրում ենք միմյանց բացառող (բայց հավասարապես գրավիչ) այլընտրանքների միջև, լավագույն ընտրանքն ամենացածր ծախսն ունեցող տարբերակն է:
Թե՛ սպառողների և թե՛ արտադրողների ընտրությունները ծախսեր են ենթադրում: Ապրանքի արժեքը, որն արտահայտվում է գնով, մեզ՝ որպես սպառողների, օգնում է համեմատել տվյալ ապրանքն ունենալու մեր ցանկությունը այն այլընտրանքային ապրանքն ունենալու ցանկության հետ, որը կարող էինք գնել դրա փոխարեն: Եթե հաշվի չառնենք ծախսերը, մեր ողջ եկամուտը հավանաբար ի վերջո կծախսենք «սխալ» բաներ, այսինքն այնպիսի ապրանքներ ու ծառայություններ գնելու վրա, որոնք այնքան արժեքավոր չեն, որքան նրանք, որ կարելի էր գնել:
Արտադրողները նույնպես ծախսեր են կրում. դրանք ապրանքն արտադրելու կամ ծառայություն մատուցելու համար օգտագործվող ռեսուրսների ծախսերն են: Օրինակ՝ նոր շենքի կառուցման համար փայտի, պողպատի և գիպսակարտոնի օգտագործումը այդ ռեսուրսներն անհասանելի է դարձնում այլ շինություններ, օրինակ՝ հիվանդանոցներ և դպրոցներ կառուցելու համար: Ռեսուրսների համար պահանջվող մեծ ծախսերն ահազանգում են այն մասին, որ ռեսուրսներն ունեն այլ՝ ավելի արժեքավոր գործածություն, ինչպես գնահատել են գնորդներն ու վաճառողներն այլ շուկաներում: Շահույթ հետապնդող կազմակերպությունները ուշադրություն կդարձնեն այս ահազանգերին և կգործեն համապատասխանաբար, օրինակ՝ կփնտրեն ավելի ոչ ծախսատար փոխարինող ապրանքներ: Սակայն պետական կանոնակարգերը կարող են ճնշել այս ահազանգերը: Նրանք կարող են հարկեր կամ սուբսիդիաներ սահմանել, որպեսզի շահեն պոտենցիալ համախոհների բարեհաճությունը՝ ազատ և բաց շուկաներում գոյացող գներն իջեցնելու միջոցով։ Սակայն նման կանոնակարգերը խանգարում են, որպեսզի շուկայական խթանները ռեսուրսներն ուղղորդեն այնտեղ, որտեղ սպառողներն ի վերջո դրանք ամենաբարձրն են գնահատում: Դասական օրինակ է Վրաստանում 1991-1994թթ. տեղի ունեցածը: Կառավարությունը հացի գինը պահեց շուկայականից ցածր մակարդակում, որի արդյունքում կիլոմետրից ավել ձգվող հերթեր գոյացան: Երբ գների վերահսկումը վերացվեց, խանութներում անսպասելիորեն մեծ քանակությամբ ապրանք հայտնվեց, և հերթերը վերացան: Վրաստանում նմանատիպ իրավիճակ եղավ նաև 2006 թվականին, երբ Ռուսաստանից գազ մատակարարող խողովակի պայթյուն տեղի ունեցավ, որի հետևանքով կերոսինի պահանջարկը խիստ մեծացավ: Գների ուռճացումը կանխելու համար կիրառվեցին կերոսինի գների վերահսկման մեխանիզմներ, որի արդյունքում կրկին երկար հերթեր գոյացան այնքան ժամանակ, քանի դեռ կառավարությունը չվերացրեց գների բարձրացման սահմանափակումը և թույլ չտվեց, որ դրանք բարձրանան և հասնեն շուկայի հավասարակշռման մակարդակին:
Քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները և լոբբիստները հաճախ խոսում են «անվճար կրթության», «անվճար բուժօգնության» կամ «անվճար կացարաններով ապահովելու» մասին: Այս եզրերը խաբուսիկ են: Դրանք անվճար չեն: Դրանցից յուրաքանչյուրը ստեղծելու համար անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնք ունեն այլընտրանքային կիրառություններ: Օրինակ՝ դպրոցական կրթություն կազմակերպելու համար օգտագործվող շենքերը, աշխատուժը և այլ ռեսուրսները փոխարենը կարող էին օգտագործվել ավելի մեծ քանակությամբ սնունդ արտադրելու, ավելի շատ հանգստի ծառայություններ, ավելի արդյունավետ շրջակա միջավայրի պաշտպանություն կամ բուժօգնություն ապահովելու համար: Դպրոցական կրթության արժեքը այն ապրանքների արժեքն է, որոնցից պետք է հրաժարվել: Կառավարությունը կարող է վերաբաշխել ծախսերը, բայց չի կարող վերացնել դրանք: Երբ կառավարությունը ցանկանում է խրախուսել մարդկանց կենսաթոշակային խնայողություններ անել, խոշորամասշտաբ գովազդային արշավը սովորաբար արդյունավետ չէ, մինչդեռ հարկման տարկետումով խնայողական հաշիվը հաճախ արդյունք է տալիս:
Այլընտրանքային ծախսը կարևոր դրույթ է: Կյանքում ամեն ինչ իրենից այլընտրանքային ծախս է ներկայացնում: Յուրաքանչյուր մարդ ապրում է սահմանափակ ռեսուրսներով աշխարհում և հետևաբար պետք է ընտրություններ կատարի: Ուսումնասիրելով այլընտրանքային ծախսերը՝ ավելի լավ պատկերացում կարող ենք կազմել այն աշխարհի մասին, որում ապրում ենք: Դիտարկեք այլընտրանքային ծախսի ազդեցությունը աշխատուժի մասնակցության, ծնելիության ցուցանիշի և բնակչության աճի վրա՝ թեմաներ, որոնք շատերը այլընտրանքային ծախսի կիրառության շրջանակից դուրս կհամարեին:
Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու է ավելի լավ կրթություն ստացած կանանց շրջանում տնից դուրս աշխատելն ավելի հավանական, քան ավելի ցածր կրթություն ստացած կանանց շրջանում: Այլընտրանքային ծախսի մեջ է պատասխանը: Ավելի լավ կրթություն ստացած կանայք ավելի բարձր եկամուտ վաստակելու հնարավորություն կունենան, և հետևաբար տնից դուրս չգալը նրանց վրա ավելի թանկ կնստի: Ներքևում բերված տվյալները հաստատում են այս տեսակետը: 2014թ. Ուկրաինայում երկրորդ աստիճանի բարձրագույն կրթություն ունեցող 15-64 տարեկան աշխատունակ կանանց շրջանում զբաղվածության ցուցանիշը կազմել է ավելի քան 70%, այնինչ միայն թերի բարձրագույն և միջնակարգ կրթություն ունեցող կանանց շրջանում՝ համապատասխանաբար 62% և 40%(4)։ Ինչպես և կանխատեսում է տնտեսագիտության տեսությունը, եթե կնոջ համար աշխատանքի չգնալն ավելի թանկ է նստում, քչերը կընտրեն այդ տարբերակը:
Գծապատկեր 1. Զբաղվածության և բնակչության թվի հարաբերակցությունը Ուկրաինայում ըստ սեռի (մասնակիցների տարիք՝ 15-64 տարեկան)՝ տոկոսային արտահայտմամբ
Աղբյուր՝ Labor Force Survey 2014:
Ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում ծնելիության ցուցանիշի հետ, երբ տնտեսությունն աճում է, իսկ եկամուտները բարձրանում են: Կենցաղային պարտականությունների վրա ծախսված ժամանակը կրճատում է վճարվող աշխատանքի համար առկա ժամանակը: Եկամուտների աճին զուգահեռ մեծանում է երեխաներ և մեծ ընտանիք ունենալու այլընտրանքային ծախսը: Հետևաբար, կանխատեսվում է, որ ծնելիության ցուցանիշը կնվազի, իսկ բնակչության աճը կդանդաղի: Գործնականում այս տեսությունը հաստատվում է։ Վերջին երկու հարյուրամյակի ընթացքում բնակչության մեկ շնչի հաշվով եկամուտն աճեց, և դրան հետևեց ծնելիության ցուցանիշի նվազումն ու բնակչության աճի դանդաղումը: Ավելին, այս օրինաչափությունը նկատվեց բոլոր երկրներում: Չնայած երկրների միջև առկա մշակութային, կրոնական, էթնիկ և քաղաքական տարբերություններին՝ երեխաներ ունենալու ավելի բարձր այլընտրանքային ծախսն ամենուր նույն ազդեցությունն ունեցավ ծնելիության ցուցանիշի վրա:
Այլընտրանքային ծախսը հզոր գործիք է, և այս գրքում դրան կրկին ու կրկին անդրադառնալու ենք: Եթե այս գործիքը ձեր մտածողության մեջ ընդգրկեք, այն մեծապես կընդլայնի իրական աշխարհում սպառողների, արտադրողների, բիզնեսի սեփականատերերի, քաղաքական գործիչների ու այլ որոշում կայացնողների վարքագիծը հասկանալու ձեր ունակությունը: Եվ որ ավելի կարևոր է՝ այս դրույթը կօգնի նաև ավելի լավ ընտրություններ կատարել:
Բաղադրիչ 1.3. Որոշումներն ընդունվում են սահմանային սկզբունքով
Եթե ցանկանում ենք մեր ռեսուրսներն օգտագործել արդյունավետորեն և ստանալ առավելագույն արդյունք, պետք է ընտրենք միայն այն տարբերակները, որոնց դեպքում սահմանային օգուտները գերազանցում են սահմանային ծախսը:
Եթե ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ռեսուրսները, ապա գործողությունները պետք է ձեռնարկել, երբ դրանցից գոյացած օգուտները գերազանցում են ծախսերը, և պետք է հրաժարվել գործողություններից, երբ դրանք ավելի ծախսատար են, քան ստացվող օգուտները: Հիմնավորված որոշումներ կայացնելու այս սկզբունքը կիրառելի է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների, թե՛ պետական պաշտոնյաների և թե՛ ընդհանուր հասարակության համար:
Գրեթե բոլոր ընտրությունները կատարվում են սահմանային հաշվարկներով: Դա նշանակում է, որ դրանք գրեթե միշտ մի բանով լրացնում են (կամ պակասեցնում) ներկա պայմանները՝ ի տարբերություն «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով որոշումների: «Լրացուցիչ» բառը փոխարինում է «սահմանային» բառին: Կարող ենք հարցնել. «Ո՞րն է մեկ միավոր ավել արտադրելու կամ ձեռք բերելու սահմանային (կամ լրացուցիչ) ծախսը»: Սահմանային հաշվարկներով որոշումները կարող են մեծ կամ փոքր փոփոխություններ ենթադրել: «Մեկ ավել միավորը» կարող է լինել նոր շապիկ, նոր տուն, նոր գործարան կամ անգամ ժամանակի ծախս, ինչպես, օրինակ, երբ համալսարանի կամ քոլեջի ուսանողն ընտրում է ինչով զբաղվել: Այս բոլոր որոշումները սահմանային են, քանի որ հաշվի են առնում լրացուցիչ ծախսերն ու օգուտները:
Մարդիկ սովորաբար ստիպված չեն լինում «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով որոշումներ կայացնել, օրինակ՝ ուտելու կամ հագնվելու միջև ընտրություն կատարել: Փոխարենը նրանք սահմանային օգտակարությունը (մի քիչ ավելի շատ սնունդ) համեմատում են սահմանային ծախսերի (մի քիչ ավելի պակաս հագուստ կամ մեկ այլ բան) հետ: Որոշումներ կայացնելիս մարդիկ համեմատում են սննդի և հագուստի ոչ թե ընդհանուր, այլ սահմանային արժեքները: Ավելին, մենք ընտրում ենք տարբերակներ միայն այն դեպքում, երբ սահմանային օգուտները գերազանցում են սահմանային ծախսերը:
Իհարկե, որոշ ապրանքներ չեն ենթարկվում այդ կանոնին: Հեշտ է մի քիչ ավելի շատ սնունդ և մի քիչ ավելի փոքր բնակարան գնել, սակայն ընտանիք կազմելիս դժվար է «կես» երեխա ունենալու տարբերակ հաշվի առնել: Սահմանային սկզբունքը գործում է նույնիսկ այդպիսի ապրանքների դեպքում: Ծնողները կարող են ավելի շատ կամ ավելի քիչ միջոցներ հատկացնել երեխայի զարգացմանը (օրինակ՝ լրացուցիչ պարապմունքներին, երաժշտության դասերին, որոնք ծնողների կարծիքով կնպաստեն երեխայի հաջողությանը կամ երջանկությանը): Ավտոմեքենաների գները բարձրանալու դեպքում սպառողները կարող են ավելի ցածր դասի ավտոմեքենաներ ընտրել (կամ պարզապես իրենց ունեցած ավտոմեքենայով բավարարվել): Այն փաստը, որ դպրոցի ընտրությունը հաճախ կախված է բնակության վայրից, հատկապես խնդրահարույց է ընտանիքների համար, քանի որ պետական քաղաքականությունը պարտադրում է, որ երեխաները իրենց տանը մոտ գտնվող դպրոց հաճախեն և թույլ չի տալիս, որ ծնողներն ազատ ընտրություն կատարեն դպրոցի առաջարկած կրթության որակի և երեխայի կարիքների հիման վրա: Ընտրության ազատությունը էլ ավելի սահմանափակ է այնպիսի երկրներում, ինչպիսին Չինաստանն է, որտեղ բնակության վայրը (և դրանով պայմանավորված դպրոցական կրթությունը) խստորեն վերահսկվում է պետության կողմից:
Նույն տրամաբանությամբ՝ կազմակերպության ղեկավարը, որը պլանավորում է նոր գործարան կառուցել, հաշվի է առնում, թե որքանով են նոր գործարանի սահմանային օգուտները (օրինակ՝ վաճառքից ստացվող լրացուցիչ եկամուտը) գերազանցում սահմանային ծախսերը (օրինակ՝ նոր շենքի կառուցման ծախսերը): Եթե չեն գերազանցում, ավելի լավ կլինի՝ ղեկավարն ու ընկերությունը նոր գործարանը չկառուցեն:
Արդյունավետ քաղաքական գործողությունները նույնպես պահանջում են սահմանային որոշումների կայացում: Դիտարկենք քաղաքական մի որոշում, որը պետք է սահմանի, թե որքան ջանք պետք է գործադրել շրջակա միջավայրն աղտոտումից մաքրելու համար: Այն հարցին, թե որն է շրջակա միջավայրի աղտոտման թույլատրելի մակարդակը, շատերը կպատասխանեն` զրոյական մակարդակը, այսինքն՝ պետք է աղտոտումը զրոյի հասցնել: Քվեախցիկում նրանք հնարավոր է այդպես քվեարկեին: Սակայն սահմանային մտածելակերպը ցույց է տալիս, որ դա չափազանց վատնողական է:
Երբ շրջակա միջավայրը չափից շատ է աղտոտված, ասենք, այնքան, որ օդը շնչելուց շնչահեղձ ենք լինում, ապա հավանականությունը մեծ է, որ աղտոտման կրճատմանն ուղղված ջանքերի սահմանային օգտակարությունը կգերազանցի սահմանային ծախսը: Սակայն աղտոտվածության նվազման հետ մեկտեղ նվազում է նաև սահմանային օգտակարությունը, այսինքն՝ օդի որակի բարելավմանն ուղղված լրացուցիչ ջանքերի արժեքը: Ավելի մաքուր մթնոլորտից էլ օգուտ կա (օրինակ՝ կկարողանայինք տեսնել հեռավոր լեռները կամ ավելի մաքուր գետում լողալ), բայց այդ օգուտն այնքան արժեքավոր չէ, որքան մեր թոքերը պաշտպանելը: Որոշակի պահի, երբ աղտոտվածությունը դեռևս լիարժեք վերացած չլինի, աղտոտվածության մակարդակն ավելի իջեցնելու սահմանային օգտակարությունը կնվազի՝ հասնելով գրեթե զրոյի:
Աղտոտվածության կրճատման հետ մեկտեղ նվազում է սահմանային օգտակարությունը, մինչդեռ սահմանային ծախսը մեծանում է և շատ բարձր է մնում մինչև աղտոտվածության լիակատար վերացումը: Սահմանային ծախսն այն ամենի արժեքն է, որ պետք է զոհաբերվի աղտոտումն ավելի պակասեցնելու համար: Հենց որ ավելի մաքուր մթնոլորտ ունենալու սահմանային ծախսը գերազանցի սահմանային օգտակարությունը, աղտոտվածության լրացուցիչ նվազեցումը վատնողական կլինի: Այն պարզապես չի արդարացնի ծախսը:
Շարունակելով աղտոտման օրինակը՝ դիտարկենք հետևյալ վարկածը: Ենթադրենք, թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը 100 միլիոն եվրոյի վնաս է պատճառում, իսկ այն նվազեցնելու համար ծախսվում է ընդամենը 1 միլիոն եվրո: Հաշվի առնելով այս տեղեկությունը՝ հարց է առաջանում` արդյոք չափից շատ, թե չափից քիչ են աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար գործադրված մեր ջանքերը: Մարդկանց մեծամասնությունը կասեր, որ չափազանց քիչ ենք ծախսում: Սա կարող է ճիշտ լինել, բայց տրված տեղեկությունից դա չի բխում:
100 միլիոն եվրոյի վնասը ընդհանուր վնասն է, իսկ 1 միլիոն եվրոյի ծախսը՝ մաքրման ընդհանուր ծախսը: Հաջորդ քայլերի վերաբերյալ իրազեկ որոշում կայացնելու համար մենք պետք է իմանանք մաքրման սահմանային օգտակարությունը և սահմանային ծախսը: Եթե աղտոտվածությունը կրճատելու համար լրացուցիչ 10 եվրո ծախսելը վնասը կնվազեցնի ավելի քան 10 եվրոյով, ապա պետք է ավելի շատ ծախսենք: Սահմանային օգտակարությունը գերազանցում է սահմանային ծախսը: Բայց եթե աղտոտվածության նվազեցման վրա լրացուցիչ 10 եվրո ծախսելը վնասն ընդամենը մեկ եվրոյով է կրճատելու, ապա աղտոտվածության դեմ պայքարելուն ուղղված լրացուցիչ ծախսը խելամիտ չի լինի:
Մարդիկ մարժինալիզմի նշանակությունը հաճախ անտեսում են իրենց մեկնաբանություններում և քվեներում, բայց հազվադեպ՝ անձնական կյանքում: Համեմատենք սնունդը և հանգիստը: Ընդհանուր առմամբ, սնունդը շատ ավելի արժեքավոր է, քան հանգիստը, որովհետև այն գոյատևման խնդիր է լուծում: Եթե մարդիկ աղքատ են ու ապրում են աղքատության եզրին գտնվող երկրներում, ապա իրենց եկամտի մեծ մասը ծախսում են բավարար չափով սնունդ ձեռք բերելու վրա: Նրանք քիչ ժամանակ են հատկացնում գոլֆ խաղալուն, ջրային դահուկավազքին կամ հանգստի այլ տեսակներին, եթե իհարկե ընդհանրապես հատկացնում են:
Բայց երբ մարդիկ սկսում են ավելի բարեկեցիկ ապրել, սննդի ձեռքբերման այլընտրանքային արժեքը նվազում է: Թեև սնունդն ամեն դեպքում կենսական նշանակություն ունի, փողի մեծ մասը սննդի վրա ծախսել շարունակելն անմտություն կլիներ: Հարստության ավելի բարձր մակարդակում մարդիկ յուրաքանչյուր լրացուցիչ եվրո ծախսելիս համարում են, որ սահմանային արտահայտությամբ սնունդն ավելի պակաս արժեքավոր է, քան հանգիստը: Այսպես, երբ շվեդները հարստանում են, նրանք սկսում են իրենց եկամտի ավելի փոքր մաս ծախսել սննդի, իսկ ավելի մեծ մաս՝ հանգստի վրա(5):
Մարժինալիզմի հասկացությունը ցույց է տալիս, որ հիմնավորված որոշումներ կայացնելու համար որոշիչ են սահմանային ծախսերը և սահմանային օգուտները: Եթե ցանկանում ենք մեր ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործել, պետք է միայն այնպիսի գործողություններ ձեռնարկենք, որոնց սահմանային օգուտները հավասար են սահմանային ծախսերին կամ դրանցից բարձր են: Թե՛ անհատները և թե՛ պետություններն ավելի կբարգավաճեն, երբ նրանց ընտրություններն արտացոլեն մարժինալիզմի սկզբունքը:
Բաղադրիչ 1.4. Առևտրի առավելությունները
Առևտուրը խթանում է տնտեսական առաջընթացը:
Առևտրի հիմքում ընկած է փոխադարձ շահը: Մարդիկ համաձայնում են փոխանակման, քանի որ ակնկալում են, որ դա կբարելավի իրենց բարեկեցությունը: Առևտրի շարժառիթը կարելի է համառոտ այսպես սահմանել. «Եթե դու ինձ համար որևէ լավ բան ես անում, ես էլ քեզ համար լավ բան կանեմ»: Առևտուրը երկկողմանի շահավետ գործարք է: Այս փոխշահավետ գործունեությունը առևտրում ներգրավված բոլոր կողմերին թույլ է տալիս ստանալ ավելին այն բանից, որ նրանք արժևորում են: Գոյություն ունի առևտրից օգուտ ստանալու երեք հիմնական աղբյուր:
Առաջին. առևտուրը ապրանքներն ավելի քիչ արժևորող մարդկանցից ուղղորդում է դեպի այդ ապրանքներն ավելի շատ արժևորող մարդիկ: Հետևաբար՝ առևտուրը կարող է ապրանքների արժեքը մեծացնել անգամ այն ժամանակ, երբ նոր բան չի արտադրվում: Օրինակ՝ երբ օգտագործված ապրանքները վաճառվում են հնավաճառների շուկայում կամ այնպիսի հարթակներում, ինչպիսիք են, օրինակ, Craigslist-ը (կամ դրա տեղական տարբերակները, ինչպիսին է list.am-ը), փոխանակումները չեն ավելացնում առկա ապրանքների քանակը (ինչպես կլիներ նոր ապրանքների դեպքում): Սակայն առևտուրը ապրանքներն ուղղորդում է դեպի այն մարդիկ, որոնք դրանք ավելի են գնահատում: Շահում են և՛ գնորդը, և՛ վաճառողը, այլապես փոխանակումը տեղի չէր ունենա:
Մարդկանց նախընտրությունները, գիտելիքները և նպատակները շատ տարբեր են: Մի մարդու համար բոլորովին արժեք չունեցող ապրանքը կարող է չափազանց արժեքավոր լինել մեկ ուրիշի համար: Էլեկտրոնիկայի մասին խիստ տեխնիկական գիրքը կարող է որևէ արժեք չունենալ արվեստի նմուշների կոլեկցիոների համար, սակայն կարող է հարյուրավոր դոլարների արժեք ներկայացնել ինժեների համար: Նույն կերպ, գեղանկարը, որն ինժեներին առանձնապես չի հետաքրքրում, կարող է շատ բարձր արժեք ունենալ արվեստի նմուշների կոլեկցիոների համար: Կամավոր փոխանակումը, որը էլեկտրոնիկայի մասին գիրքը հասցնում է ինժեներին, իսկ գեղանկարը՝ արվեստի գործերի կոլեկցիոներին, կմեծացնի այդ երկու ապրանքներից ստացված օգուտը: Առևտուրն ավելացնում է թե՛ մարդկանց, թե՛ նրանց երկրի հարստությունը: Սակայն երկրի հարստության համար որոշիչ է ոչ միայն տվյալ երկրում արտադրված ապրանքների ու ծառայությունների քանակը, այլև այն, թե ինչպես են տեղաբաշխված այդ ապրանքներն ու ծառայությունները:
Երկրորդ. առևտուրը հնարավորություն է տալիս մեծացնել արտադրության և սպառման ծավալները, քանի որ այն մեզնից յուրաքանչյուրին թույլ է տալիս ավելի խորությամբ մասնագիտանալ այն բանում, որը մեզ մոտ ամենալավն է ստացվում ծախսի արդյունավետության տեսանկյունից: Մասնագիտանալուց հետո մարդիկ կարող են իրենց ստեղծածն ուրիշներին վաճառել։ Ստացվող եկամուտները կարող են օգտագործվել այնպիսի բաների ձեռքբերման համար, որոնք ինքնուրույն արտադրելու դեպքում ավելի թանկ կարժենային: Այս փոխանակումների շնորհիվ այդ կերպ մասնագիտացած մարդիկ ընդհանուր առմամբ ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ կարտադրեն, քան հնարավոր կլիներ այլ հանգամանքներում: Տնտեսագետներն այս սկզբունքն անվանում են համեմատական առավելությունների օրենք։ Այս օրենքը կիրառելի է անհատների, մասնավոր ընկերությունների, տարածաշրջանների և երկրների միջև տեղի ունեցող առևտրի դեպքում:
Համեմատական առավելությունների օրենքը պարզապես առողջ բանականության արտահայտումն է: Եթե որևէ մեկը ցանկանում է ձեզ որևէ ապրանք առաջարկել ավելի էժան, քան այդ ապրանքն ինքնուրույն արտադրելու արժեքն է (հիշե՛ք, որ բոլոր ծախսերն այլընտրանքային ծախսեր են), ապա իմաստ ունի ձեռք բերել այդ ապրանքը: Իսկ ձեր ժամանակն ու ռեսուրսները կարող եք ծախսել այնպիսի բաներ արտադրելու վրա, որոնց արտադրությունը ձեզ վրա ավելի էժան է նստում: Այլ կերպ ասած՝ արտադրեք այն, ինչ ձեզ մոտ ավելի լավ է ստացվում, իսկ մնացածը ձեռք բերեք: Այսպիսի մասնագիտացման և առևտրի արդյունքում շահում եք ինչպես դուք, այնպես էլ ձեր առևտրային գործընկերները՝ հանգեցնելով արտադրության ընդհանուր ծավալների և եկամուտների մեծացման: Եվ հակառակը, ամեն ինչ ինքնուրույն արտադրել փորձելը կնշանակեր ժամանակը և ռեսուրսները ծախսել այնպիսի բաներ արտադրելու վրա, որոնց դեպքում դուք բարձր արժեքով արտադրող եք: Այս դեպքում արտադրական ծավալները կփոքրանային, և եկամուտները կնվազեին:
Օրինակ՝ չնայած հնարավոր է՝ շատ բժիշկներ կարողանային գործավարություն անել և այցելություններ կազմակերպել, այս գործերի համար ինչ-որ մեկին վարձելն այնուամենայնիվ բխում է նրանց շահերից: Գրանցումներ կատարելու վրա ծախսվող ժամանակը բժիշկները կկարողանային տրամադրել իրենց հիվանդներին ընդունելուն: Քանի որ հիվանդների հետ անցկացրած ժամանակը շատ արժեքավոր է, գործավարության այլընտրանքային ծախսը բժիշկների համար շատ բարձր կլինի: Հետևաբար, բժիշկները գրեթե միշտ նպատակահարմար են գտնում վարձել որևէ մեկին՝ իրենց գրանցումները կատարելու և թղթաբանությամբ զբաղվելու համար: Ավելին, երբ բժիշկ-թերապևտը վարձի մեկին, որը գործերը վարելու մեջ համեմատաբար ավելի փորձառու է, ծախսերն ավելի ցածր կլինեն, իսկ ընդհանուր արդյունքը (արտադրանքը)՝ ավելի մեծ, քան այլ հանգամանքներում:
Երրորդ. կամավոր փոխանակումն ընկերություններին թույլ է տալիս զանգվածային արտադրության մեթոդներ կիրառելու միջոցով նվազեցնել մեկ միավորի ծախսը: Առևտուրը կազմակերպություններին թույլ է տալիս վաճառել իրենց արտադրանքն ավելի մեծ շուկաներում, ինչի շնորհիվ նրանք կարող են պլանավորել մեծ ծավալներով արտադրանքի թողարկում և կիրառել այնպիսի արտադրական գործընթացներ, որոնք հնարավորություն են տալիս օգտվել մասշտաբի ազդեցությունից։ Վառ օրինակ է 1989թ. հետո մոլդովական հյութերի մուտքը համաշխարհային շուկա։ Այսպիսի գործընթացները հաճախ զգալիորեն նվազեցնում են մեկ միավոր արտադրանքի ծախսերը և մեծապես բարձրացնում են մեկ աշխատողի արտադրողականությունը: Առանց առևտրի հնարավոր չէր լինի հասնել այս արդյունքներին: Շուկայի ուժերը արտադրությունը մշտապես ուղղորդում են դեպի ցածր ծախսով արտադրողները (և հեռացնում են մեծ ծախսով արտադրողներից): Արդյունքում բաց տնտեսությունները հակված են բաշխել ապրանքներն ու ռեսուրսներն այնպես, որ արտադրվող ապրանքների ու ծառայությունների արժեքը, ծավալները և տեսականին առավելագույնի հասնեն: Չինաստանը վերահսկվող տնտեսության հիանալի օրինակ է: 1995թ. համաշխարհային առևտրային համակարգին միանալուց հետո չինացիները հնարավորություն ստացան օգտագործել առևտուրն ու համեմատական առավելությունը և բառացիորեն միլիարդավոր մարդկանց (ինչպես Չինաստանում, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներում) դուրս բերել աղքատությունից:
Ժամանակակից աշխարհում առևտրի նշանակությունը գերագնահատելը դժվար է։ Առևտուրը մեզնից շատերին հնարավորություն է տալիս սպառել ապրանքներ ու ծառայություններ, որոնք մենք սեփական ուժերով թերևս չկարողանայինք արտադրել: Կարո՞ղ եք պատկերացնել, թե որքան դժվար կլիներ ձեր սեփական տունը կառուցելը, հագուստն ու սնունդն արտադրելը, էլ չասենք համակարգիչներ, հեռուստացույցներ, սպասք լվանալու մեքենաներ, ավտոմեքենաներ ու հեռախոսներ արտադրելու մասին: Մեծ հաշվով մարդիկ այս ամենն ունեն տնտեսությունն այն եղանակով կազմակերպելու շնորհիվ, որն անհատներին թույլ է տալիս համագործակցել, մասնագիտանալ և առևտուր անել: Այն երկրները, որոնք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փոխանակման համար խոչընդոտներ են ստեղծում, նվազեցնում են իրենց քաղաքացիների՝ առևտրից օգուտ ստանալու և բարգավաճելու ունակությունը: Գաղտնիք չէ, որ դինամիկ համաշխարհային տնտեսությունը ժամանակի ընթացքում փոփոխության է ենթարկելու աշխատաշուկան ցանկացած երկրում: Գրեթե ողջ աշխարհի տնտեսագետները համակարծիք են, որ այդ երևույթին ճիշտ արձագանքելու համար անհրաժեշտ է ավելի շուտ օժանդակել աշխատողներին ձեռք բերել հմտություններ նոր աշխատանքների համար, քան դադարեցնել ներմուծումը:
Բաղադրիչ 1.5. Գործարքային ծախսերը նշանակություն ունեն
Գործարքային ծախսերը խոչընդոտ են առևտրի համար:
Կամավոր փոխանակումը խթանում է համագործակցությունը և օգնում է մեզ ստանալ մեր ուզածը: Սակայն առևտուրն ինքնին, այնուամենայնիվ, ծախսատար գործընթաց է: Պոտենցիալ առևտրային գործընկերներ փնտրելու, առևտրի պայմանների շուրջ բանակցելու և գործարքը կնքելու համար պահանջվում է ժամանակ, ջանքեր և այլ ռեսուրսներ: Այս ձևով ծախսված ռեսուրսները կոչվում են գործարքային ծախսեր, և դրանք խոչընդոտ են հանդիսանում հարստության ստեղծման համար: Դրանք սահմանափակում են մեր արտադրական կարողությունները և օգուտների ստացումը փոխշահավետ առևտրային գործարքներից:
Գործարքային ծախսերը երբեմն բարձր են լինում ֆիզիկական այնպիսի խոչընդոտների պատճառով, ինչպիսիք են օվկիանոսները, գետերն ու լեռները, որոնք դժվարացնում են ապրանքները սպառողներին հասցնելը: Ճանապարհների կառուցմանը և տրանսպորտային ու հաղորդակցման ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները կարող են կրճատել այս գործարքային ծախսերը: Այլ դեպքերում գործարքային ծախսերը կարող են բարձր լինել տեղեկության պակասի պատճառով: Օրինակ՝ ենթադրենք, թե ցանկանում եք գնել տնտեսագիտության օգտագործված դասագիրք, որը հանձնարարվել է դասի համար, սակայն չգիտեք, թե ով ունի այդ դասագրքից, և արդյոք որևէ մեկը պատրաստ է այն հարմար գնով վաճառել: Պետք է գտնել մեկին, որը ցանկանում է վաճառել օգտագործված դասագիրքը. դրա վրա ծախսված ժամանակն ու էներգիան կազմում են ձեր գործարքային ծախսերի մի մասը: Կան, այնուամենայնիվ, դեպքեր, երբ գործարքային ծախսերի բարձր լինելը պայմանավորված է օրենսդրական խոչընդոտներով, ինչպիսիք են, օրինակ, հարկերը, արտոնագրային պահանջները, պետական կարգավորումները, գների վերահսկողությունը, մաքսատուրքերը, կամ ներմուծման քվոտաները։ Անկախ խոչընդոտների տեսակից, լինեն դրանք ֆիզիկական, տեղեկատվական, թե քաղաքական, բարձր գործարքային ծախսերը նվազեցնում են առևտրից օգուտներ ստանալու հնարավորությունը:
Մարդիկ, որոնք ուրիշներին օգնում են առևտուր կազմակերպել և ավելի լավ ընտրություններ կատարել, նվազեցնում են գործարքային ծախսերը և խթանում տնտեսական առաջընթացը: Այդպիսի մասնագետների դերում (որոնց երբեմն միջնորդ են անվանում) հանդես են գալիս ուսումնական հաստատություններում գործող գրախանութները, անշարժ գույքի գործակալները, ֆոնդային միջնորդները, ավտոմեքենա վաճառողները և շատ այլ տարբեր առևտրականներ: Շատերը կարծում են, թե միջնորդները պարզապես բարձրացնում են ապրանքների ու ծառայությունների գները՝ չառաջարկելով օգուտներ: Եթե այդպես լիներ, մարդիկ չէին օգտվի նրանց ծառայություններից: Գործարքային ծախսերը խոչընդոտ են առևտրի համար, մինչդեռ միջնորդները կրճատում են այդ ծախսերը: Դա է պատճառը, որ մարդիկ գնահատում են նրանց ծառայությունները:
Օրինակ՝ մթերային խանութի տերը միջնորդ է (իհարկե, ներկայիս հսկա սուպերմարկետներն արտացոլում են շատ մարդկանց գործողությունները, բայց նրանց ծառայություններն, ընդհանուր վերցրած, միջնորդի ծառայություններ են): Պատկերացրե՛ք, թե որքան ժամանակ ու ջանք կպահանջվեր նույնիսկ մեկ ուտեստ պատրաստելու համար, եթե գնորդները բանջարեղեն գնելիս գործ ունենային անմիջապես ֆերմերների հետ, մրգեր գնելիս՝ ցիտրուսային մրգեր աճեցնողների հետ, կաթ կամ պանիր գնելիս ՝ կաթի ֆերմաների հետ, իսկ մսից կամ ձկնեղենից կերակուր պատրաստելիս դիմեին անասնապահական ֆերմաներին կամ ձկնորսներին: Սպառողների փոխարեն այս գործարքներով զբաղվում են մթերային խանութները. դրանք ապրաքները տեղավորում են վաճառքի համար հարմար վայրերում և վերահսկում են իրենց պաշարները: Եթե շուկաները պատշաճ կերպով են գործում, խանութների և այլ տեսակի միջնորդների ծառայություններն զգալիորեն կրճատում են գործարքային ծախսերը՝ թույլ տալով պոտենցիալ գնորդներին ու վաճառողներին օգուտներ ստանալ առևտրից: Այս ծառայությունները մեծացնում են առևտրի ծավալները և նպաստում են տնտեսական առաջընթացին:
Ավելի ուշ կդիտարկենք՝ ինչպես կարող են առաջանալ ոչ կատարյալ շուկաներ, երբ, օրինակ, պետության կամ տեխնոլոգիայի շնորհիվ որևէ անհատ կամ կազմակերպություն մենաշնորհի առավելություն ստանա։ Միայն մեկ կամ մենաշնորհային մատակարարի առկայության վտանգը հատկապես ակնհայտ է կենսական նշանակության բնական ռեսուրսների պարագայում, օրինակ՝ երբ որևէ երկիր մեկ այլ երկրի բնական գազի կամ նավթի միակ աղբյուրն է:
Վերջին տարիներին տեխնոլոգիաները կրճատել են բազմաթիվ առևտրային գործարքների գործարքային ծախսերը: Մի քանի անգամ մատը էկրանի վրայով սահեցնելով՝ գնորդներն այժմ կարող են տեղեկանալ գրեթե ցանկացած ապրանքի պոտենցիալ վաճառողների մասին: Արդեն սովորական է դարձել հավելվածների միջոցով ֆիլմեր, հագուստ և կենցաղային ապրանքներ գնելը, հյուրանոցի սենյակ գտնելը, մեծ համերգների ու կարևոր ֆուտբոլային խաղի տոմսեր գնելը և անգամ տաքսի պատվիրելը: Գործարքային ծախսերի այդ կրճատումների արդյունքում առևտրի ծավալները մեծացել են, և մեր կենսամակարդակը բարելավվել է:
Բաղադրիչ 1.6. Գները հավասարակշռություն են ստեղծում
Գները հավասարակշռում են գնորդների և վաճառողների ընտրությունները:
Շուկայական գներն ազդում են ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների ընտրությունների վրա: Երբ որևէ ապրանքի գինը բարձրանում է, այն գնորդների համար թանկանում է, և նրանք սովորաբար սկսում են այդ ապրանքից ավելի քիչ գնել: Հետևաբար, ապրանքի կամ ծառայության գինը և պահանջարկի մեծությունը միմյանց հակադարձ համեմատական են: Այս հակադարձ համեմատական կախումը հայտնի է որպես պահանջարկի օրենք:
Վաճառողների համար տվյալ ապրանքի գնի բարձրացումը լրացուցիչ եկամուտ է ապահովում, որը նրանց դրդում է այդ ապրանքից ավելի շատ մատակարարել: Հետևաբար, ապրանքի գնի և արտադրողների կողմից առաջարկվող քանակի միջև կա ուղիղ համեմատական կախում: Այս ուղիղ համեմատական կախումը հայտնի է որպես առաջարկի օրենք:
Պահանջարկի օրենքն այնքան համատարած է, որ տնտեսագետները տասնյակ տարիներ շարունակ փնտրում են և չեն կարողանում որևէ էական բացառություն գտնել։ Կարևոր է հիշել, որ առաջարկի օրենքը գրեթե միշտ գործում է, բայց կան բացառություններ: Դիտարկենք, օրինակ, քոլեջի ուսանողի, որն աշխատում է (աշխատանք է տրամադրում) իր ուսման վարձը վճարելու նպատակով բավարար գումար վաստակելու համար: Այժմ պատկերացրե՛ք, որ նրա աշխատավարձը (նրա աշխատանքը վաճառելու գինը) բարձրանում է: Եթե այդ աշխատանքը նրան թույլ է տալիս իր ուսման վարձի գումարը վաստակել ավելի քիչ ժամեր աշխատելով, ապա հնարավոր է՝ նա որոշի իսկապես կրճատել իր աշխատաժամերի քանակը, որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի իր ուսմանը:
Տնտեսագետները գնի, պահանջարկի մեծության և առաջարկի մեծության միջև հարաբերակցությունը պատկերելիս հաճախ գրաֆիկներ են օգտագործում: Այդ դեպքում ապրանքի գինը նշվում է ուղղահայաց y առանցքի վրա, իսկ ժամանակի մեկ միավորի քանակը (օրինակ՝ շաբաթ, ամիս կամ տարի)` հորիզոնական x առանցքի վրա: Գծապատկեր 2-ը պաղպաղակի և վրացական լարիի (GEL) օրինակով ցույց է տալիս պահանջարկի և առաջարկի դասական գրաֆիկը: Պահանջարկի կորը ցույց է տալիս պաղպաղակի տարբեր քանակները, որ սպառողները կգնեն այլընտրանքային գներով: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է պահանջարկի կորը նվազում դեպի աջ՝ ցույց տալով, որ սպառողները ավելի շատ պաղպաղակ կգնեն գինն իջնելու դեպքում: Սա պահանջարկի օրենքի լոկ գրաֆիկական պատկերն է։
Առաջարկի կորը ցույց է տալիս պաղպաղակի այն տարբեր քանակները, որ արտադրողները պատրաստ են առաջարկել այլընտրանքային գներով: Ինչպես երևում է Գծապատկեր 2-ում, կորն աճում է դեպի աջ՝ ցույց տալով, որ արտադրողները պատրաստ կլինեն մատակարարել ավելի մեծ քանակություն ավելի բարձր գներով: Առաջարկի կորը ներկայացնում է առաջարկի օրենքի գրաֆիկական պատկերը:
Գծապատկեր 2. Պահանջարկ, առաջարկ և հավասարակշռության գին
Այժմ շատ կարևոր մի հանգամանք. մեր օրինակում պաղպաղակի մեկ լիտրի գինը կձգտի դեպի 5 լարի, որտեղ պահանջարկի մեծությունը կհավասարվի առաջարկի մեծությանը: 5 լարի հավասարակշռության գնի դեպքում վրացի սպառողները կցանկանան գնել օրական 15 հազար լիտր պաղպաղակ, այսինքն՝ այնքան, որքան պատրաստ են առաջարկել արտադրողները: Գինը համակարգում և հավասարակշռում է սպառողների ու արտադրողների պաղպաղակի ընտրությունը:
Եթե գինը 5 լարիից բարձրանա, օրինակ՝ դառնա 7.5 լարի, արտադրողները կցանկանան արտադրել ավելի շատ պաղպաղակ, քան կցանկանան գնել սպառողները: 7.5 լարի գնի դեպքում արտադրողները չեն կարողանա վաճառել այնքան, որքան կցանկանային: Պաշարները կմեծանան, և այս ավելցուկային առաջարկը կստիպի որոշ արտադրողների իջեցնել իրենց գինը՝ ավելցուկային պաշարներից ազատվելու համար: Գնի նվազման միտում կսկսվի, մինչև այն հասնի 5 լարի հավասարակշռության գնին: Այսինքն՝ հեշտ կարելի է տեսնել, որ եթե գինը հավասարակշռության կետից բարձր է, շուկայի ուժերն այն կիջեցնեն մինչև հավասարակշռության կետը:
Համապատասխանաբար, եթե պաղպաղակի գինը 5 լարիից ցածր է, օրինակ՝ 2.5 լարի է, սպառողները կցանկանան գնել ավելի շատ, քան ցանկանում են առաջարկել արտադրողները: Սա կստեղծի չափազանց բարձր պահանջարկ՝ ստիպելով, որ գինը բարձրանա և կբերի նրան, որ գինը կձգտի հետ՝ դեպի 5 լարի հավասարակշռության մակարդակը: Գնորդների ու սպառողների ընտրությունները միմյանց հետ համահունչ կլինեն միայն հավասարակշռված գնի մակարդակում, իսկ շուկայական գինը կձգտի դեպի այդ մակարդակը:
eBay-ի աճուրդային համակարգը ցույց է տալիս պահանջարկի և առաջարկի աշխատանքը շատերին ծանոթ պայմաններում: eBay-ում վաճառողները մուտքագրում են իրենց մեկնարկային գները՝ այն նվազագույն գները, որ պատրաստ են ընդունել իրենց ապրանքների համար, իսկ գնորդները մուտքագրում են իրենց առավելագույն դրույքները՝ այն առավելագույն գները, որ պատրաստ են վճարել: Աճուրդի կառավարման համակարգը գնորդների փոխարեն գին կառաջարկի՝ նախապես սահմանված գնի աճման քայլերով: Սակարկությունը շարունակվում է մինչև սակարկության ժամկետի լրանալը կամ այնքան ժամանակ, մինչև մարդը համաձայնի վճարել նշված «Գնել հիմա» գինը: Փոխանակման գործարքը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ գնորդների առաջարկած գինը բարձր է վաճառողի պահանջած նվազագույն գնից: Բայց երբ դա տեղի ունենա, գործարքը կկայանա, և կշահի ինչպես գնորդը, այնպես էլ վաճառողը:
Այլ շուկաներում պահանջարկի և առաջարկի ուժերը նույն կերպ են գործում, թեև դա այնքան տեսանելի չէ, որքան eBay էլեկտրոնային առևտրի հարթակում: Եթե պահանջարկի կորի բարձրությունը ցույց է տալիս այն առավելագույն գումարը, որը սպառողը պատրաստ է վճարել ապրանքի լրացուցիչ միավորի դիմաց, ապա առաջարկի կորի բարձրությունը ցույց է տալիս այն նվազագույն գինը, որով արտադրողները պատրաստ են առաջարկել ևս մեկ լրացուցիչ միավոր: Առևտուրը կարելի է համարել շահավետ, եթե գինը սպառողների վճարած առավելագույն և արտադրողների առաջարկած նվազագույն գների միջև է: Ավելին, երբ առկա է հավասարակշռված գին, փոխանակումից կարելի է ակնկալել բոլոր պոտենցիալ օգուտները:
Հետևաբար, սպառողները կձգտեն գնել միայն այն միավորները, որոնք նրանց համար ավելի արժեքավոր են, քան դրանց փաստացի գինը: Նույն կերպ, արտադրողները կմատակարարեն միայն այն միավորները, որոնց արտադրության ծախսն ավելի ցածր է, քան դրանց գինը: Հավասարակշռության գնի առկայության դեպքում միավորները կարտադրվեն և կգնվեն այնքան ժամանակ, քանի դեռ սպառողների համար ապրանքի արժեքը գերազանցում է այդ ապրանքի արտադրության համար պահանջվող ռեսուրսների ծախսը: Եզրակացություն. շուկայական գները ոչ միայն հավասարակշռում են պահանջարկի և առաջարկի մեծությունները, այլև արտադրողներին ուղղորդում են մատակարարելու այն ապրանքները, որոնք սպառողները դրանց արտադրական ծախսերից ավելի բարձր են արժևորում: Սա գործում է ցանկացած շուկայում:
Իհարկե, մենք ապրում ենք դինամիկ աշխարհում: Ժամանակի ընթացքում տեղի են ունենալու փոփոխություններ, որոնք փոփոխելու են ապրանքների ու ծառայությունների պահանջարկն ու առաջարկը: Այնպիսի գործոններ, ինչպիսիք են սպառողների եկամուտը, նմանատիպ ապրանքների գները, ապագայում գնի բարձրացման սպասումը և շուկայի տվյալ հատվածի սպառողների քանակը, ազդում են շուկայում տվյալ ապրանքի պահանջարկի վրա: Այս գործոններից ցանկացածի փոփոխությունն իր հերթին փոփոխության կենթարկի այն ապրանքի քանակը, որը սպառողները կցանկանան գնել այլընտրանքային գներով: Այլ կերպ ասած՝ այս գործոնների փոփոխությունները կհանգեցնեն պահանջարկի փոփոխության և պահանջարկի ամբողջ կորի տեղաշարժի: Կարևոր է տարբերակել պահանջարկի փոփոխությունը (երբ տեղաշարժվում է պահանջարկի կորն ամբողջությամբ) և պահանջարկի մեծության փոփոխությունը (երբ ապրանքի գնի փոփոխության արդյունքում կատարվում է տեղաշարժ պահանջարկի կորի երկայնքով): (Կարևոր նշում ուսանողների համար. պահանջարկի փոփոխությունը և պահանջարկի մեծության փոփոխությունը հստակ չտարբերակելը տնտեսագիտության մեջ ամենահաճախ հանդիպող սխալներից է: Ավելին, այս թեմային առնչվող հարցերը տնտեսագիտություն դասավանդողների շրջանում ամենասիրելի հարցերն են: Խելացի ուսանողները այս հարցին լուրջ են վերաբերվում):
Գծապատկեր 3-ը ցույց է տալիս, թե ինչպես է պահանջարկի մեծացումն ազդում ապրանքի շուկայական գնի վրա: Ենթադրենք՝ սպառողների եկամուտներն աճել են, կամ բարձրացել է սառեցված յոգուրտի՝ պաղպաղակին սովորաբար փոխարինող ապրանքի գինը: Այս փոփոխությունները բոլոր գնային սեգմենտներում կմեծացնեն պաղպաղակի պահանջարկը՝ տեղաշարժելով պահանջարկի կորը դեպի աջ՝ D1-ից D2: Պահանջարկի աճն իր հերթին կբարձրացնի պաղպաղակի հավասարակշռության գինը՝ այն 5 լարիից հասցնելով 7 լարիի: Նոր՝ ավելի բարձր հավասարակշռության գնի դեպքում սպառողների կողմից պահանջվող քանակը կրկին հավասարակշռության կգա արտադրողների կողմից առաջարկվող քանակության հետ: Նկատեք, որ պահանջարկի մեծացումը (պահանջարկի ամբողջ կորի տեղաշարժ) առաջարկվող քանակը 15 հազարից բարձրացնում է մինչև 20 հազար՝ շարժվելով առաջարկի առկա կորի գծով:
Սպառողների եկամուտների նվազումը կամ սառեցված յոգուրտի ավելի ցածր գինը հակառակ ազդեցություն կունենան: Այս փոփոխությունները կկրճատեն պաղպաղակի պահանջարկը (պահանջարկի կորի տեղաշարժ դեպի ձախ), կիջեցնեն գինը և կնվազեցնեն փոխանակվող հավասարակշռված քանակը:
Գծապատկեր 3. Պահանջարկի ավելացումը հանգեցնում է գնի բարձրացման
Այժմ եկե՛ք անցնենք շուկայի առաջարկի կողմին: Առաջարկվող ապրանքի մեկ միավորի ծախսի վրա ազդող գործոնների փոփոխությունները կտեղաշարժեն առաջարկի կորն ամբողջությամբ: Մեկ միավորի ծախսերը նվազեցնող փոփոխությունները (օրինակ՝ տեխնոլոգիաների կատարելագործումը կամ ապրանքն արտադրելու համար օգտագործվող ռեսուրսների ավելի ցածր գները) կմեծացնեն առաջարկը՝ առաջարկի ամբողջ կորը տեղաշարժելով դեպի աջ: Եվ հակառակը՝ ապրանքի արտադրական ծախսերը մեծացնող փոփոխությունները, օրինակ՝ պահանջվող բաղադրիչների ավելի բարձր գները կամ արտադրողների հանդեպ կիրառվող ավելի բարձր հարկերը, կնվազեցնեն առաջարկը՝ առաջարկի կորը տեղաշարժելով դեպի ձախ:
Ենթադրենք՝ պաղպաղակի արտադրության բաղադրիչների՝ սերուցքի և կաթի գներն իջել են: Ինչպիսի՞ ազդեցություն կունենա ռեսուրսների գների այս իջեցումը պաղպաղակի առաջարկի և շուկայական գնի վրա: Եթե ձեր պատասխանն է՝ առաջարկը կմեծանա, իսկ շուկայական գինը կնվազի, ապա դուք ճիշտ եք: Գծապատկեր 4-ը այս կետը պատկերում է պահանջարկ-առաջարկ համակարգի սահմաններում: Սերուցքի և կաթի ավելի ցածր գները կնվազեցնեն պաղպաղակի մեկ միավորի արտադրության ծախսերը՝ առաջարկի կորը տեղաշարժելով դեպի աջ (S1 -ից S2): Արդյունքում պաղպաղակի հավասարակշռության գինը 5 լարիից կիջնի 3 լարի: Նոր ցածր գնի դեպքում պահանջվող քանակությունը կմեծանա և կրկին կհավասարվի առաջարկվող օրական 20 հազար լիտր քանակությանը: Ուշադրություն. առաջարկի մեծացումը (կորի ամբողջական տեղաշարժ) իջեցրեց պաղպաղակի գինը և մեծացրեց պահանջարկի մեծությունը, ինչը նշանակում է փոփոխություն գոյություն ունեցող պահանջարկի կորի վրա: Եթե տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնք բարձրացրել են պաղպաղակի արտադրության ծախսը (օրինակ՝ բաղադրիչների գների բարձրացումը), ապա արդյունքը կլինի ճիշտ հակառակը՝ առաջարկի նվազում (տեղաշարժ դեպի ձախ), պաղպաղակի գնի բարձրացում և փոխանակվող քանակության կրճատում:
Գծապատկեր 4. Առաջարկի ավելացումը հանգեցնում է գնի իջեցման
Շուկայի կարգավորումները, որոնց օրինակները ներկայացրել ենք այստեղ, միշտ չէ, որ անմիջապես են տեղի ունենում: Սպառողների և արտադրողների համար ժամանակ է պահանջվում այդ նոր պայմաններին հարմարվելու համար: Իրականում դինամիկ աշխարհում կարգավորման գործընթացը շարունակական է: Պահանջարկի և առաջարկի փոփոխությունների և դրանց կորերի շարժերի հիմքում ընկած գործոնների ազդեցությունը խիստ կարևոր է շուկայական գործընթացները հասկանալու համար: Այս գրքում դեռևս անդրադառնալու ենք պահանջարկի և առաջարկի վերլուծությանը:
Բաղադրիչ 1.7. Շահույթը ուղղորդում է դեպի արտադրողականություն
Շահույթները կազմակերպություններին նպատակաուղղում են դեպի ռեսուրսների արժեքը բարձրացնող արտադրական գործունեություն, այնինչ կորուստները նրանց շեղում են ռեսուրսների արժեքը նվազեցնող վատնողական գործունեությունից:
Կազմակերպությունները գնում են բնական ռեսուրսներ, աշխատուժ, կապիտալ և ձեռներեցական տաղանդ: Այդ արտադրական ռեսուրսներն այնուհետև վերածվում են ապրանքների ու ծառայությունների, որոնք վաճառվում են սպառողներին: Շուկայական տնտեսությունում արտադրողները ստիպված են ռեսուրսները հետ պահել այլընտրանքային օգտագործումից, քանի որ ռեսուրսների սեփականատերերը դրանք մատակարարելու են միայն այնպիսի գներով, որ առնվազն հավասար են այն գումարին, որը նրանք կարող էին վաստակել այլուր: Արտադրողի՝ ապրանքը կամ ծառայությունը մատակարարելու այլընտրանքային ծախսը հավասար կլինի ռեսուրսները հավանական այլ կիրառությունից շեղելու համար պահանջվող ծախսին:
Էական տարբերություն կա արտադրության այլընտրանքային ծախսի և ծախսի ստանդարտ հաշվապահական հաշվարկների միջև: Հաշվապահները հիմնականում ուշադրություն են դարձնում կազմակերպության զուտ եկամտի հաշվարկին, որը մի փոքր տարբերվում է տնտեսական շահույթից: Զուտ եկամտի հաշվարկում կազմակերպության ակտիվների այլընտրանքային ծախսը հաշվի չի առնվում:
Հաշվապահներն անտեսում են այս այլընտրանքային ծախսը, իսկ տնտեսագետները՝ ոչ(6)։ Արդյունքում կազմակերպության զուտ եկամուտն ավելի մեծ է ստացվում տնտեսագետի հաշվարկած շահույթից: Տնտեսագետները հաշվի են առնում այն փաստը, որ կազմակերպության սեփականությունը հանդիսացող ակտիվները կարող էին այլ կերպ օգտագործվել: Եթե այս այլընտրանքային ծախսերը չեն ծածկվում, ռեսուրսներն ի վերջո օգտագործվում են այլ եղանակներով:
Կազմակերպության շահույթը որոշվում է հետևյալ բանաձևով.
Շահույթ = Ընդհանուր եկամուտ − Ընդհանուր ծախս
Կազմակերպության ընդհանուր եկամուտը պարզապես վաճառված ապրանքների վաճառքի գինն է (P)՝ բազմապատկած վաճառված բոլոր ապրանքների քանակով (Q): Շահույթ ստանալու համար կազմակերպությունն իր ապրանքի վաճառքից պետք է ստեղծի եկամուտ, որը կգերազանցի այդ ապրանքն արտադրելու համար պահանջվող ռեսուրսների այլընտրանքային ծախսը: Հետևաբար, կազմակերպությունը շահույթ կստանա միայն այն դեպքում, եթե կարողանա արտադրել այնպիսի ապրանք կամ ծառայություն, որը սպառողները դրանց արտադրության համար պահանջվող ռեսուրսների ծախսից ավելի բարձր կարժևորեն:
Սպառողներն ապրանքը չեն գնի, եթե այդ ապրանքն իր գնից ավելի բարձր արժեք չունենա նրանց համար: Եթե սպառողները պատրաստ են վճարել արտադրական ծախսերից ավելի բարձր գին, ապա արտադրողի՝ ռեսուրսներն այլընտրանքային ձևով օգտագործելուց հետ պահելու որոշումը կարելի է համարել շահութաբեր: Շահույթը ռեսուրսներն ավելի մեծ արժեք ունեցող մի բանի վերածելու դիմաց ստացված պարգևատրումն է:
Կազմակերպության ղեկավարները կձգտեն արտադրել այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք շահույթ են ապահովում: Սակայն ոչ միշտ են սպասելիքներն արդարանում: Երբեմն կազմակերպությունները չեն կարողանում ապրանքներն այնպիսի գներով վաճառել, որոնք կծածկեն ծախսերը: Երբ վաճառքից ստացված ընդհանուր եկամուտն ավելի փոքր է, քան ապրանքը կամ ծառայությունն արտադրելու համար օգտագործված ռեսուրսների այլընտրանքային ծախսը, առաջանում են վնասներ: Վնասները կորուստներ են, որոնք կազմակերպությունները կրում են՝ այնպիսի ապրանքներ ու ծառայություններ արտադրելով, որոնք սպառողները դրանց արտադրության համար պահանջվող ռեսուրսներից ավելի քիչ են արժևորում: Վնասները ցույց են տալիս, որ ավելի լավ կլիներ ռեսուրսներն օգտագործել այլ բաների արտադրության համար:
Ենթադրենք՝ Բուլղարիայում (որտեղ արժույթը բուլղարական լևն է՝ BGN) շապիկ արտադրող կազմակերպությունը ամսական հազար շապիկ արտադրելու և վաճառելու համար ամսական ծախսում է 20 000 լև՝ արտադրության համար տարածք և անհրաժեշտ սարքավորումներ վարձակալելու, աշխատուժ, կտոր, կոճակներ և այլ անհրաժեշտ նյութեր գնելու համար: Եթե արտադրողը հազար շապիկը վաճառի յուրաքանչյուրը 22 լևով, ապա կունենա 22 000 լև ամսական եկամուտ կամ 2000 լև շահույթ: Շապիկ արտադրող կազմակերպությունն իր և սպառողի համար հարստություն ստեղծեց: Կազմակերպության հաճախորդներն արտադրության ծախսերից ավելի բարձր գին վճարելու պատրաստակամությամբ ցույց են տալիս, որ իրենք այդ շապիկներն ավելի բարձր են արժևորում, քան դրանց արտադրության համար պահանջվող ռեսուրսները: Արտադրողի շահույթը հանդիսանում է պարգևատրում՝ ռեսուրսների արժեքը բարձրացնելու և դրանք շատ ավելի արժեքավոր ապրանքի վերածելու համար:
Մյուս կողմից, եթե շապիկների պահանջարկը նվազի, և դրանք հնարավոր լինի վաճառել յուրաքանչյուրն ընդամենը 17 լևով, ապա արտադրողը կվաստակի 17 000 լև՝ յուրաքանչյուր ամսում կորցնելով 3000 լև: Այս կորուստը տեղի է ունենում, քանի որ արտադրողի գործողությունները հանգեցրին օգտագործված ռեսուրսների արժեքի նվազման: Շապիկները՝ որպես վերջնական արտադրանք, սպառողների համար ավելի պակաս արժեքավոր էին, քան այլ ապրանքները, որոնք հնարավոր կլիներ արտադրել այդ ռեսուրսներով: Մենք չենք պնդում, թե սպառողները գիտակցում են, որ շապիկների արտադրության համար օգտագործված ռեսուրսներն ավելի արժեքավոր կլինեին, եթե վերածվեին մեկ ուրիշ արտադրանքի: Բայց նրանց համատեղ ընտրությունները արտադրողին տալիս են այս տեղեկությունը և միաժամանակ՝ նաև կորուստները կրճատելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու խթան:
Շուկայական տնտեսությունում կորուստները և կազմակերպությունների սնանկացումները մշտապես հանգեցնում են նրան, որ ոչ արդյունավետ գործողությունները, օրինակ` ինքնարժեքից ցածր գնով վաճառվող շապիկներ արտադրելը, դադարեցվում են: Կորուստները և ձեռնարկությունների սնանկացումները ռեսուրսներն ուղղորդում են դեպի այլ՝ ավելի արժևորվող ապրանքների արտադրություն: Հետևաբար, չնայած նրան, որ կազմակերպությունների սնանկացումները ցավալի են սեփականատերերի, ներդրողների և ներգրավված աշխատողների համար, դրանք դրական կողմ ունեն. արդյունքում ազատվում են ռեսուրսներ, որոնք կարող են ներդրվել հարստություն ստեղծող նախագծերում:
Ցանկացած երկրի բնակչություն ավելի բարեկեցիկ կապրի, եթե դրա ռեսուրսները՝ հողը, շենքերը, աշխատուժը և ձեռներեցական տաղանդը, օգտագործվեն արժեքավոր ապրանքներ ու ծառայություններ արտադրելու համար: Ցանկացած ժամանակ հնարավոր է իրականացնել ըստ էության անսահմանափակ թվով պոտենցիալ ներդրումային նախագծեր: Որոշ այդպիսի ներդրումներ կմեծացնեն ռեսուրսների արժեքը՝ դրանք վերածելով սպառողների կողմից ծախսի համեմատ ավելի բարձր արժեքով ապրանքների ու ծառայությունների: Սրանք կխթանեն տնտեսական առաջընթացը: Այլ ներդրումները կնվազեցնեն ռեսուրսների արժեքը և կդանդաղեցնեն տնտեսական առաջընթացը: Եթե նախատեսում ենք առկա ռեսուրսներն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ, ապա նախապատվությունը պետք է տանք այն նախագծերին, որոնք մեծացնում են արժեքը, իսկ այն նախագծերը, որոնց դեպքում ռեսուրսներն անարդյունավետ են օգտագործվում, պետք է դադարեցվեն: Հենց դրանում էլ կայանում է շահույթի ու վնասի գործառույթը:
Մենք ապրում ենք փոփոխվող նախընտրությունների ու տեխնոլոգիաների, ոչ կատարյալ գիտելիքի և անորոշության աշխարհում: Կազմակերպությունների սեփականատերերը չեն կարող հաստատ իմանալ, թե ապագայում ինչպես կփոխվեն շուկայական գները, կամ ինչ ծախսեր կպահանջվեն արտադրության համար: Նրանց որոշումները հիմնված են սպասումների վրա: Սակայն շուկայական տնտեսության պարգևատրման և տուգանքի սխեման հստակ է: Հաջողության են հասնում այն ձեռներեցները, որոնք արտադրությունը կազմակերպում են արդյունավետորեն և ընտրում են հենց այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք սպառողները կգնեն ինքնարժեքը գերազանցող գներով: Եվ հակառակը, կազմակերպությունների ղեկավարները, որոնք ռեսուրսները ոչ արդյունավետ կերպով բաշխում են այնտեղ, որտեղ պահանջարկը թույլ է, կտուժեն՝ կրելով կորուստներ և ֆինանսական դժվարություններ:
Թեև ոմանք քննադատում են շուկայական գործընթացին ուղեկցող սնանկացումները, շուկայի միջոցով ձեռք բերված բարգավաճման հիմքում ընկած է պարգևատրման և տույժի այս սխեման: Հետաքրքիրն այն է, որ շատ ձեռներեցներ, որոնք ի սկզբանե անհաջողություն են կրել, հետագայում մեծ հաջողության են հասել: Վառ օրինակ է Սթիվ Ջոբսը: 1985թ. Apple-ից հեռանալուց հետո Ջոբսը հիմնադրեց neXT կազմակերպությունը, որն, ինչպես նա պլանավորում էր, արտադրելու էր հաջորդ սերնդի անհատական համակարգիչներ: Ընկերությունը մեծ խնդիրների էր բախվում: Բայց Ջոբսը դրանից դասեր քաղեց: 1997թ.-ին նա վերադարձավ Apple և կարճ ժամանակ անց ներկայացրեց iPhone-ը, iPad-ը և այլ նորարարական ապրանքներ, որոնք ցնցող հաջողություն գրանցեցին շուկայում:
Եզրահանգումն ակնհայտ է. շահույթը բիզնեսին նպատակաուղղում է ներդրում կատարել արտադրողականություն ապահովող նախագծերում, որոնք տնտեսական առաջընթաց են խթանում, այնինչ վնասը նպաստում է, որպեսզի ռեսուրսները հեռացվեն այն նախագծերից, որոնք արդյունավետ չեն: Սա խիստ կարևոր գործառույթ է: Այն տնտեսությունները, որտեղ այս գործառույթն այդքան էլ լավ չի իրականացվում, գրեթե միշտ ենթակա են լճացման կամ ավելի վատ հետևանքներ են ունենում:
Բաղադրիչ 1.8. Օգտավետությունն է եկամուտ բերում
Մարդիկ եկամուտ են վաստակում՝ տրամադրելով ուրիշներին այն, ինչ նրանց համար արժեք է ներկայացնում:
Մարդիկ տարբեր են բազմաթիվ առումներով՝ իրենց ներուժով, նախընտրություններով, հատուկ հմտություններով, մոտեցումներով և ռիսկերի դիմելու պատրաստակամությամբ: Այս տարբերություններն ազդում են մարդկանց եկամուտների վրա, քանի որ դրանք ազդում են այն ապրանքների ու ծառայությունների արժեքի վրա, որոնք անհատները պատրաստ են և կարող են տրամադրել ուրիշներին:
Շուկայական տնտեսությունում մարդկանց մեծ մասը բարձր եկամուտներ է վաստակում, քանի որ ուրիշներին տրամադրում է այն, ինչ վերջիններս ավելի բարձր են արժևորում, քան դրա ինքնարժեքն է: Եթե այդ մարդիկ արժեքավոր ապրանքներ կամ ծառայություններ չտրամադրեին, կազմակերպությունները (և անուղղակիորեն՝ սպառողները) նրանց այդքան շռայլորեն չէին վճարի: Սրա խորհուրդն այն է, որ եթե ցանկանում եք բարձր եկամուտ վաստակել, պետք է մտածեք, թե ինչ պետք է անել՝ ուրիշներին զգալիորեն օգնելու համար: Մյուս կողմից, եթե չեք կարող կամ չեք ցանկանում օգնել ուրիշներին իրենց համար արժեքավոր բաներով, ապա ձեր եկամուտը ցածր կլինի:
Ուրիշներին օգնելու և եկամուտներ ստանալու միջև այս ուղիղ կապն ուժեղ խթան է մեզնից յուրաքանչյուրի համար հմտություններ ձեռք բերելու, տաղանդներ զարգացնելու և սովորություններ ձևավորելու համար, որոնք մեզ կօգնեն ուրիշներին առաջարկել արժեքավոր ապրանքներ ու ծառայություններ: Բուհերի ուսանողները երկար ժամանակ են տրամադրում ուսմանը, սթրեսներ են ապրում և ուսման համար բարձր վարձեր վճարում՝ բժիշկ, ուսուցիչ, հաշվապահ և ինժեներ դառնալու համար: Մյուսները դասընթացներ են անցնում, հավաստագրեր և փորձ են ստանում, որոնք կօգնեն նրանց դառնալ էլեկտրոտեխնիկներ, տեխսպասարկման աշխատակիցներ կամ վեբ-կայքերի դիզայներներ: Իսկ երրորդները ներդրումներ են կատարում և ձեռնարկատեր են դառնում: Ինչու՞ են մարդիկ այդ ամենն անում:
Որոշ դեպքերում մարդիկ կարող են աշխարհը դեպի լավը փոխելու խիստ անձնական շարժառիթ ունենալ: Այնուամենայնիվ (և սա ամենակարևորն է), նույնիսկ նրանք, որոնք չեն պատրաստվում կատարելագործել աշխարհը և հիմնականում առաջնորդվում են եկամուտ ստանալու ցանկությամբ, նույնպես ուժեղ խթան կունենան՝ ուրիշների համար արժեքավոր հմտություններ զարգացնելու և գործողություններ ձեռնարկելու համար: Բարձր եկամուտներն ստացվում են ուրիշների համար արժեքավոր ապրանքներ ու ծառայություններ տրամադրելու արդյունքում: Մեծ հարստության ձգտումը մարդկանց համար ուժեղ խթան կհանդիսանա ուրիշների ցանկություններին մեծ ուշադրություն դարձնելու համար: Եվ անգամ այն մարդիկ, որոնք ցանկանում են կատարելագործել աշխարհը, պետք է իմանան, թե ինչպես կարելի է ձեռք բերել այն կրթությունն ու հմտությունները, որոնցով կարող են աշխարհն ավելի լավը դարձնել մյուսների համար: Այդ տեղեկությունը սովորաբար ստանում են տարբեր մասնագիտություններով դրամ վաստակելու հնարավորությունների միջոցով:
Որոշ մարդիկ կարծում են, որ բարձր եկամուտ ունեցող անձինք պետք է շահագործեն մյուսներին: Սակայն արդյունավետորեն գործող շուկայում մարդիկ բարձր եկամուտներ են ստանում հիմնականում այն պատճառով, որ ուրիշներին տրամադրում են այն, ինչ վերջիններիս համար արժեքավոր է և որի համար նրանք պատրաստ են վճարել: Լերի Փեյջն ու Սերգեյ Բրինը միլիարդատերեր դարձան, որովհետև օգտվողները համարեցին, որ Google-ն իրենց պահանջներն ավելի լավ է բավարարում, քան Yahoo!-ն կամ Ask Jeeves-ը։ Եվս մեկ օրինակ են հանդիսանում հայտնի երգիչները: Բիյոնսեն և Թեյլոր Սվիֆթն ստանում են հսկայական եկամուտներ, քանի որ միլիոնավոր մարդիկ հավանում են նրանց երաժշտությունը: Հասարակության դերը «խաղի արդար կանոններ» ապահովելն է, այլ ոչ լավ խաղացողի՝ մեծ տարբերությամբ հաղթանակը կանխելը։ Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ առաջին խաղացողները կառչում են ինչ-որ տեխնոլոգիայից, որն ի վերջո կարող է կորցնել արդիականությունը, սակայն այն փոխարինելը կարող է դժվար լինել: Այս փոխզիջումը հանգեցնում է պետական քաղաքականության քննարկումների, որոնք հաճախ ավելի շատ բխում են քաղաքական հայացքներից, քան ողջամիտ տնտեսական վերլուծությունից:
Մեծ հաջողություն գրանցած ձեռներեցները արդյունքի են հասել՝ ստեղծելով միլիոնավոր սպառողների հավանությանն արժանացող ապրանքներ: Կյանքից հեռացած Սեմ Ուոլթոնը, որը Walmart խանութների ցանցի հիմնադիրն էր, դարձավ Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից մեկը, քանի որ հասկացավ, թե ինչպես կարելի է արդյունավետորեն կառավարել մեծ պաշարներ և Ամերիկայի փոքր քաղաքներում բրենդային ապրանքները վաճառել զեղչված գներով: Բիլ Գեյթսը և Փոլ Ալենը՝ Microsoft-ի համահիմնադիրները, միլիարդատերեր դարձան՝ ստեղծելով այնպիսի պրոդուկտների շարք, որոնք կտրուկ բարձրացրին սեղանի համակարգիչների աշխատանքի արդյունավետությունը և համատեղելիությունը: Միլիոնավոր սպառողներ, որոնք ոչինչ չէին լսել Ուոլթոնի, Գեյթսի կամ Ալենի մասին, օգուտ ստացան նրանց տաղանդից ու ստեղծած ապրանքներից: Այս մարդիկ մեծ գումարներ աշխատեցին, քանի որ օգնեցին բազմաթիվ մարդկանց:
«Լավ կապիտալիստների» նման օրինակներ կարելի է գտնել նաև անցումային տնտեսություններում: Ազգությամբ չեխ Պավել Բաուդիսը, որը թերևս այնքան հայտնի չէ, որքան Բիլ Գեյթսը, Avast ընկերությունը վերածել է կիբերանվտանգության ոլորտի միլիարդավոր դոլարների արժողությամբ հզոր ընկերության: Ազգությամբ լեհ մեխանիկ Զբիգնև Սոսնովսկին հեծանիվներ արտադրող պետական ընկերությունը, որը կործանման եզրին էր, վերածեց տարեկան ավելի քան մեկ միլիոն հեծանիվ արտադրող խոշոր եվրոպական Kross ընկերության: Գուգլեք Talking Tom Cat և կգտնեք մանկական տեսանյութերի շատ հայտնի մի շարք, որը մշակել է սլովենացի Իզո և Սամո Լոգիններ երիտասարդ զույգը: Նրանք այն ավելի քան մեկ միլիարդ դոլարով վաճառել են չինական մի ընկերության:
Բաղադրիչ 1.9. Արժեքը եկամուտ և բարեկեցություն է ստեղծում
Բարձր կենսամակարդակ է ապահովում ոչ միայն աշխատատեղերի, այլև այնպիսի ապրանքների ու ծառայությունների ստեղծումը, որոնք մարդկանց համար արժեք են ներկայացնում:
Սպառումը հանդիսանում է ցանկացած արտադրության միակ նպատակն ու իմաստը, իսկ արտադրողի շահը պետք է կարևորվի այնքանով, որքանով այն կարող է ապահովել սպառողի շահերը: (Ադամ Սմիթ)[5]
Ինչպես նշել է Ադամ Սմիթը ավելի քան 240 տարի առաջ, սպառումը ցանկացած արտադրության նպատակն է: Սակայն սպառումը երբեք չի նախորդում արտադրությանը: Հնարավոր չէ բարձրացնել եկամուտն ու կենսամակարդակը, եթե մարդկանց համար արժեք ներկայացնող ապրանքների ու ծառայությունների արտադրությունը չի մեծանում:
Հասկանալի է, որ եթե մարդկանց համար արժեք ներկայացնող ամենօրյա գործածության ապրանքները ոչնչացվեն, հասարակությունը կհայտնվի դժվար իրավիճակում: Այս պնդումն այնքան ակնհայտ է, որ թվում է, թե այն շեշտելն առնվազն անմտություն է: Բայց երբեմն ընդունվել են ծրագրեր, որոնց հիմքում այն սխալ գաղափարն է, թե ապրանքների ոչնչացումը հասարակությանն օգուտ կտա: 1933թ. ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց Գյուղատնտեսության ոլորտի կարգավորման մասին օրենքը (անգլ. Agricultural Adjustment Act, AAA), որով պետք է կրճատվեր առաջարկը, և այդպիսով կանխվեր գյուղատնտեսական ապրանքների գների իջեցումը: «Նոր կուրս» ծրագրի շրջանակում ընդունված այս նոր օրենքով դաշնային կառավարությունը ֆերմերներին վճարում էր, որպեսզի վերջիններս կրճատեն բամբակի, եգիպտացորենի, ցորենի և գյուղատնտեսական այլ ապրանքների իրենց ցանքատարածքները: Կարտոֆիլ աճեցնող գյուղատնտեսներին վճարում էին, որպեսզի նրանք իրենց կարտոֆիլը ցողեն ներկանյութով՝ դարձնելով այն սպառման համար ոչ պիտանի: Առողջ խոշոր եղջերավոր անասուններին, ոչխարներին և խոզերին մորթում էին և ընդհանուր թաղում, որպեսզի այդպես հեռու պահեն շուկայից: Միայն 1933թ. գյուղատնտեսական ոլորտի կարգավորման մասին այս օրենքի շրջանակում մորթվել է վեց միլիոն խոճկոր: 1936թ. Գերագույն դատարանն օրենքը ճանաչեց որպես հակասահմանադրական, բայց արդեն այն ժամանակ, երբ այն միլիոնավոր արժեքավոր գյուղատնտեսական ապրանքներ էր խլել ամերիկացի սպառողներից: Ավելին, օրենքի փոփոխված տարբերակներով էլ Միացյալ Նահանգների կառավարությունն անգամ այսօր շարունակում է վճարել տարբեր գյուղատնտեսների՝ իրենց արտադրանքը սահմանափակելու համար: Թեև այս օրենքներից օգտվողների քաղաքական պահանջները հասկանալի են, այսպիսի ծրագրերն, այնուամենայնիվ, արժեքավոր ռեսուրսներ են ոչնչացնում՝ աղքատացնելով ժողովրդին:
Միայն Միացյալ Նահանգները չէ, որ հարկատուների ու սպառողների հաշվին արձագանքում է գյուղատնտեսներին «աջակցելու» քաղաքական ճնշմանը: Եվրոպական Միության «Ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությունը» ԵՄ-ի բյուջեի ամենածախսատար և ամենավիճելի մասերից մեկն է:
Բացի այդ, գյուղատնտեսությունը միակ թիրախավորված արդյունաբերական ճյուղը չէ։ Միացյալ Նահանգներում 2009թ. «Կանխիկ գումար հին մեքենաների դիմաց» ծրագիրը մեկ այլ օրինակ է, որով քաղաքական գործիչները փորձում են խթանել բարգավաճումը՝ ոչնչացնելով արտադրական ակտիվները, այս դեպքում՝ օգտագործված ավտոմեքենաները: «Կանխիկ գումար հին մեքենաների դիմաց» ծրագրով ավտոմեքենա վաճառողներին վճարում էին 3500-ից 4500 ԱՄՆ դոլար` հին ավտոմեքենաները ոչնչացնելու համար, իսկ դրանց փոխարեն հավելավճարի դիմաց տրվում էին նոր ավտոմեքենաներ: Ավտոմեքենա վաճառողներից պահանջվում էր ոչնչացնել շարժիչները նատրիումի սիլիկատի լուծույթով, ջախջախել դրանք մամլիչ մեքենայով և ուղարկել հին ավտոմեքենաների աղբավայր, որպեսզի երաշխավորեին, որ անգամ մասերը հետագայում չեն օգտագործվի որպես պահեստամաս: Այս ծրագրի կողմնակիցների փաստարկն այն էր, որ ծրագիրը կխթանի վերաթողարկմանը՝ մարդկանց դրդելով նոր ավտոմեքենաներ գնել: Սակայն նոր ավտոմեքենաներն ավելի թանկ են, քան օգտագործվածները, իսկ օգտագործված ավտոմեքենաների գինը բարձրացավ, քանի որ առաջարկը նվազեց: Արդյունքում սպառողներն ավտոմեքենաներ գնելու համար (թե՛ նորերի, թե՛ օգտագործվածների) ավելի շատ ծախսեցին, որի հետևանքով պակասեցին այլ ապրանքների վրա ծախսվող միջոցները: Այսպիսով, «Կանխիկ գումար հին մեքենաների դիմաց» ծրագիրը չկարողացավ խթանել ընդհանուր պահանջարկը: Իրականում հարկատուները նոր ավտոմեքենաներ գնելու համար տրամադրեցին 3 միլիարդ դոլար սուբսիդիաների տեսքով, իսկ շուրջ 700 000 օգտագործված ավտոմեքենայի ոչնչացումն արժեցավ մոտ 2 միլիարդ դոլար: Նրանք, ովքեր կարող էին իրենց թույլ տալ նոր ավտոմեքենաներ գնել, ստացան սուբսիդիաներ, իսկ անապահով մարդիկ, որոնք հույսը դնում էին օգտագործած ավտոմեքենաների վրա, զրկվեցին այդ հնարավորությունից: Իսկ երբ ծրագիրն ավարտվեց, նոր ավտոմեքենաների վաճառքը կտրուկ նվազեց: Գերմանիան ներդրեց հին ավտոմեքենաների փոխարինման իր սեփական ծրագիրը, որն ըստ հաշվարկների՝ հարկատուների համար ավելի քան 7 միլիարդ դոլար արժեցավ. դա ԱՄՆ-ի համանման ծրագրի արժեքից մոտ երկու անգամ ավելի բարձր է:
Նմանատիպ ծրագրեր իրականացվել են Արևելյան Եվրոպայի շատ երկներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Սլովակիայում: Ռումինիայում «Ռաբլա» (հնոտիք) կոչվող ծրագրի շրջանակում մինչև 1500 եվրո արժողությամբ վաուչերների դիմաց ութ տարվա կամ ավելի հին 525 000-ից ավել ավտոմեքենա ոչնչացվեց: Ծրագիրը գործում էր 2005-2015թթ. ժամանակահատվածում, և յուրաքանչյուրին թույլատրված էր մինչև երեք հին մեքենա հանձնել՝ ստանալով վաուչերներ, որոնք կարելի էր օգտագործել նոր մեքենաներ ձեռք բերելու նպատակով։
Եթե ավտոմեքենաների ոչնչացումը լավ գաղափար է, ապա ինչո՞ւ չպահանջել սեփականատերերից, որ ամեն տարի ոչնչացնեն իրենց ավտոմեքենաները: Միայն պատկերացրե՛ք, թե որքան նոր ավտոմեքենա կվաճառվի այդպես: Այս բոլոր ծրագրերը տնտեսագիտության տեսանկյունից հիմնավորված չեն: Գուցե այդպես հնարավոր է օգնել որևէ առանձին արտադրողի՝ ավելի սահմանափակելով նրանց ապրանքները, սակայն հնարավոր չէ բարելավել բնակչության բարեկեցությունը՝ ոչնչացնելով պահանջարկ և սպառողական արժեք ունեցող ապրանքները:
Ոչնչացման ավելի հնարամիտ տարբերակ են հանդիսանում կառավարության այն գործողությունները, որոնք մեծացնում են տարբեր ապրանքներ գնելու այլընտրանքային ծախսը: Ամբողջ աշխարհի երկրներում ձկնարդյունաբերության ոլորտի սուբսիդիաներին տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլար է հատկացվում, որի 60%-ն ուղղակիորեն խրախուսում է կործանարար, ոչնչացնող կամ նույնիսկ անօրինական գործողություններ: Արդյունքում ի հայտ եկող շուկայի խեղաթյուրումը համաշխարհային ձկնարդյունաբերության քրոնիկ անարդյունավետ կառավարման լուրջ պատճառ է հանդիսանում, որի՝ համաշխարհային տնտեսությանը պատճառած վնասը Համաշխարհային բանկի հաշվարկներով 2012թ. կազմել է 83 միլիարդ ԱՄՆ դոլար: Բացի այդ, հարուստ երկրներին (մասնավորապես Ճապոնիային, Միացյալ Նահանգերին, Ֆրանսիային և Իսպանիային), Չինաստանի ու Հարավային Կորեայի հետ միասին, բաժին է ընկնում համաշխարհային ձկնարդյունաբերության սուբսիդիաների 70%-ը: Այս հատկացումները ձկնորսությամբ ապրող հազարավոր համայնքների ստիպում են մրցակցության մեջ մտնել սուբսիդավորված մրցակիցների հետ և սպառնում են միլիոնավոր մարդկանց սննդի անվտանգությանը, քանի որ հեռավոր երկրների արդյունաբերական նավատորմերը սպառում են նրանց օվկիանոսային պաշարները: Դա հատկապես մեծ հարված է հասցնում Արևմտյան Աֆրիկային, որտեղ ձկնորսությունը կարող է կյանքի ու մահվան հարց լինել տեղի բնակչության համար: Սկսած 1990-ականներից, երբ օտարերկրյա՝ մասնավորապես ԵՄ-ի և Չինաստանի նավերը, սկսեցին Արևմտյան Աֆրիկայի ափերին խոշոր արդյունաբերական ծավալներով ձկնորսությամբ զբաղվել, տեղացի շատ ձկնորսների համար ապրուստի գումար վաստակելը կամ ընտանիքին կերակրելը անհնարին դարձավ:
Քաղաքական գործիչները և պետական միջոցներով իրականացվող ծրագրերի կողմնակիցները սիրում են պարծենալ իրենց ծրագրերի ստեղծած աշխատատեղերով և չափազանցնել այդ ծրագրերից ստացվող օգուտները: Այդ պատճառով տնտեսագիտական գրագիտությունը դառնում է հատկապես կարևոր: Թեև զբաղվածությունը հաճախ ընդունվում է որպես հարստություն ստեղծելու միջոց, պետք է հիշել, որ միայն աշխատատեղերի ստեղծումը բավարար չէ տնտեսական բարեկեցությունը բարելավելու համար. պետք է ստեղծել այնպիսի աշխատատեղեր, որոնք մարդկանց համար արժեքավոր ապրանքների ու ծառայությունների արտադրություն կապահովեն: Երբ մարդիկ մոռանում են այդ ակնհայտ փաստը, հեշտ է նրանց մոլորեցնել և ստիպել ընդունել այնպիսի ծրագրեր, որոնք նվազեցնում են հարստությունը այն մեծացնելու փոխարեն:
Արհեստականորեն աշխատատեղեր ստեղծելու վրա կենտրոնանալը կարող է ծայրահեղ մոլորեցնող լինել: Վաղ շրջանի ֆրանսիացի մեծ տնտեսագետ Ֆրեդերիկ Բաստիան իր Ce qu’on voit et ce qu’on ne voit pas («Ինչն է տեսանելի և ինչը տեսանելի չէ», 1850թ.) ակնարկում «կոտրված պատուհանի» մասին առակով հստակ ցույց է տալիս այդ մոլորությունը.
«Երբևէ ականատես եղե՞լ եք բարի խանութպան Ջեյմս Գուդֆելոուի զայրույթին, երբ նրա անփույթ որդին պատահաբար կոտրում է պատուհանի ապակին: Եթե ներկա եք եղել այդ տեսարանին, անշուշտ, պետք է որ նկատած լինեք այն փաստը, որ ականատեսներից յուրաքանչյուրը, եթե անգամ նրանք երեսունն են, կարծես միաձայն մխիթարում են դժբախտ սեփականատիրոջը՝ ասելով. «Չկա´ չարիք առանց բարիք: Բոլորն էլ պետք է ապրուստ վաստակեն. ի՞նչ անեն ապակեգործները, եթե ոչ ոք երբեք ապակի չկոտրի»:Այսպիսով, մխիթարության այս ձևը մի ամբողջ տեսության պարզ օրինակ է, որը ճշգրիտ կերպով արտացոլում է այն տեսությունը, որով, ցավոք, առաջնորդվում է մեր տնտեսական հաստատությունների մեծ մասը:Ենթադրենք՝ վնասված ապակու վերանորոգումն արժե վեց ֆրանկ, և դուք կասեք, որ պատահարը վեց ֆրանկ է բերում ապակեգործի բիզնեսին, որ այն խրախուսում է առևտուրը վեց ֆրանկի չափով: Չեմ կարող առարկել. դուք ճիշտ եք մտածում: Ապակեգործը կգա, կկատարի իր աշխատանքը, կստանա իր վեց ֆրանկը, կշփի ձեռքերը և հոգու խորքում կօրհնի անզգույշ երեխային: Ահա սա է տեսանելի մասը:Բայց եթե մյուս կողմից եզրակացնեք (ինչպես չափազանց հաճախ է պատահում), որ պատուհաններ կոտրելը լավ բան է, նպաստում է փողի շրջանառությանը, և որ դրա արդյունքը տնտեսության տվյալ ճյուղի ընդհանուր խթանումն է, այդ դեպքում ստիպված եմ բղավել. «Կանգ առե՛ք: Ձեր տեսությունը սահմանափակվում է միայն տեսանելիով և հաշվի չի առնում անտեսանելին»: Տեսանելի չէ այն, որ քանի որ մեր խանութպանը վեց ֆրանկը ծախսել է մի բանի վրա, նա այն այլ բանի վրա չի կարող ծախսել:Տեսանելի չէ այն, որ եթե նա ստիպված չլիներ փոխել պատուհանի ապակին, հավանաբար կփոխեր իր հնամաշ կոշիկները կամ իր գրադարանը կհարստացներ ևս մեկ գրքով: Կարճ ասած՝ իր վեց ֆրանկը կօգտագործեր որևէ այլ կերպ, որին էլ խանգարեց պատուհանի այս պատահարը»:(7)
Բաստիան մեր ուշադրությունն արդարացիորեն հարստությունից դեպի արտադրություն է շեղում: Արդեն գոյություն ունեցող արժեքավոր ակտիվների ոչնչացման միջոցով նոր արտադրության համար պահանջարկի ստեղծումը հասարակության բարեկեցությունը բարելավելու արդյունավետ եղանակ չէ:
Բաղադրիչ 1.10. Առաջընթացի բազմաթիվ աղբյուրներ կան
Տնտեսական առաջընթացը հիմնականում ապահովվում է առևտրի, ներդրումների, կատարելագործված տեխնոլոգիաների և կայացած տնտեսական հաստատությունների շնորհիվ:
Տնտեսագիտության առաջին ներածական դասին մենք ուսանողներին հաճախ պատմում ենք, որ զարգացած երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, մեկ աշխատողը այսօր մոտ երեսուն անգամ ավելի շատ է արտադրում և վաստակում, քան 1750 թվականին: Այնուհետև հարցնում ենք նրանց կարծիքը հետևյալ հարցի շուրջ. «Ինչո՞ւ են աշխատողներն այսօր շատ ավելի մեծ արդյունք տալիս, քան երկուսուկես դար առաջ»: Մտածե’ք, թե դուք ինչպես կպատասխանեիք այս հարցին:
Մեր ուսանողները միշտ երեք բան են նշում. առաջինն այն է, որ այսօրվա գիտելիքները և տեխնոլոգիական հնարավորությունները շատ առաջ են 1750թ. մարդկանց պատկերացումներից: Երկրորդն այն է, որ մենք ունենք բարդ մեքենաներ ու գործարաններ, շատ ավելի լավ ճանապարհներ և բազմաճյուղ հաղորդակցման համակարգեր: Եվ վերջում ուսանողները սովորաբար նշում են, որ 1750թ. անհատներն ու ընտանիքներն ինքնուրույն էին արտադրում իրենց սպառման ապրանքների մեծ մասը, մինչդեռ այսօր մենք դրանք ուրիշներից ենք գնում:
Հիմնականում ուսանողները ճիշտ բացատրություն են տալիս, անգամ եթե նրանք տնտեսագիտության նվազագույն գիտելիք ունեն կամ ընդհանրապես չունեն: Նրանք գիտակցում են տեխնոլոգիաների, կապիտալի (արտադրական ակտիվների) և առևտրի կարևորությունը: Նրանց պատասխանն ամրապնդում է մեր այն տեսակետը, որ տնտեսագիտությունը «խելամիտ գիտություն է»:
Մենք արդեն քննարկել ենք այն, որ առևտրի օգուտներն ու գործարքային ծախսերը կրճատելու կարևորությունը տնտեսական առաջընթացի աղբյուր են հանդիսանում: Տնտեսական վերլուծությունը տնտեսական աճի երեք այլ աղբյուր է առանձնացնում. ներդրումներ մարդկային կապիտալի և արտադրական ակտիվների մեջ, տեխնոլոգիաների կատարելագործում և տնտեսության կազմակերպման բարելավումներ:
Առաջին. ֆիզիկական կապիտալի (օրինակ գործիքներ, մեքենաներ և շինություններ) և մարդկային կապիտալի (աշխատողների կրթություն, հմտությունների զարգացում, ուսուցում և փորձի ձեռքբերում) մեջ կատարվող ներդրումները մեծացնում են ապրանքներ ու ծառայություններ արտադրելու մեր հնարավորությունը: Ներդրումների այս երկու տեսակները փոխկապակցված են: Աշխատողները կարող են արտադրել ավելի շատ, եթե ավելի շատ ու ավելի լավ սարքավորումներով աշխատեն: Փայտահատը կարող է ավելի շատ արտադրել, եթե ձեռքի սղոցով աշխատելու փոխարեն աշխատի էլեկտրասղոցով: Նույն կերպ, բեռնափոխադրում իրականացնող աշխատողը կարող է ավելի շատ բեռ տեղափոխել բեռնատարով, քան ավանակով ու բեռնասայլակով:
Երկրորդ. տեխնոլոգիաների կատարելագործումը (նոր ապրանքներ և արտադրության քիչ ծախսատար մեթոդներ մշակելու համար մտավոր ունակությունների կիրառումը) խթանում է տնտեսական առաջընթացը: 1750թ. սկսած՝ շոգեշարժիչը, այնուհետև ներքին այրման շարժիչը, էլեկտրաէներգիան և ատոմային էներգիան փոխարինեցին մարդկային և կենդանական ուժին՝ դառնալով էներգիայի հիմնական աղբյուր: Ավտոմեքենաները, ավտոբուսները, գնացքները և ինքնաթիռները փոխարինեցին ձիուն և սայլակառքերին (և ոտքով քայլելուն)՝ դառնալով փոխադրման հիմնական միջոցներ: Տեխնոլոգիական զարգացումները շարունակում են փոխել մեր կենսակերպը: Միայն մտածե՛ք, թե ինչպես են մեր կյանքը փոխել անհատական համակարգիչները, միկրոալիքային վառարանները, բջջային հեռախոսները, հեռուստատեսային ծրագրերը, սրտի շունտավորման և կոնքազդրային հոդի փոխարինման վիրահատությունները, ավտոմեքենաների օդափոխության համակարգերը և անգամ ավտոտնակների դռների էլեկտրական բացման մեխանիզմները: Վերջին հիսուն տարիներին այս ապրանքների ներդրումն ու զարգացումն էականորեն փոխել է մեր աշխատելու, խաղալու և ժամանցի ձևերը: Դրանք բարելավել են մեր բարեկեցությունը:
Երրորդ. տնտեսության կազմակերպման բարեփոխումները կարող են խթանել տնտեսական աճը: Տնտեսության կազմակերպում ասելով՝ նկատի ունենք այն եղանակները, որոնցով կազմակերպվում է մարդկային գործունեությունը, և այն կանոնները, որոնցով այն իրականացվում է. դրանք գործոններ են, որ հաճախ թերագնահատվում կամ անտեսվում են: Արդյո՞ք մարդկանց համար հեշտ է առևտրով զբաղվելը կամ բիզնես սկսելը: Ցանկացած երկրի իրավական համակարգ հիմնականում որոշում է տվյալ երկրի բնակչության կողմից իրականացվող առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության մակարդակը: Տնտեսական առաջընթացի համար կարևոր բաղադրիչ է այնպիսի իրավական համակարգը, որը պաշտպանում է անհատներին ու նրանց գույքը, ապահովում է պայմանագրերի պայմանների պատշաճ կատարումը և կարգավորում է վեճերը: Առանց այդ համակարգի ներդրումները կպակասեն, առևտուրն անկում կապրի, իսկ նորարարական գաղափարների տարածումը կբարդանա: Տնտեսության կազմակերպման իրավական կառուցվածքի և այլ տարրերի կարևորությունն ավելի մանրամասն կուսումնասիրենք այս գրքի 2-րդ մասում:
Ներդրումները և տեխնոլոգիաների կատարելագործումը ինքնաբերաբար տեղի չեն ունենում: Դրանք արտացոլում են ձեռներեցների և այն մարդկանց գործողությունները, որոնք շահույթ ստանալու ակնակալիքով ռիսկի են դիմում: Ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի հաջորդ նորարարական բացահայտումը, կամ՝ որ տեխնոլոգիաները կկրճատեն արտադրական ծախսերը: Ավելին, ձեռներեցները հաճախ հայտնվում են անսպասելի տեղերում: Այսպիսով, տնտեսական առաջընթացը կախված է այն համակարգից, որը շատ տարբեր մարդկանց խմբերի թույլ է տալիս փորձարկել իրենց գաղափարներն ու ստուգել դրանց շահութաբերությունը և միաժամանակ թույլ չի տալիս նրանց ռեսուրսներ վատնել անարդյունավետ նախագծերի վրա:
Այս առաջընթացի համար շուկաները պետք է բաց լինեն, որպեսզի անհատները կարողանան ազատ փորձարկել իրենց նորարարական գաղափարները: Նոր տեխնոլոգիա կամ ապրանք ունեցող ձեռներեցին նախագիծը ֆինանսավորելու համար անհրաժեշտ է ստանալ ընդամենը բավարար չափով ներդրողների ֆինանսական աջակցությունը: Սակայն մրցակցության առկայությունը պարտադիր է, որպեսզի ձեռներեցներն ու իրենց ներդրողները հաշվետու լինեն իրենց ռեսուրսների արդյունավետ բաշխման վերաբերյալ. նրանց գաղափարները պետք է ենթարկվեն սպառողների կողմից «գործնականում փորձարկման», որոնք էլ կորոշեն, թե արդյոք ցանկանում են գնել ապրանքը կամ ծառայությունը ինքնարժեքից բարձր գնով: Այս միջավայրում վերջնական որոշում կայացնողները սպառողներն են: Եթե սպառողները նորարարական ապրանքը կամ ծառայությունը արտադրական ծախսերից ավելի բարձր չգնահատեն, դրանք շուկայում չեն գոյատևի: Իրականում կառավարության դերը նոր և ավելի լավ ապրանքների համար մրցակցության հնարավորություն ապահովելն է, այլ ոչ որոշելը, թե որ ապրանքներին պետք է արտոնություն տալ։
Բաղադրիչ 1.11. «Անտեսանելի ձեռքի» օգտավետությունը
Շուկայական գների «անտեսանելի ձեռքը» գնորդներին և վաճառողներին դրդում է այնպիսի գործողությունների, որոնք նպաստում են համընդհանուր բարեկեցությանը:
Շուկայական գների «անտեսանելի ձեռքը» գնորդներին և վաճառողներին դրդում է այնպիսի գործողությունների, որոնք նպաստում են համընդհանուր բարեկեցությանը: Յուրաքանչյուր անհատ շարունակաբար գործադրում է ջանքեր, որպեսզի գտնի իր ունեցած կապիտալի համար ամենաշահավետ կիրառությունը: Ընդ որում, դա հենց իր շահն է, այլ ոչ այն հասարակության, որում նա գործում է: Սակայն իր սեփական շահի ուսումնասիրումը բնական կերպով կամ, ավելի շուտ՝ անխուսափելիորեն, նրան ստիպում է նախընտրել այն կիրառությունը, որն ավելի շահավետ է հասարակության համար: Նա հետապնդում է միայն իր սեփական շահը և ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր դեպքերում, առաջնորդվում է անտեսանելի ձեռքով և հասնում մի նպատակի, որն իր նպատակի մաս չէր կազմում:(8)
Սեփական շահը հզոր շարժառիթ է: Ինչպես տարիներ առաջ նշել է Ադամ Սմիթը, անտեսանելի ձեռքն ուղղորդում է սեփական շահը հետապնդող անհատներին և նրանց հզոր խթան տալիս՝ ձեռնարկելու այնպիսի գործողություններ, որոնք նպաստում են հասարակության կամ ժողովրդի ընդհանուր բարեկեցությանը: Այդ «անտեսանելի ձեռքը», որի մասին խոսում է Սմիթը, գնային համակարգն է: Անհատը «հետապնդում է միայն իր սեփական շահը», բայց առաջնորդվելով շուկայի անտեսանելի ձեռքով` նա իրագործում է ուրիշների նպատակները, որն էլ հանգեցնում է բարեկեցության աճի:
Մարդկանց մեծամասնությունը դժվարությամբ է ընկալում «անտեսանելի ձեռքի» սկզբունքը: Տարածված կարծիք կա, որ կազմակերպված արդյունքի կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ գործընթացը վերահսկվում է պատասխանատու անձի կողմից կամ ղեկավարվում է կենտրոնացված մարմնի կողմից: Սակայն Ադամ Սմիթը պնդում էր, որ սեփական շահի հետապնդումը ստեղծում է կազմակերպված հասարակություն, որում կարիքները սովորաբար բավարարվում են առանց կենտրոնացված պլանավորման: Այդ կարգուկանոնը ստեղծվում է շնորհիվ այն բանի, որ շուկայական գները համակարգում են սեփական շահը հետապնդող մարդկանց գործողությունները, երբ առկա է մասնավոր գույք և փոխանակման ազատություն: Վիճակագրական մի ցուցանիշ՝ ինչ-որ ապրանքի կամ ծառայության ընթացիկ շուկայական գինը, գնորդներին ու վաճառողներին տալիս է տեղեկություն, որը նրանց օգնում է իրենց գործողությունները լավագույնս համաձայնեցնել այլ մարդկանց ընթացիկ գործողությունների ու նախընտրությունների մասին առկա տվյալների հետ: Շուկայական գները արտացոլում են միլիոնավոր սպառողների, արտադրողների ու ռեսուրսների մատակարարների ընտրությունները: Դրանք արտացոլում են սպառողների նախընտրությունների, ծախսերի և ժամանակի, գտնվելու վայրի ու հանգամանքների մասին տեղեկություն, որը ցանկացած մեծ շուկայում բավականին հեռու է անհատական կամ կենտրոնացված պլանավորում իրականացնող մարմնի ընկալման սահմաններից:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է, որ սուպերմարկետներում կաթը, հացը, բանջարեղենը և մյուս ապրանքները առկա են մոտավորապես այն քանակով, որը բավարար է՝ վաճառքում գրեթե միշտ հասանելի ապրանք ունենալու համար, բայց այդ քանակն այնքան մեծ չէ, որ ապրանքների մի մեծ մաս փչանա կամ դեն նետվի: Ինչպե՞ս է, որ սառնարանները, ավտոմեքենաները, սենսորային էկրանով պլանշետները, որոնք արտադրվում են աշխարհի տարբեր երկրներում, վաճառվում են ձեր տեղական շուկայում գրեթե այն քանակով, որն անհրաժեշտ է սպառողներին: Արդյո՞ք կա որևէ ուղեցույց, որի օգնությամբ գործարարները իրագործում են այս ամենը: Իհարկե, այդպիսի ուղեցույց չկա: Պատասխանը տալիս է շուկայական գների անտեսանելի ձեռքը: Այն գնային ազդակների միջոցով սեփական շահը հետապնդող անհատներին մղում է համագործակցության և համաձայնեցնում է նրանց ընտրությունները, ինչպես նկարագրել ենք Բաղադրիչ 1.6-ում:
1974թ. Նոբելյան մրցանակակիր Ֆրիդրիխ Հայեկը շուկայական համակարգն անվանեց «հրաշք», քանի որ ընդամենը մեկ ցուցանիշ՝ ապրանքի շուկայական գինը, իր մեջ անմիջականորեն կրում է այնքան տեղեկություն, որ գնորդներին ու վաճառողներին դրդում է կայացնելու որոշումներ, որոնք երկու կողմին էլ օգնում են ձեռք բերել իրենց ուզածը:(9) Ապրանքի շուկայական գինն արտացոլում է հազարավոր, նույնիսկ միլիոնավոր որոշումներ՝ կայացված մարդկանց կողմից, որոնք միմյանց գործողություններից անտեղյակ են: Յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության համար շուկան կարծես մի հսկայական համակարգչային ցանց հանդիսանա. այն մատուցում է ցուցանիշ, որը բոլոր մասնակիցներին տրամադրում է միաժամանակ և՛ անհրաժեշտ տեղեկություն, և՛ այդ տեղեկության հիման վրա գործելու խթան:
Դժվար թե որևէ անհատ կամ կենտրոնացված պլանավորում իրականացնող մարմին կարողանա ձեռք բերել կամ հաշվի առնել միլիոնավոր սպառողներին ու հազարավոր տարբեր ապրանքներ ու ծառայություններ արտադրողներին անհրաժեշտ տեղեկությունը և համակարգի նրանց գործողություններն այնպես, ինչպես դա անում են շուկաները: Ավելին, շուկայական գներում արտահայտված այս տեղեկությունն ընդհանրացված է: Դրանք արտադրողներին ու ռեսուրսների մատակարարներին կուղղորդեն արտադրելու այն ապրանքները, որոնք ամենաբարձրն են գնահատվում սպառողների կողմից (ծախսերի հարաբերակցությամբ): Ոչ ոք ստիպված չի լինի գյուղատնտեսին պարտադրել խնձոր աճեցնել կամ շինարարական ընկերությանը համոզել տներ կառուցել կամ կահույք արտադրողին՝ աթոռներ արտադրել: Երբ այս կամ այլ ապրանքների գները վկայում են, որ դրանք սպառողների կողմից գնահատվում են իրենց արտադրական ծախսերի չափ կամ ավելի բարձր, անձնական օգուտ փնտրող արտադրողները կմատակարարեն դրանք:
Կարիք չի լինի նաև, որ որևէ մեկը արտադրողներին հիշեցնի արտադրության ավելի քիչ ծախսատար մեթոդներ փնտրելու և կիրառելու մասին: Շուկայական գների անտեսանելի ձեռքով ուղղորդվող սեփական շահը խթան կհանդիսանա, որպեսզի արտադրողները փնտրեն և գտնեն ռեսուրսների լավագույն համակցումը և արտադրության ամենածախսարդյունավետ մեթոդները: Քանի որ ցածր ծախսերն ապահովում են մեծ շահույթներ, յուրաքանչյուր արտադրող կձգտի նվազեցնել ծախսերը և բարձրացնել որակը: Իրականում հենց մրցակցությունը նրանց կստիպի այդպես վարվել:
Ժամանակակից տնտեսության մեջ, երբ համագործակցությունը բխում է շուկայական գների անտեսանելի ձեռքով ուղղորդվող սեփական շահից, արդյունքներն իսկապես տպավորիչ են: Հաջորդ անգամ, երբ նստեք համեղ ընթրիքի սեղանի շուրջ, մտածեք բոլոր այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ այդ ընթրիքը հնարավոր է դարձել: Դժվար թե նրանցից որևէ մեկը՝ գյուղատնտեսից մինչև բեռնատարի վարորդ կամ մթերային խանութի տեր, մտահոգված լիներ, որ դուք հնարավորինս նվազագույն ծախսերով համեղ կերակուր վայելեք: Սակայն շուկայական գները նրանց շահերը համապատասխանեցրել են ձեր շահերին: Գյուղատնտեսները, որոնք լավագույն որակի տավարի կամ հնդկահավի միս են արտադրում, ավելի բարձր գին են ստանում իրենց ապրանքի դիմաց, բեռնատարի վարորդները և խանութպանները ավելի շատ փող են վաստակում, եթե նրանց ապրանքները թարմ և լավ վիճակում են առաքվում սպառողին և այդպես շարունակ: Եվ այս ամենը նրանք անում են` մշտապես ցածր ծախսեր ապահովող միջոցներ կիրառելով: Բառացիորեն տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց մեծ մասին երբեք չենք էլ տեսնի, մասնակցություն են ունենում, և արդյունքում մեզնից յուրաքանչյուրը սպառում է ապրանքների այնպիսի տեսականի ու քանակ, որը սեփական ուժերով հազիվ թե կարողանայինք արտադրել: Ավելին, անտեսանելի ձեռքը այնքան աննկատ և ինքնաբերաբար է գործում, որ կարգը, համագործակցությունը և ահռելի քանակությամբ ապրանքների ու ծառայությունների առկայությունը հիմնականում ընդունվում է որպես սովորական մի երևույթ: Թերագնահատվելու հետ մեկտեղ՝ անտեսանելի ձեռքի և սեփական շահի համակցումը հզոր շարժիչ ուժ է հանդիսանում տնտեսական առաջընթացի համար:
Բաղադրիչ 1.12. Չնախատեսված հետևանքները խնդիրներ են առաջացնում
Գործողությունների երկարաժամկետ հետևանքները կամ երկրորդային ազդեցությունները շատ հաճախ անտեսվում են:
1946թ. տնտեսագիտության ոլորտի հայտնի լրագրող Հենրի Հազլիթը հեղինակեց մի գիրք, որը կոչվում էր «Տնտեսագիտությունը՝ մեկ դասով»: Տնտեսագիտության այս «այբբենարանը», որի հիմքում ընկած է ֆրանսիացի Ֆրեդերիկ Բաստիայի 1850թ. հեղինակած էսսեն (քննարկվել է Բաղադրիչ 1.9-ում), տնտեսագիտության բնագավառի թերևս բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող տրակտատն է:
Հիշե՛նք Բաստիայի պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին, որի նետած գնդակը կոտրում է խանութի պատուհանը: Արդյունքում խանութպանը ապակեգործ է վարձում պատուհանը նորոգելու համար: Ականատեսներից ոմանք, նկատելով ապակեգործի չափազանց տեսանելի աշխատանքը, պնդում են, որ լավ է, որ ապակին կոտրվեց, քանի որ այն ապակեգործի համար աշխատանք ապահովեց: Սակայն, ինչպես Հազլիթն է ընդգծում, այս պնդումը սխալ է, քանի որ դրանում անտեսված են երկրորդային ազդեցությունները:
Եթե խանութպանն այդ գումարը չծախսեր պատուհանը նորոգելու վրա, ապա այն կծախսեր այլ բաների, ասենք՝ մի զույգ կոշիկի, նոր հագուստի կամ նման այլ իրերի վրա: Եթե պատուհանը չկոտրվեր, արտադրության այդ մյուս բնագավառներում զբաղվածությունն ավելի մեծ կլիներ, և համայնքը չէր զրկվի պատուհանից, խանութպանն էլ կգներ այդ իրերը: Երբ հաշվի են առնվում երկրորդային ազդեցությունները, պարզ է դառնում, որ հեղեղների, փոթորիկների և անհաջող պետական քաղաքականությունների պատճառած ավերածությունը վնաս է հասցնում հասարակությանն ու չի ընդլայնում զուտ զբաղվածության ծավալները: Այն տեսակետը, թե ավերածությունը վերականգնելը աշխատատեղ է ստեղծում և լավ է տնտեսության համար, այժմ հայտնի է որպես «կոտրված պատուհանի մոլորություն»: Այդ վերականգնողական գործողությունների համար օգտագործվող ռեսուրսները պետք է նվազեցնեն հասարակության՝ այլ արժեքավոր ապրանքներ կամ ծառայություններ ստեղծելու ունակությունը: Բաղադրիչ 1.9-ում մոլորեցնող այս տեսակետի մի քանի օրինակ է ներկայացված:
Հազլիթի դասն այն է, որ տնտեսական առաջարկը վերլուծելիս անձը.
. . . պետք է բացահայտի ոչ միայն անմիջական արդյունքները, այլև երկարաժամկետները, ոչ միայն առաջնային հետևանքները, այլև երկրորդայինները, և ազդեցությունը ոչ միայն որևէ հատուկ խմբի վրա, այլ բոլորի վրա:(10)
Հազլիթը գտնում էր, որ այս դասը չկիրառելը տնտեսագիտական սխալի ամենատարածված պատճառն է: 1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ նա բազմաթիվ աշխատություններ է գրել տնտեսության վերաբերյալ և գիտեր, որ հատկապես քաղաքականության մեջ միտում կա կարևորելու որևէ քաղաքականության կարճաժամկետ օգուտները՝ անտեսելով հաճախ չնախատեսված երկարաժամկետ հետևանքները:
Եկեք քննարկենք երեք օրինակ, որոնք ցույց են տալիս երկրորդային ազդեցությունների հավանական կարևորությունը: Ավտոտրանսպորտային միջոցների արտանետումների առաջացրած մթնոլորտային աղտոտվածությունը բենզինի ծախսի կրճատմամբ նվազեցնելու ծրագրի շրջանակում Վրաստանի կառավարությունը առավել հզոր շարժիչ ունեցող հին ավտոմեքենաների համար նոր ակցիզային հարկ ներմուծեց: Քանի որ Վրաստանը ցածր եկամուտ ունեցող երկիր է, հին, օգտագործված ավտոմեքենաների պահանջարկը միշտ էլ բարձր է եղել, որովհետև դրանք ավելի էժան են (օգտագործված ավտոմեքենաների վաճառվող խմբաքանակի 91%-ն արտադրվել է մինչև 2006 թվականը): 2017թ. հունվարից գործող նոր հարկատեսակը սահող սանդղակ ուներ: Օրինակ՝ մաքսազերծման և ակցիզային հարկի գումարը 2002թ. արտադրության 1.5 լիտր ծավալով շարժիչով մեքենայի համար կազմում էր 3731 լարի, իսկ նույն տարվա արտադրության 2.5 լիտր և 3.5 լիտր ծավալով շարժիչների համար՝ համապատասխանաբար 6219 և 8706 լարի: Չնայած նրան, որ հարկային քաղաքականության փոփոխությունները ակնհայտորեն խթանել են, որ մարդիկ ավելի փոքր հզորությամբ շարժիչով մեքենաներ գնեն` հարց է առաջանում՝ արդյոք այս կարգավորումը ճիշտ քաղաքականություն էր: Ո՞րն էր այս քաղաքականության ամբողջական ներգործությունը, այդ թվում՝ երկրորդային ազդեցությունները:
Քանի որ Վրաստանում ներդրված ակցիզային հարկի նոր քաղաքականությունը դեռևս շատ կարճ ժամանակ է գործում, պետք է դիտարկենք այլ երկրներում վառելիքի ծախսի ծավալների կրճատմանն ուղղված նմանատիպ քաղաքականությունների ազդեցությունը: Տվյալները վկայում են, որ մարդիկ սկսել են ավելի շատ ավտոմեքենաներ վարել, քանի որ մարդատար մեքենաների վառելիքի խնայողության շնորհիվ դրանց շահագործումն ավելի էժան է: Սա իր հերթին մեծացնում է երթևեկության ծանրաբեռնվածությունը և արդյունքում բենզինի ծախսն ավելի քիչ է կրճատվում, քան նախատեսված էր այդ կարգավորմամբ: Ավելին, ավտովթարների դեպքում մարդատար ավտոմեքենաները, որոնք պետք է համապատասխանեն սահմանված չափանիշներին, չեն ապահովում ուղևորների անվտանգությունն այնպես, ինչպես դա անում են ավելի ծանր, հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաները, որոնց փոխարինելու էին եկել մարդատարները. այսպիսով, հետևանքը կարող է լինել մայրուղիների վրա մահերի ու վնասվածքների թվի ավելացումը: Երկրորդային ազդեցությունները հաշվի առնելու պարագայում վառելիքի խնայողությանն ուղղված կարգավորումները շատ ավելի պակաս շահավետ կլինեն, քան կարող է թվալ առաջին հայացքից:
Նմանատիպ չնախատեսված հետևանքներ են արձանագրվել ամրագոտիների օգտագործման պահանջ սահմանող օրենքներ ներմուծելուց հետո: Մեծ Բրիտանիայի տրանսպորտի դեպարտամենտի տվյալներով՝ վարորդի և առջևի ուղևորների կողմից ամրագոտի օգտագործելու պահանջ սահմանող օրենքն ուժի մեջ մտնելուց 20 ամիս անց նկատվել է մեքենայի առջևում նստածների մահվան դեպքերի ցուցանիշի նվազում 656-ով: Նույն ժամանակահատվածում, սակայն, նկատվել է հետիոտների (77), հեծանվորդների (63) և հետևում նստող ուղևորների (69) մահվան դեպքերի ավելացում(11)։ Ամենայն հավանականությամբ, ամրակապված վարորդներն իրենց ավելի ապահով են զգացել և վթարային իրավիճակներում ավելի ռիսկային վարքագիծ են դրսևորել:
Երկրների միջև առևտրային սահմանափակումները ևս կարևոր երկրորդային ազդեցություններ ունեն: Օտար ծագման ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի և ներմուծման դրույքների կիրառման կողմնակիցները գրեթե միշտ անտեսում են իրենց քաղաքականությունների երկրորդային ազդեցությունները: Հնարավոր է՝ մաքսատուրքերն ու քվոտաները սկզբնական շրջանում պաշտպանեն տվյալ երկրի այն աշխատողներին, որոնք նմանատիպ ապրանքն ավելի մեծ ծախսով են արտադրում, սակայն չնախատեսված երկրորդային հետևանքներ կլինեն:
Եկեք դիտարկենք Եվրոպական միության Միասնական գյուղատնտեսական քաղաքականությունը (անգլ. CAP), որը արտերկրում արտադրված գյուղմթերքի իրացման ծավալները սահմանափակելու նպատակով կիրառում է քվոտաներ և մաքսատուրքեր և անդամ երկրների գյուղատնտեսությանը անմիջապես ԵՄ բյուջեից սուբսիդավորվում է հատկացնում: «CAP-ը մշակվել է այն նպատակով, որ մարդիկ լավ որակի սնունդ վայելեն մատչելի գներով, իսկ գյուղատնտեսները արժանի ապրուստ վաստակեն». այս ձևակերպումը շարադրված է քաղաքականության 50-ամյակին նվիրված փաստաթղթում:(12) Ընդհանուր առմամբ, CAP-ի միջոցով վճարվող սուբսիդիաները ԵՄ ընդհանուր բյուջեի մեկ երրորդից մի փոքր ավելին են կազմում: Այս քաղաքականության կողմնակիցները պնդում են, որ առանց CAP-ի՝ ԵՄ-ի գյուղատնտեսական ու սննդի ոլորտների ցուցանիշները մոտ 8%-ով պակաս կլինեին(13). հետևաբար, այն նպաստում է աշխատատեղերի պահպանմանը և զբաղվածության ծավալների ավելացմանը: Անկասկած, այդ ոլորտների ցուցանիշներն ավելի մեծ են, քան կլինեին այլ պարագայում, սակայն ի՞նչ կասեք երկրորդային ազդեցությունների մասին:
CAP-ին հատկացվող գումարների պատճառով ԵՄ բյուջեի միջոցների՝ այլ հնարավոր նպատակներով օգտագործումը սահմանափակվում է, ինչպես նաև թույլ չի տալիս, որ ԵՄ միջոցները հանրային բարիք ստեղծող այլ գործունեությունների հատկացվեն: Եվրոպական հանձնաժողովի հաշվարկներով՝ սուբսիդիաները Եվրոպական միության յուրաքանչյուր քաղաքացու համար տարեկան ավելի քան 100 եվրո են արժենում: Ավելին, մաքսատուրքերը և քվոտաները տեղական գները պահում են համաշխարհային մրցակցային գներից ավելի բարձր մակարդակում,(14) հետևաբար ԵՄ սպառողները գյուղմթերքի համար նույնիսկ ավելի թանկ գին են վճարում: Առանձին ընտանիքները ըստ էության կրկնակի են վճարում սննդի համար. նախ՝ նրանք ավելի բարձր գին են վճարում գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ իրականացվող պրոտեկցիոնիզմի պատճառով, որը բարձրացնում է խանութների գները, և երկրորդ՝ նրանք գյուղատնտեսական ոլորտի սուբսիդավորումը ֆինանսավորելու համար հարկ են վճարում: Բացի այդ, մաքսատուրքերն ու քվոտաներն անուղղակիորեն ազդում են նաև այլ կազմակերպությունների վրա, որոնք գյուղմթերքը վերամշակելու միջոցով են սնունդ արտադրում: Օրինակ՝ Ֆրանսիայում 2007թ. CAP-ի արդյունքում արտադրության ծավալները կրճատվեցին 1.5%-ով, իսկ ծառայությունների մեծածավալ ոլորտը CAP-ի շնորհիվ բարգավաճած մյուս ոլորտներին տրամադրեց իր աշխատուժի և կապիտալի լոկ 0.1%-ը: CAP-ի դադարեցմամբ կնվազի կապիտալի (հողի և սարքավորումների) գինը, ինչից կշահեն CAP-ի շրջանակում աջակցություն չստացող ֆերմաները: Բացի այդ, CAP-ը կրճատում է գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար գյուղատնտեսական գործունեության այլ տեսակների հետ մրցակցող անտառտնտեսության ծավալը (Ֆրանսիայում CAP-ի հետևանքով անտառտնտեսությանը հատկացված տարածքները կրճատվել են մոտ 3.6%-ով): Ավելին, սակագների և քվոտաների պատճառով ԵՄ անդամ չհանդիսացող երկրներն ավելի քիչ գյուղատնտեսական արտադրանք են արտահանում ԵՄ շուկա, որի հետևանքով կրճատվում է ԵՄ-ից արտահանվող արտադրանքը գնելու նրանց հնարավորությունը՝ նվազեցնելով զբաղվածությունն այն ճյուղերում, որոնք կորցնում են իրացման այս հնարավորությունը:
Երբ հաշվի առնվեն առևտրի այնպիսի սահմանափակումների երկրորդային ազդեցությունները, ինչպիսին CAP-ն է, պատճառ չի լինի ակնկալելու, որ արդյունքում ԵՄ-ում կմեծանա զբաղվածությունը և ընդհանուր արտադրությունը: Իհարկե, տնտեսության արտոնյալ ճյուղերում գուցե ավելի շատ աշխատատեղ լինի, սակայն մյուս ոլորտներում զբաղվածությունը կնվազի: Առևտրային սահմանափակումները ոչ թե ավելացնում, այլ վերաբաշխում են զբաղվածությունը: Եվ նրանք, որ հաշվի չեն առնի երկրորդային ազդեցությունները, բաց կթողնեն այս հանգամանքը:
Երկրորդային ազդեցությունները միայն քաղաքական որոշումներ կայացնելիս չէ, որ խնդրահարույց են: Դրանք կարող են նաև անհատների համար չնախատեսված հետևանքներ առաջացնել: Արևմտյան Վիրջինիայում առաջին դասարանի մի ուսուցչուհու վերջերս ունեցած փորձն այս առումով լավ օրինակ է: Նրա աշակերտներն անընդհատ կորցնում էին իրենց մատիտները, և ուսուցչուհին մտածեց, որ եթե մատիտի մնացուկի համար նրանց վճարի 10 ցենտ, նրանք կարձագանքեն այդ խթանին և մատիտը մինչև վերջ կօգտագործեին: Ի հիասթափություն իրեն՝ աշակերտները շուտով սկսեցին մատիտի սրիչի հերթեր կազմել և այնքան հաճախ սրել մատիտն ու մնացուկներ ստանալ, որ նա հազիվ էր հասցնում վճարել: Այսինքն պետք է զգոն լինել անսպասելի հետևանքների նկատմամբ:
Մաս 2. Տնտեսական առաջընթացի յոթ հիմնական աղբյուրները

Բաղադրիչները
- Իրավական համակարգ: Տնտեսական առաջընթացի հիմքը իրավական համակարգն է: Այն պաշտպանում է մասնավոր սեփականությունը և ապահովում պայմանագրերի արդար կատարումը:
- Մրցակցային շուկաներ: Մրցակցությունը նպաստում է ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և նորարարական բարեփոխումների խթան է հանդիսանում:
- Պետական կարգավորման սահմանափակումներ: Դրանք կարգավորող քաղաքականություններ են՝ ուղղված ապրանքափոխանակության ծավալների կրճատմանը և տնտեսական առաջընթացին խոչընդոտող մրցակցության սահմանափակմանը:
- Կապիտալի արդյունավետ շուկա: Սեփական ներուժն իրացնելու նպատակով պետությունում պետք է գործի այնպիսի մեխանիզմ, որը կապիտալը կուղղի դեպի հարստություն ստեղծող նախագծեր:
- Ողջամիտ դրամավարկային քաղաքականություն։ Կայուն դրամավարկային քաղաքականությունը կարևոր է գնաճի վերահսկման, ներդրումների արդյունավետ տեղաբաշխման և տնտեսական կայունության հասնելու համար:
- Ցածր հարկադրույքներ: Մարդիկ ավելի շատ են արտադրում, երբ գիտեն, որ իրենց վաստակած գումարի մեծ մասն իրենց է մնում: Պետական ծախսի և պակասուրդի վերահսկումը (հարկաբյուջետային քաղաքականությունը) շատ կարևոր է տնտեսական կայունության և աճի համար։
- Ազատ առևտուր: Մարդկանց եկամուտներն աճում են այլ երկրների մարդկանց հետ ազատ առևտրային հարաբերություններ վարելու պայմաններում:
Ներածություն
1995թ. տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռոբերտ Լուկասն ասել է. «Երբ սկսում ես մտածել տնտեսական աճի մասին, այլ բանի մասին մտածելը դժվար է»:(16) Ինչու՞ են Լուկասը և շատ այլ տնտեսագետներ այսքան մեծ կարևորություն տալիս տնտեսական աճին: Իրական եկամտի աճի համար անհրաժեշտ է իրական արտադրանքի ծավալների աճ: Առանց աճի հնարավոր չէ եկամտի բարձր մակարդակների հասնել և բարձր կենսամակարդակ ունենալ:
Նախորդ երկու հարյուր տարվա ընթացքում տնտեսական աճը, մասնավորապես Արևմուտքում, նպաստել է թե՛ կենսամակարդակի, թե՛ կյանքի որակի բարձրացմանը և թե՛ կյանքի տևողության երկարացմանը: Սակայն այս ժամանակաշրջանը բացառիկ է: Մարդկության պատմության մեջ խիստ հազվադեպ է տնտեսական աճ գրանցվել: Մինչև 1800թ. աշխարհի բնակչության մեծ մասն աշխատում էր շաբաթական հիսուն, վաթսուն և յոթանասուն ժամ, որպեսզի բավարար սնունդ և կացարան ապահովեր: Դա գոյատևման անդադար պայքար էր, և շատերը տանուլ տվեցին այդ պայքարում: 1800թ. կենսամակարդակը շատ չէր տարբերվում դրանից հազար կամ նույնիսկ երկու հազար տարի առաջ Հին Հռոմի ժամանակների կենսամակարդակից:
Մարդկության մռայլ տնտեսական պատմությունը սկսեց փոխվել մոտ երկու հարյուր տարի առաջ: Անգուս Մեդիսոնը, ով տնտեսագետ էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում, հայտնի էր որպես եկամտի և կյանքի ակնկալվող միջին տևողության պատմական տվյալների ուսումնասիրության առաջատար մասնագետ: Գծապատկեր 5-ում ներկայացված են մեկ անձի տարեկան եկամտի հաշվարկային մակարդակները վերջին 1000 տարվա կտրվածքով: Աշխարհի բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ հաշվարկված 1990թ. գներով (դոլարային արտահայտմամբ), 1820թ. կազմել է 667 դոլար՝ 1000թ. 450 դոլարի համեմատ:(17) Դա նշանակում է, որ եկամտի մակարդակը 800 տարվա ընթացքում աճել է ընդամենը 50 տոկոսով: Արևմտյան Եվրոպայում և նրա ճյուղավորումներ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որոնց ընդհանուր անվանում են Արևմուտք, իրավիճակը մի փոքր ավելի լավ է եղել, քանի որ այս տարածաշրջանում եկամուտը մոտավորապես եռապատկվել է՝ 1000թ. 426 դոլարից 1820թ. հասնելով 1202 դոլարի: Բայց նույնիսկ Արևմուտքում շուրջ հինգ հարյուր տարի է պահաջվել եկամտի կրկնապատկման համար:
Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել 1820 թվականից ի վեր: Նախորդ 200 տարվա ընթացքում բուռն տնտեսական աճ է նկատվել: 2003թ. համաշխարհային եկամուտը մեկ շնչի հաշվով հասել էր 6516 դոլարի, որը տասն անգամ բարձր էր 1820թ. եկամտի մակարդակից: Արևմուտքում 2003թ. մեկ շնչի հաշվով եկամուտը կտրուկ աճել է՝ հասնելով 23 710 դոլարի, որը մոտ քսան անգամ բարձր է 1820թ. ցուցանիշից: Այսինքն, եթե հարյուրավոր տարիներ եկամտի մակարդակը հավասար կամ մոտ էր կենսաապահովման միջոցների նվազագույն շեմին, ապա վերջին 200 տարվա ընթացքում մեկ շնչին ընկնող իրական եկամտի կտրուկ աճ գրանցվեց:
Գծապատկեր 5. Մեկ շնչի հաշվով ՀՆԱ (1990թ. դոլարային գներով)
Աղբյուրը՝ «Angus Maddison, Contours of the World Economy, 1–2030 AD: Essays in Macro-Economic History (Oxford: Oxford University Press, 2007)»:
Կյանքի ակնկալվող միջին տևողության պատկերը նմանատիպ է եղել: 1000-1820թթ. կյանքի ակնկալվող միջին տևողությունը 24-ից աճել է մինչև 26 տարի, սակայն հետո ավելացել է՝ 1900թ. հասնելով 31-ի, որից հետո կտրուկ աճել է՝ 2003թ. կազմելով 64 տարի: Արևմուտքում 1000 թվականից մինչև 1820 թվականն ընկած ժամանակահատվածում կյանքի ակնկալվող միջին տևողությունը 24 տարուց աճել է մինչև 36, սակայն 2003թ. այն արդեն կազմել է 76 տարի:
Ինչպես ցույց է տալիս պատմությունը, տնտեսական աճն ինքնըստինքյան տեղի չի ունենում: Ինչո՞ւ է, որ որոշ երկրներում շարունակ տնտեսական աճ և եկամտի բարձր մակարդակներ են նկատվում, մինչդեռ մյուսներում լճացում է: Ո՞ր հաստատություններն ու քաղաքականություններն են նպաստում տնտեսական աճին և կենսամակարդակի բարձրացմանը: Այս բաժնում կքննարկենք այս խիստ կարևոր հարցերը:(18)
Սակայն նախքան այս հարցերը քննարկելը ՀՆԱ-ն չափելու վերաբերյալ մի ծանոթագրություն ներկայացնենք, որը մասնավորապես վերաբերում է հետկոմունիստական երկրներին: Առաջին հայացքից պարզ թվացող «ապրանքների ու ծառայությունների վերջնական արտադրանքի արժեք» սահմանումը բազմաթիվ բարդ հարցեր է քողարկում: Ազատ շուկայում վաճառվող ապրանքի արժեքը սահմանելը բարդ չէ: Սակայն ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ապրանքի գինը ենթակա է վերահսկման: Արդյո՞ք դրա արժեքն այն գինն է, որը մարդիկ փաստացի վճարել են դրա համար, թե՞ այն գինն է, որը ազատ շուկայում կվճարեին։ Արդյո՞ք պետք է ներառել հերթում կանգնելու ժամանակի արժեքը: Իսկ այն արտադրա՞նքը, որը առուվաճառքի ենթակա չէ: Զորակոչվելու դեպքում ինչպե՞ս պետք է գնահատել զինվորականների աշխատանքը: Ի՞նչ ճշգրտությամբ կարող է վիճակագրական ծառայությունը ստվերային (մոխրագույն կամ սև) շուկայի արտադրանքի մասին տեղեկություն գրանցել: Տանը պիցցա պատրաստելու դեպքում պանրի արժեքը ներառված է, իսկ խոհանոցում իմ ծախսած ժամանակը՝ ոչ: Մյուս կողմից, եթե պիցցան ռեստորանում եմ գնում, աշխատանքի արժեքը ներառված է ՀՆԱ-ում: Թեև պիցցան նույնն է, եթե ենթադրենք, որ նույնքան լավ եք պատրաստում, որքան շեֆ-խոհարարը:
ՀՆԱ-ի և համապատասխան գնային փոփոխությունների չափման բարդությունը դժվարացնում է կոմունիզմի փլուզմանն անմիջապես հաջորդած տարիների գործընթացները հասկանալը: Պաշտոնական վիճակագրությունը արտադրության ծավալների հսկայական անկում է գրանցել, որը, սակայն, չի համապատասխանում քաղաքացիների կողմից գրանցված եղելությանը:(19)
Բաղադրիչ 2.1. Իրավական համակարգը
Տնտեսական առաջընթացի հիմքը իրավական համակարգն է: Այն պաշտպանում է մասնավոր սեփականությունը և ապահովում պայմանագրերի արդար կատարումը:

Մասնավոր սեփականության համակարգը ստիպում է մարդկանց նյութական բարիքների հարցում պատասխանատվություն կրել իրենց սեփական գործողությունների համար: Հետևաբար, այդպիսի համակարգի շնորհիվ մարդիկ կրում են իրենց սեփական արարքների հետևանքները: Մասնավոր սեփականությունը շրջապատված է ցանկապատով. միևնույն ժամանակ այն շրջապատում է մեզ հայելիներով՝ անդրադարձնելով մեր սեփական արարքների հետևանքները:(20)
Իրավական համակարգը սեփականության իրավունքների պաշտպանության և պայմանագրերի պարտադիր կատարման համար հիմք է ապահովում: Ինչպես քննարկել ենք Մաս 1-ի Բաղադրիչ 4-ում, առևտուրն ապրանքներն ուղղում է դեպի նրանց, որոնք դրանք ավելի բարձր են գնահատում և հնարավորություն է տալիս մասնագիտացման և լայնամասշտաբ արտադրության մեթոդների կիրառման արդյունքում մեծացնել թողարկվող արտադրանքի ծավալները: Առևտրին բնորոշ անորոշությունները նվազեցնելու համար իրավական համակարգը պետք է համաձայնագրերի ու պայմանագրերի արդար և հարկադիր կատարում ապահովի: Դա նպաստում է փոխանակման ծավալների և առևտրից ստացվող օգուտների աճին՝ այդպիսով խթանելով տնտեսական առաջընթացը:
Հստակ սահմանված և իրականացված սեփականության իրավունքները խիստ կարևոր են առևտրից օգուտներ ստանալու համար: Սեփականությունը լայն հասկացություն է, որը ենթադրում է ինչպես աշխատանքի ծառայությունների, այնպես էլ ֆիզիկական ակտիվների, օրինակ՝ շինությունների և հողի սեփականություն: Գույքի մասնավոր սեփականությունը ներառում է հետևյալ երեք բաղադրիչները. 1) գույքի բացառիկ օգտագործման իրավունք, 2) իրավական պաշտպանություն անօրինական օգտագործողներից՝ նրանցից, որ փորձում են գույքն օգտագործել կամ շահագործել առանց սեփականտիրոջ թույլտվության և 3) գույքն ուրիշներին փոխանցելու (վաճառելու կամ տալու) իրավունքը:
Մասնավոր սեփականատերերը կարող են որոշել ինչպես տնօրինել իրենց սեփականությունը, բայց նրանք նաև պատասխանատու են իրենց գործողությունների համար: Եթե մարդիկ իրենց սեփականությունն օգտագործելով ոտնձգություն են կատարում մեկ ուրիշի սեփականության իրավունքների նկատմամբ կամ խախտում են դրանք, ապա նրանց հանդեպ կգործեն նույն իրավական գործիքները, որոնք պաշտպանում են իրենց իսկ սեփականությունը: Օրինակ՝ մասնավոր սեփականության իրավունքն արգելում է ինձ մուրճ նետելով կոտրել ձեր ավտոմեքենայի դիմապակին, քանի որ դրանով ես կխախտեմ ավտոմեքենայի նկատմամբ ձեր սեփականության իրավունքը: Ձեր ավտոմեքենայի նկատմամբ ձեր սեփականության իրավունքն ինձ և ցանկացած այլ մարդու արգելում է այն առանց ձեր թույլտվության օգտագործելը (կամ շահագործելը): Նույն կերպ, իմ մուրճի և այլ գույքի նկատմամբ իմ սեփականությունը ձեզ և ցանկացած այլ մարդու արգելում է դրանք առանց իմ թույլտվության օգտագործելը:
Մասնավոր սեփականության մեջ կարևոր են դրանից բխող խթանները: Չորս գլխավոր պատճառ կա, թե մասնավոր սեփականության հստակ սահմանված և իրականացված իրավունքներին ուղեկցող խթաններն ինչու են նպաստում տնտեսական աճին և առաջընթացին:
Առաջին. մասնավոր սեփականությունը մարդկանց իրենց գույքը պահպանելու և դրան խնամքով վերաբերվելու ուժեղ խթան է տալիս: Եթե մասնավոր սեփականատերերը չպահպանեն իրենց գույքը կամ թույլ տան, որ այլ մարդիկ շահագործեն կամ վնասեն այն, ապա որպես հետևանք իրենց գույքի արժեքը նվազի: Օրինակ՝ եթե ունեք սեփական ավտոմեքենա, ապա ավտոմեքենայի յուղը փոխելու, կանոնավոր տեխզննում կատարելու և սրահը խնամքով պահելու ուժեղ խթան ունեք: Ինչո՞ւ է այդպես: Եթե այդ ամենին չհետևեք, ավտոմքենայի արժեքը կնվազի թե՛ ձեզ համար, թե՛ ավտոմեքենայի ապագա սեփականատերերի համար: Եթե ավտոմեքենան պահպանված է լավ աշխատանքային վիճակում, այն ավելի բարձր արժեք կունենա ինչպես ձեզ, այնպես էլ այն մարդկանց համար, որոնք գուցե ցանկանան այն ձեզնից գնել: Սեփականատիրոջ տեսանկյունից ավտոմեքենայի շուկայական գինը կարտացոլի դրա նկատմամբ ցուցաբերած խնամքով վերաբերմունքը: Պատասխանատու մոտեցումը վարձատրվում է, իսկ անփույթ վարվելակերպի դեպքում սեփականատերը տուժում է տվյալ գույքի արժեքի նվազման չափով:
Իսկ երբ սեփականությունը պատկանում է ուրիշներին (օրինակ՝ պետությանը կամ մարդկանց մեծ խմբի, որը սոցիալական տնտեսություններում անվանում էին «ժողովրդի սեփականություն»), յուրաքանչյուր օգտագործողի՝ այդ սեփականության նկատմամբ պատասխանատու մոտեցման խթանը թուլանում է: Օրինակ՝ երբ բնակելի տարածքը պետության սեփականությունն է, անհատը կամ սեփականատերերի փոքր խումբն այդ տարածքը պահպանելու ուժեղ ֆինանսական խթան չունեն, քանի որ նրանք արժեքի նվազման ծախսերը չեն վճարելու, ինչպես նաև այդ սեփականության բարելավումից օգուտ չեն ստանալու: Այդ է պատճառը, որ պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքները, ի տարբերություն մասնավոր սեփականությամբ տնօրինվող բնակելի տարածքների, ավելի հաճախ են ավերվում և ավելի վատ են պահպանվում: Այս նույն սկզբունքը գործում է ինչպես կապիտալիստական երկրներում, որտեղ շուկաները տալիս են գնային ազդակներ, այնպես էլ սոցիալիստական երկրերում, որտեղ այդ ազդակները չկան: Անփույթ վարվելակերպը, պահպանման և վերանորոգման թերացումները հետևանք են թույլ խթանների, որոնք ուղեկցում են պետական սեփականությունը նույնիսկ այլ գույքի նկատմամբ առկա մասնավոր սեփականության համար աշխատող շուկաների պայմաններում: Խորհրդային ժամանակների այս հայտնի արտահայտությունն արտացոլում է այդ խնդիրը. «Երբ ինչ-որ բան բոլորինն է, այն անտեր է»:
Սակայն խնդիրների առաջացման պատճառը ոչ այնքան մասնավոր սեփականության զուտ բացակայությունն է, որքան գույքն օգտագործողների և այն ոչ պատշաճ օգտագործելու հետևանքով առաջացած ծախսերը կրող մարդկանց խմբի կամ անհատների շահերի տարբերությունը: Նույնատիպ խնդիր առաջանում է նաև գույքի վարձակալության շուկայում, որտեղ մասնավոր սեփականատերը և օգտագործողը տարբեր են: Այդ է պատճառը, որ վարձակալության պայմանագրերը գույքը տնօրինելու թույլատրված և արգելված գործողությունների երկար ցանկեր են ներառում: Արևելյան Եվրոպայում մինչև անցումային շրջանը չաշխատող վերելակով և պայթած լամպերով շենքերում կեղտոտ աստիճաններով տուն բարձրանալը մարդկանց համար սովորական բան էր, այնինչ բնակարանները հիանալիորեն խնամված էին: Պատճառն այն էր, որ մարդիկ միայն իրենց սեփական տարածքին էին խնամքով վերաբերվում, իսկ ընդհանուր տարածքները անուշադրության էին մատնում: Անցումային շրջանի առաջին տարիներին բնակֆոնդի սեփականության իրավունքների փոխանցումը մեծ խնդիր դարձավ: Պարզ էր, որ բնակարանները պետք է մասնավորեցվեին, բայց ո՞ւմ պետք է պատկաներ այդ մասնավոր սեփականությունը: Ոչ վաղ անցյալում կառուցված շենքերի ու բնակարնների դեպքում պատասխանը պարզ էր. դրանք կարելի էր տալ (կամ ցածր գնով վաճառել) բնակիչներին: Իսկ ինչպե՞ս վարվել հին շենքերի դեպքում, որոնք կոմունիստների` իշխանության գալուց հետո խլել էին սեփականատերերից: Արդյո՞ք պետք է սեփականության իրավունքը անցներ դրանցում բնակվողներին, թե՞ նրանց, որոնցից «գողացել էին» իրենց սեփականությունը (կամ այդ մարդկանց ժառանգներին): Չեխերը որոշեցին սեփականությունը վերադարձնել նախկին տերերին (վերականգնել հին իրավունքը), սակայն ընթացիկ բնակիչներին թույլատրեցին բնակվել՝ վարձակալության իրավունքով: Այս մոտեցումն ակնհայտ խնդիրներ առաջացրեց, երբ սեփականատերերը գույքի պահպանման համար բավարար եկամուտ չունենալով՝ բողոքում էին, որ չեն կարող գույքն իր շուկայական արժեքով վաճառել:
Ապահովագրությունը, որի կարևորությունը կքննարկենք հաջորդ մասերում, նույնպես գույքի նմանատիպ «ոչ պատշաճ օգտագործման» խթան է ստեղծում: Դա հայտնի է որպես բարոյական վտանգ, երբ մարդը, որը որոշում է, թե ինչպես օգտագործի գույքը, գիտի, որ մեկ ուրիշն է վճարելու պատճառված ցանկացած վնասի դիմաց: Վարորդները, որոնք գիտեն, որ իրենց ավտեմեքենայի գողության դեպքում ապահովագրական ընկերությունը կփոխարինի այն, գուցե պակաս զգուշավոր լինեն կայանատեղի ընտրության հարցում կամ մոռանան կողպել իրենց ավտոմեքենան: Հավանականությունը քիչ է, որ առողջության ապահովագրություն չունեցող դահուկորդները մեծ թեքությամբ զառիվայրերով սահեն:
Երկրորդ. մասնավոր սեփականությունը մարդկանց խրախուսում է իրենց սեփականությունն օգտագործել և զարգացնել այնպիսի ուղիներով, որոնք բարձր են արժևորվում այլոց կողմից: Եթե նրանք իրենց գույքն ուրիշների համար գրավիչ ձևով օգտագործեն և զարգացնեն, գույքի շուկայական արժեքը կբարձրանա: Եվ հակառակը. այն փոփոխությունները, որոնք ուրիշներին դուր չեն գալիս (հատկապես, եթե այդ ուրիշները հաճախորդներ են կամ ապագա հավանական գնորդներ), կնվազեցնեն սեփականատիրոջ գույքի արժեքը:
Մասնավոր սեփականությունն իր ազդեցությունն ունի նաև անձնական զարգացման վրա: Երբ մարդիկ կարողանան պահպանել իրենց աշխատանքի պտուղները, իրենց հմտությունները զարգացնելու և ավելի ջանասիրաբար ու ավելի խելամտորեն աշխատելու հզոր խթան կունենան: Այդ գործողությունները կավելացնեն նրանց եկամուտը: Ինչո՞ւ է, որ բուհերի ուսանողները պատրաստ են ուսմանը երկար ժամեր տրամադրել և ուսման վարձ վճարել: Աշխատանքի ծառայությունների մասնավոր սեփականությունը տալիս է պատասխանը: Քանի որ նրանք սեփականության իրավունք ունեն իրենց աշխատանքի ծառայությունների նկատմամբ, ուրիշների կողմից բարձր արժևորվող գիտելիք ձեռք բերելու և հմտություններ զարգացնելու պարագայում նրանք ապագայում ավելի շատ կվաստակեն:
Նույն կերպ, մասնավոր սեփականությունը հողի, շենքերի և այլ ֆիզիկական ակտիվների սեփականատերերին այդ սեփականությունն ուրիշների համար շահավետ եղանակով օգտագործելու, պաշտպանելու և զարգացնելու խթան է տալիս: Ավելին՝ նրանք, որոնք այդպես չեն վարվի, կկրեն իրենց ակտիվների արժեքի նվազման հետ կապված ծախսերը: Պատկերացրե՛ք բնակարանային համալիրի սեփականատիրոջ, որն անձամբ շահագրգռված չէ համալիրը կայանատեղերով, հարմար լվացքատնով, լավ կահավորված մարզասրահով կամ գեղեցիկ ջրավազանով ու լողավազանով ապահովելով: Եթե այս ամենը բարձր արժեք ունենա սպառողների համար (դրանք ստեղծելու ծախսերի համեմատ), ապա բնակարանի սեփականատերը այդ հարմարությունները տրամադրելու ուժեղ խթան կունենա: Ինչո՞ւ: Սպառողները պատրաստ կլինեն ավելի մեծ գումար վճարել այն բնակարանները վարձակալելու համար, որոնք ապահովված են բարձր արժեք ունեցող հարմարություններով: Հետևաբար, նման հարմարություններ ապահովող բնակարանների սեփականատերերը կկարողանան իրենց սպառողներին ավելի բարեկեցիկ պայմաններ առաջարկել և մեծացնել իրենց սեփական զուտ եկամուտները (և իրենց բնակարանային համալիրի շուկայական արժեքը): Եվ հակառակը. բնակարանների այն սեփականատերերը, որոնք համառորեն կշարունակեն տրամադրել այն, ինչ իրենք են հավանում, այլ ոչ թե սպառողների նախընտրածը, կնկատեն, որ իրենց եկամուտները և իրենց կապիտալի (իրենց բնակարանների) արժեքը նվազում է:
Հետաքրքրական է, որ մասնավոր սեփականությունն ազդում է արտադրողականության վրա նույնիսկ սոցիալիստական երկրներում: Դա կարելի է տեսնել նախկին Խորհրդային Միության գյուղատնտեսության օրինակով: Կոմունիստական հասարակարգի օրոք ընտանիքներին թույլատրվում էր տնօրինել կամ վաճառել այն ապրանքները, որոնք նրանք աճեցնում էին իրենց՝ կես հեկտարի էլ չհասնող փոքր մասնավոր հողակտորներում: Այդ մասնավոր հողակտորները ընդհանուր ցանքատարածքների ընդամենը մոտ 2 տոկոսն էին կազմում. մնացած 98 տոկոսը կոլեկտիվ սեփականության հսկայական տնտեսություն էր, որի հողատարածքը և արտադրանքը պատկանում էին պետությանը: Ինչպես հաղորդում էր խորհրդային մամուլը, խորհրդային գյուղատնտեսական ապրանքների ընդհանուր արժեքի մոտ մեկ քառորդն ապահովում էին այդ փոքրիկ, մասնավոր մշակվող հողակտորները: Դա նշանակում է, որ 0.4 հեկտար մասնավոր հողակտորի մշակման արդյունքում ստացված արտադրանքը տասնվեց անգամ ավելի շատ էր, քան պետության սեփականությունը հանդիսացող հողատարածքներից ստացված արտադրանքը:
Պետականից մասնավոր սեփականության անցնելու նույնիսկ փոքր քայլը կարող է զգալի արդյունքներ տալ: 1978թ. Չինաստանի կոմունիստական կառավարությունը սկսեց մի քաղաքականություն իրականացնել, որը գյուղատնտեսներին փաստացիորեն թույլատրում էր տնօրինել կոլտնտեսության հողատարածքներում աճեցված բրնձի այն քանակը, որն ավելանում էր պետությանը տրվող հացահատիկային կուլտուրաների համար սահմանված չափաքանակից: Արդյունքում արտադրողականությունն անմիջապես աճեց, որովհետև գյուղատնտեսները արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու խթան ստացան: Սահմանված չափաքանակն ապահովելուց հետո գյուղատնտեսներին թույլատրվում էր տնօրինել իրենց աճեցրած լրացուցիչ արտադրանքը: Երբ դրա մասին սկսեցին խոսել, և կառավարությունն անտեսեց նման «մասնավորեցման» դեմ ուղղված պաշտոնական քաղաքականությունը, այս գործելակերպը տարածվեց ակնթարթային արագությամբ՝ կտրուկ մեծացնելով գյուղատնտեսական արտադրանքի ծավալները և թույլ տալով գյուղատնտեսներին ազատորեն տեղափոխվել տնտեսության ոչ գյուղատնտեսական ոլորտներ:(21)
Երրորդ. մասնավոր սեփականությունը սեփականատերերի նկատմամբ իրավական պատասխանատվություն է սահմանում՝ իրենց սեփականության օգտագործման արդյունքում ուրիշներին հասցված վնասների համար: Դատարաններն ընդունում և ի կատար են ածում սեփականությամբ տրվող իրավասությունը, սակայն նաև ապահովում են այդ իրավասության հետ կապված պատասխանատության կատարումը: Մասնավոր սեփականությունը հսկողությունը կապում է պատասխանատվության հետ: Սեփականատերերը պատասխանատվություն են կրում հենց այն պատճառով, որ վերահսկողություն իրականացնելու հնարավորություն ունեն: Այս հաշվետվողականությունն իր հերթին սեփականատերերին ուժեղ խթան է տալիս, որպեսզի վերջիններս իրենց սեփականությունը պատասխանատու կերպով օգտագործեն և քայլեր ձեռնարկեն ուրիշներին վնաս հասցնելու հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ:
Դիտարկենք հետևյալ օրինակները: Մեռնող ծառի սեփականատիրոջ խթանն է կտրել ծառը, քանի դեռ այն հարևանի տան վրա չի ընկել: Շների տերերն ունեն իրենց շներին վզափոկ կամ դնչկալ հագցնելու խթան, եթե հավանականություն կա, որ շները կկծեն ուրիշներին: Ավտոմեքենայի սեփականատերն ունի իր ավտոմեքենան վարելու իրավունք, բայց պատասխանատու է արգելակների անսարքության հետևանքով մեկ ուրիշի սեփականությանը ավտոմեքենայի կողմից հասցրած վնասի համար: Նույն կերպ, քիմիական նյութեր արտադրող ընկերությունը հսկում է իր ապրանքները, բայց հենց այդ պատճառով էլ ընկերությունն օրենքով պատասխանատու է քիմիական նյութերի հետ սխալ վարվելու արդյունքում պատճառված վնասների համար:
Չորրորդ. մասնավոր սեփականությունը նպաստում է, որպեսզի ռեսուրսները ապագայի համար պահպանվեն և նպատակաուղղված զարգանան: Ռեսուրսն օգտագործելը կարող է եկամուտ բերել, ինչը արտացոլում է այսօրվա սպառողների ցանկությունները, իսկ սպառողները ցանկանում են այն, ինչ կարող է տրամադրել տվյալ ռեսուրսը: Բայց ապագա սպառողները սեփականության իրավունքների շնորհիվ նույնպես ձայնի իրավունք ունեն: Սեփականատերը, որն ունի որևէ ռեսուրս, օրինակ՝ անտառաբաժին կամ փոքր անտառ, որի ծառերը կարող են մթերվել հիմա կամ ավելի ուշ, կանգնում է որոշում կայացնելու խնդրի առաջ: Արդյո՞ք փայտանյութը հետագայում ավելի բարձր արժեք կունենա: Այլ կերպ ասած՝ ծառերի ակնկալվող արժեքն ավելի բարձր կլինի հետագայո՞ւմ, երբ դրանք ավելի հասուն վիճակում մթերվեն, թե՞ այսօր: Եվ արդյո՞ք այդ արժեքը կգերազանցի այսօր դրանք մթերելու դեպքում գոյացող արժեքը՝ հետագայի համար ծառերի պահպանության և պաշտպանության վրա ծախսվող արժեքի չափով: Եթե այո, ապա սեփականատերն ունի ծառերը պահպանելու, այսինքն՝ այսօր դրանք օգտագործելուց զերծ մնալու խթան՝ ապահովելով ռեսուրսի առկայությունն ապագայի համար, երբ այն ավելի բարձր արժեք կունենա:
Մասնավոր սեփականատերերը ռեսուրսի պահպանումից կշահեն, երբ սպառվող ռեսուրսի ապագա արժեքը գերազանցի ներկա արժեքը: Սա ճիշտ է անգամ այն դեպքում, եթե ներկայիս սեփականատերը չի ակնկալում, որ ֆիզիկապես ներկա կգտնվի և կվայելի օգուտները: Ենթադրենք՝ վաթսունհինգ տարեկան անտառաբույծը բրգաձև եղևնիներ է տնկում, որոնք սովորաբար մթերման համար օպտիմալ մակարդակի են հասնում հիսուն տարում: Արդյո՞ք տարեց անտառաբույծն ունի ծառերն ապագայում օգտագործելու համար պահպանելու խթան: Մասնավոր սեփականության իրավունքների տեսանկյունից պատասխանը հստակ է՝ այո: Անտառաբույծը ծառերն ապագայում օգտագործելու համար պահպանելուց կշահի, քանի դեռ ակնկալվում է, որ ծառերի աճեցումը ապագա եկամուտները կմեծացնի այնքանով, որքանով դա կանեին այլընտրանքային ներդրումները: Մասնավոր սեփականության դեպքում անտառաբույծի հողատարածքի շուկայական արժեքը կմեծանա ծառերի հասունացման և մթերման ակնկալվող օրվա մոտենալուն զուգահեռ: Եվ թեև հնարավոր է, որ ծառերի փաստացի մթերումը տեղի ունենա սեփականատիրոջ մահից շատ հետո, սեփականատերը, այնուամենայնիվ, կարող է ցանկացած ժամանակ վաճառել ծառերը (կամ հողատարածքը ծառերի հետ միասին)՝ հաշվի առնելով դրանց աճող արժեքը:
Դարեր շարունակ հոռետեսները պնդել են, թե մեր ծառերը, խիստ անհրաժեշտ հանքանյութերը կամ էներգիայի տարբեր աղբյուրները սպառվում են: Նրանք կրկին ու կրկին սխալվում են, քանի որ չեն ըմբռնում մասնավոր սեփականության դերը: Ուսանելի կլինի մտորել աշխարհի վերջի մասին այս կանխատեսումների շուրջ: Տասնվեցերորդ դարում Անգլիայում վախ առաջացավ, որ այդ ժամանակ որպես վառարանային վառելիք լայնորեն օգտագործվող փայտի պաշարները շուտով կսպառվեն: Փայտի գների աճը, այնուամենայնիվ, դրդեց փայտի պահպանման միջոցներ ձեռնարկել և հանգեցրեց ածուխ հայթայթելու և այն ավելի արդյունավետ օգտագործելու բնագավառներում ներդրումների: Փայտանյութի ճգնաժամը շուտով ավարտվեց:
Անգամ եթե որևէ առանձին ռեսուրս ինչ-որ մեկի սեփականությունը չէ, սեփականություն հանդիսացող այլ ռեսուրսների շուկաները կարող են հաճախ լուծել խնդիրները: Տասնիններորդ դարի կեսերին սարսափելի կանխատեսումներ տարածվեցին այն մասին, թե Միացյալ Նահանգներում շուտով կսպառվի կետի ճարպը՝ այն ժամանակներում արհեստական լուսավորության համար օգտագործվող հիմնական վառելիքը: Կետերը ոչ մեկի սեփականությունը չէին, նրանց որսում էին բաց ծովերում՝ առանց սահմանափակման: Եթե հնարավորություն ստեղծվելու դեպքում կետորսը կետին չորսար, մեկ ուրիշը վաղ թե ուշ հավանաբար կաներ դա: Երբ կետի ճարպի գները բարձրացան, մարդկանց մոտ բացակայում էր կետերին ապագայի համար պահպանելու խթանը, քանի որ մասնավոր սեփականության իրավունքները բացակայում էին: Ոչ ոք չէր սահմանափակում կետորսությունը՝ չնայած նրան, որ կետերի պոպուլյացիան նվազում էր:
Սակայն կետի ճարպի բարձր գներն ուժեղացրին էներգիայի փոխարինող աղբյուրներ գտնելու և զարգացնելու խթանը: Եթե ձեռնարկատերերը կարողանային մշակել էներգիայի նոր, ավելի էժան աղբյուր, կկարողանային զգալի եկամուտներ ստանալ: Ժամանակի ընթացքում սա հանգեցրեց նավթի՝ առևտրային տեսանկյունից ավելի շահութաբեր աղբյուրներ հայտնաբերելուն, մարդիկ համեմատաբար ավելի էժան կերոսին ստացան, արդյունքում կետի ճարպի գները նվազեցին, կետորսության ծավալները կրճատվեցին, և այսպիսով կետի ճարպի ճգնաժամն ավարտվեց:
Ավելի ուշ, երբ մարդիկ սկսեցին նավթ օգտագործել, կանխատեսումներ ի հայտ եկան այն մասին, որ այդ ռեսուրսը նույնպես շուտով կսպառվի: 1914թ. ԱՄՆ Լեռնահանքային բյուրոն հայտարարեց, որ երկրում նավթի ընդհանուր պաշարների ծավալները վեց միլիարդ բարելից պակաս են, որը մոտավորապես ներկայումս Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր քառասուն ամիսը մեկ արտադրվող նավթի քանակն է: 1926թ. նավթային ռեսուրսների պահպանման դաշնային խորհրդի հաշվարկներով ԱՄՆ-ում նավթի պաշարները կհերիքեին ընդամենը յոթ տարվա համար: Ոչ վաղ անցյալում՝ 1970-ականներին, աշխարհի նավթի պաշարների վերաբերյալ նմանատիպ կանխատեսումներ են արվել մեծ ազդեցություն ունեցող «Հռոմեական ակումբի» հովանավորած ուսումնասիրությունում:
Մասնավոր սեփականությունից բխող խթանների էությունը գիտակցելով՝ հեշտ է հասկանալը, թե նման աշխարհավերջյան կանխատեսումները ինչու չեն իրականացել: Երբ մասնավոր սեփականություն համարվող ռեսուրսի սակավությունն աճում է, ռեսուրսի գինը բարձրանում է: Գնի բարձրացումը սպառողներին, արտադրողներին, նորարարներին և ինժեներներին խթան է տալիս, որպեսզի 1) խնայեն ռեսուրսը՝ դրա ուղղակի օգտագործումը կրճատելու միջոցով (օրինակ՝ սպառողները կարող են անջատել լույսը, երբ սենյակում ոչ ոք չկա, կամ ջեռուցումն ուժեղացնելու փոխարեն տաք հագնվեն, իսկ սպառողները և արտադրողները կարող են ավտոմեքենաները և սարքավորումները ավելի արդյունավետ դարձնել), 2) ավելի ջանասիրաբար փոխարինող ռեսուրսներ փնտրեն (օրինակ՝ սպառողները կարող են ավտոմեքենայի փոխարեն ավտոբուսով երթևեկել, կամ նավթը կարող է հողմային, հիդրոկայանային կամ միջուկային էներգիայով փոխարինվել) և 3) տվյալ ռեսուրսի ավելի մեծ պաշարներ հայտնաբերելու ու դրանք վերականգնելու նոր մեթոդներ մշակեն (ինչպիսիք են հորիզոնական հորատումը կամ հիդրոպայթյունը): Այդ ուժերն այսօր աշխարհի վերջը հետաձգել են մինչև էլ ավելի հեռու ապագա, և կան բոլոր հիմքերը կարծելու, որ այդպես էլ կշարունակվի մասնավոր սեփականություն հանդիսացող ռեսուրսների պարագայում: Եթե ցանկանում եք ավելի հստակ տեսնել այս տարբերությունը, տեսեք, թե ինչով են տարբերվում կովը և ամերիկյան գոմշացուլը: Չափսերով ու մսի արժեքով ավելի նման երկու կենդանի գոյություն չունի. այնուամենայնիվ, ընդհանուր սեփականություն հանդիսացող գոմշացուլի որսն այնպիսի չափերի էր հասնում, որ այդ կենդանիները գրեթե ոչնչացման եզրին էին, այնինչ դժվար թե որևէ մեկը պնդի, թե մասնավոր սեփականություն համարվող կովերի պակաս կա:(22)
Սեփականության իրավունքները պաշտպանող և պայմանագրերի արդար կատարումն ապահովող իրավական համակարգը հիմք է ստեղծում՝ առևտրից օգուտ ստանալու, կապիտալ կուտակելու և ռեսուրսներ զարգացնելու համար, որոնք տնտեսական աճի շարժիչ ուժ են հանդիսանում: Եվ հակառակը՝ սեփականության իրավունքների ոչ բավարար պաշտպանությունը, համաձայնագրերի հարկադիր կատարման անհուսալի ապահովումը և իրավական ֆավորիտիզմը խաթարում են ինչպես ներդրումները, այնպես էլ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Պատմության ողջ ընթացքում մարդիկ փորձել են կիրառել սեփականության այլ ձևեր, ինչպիսիք են խոշոր կոոպերատիվները, սոցիալիզմը և կոմունիզմը: Այս փորձերը ուժեղ մշակութային ավանդույթներ ունեցող փոքր գյուղից ավելի մեծ մասշտաբով կիրառելու դեպքում անհաջողության են մատնվել կամ աղետալի հետևանքներ են ունեցել: Մինչ օրս մեզ հայտնի չէ որևէ ինստիտուցիոնալ մեխանիզմ, որն անհատներին ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելով հանդերձ այլոց ծառայելու այնքան ազատություն և խթաններ տրամադրի, ինչպես դա անում է օրենքի գերակայությամբ գործող մասնավոր սեփականությունը:
«Օրենքի գերակայությունը» հիշատակելը խիստ կարևոր է: Սեփականության իրավունքները երբևէ չեն կարող անսահմանափակ լինել: Երկրներն ընդունում են կանոններ («ճանապարհի աջ կողմով վարել» կամ «տանը հրդեհի ազդանշանային սարք ունենալ»), որպեսզի թույլ չտան, որ որևէ մեկի իրավունքների պաշտպանությունը վնասի մյուսներին: Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Ռոնալդ Քոուզը նշել է, որ որոշ դեպքերում շուկաները կարող են նույն արդյունքն ապահովել, բայց երբ բազմաթիվ մարդիկ են ներգրավված, գուցե միակ լուծումը պետության թելադրած կանոններն են:
Բաղադրիչ 2.2. Մրցակցային շուկաներ
Մրցակցությունը նպաստում է ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և հանդես է գալիս որպես խթան` նորարարական բարեփոխումների համար:

Մրցակցությունը նպաստում է արտադրության արդյունավետության շարունակական բարելավմանը: Այն դրդում է արտադրողներին կրճատելու վատնումը և նվազեցնելու ծախսերն այնպես, որ կարողանան իրենց ապրանքները մրցակիցներից ավելի ցածր գներով վաճառել: Մրցակցությունը դուրս է մղում այն արտադրողներին, որոնց ծախսերը մնում են բարձր՝ այդպիսով կենտրոնացնելով արտադրությունը նրանց ձեռքերում, որոնց ծախսերը ցածր են:(23)
Մրցակցությունն առկա է բաց շուկայում, և երբ այլընտրանքային վաճառողներն ազատ մուտք ունեն դեպի այդ շուկա: Մրցակցությունը շուկայական տնտեսության արյունատար համակարգն է: Մրցակից ընկերությունները կարող են գործել տեղական, տարածաշրջանային, ազգային կամ նույնիսկ համաշխարհային շուկաներում: Մրցակցային գործընթացը ճնշում է գործադրում յուրաքանչյուրի վրա՝ ստիպելով արդյունավետորեն աշխատել և հաշվի առնել սպառողների նախասիրությունները: Մրցակցությունը դուրս է մղում ոչ արդյունավետ արտադրողներին: Այն ընկերությունները, որոնք սպառողներին մատչելի գներով որակյալ ապրանքներ չեն առաջարկի, կկրեն վնասներ և ի վերջո՝ դուրս կմղվեն շուկայից: Հաջողակ մրցակիցը պետք է գերազանցի մրցակից ընկերություններին: Նրանք կարող են դա անել տարբեր եղանակներով՝ ապրանքի որակի, ձևավորման, սպասարկման, վայրի հարմարավետության, գովազդի և գնի միջոցով, բայց նրանք պետք է սպառողներին մշտապես առնվազն այնպիսի ծախս-արժեք հարաբերություն առաջարկեն, ինչպիսին առաջարկում են մրցակիցները:
Ի՞նչն է խանգարում «Մաք Դոնալդս», «Քարֆուր», «Ամազոն», «Ջեներալ Մոթորս» ընկերություններին կամ ցանկացած այլ ընկերության բարձրացնել գները, անորակ ապրանքներ վաճառել և վատ սպասարկում տրամադրել: Պատասխանը տալիս է մրցակցությունը: Եթե «Մաք Դոնալդսը» չառաջարկի համեղ սենդվիչներ մատչելի գնով և չսպասարկի ժպիտով, մարդիկ կսկսեն օգտվել «Բուրգեր Քինգից», «Ուենդիսից», «Սաբուեյից», «Տակո Բելլից» և այլ մրցակից ընկերություններից: Անգամ ամենամեծ ընկերությունները բիզնեսում կպարտվեն այն փոքր սկսնակներին, որոնք սպառողներին ավելի լավ ապրանքներն ավելի ցածր գներով առաջարկելու եղանակներ կգտնեն: «Ֆիատ», «Տոյոտա», «Ջեներալ Մոթորս» և «Ֆորդ» ընկերությունների նման խոշոր ընկերությունները կկորցնեն իրենց հաճախորդներին հօգուտ «Հոնդա», «Հյունդաի», «Ֆոլկսվագեն» և այլ ավտոարտադրող ընկերությունների, եթե նրանք նույնիսկ մի քայլ հետ մնան մարդկանց՝ իրենց ուզած ավտոմեքենաները մրցակցային գներով առաջարկելուց:
Մրցակցությունն ընկերություններին ավելի լավ ապրանքներ արտադրելու և արտադրության ավելի ոչ ծախսատար եղանակներ գտնելու ուժեղ խթան է տալիս: Քանի որ տեխնոլոգիաներն ու գները մշտապես փոխվում են, ոչ ոք հստակ չգիտի, թե հաջորդ պահին սպառողներն ինչ ապրանքներ կցանկանան, կամ որ արտադրական եղանակները կնվազեցնեն մեկ միավոր արտադրանքի ծախսերը: Մրցակցությունն օգնում է գտնել պատասխանը: Արդյո՞ք սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող մարքեթինգը մանրածախ առևտրի իրականացման համար առևտրային կենտրոններից հետո լավագույն գաղափարն է: Կամ արդյո՞ք դա պարզապես մեկ այլ պատրանք է, որն ի վերջո հօդս կցնդի: Մրցակցությունը կտա այս հարցերի պատասխանը, որն առանձին շուկաների համար տարբեր կլինի և ժամանակի ընթացքում կփոփոխվի:
Շուկայական տնտեսությունում ձեռներեցներն ազատ կարող են նորարարություններ մշակել: Նրանց անհրաժեշտ է միայն ներդրողների (հաճախ նաև՝ հենց իրենց) աջակցությունը, որոնք պատրաստ են հատկացնել անհրաժեշտ միջոցները: Դրա համար կենտրոնական ղեկավար մարմինների, խորհրդարանական մեծամասնության կամ գործարար մրցակիցների հավանությունը չի պահանջվում: Այնուամենայնիվ, մրցակցությունը ձեռներեցներին և միջոցներ հատկացնող ներդրողներին ստիպում է հաշվետու լինել, քանի որ նրանց գաղափարները սպառողների կողմից «իրական փորձարկման» պետք է ենթարկվեն: Եթե սպառողները նորարարությունը դրա գոյացման ծախսերից ավելի բարձր գնահատեն, նոր բիզնեսը շահութաբեր կլինի և կբարգավաճի: Սակայն եթե սպառողները գտնեն, որ նոր ապրանքի արժեքն ավելի ցածր է, քան ծախսերը, բիզնեսը վնասներ կկրի և անհաջողության կմատնվի: Բիզնեսի նորարարությունների և գործունեության արտադրողականության դատավորները սպառողներն են:
Երբ վաճառքի է հանվում նոր արտադրանք, այն սովորաբար ենթարկվում է գին-որակ կանխատեսելի մոդելին: Սկզբում նոր ապրանքները հիմնականում շատ թանկ են լինում, և համեմատաբար քիչ սպառողներ են դրանք գնում, մեծ մասամբ նրանք, որոնք բարձր եկամուտներ ունեն: Այդ սպառողները առաջիններից գնելիս թանկ են վճարում, քանի որ սկզբնական փուլում ապրանքի որակը սովորաբար ավելի ցածր է, քան հետագայում, երբ արտադրողները փորձ են ձեռք բերում, իսկ բարձր գինը պայմանավորված է լինում սահմանափակ արտադրության ծավալներով: Այս սկզբնական գնորդները խիստ կարևոր դեր են կատարում. նրանք արտադրության սկզբնական ծախսերը ծածկելու համար եկամուտ են ապահովում և ձեռներեցներին փորձ կուտակելու հնարավորություն են տալիս, որը կօգնի նրանց ապագայում բարելավել ապրանքի որակը և կրճատել մեկ միավորի ծախսը: Ավելին, շուկայի խթանները կդրդեն նրանց այդպես վարվել: Ժամանակի ընթացքում ձեռներեցներն ապրանքն ավելի մատչելի և այն ավելի շատ սպառողների համար հասանելի դարձնելու ձևեր կգտնեն:
Բջջային հեռախոսների օրինակով կարելի է տեսնել գին-որակ այս հարաբերությունը: Երբ 1980-ականների վերջերին ի հայտ եկան բջջային հեռախոսները, որոնք այդ ժամանակ վաճառվում էին մոտ 4 000 դոլարով, աղյուսի մեծության էին և հեռախոսային զանգեր կատարելուց բացի ոչ մի այլ գործառույթ չունեին: Ժամանակի ընթացքում հեռախոսների չափերը գնալով փոքրացան, տվյալներ պահելու կարողությունն ու գործառույթներն ընդլայնվեցին, իսկ գինն իջավ: Այսօր դրանք վաճառվում են սկզբնական գնից անհամեմատ ցածր գնով և եկամտային բոլոր խմբերի շատ սպառողների կողմից որպես անհրաժեշտություն են դիտվում:
Բազմաթիվ ապրանքներ, այդ թվում՝ ավտոմեքենաները, հեռուստացույցները, օդորակման համակարգերը, սպասք լվացող մեքենաները, միկրոալիքային վառարանները և անձնական համակարգիչները, զարգացման այս նույն ուղին են անցել: Այդ բոլոր ապրանքներն առաջին անգամ շուկայում հայտնվելու պահին շատ թանկ էին, բայց ձեռնարկատերերը գտան դրանք տնտեսապես ավելի արդյունավետ և բարձր որակով արտադրելու ձևը՝ միաժամանակ սպառողների գերակշռող մեծամասնության համար դրանք մատչելի դարձնելով: Քանի որ մենք դիտարկում ենք և՛ ձեռնարկատերերի, և՛ մրցակցային գործընթացի դերը, կարևոր է հաշվի առնել գին-որակ այս հարաբերությունը:
Մրցակցային միջավայրում գոյատևելու ցանկություն ունեցող արտադրողները չպետք է հանգիստ նստեն: Այսօր լավ վաճառվող ապրանքը հնարավոր է չհաղթահարի վաղվա մրցակցության փորձությունը: Մրցակցային շուկայում հաջողության հասնելու համար ձեռնարկատերերը պետք է կարողանան լավ կանխատեսել, սահմանել և արագորեն ընդունել կատարելագործված գաղափարները:
Մրցակցությունը թույլ է տալիս նաև բացահայտել կազմակերպության կառուցվածքն ու մեծությունը, որի դեպքում հնարավոր կլինի ապրանքի կամ ծառայության մեկ միավորի ծախսը ցածր պահել: Ի տարբերություն տնտեսական այլ համակարգերի՝ շուկայական տնտեսությունը չի թելադրում, թե կազմակերպության որ տեսակները կարող են միմյանց հետ մրցակցել: Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ցանկացած ձև թույլատրելի է: Ազատ շուկա կարող են մտնել մասնավոր կազմակերպությունները, ընկերակցությունները, կորպորացիաները, կոլեկտիվ կազմակերպությունները, սպառողական կոոպերատիվները, կոմունաները կամ բիզնեսի ցանկացած այլ տեսակ: Հաջողության հասնելու համար դրանք պետք է միայն մեկ թեստ անցնեն. այն է՝ ծախսարդյունավետությունը: Եթե առևտրային ընկերությունը, լինի դա կորպորացիա, թե կոլեկտիվ կազմակերպություն, արտադրում է որակյալ ապրանքներ մատչելի գներով, այն շահույթ կունենա և հաջողության կհասնի: Սակայն եթե տվյալ կառուցվածքով պայմանավորված՝ ծախսերն ավելի բարձր են, քան նման որակի ապրանք արտադրող, բայց կազմակերպման այլ տեսակ ունեցող կազմակերպության ծախսերը, մրցակցությունն այդ ընկերությանը դուրս կմղի շուկայից: Իհարկե, մրցակցությունը նպաստում է, որպեսզի տարբեր որակ ունեցող ապրանքները կարողանան գոյակցել, քանի դեռ որոշ սպառողներ ընտրում են որակի և գնի տարբեր հարաբերակցություններ: «Մերսեդեսը» կարող է վաճառվել (բարձր գնով) ավելի ցածր գին ունեցող «Ֆոլկսվագենի» կողքին: Մյուս կողմից, արևելագերմանական «Վարթբուրգ» և ռուսական «Ժիգուլի» ավտոմեքենաները առանց շուկայական ուժերի որևէ տեսակի միջամտության ի վիճակի չէին գոյատևել. այդպես հաճախ էր լինում կոմունիստական երկրներում, որոնք արգելում էին ներմուծումը շուկայական տնտեսություն ունեցող երկրներից կամ բարձր մաքսատուրք էին սահմանում:
Մրցակցային գործընթացը որոշում է նաև տնտեսության տարբեր ոլորտների կազմակերպությունների մեծությունը: Որոշ ոլորտներում, օրինակ՝ ինքնաթիռների ու ավտոմեքենաների արտադրության ոլորտում, կազմակերպությունները պետք է բավականին մեծ լինեն, որպեսզի կարողանան լիարժեք օգտվել մասշտաբի ազդեցությունից: Մեկ ավտոմեքենա արտադրելը խիստ ծախսատար կլինի, բայց երբ հաստատուն ծախսերը բաշխվեն հազարավոր միավորների վրա, մեկ ավտոմեքենայի արտադրական ծախսերը կարող են կտրուկ նվազել: Բնականաբար, սպառողները հակված են գնելու այն կազմակերպություններից, որոնք կարող են ապրանքներն ավելի ցածր ծախսերով արտադրել և ավելի ցածր գներով վաճառել: Նման ոլորտներում փոքր ընկերությունները չեն կարողանա արդյունավետորեն մրցակցել, և կգոյատևեն միայն մեծ ընկերությունները:
Սակայն այլ ոլորտներում փոքր ընկերությունները, որոնք հաճախ կազմավորվում են որպես անհատական ձեռնարկություններ կամ ընկերակցություններ, շատ ավելի ծախսարդյունավետ կլինեն: Երբ սպառողները ավելի բարձր գնահատեն մասնավոր մոտեցումն ու անհատականացված ապրանքները, փոքր ընկերությունները առավելություն կունենան, իսկ մեծ ընկերությունների համար մրցակցելը կդժվարանա: Սա հիմնականում բնորոշ է իրավաբանական և բժշկական ծառայությունների, նրբաճաշակ խոհանոց առաջարկող ռեստորանների, վարսահարդարման և հատուկ տպագրական ծառայությունների շուկաներին: Այդ պատճառով այս շուկաներում սովորաբար գերիշխող դիրք են զբաղեցնում փոքր ընկերությունները:
Որքան էլ պարադոքսալ թվա, մրցակցությունից բխող սեփական շահը հզոր խթան է տնտեսական առաջընթացի համար: Ապրանքների, տեխնոլոգիաների, կազմակերպական մեթոդների և կազմակերպությունների շրջանում առկա դինամիկ մրցակցությունը դուրս կմղի անարդյունավետներին և շարունակ կհանգեցնի ամենաբարձր որակի ապրանքների ու տեխնոլոգիաների հայտնագործմանն ու ներմուծմանը: Երբ նոր մեթոդները նպաստում են որակի բարձրացմանը և (կամ) կրճատում են ծախսերը, դրանք արագորեն տարածվում են և հաճախ փոխարինում են արտադրության հին մեթոդներին:
Պատմությունը լի է նմանատիպ օրինակներով: Ավտոմեքենան փոխարինում է ձիուն ու սայլակառքին: Սուպերմարկետները փոխարինում են փոքր ընտանեկան մթերային խանութներին: Տեղական փոքր ճաշարաններին հիմնականում փոխարինում են «Մաք Դոնալդսի» նման արագ սննդի ցանցերը: «Քարֆուր» և «Մետրո քեշ ընդ քերի» սուպերմարկետների ցանցերն արագորեն տարածվում են, մինչդեռ այլ մանրածախ կազմակերպություններ կրճատվում կամ փակվում են: MP3-ներն ու iPod-երը փոխարինում են CD նվագարկիչներին, որոնք էլ նախկինում փոխարինել են ժապավենային մագնիտոֆոններին ու վինիլային սկավառակների նվագարկիչներին: Անհատական համակարգիչները փոխարինում են տպագրական մեքենաներին, իսկ սմարթֆոնները՝ ոչ այնքան դյուրակիր համակարգչային սարքերին: Այսպես անվերջ կարելի է շարունակել նմանատիպ օրինակները: Մեծ տնտեսագետ Ջոզեֆ Շումփեթերն այս դինամիկ մրցակցությունն անվանում էր «ստեղծարար ոչնչացում» և պնդում էր, որ այն հիմք է հանդիսանում տնտեսական առաջընթացի համար:
Մրցակցությունը մոբիլիզացնում է անձնական շահը և գործի է դնում այն՝ բարձրացնելով մեր հասարակության կենսամակարդակը: Ադամ Սմիթը «Ազգերի հարստությունը» գրքում նշել է.
«Երբ ակնկալում ենք ընթրիք ստանալ, ապա մսագործի, գարեջրագործի կամ հացթուխի բարեսրտության վրա չէ, որ հույս ենք դնում, այլ նրանց՝ սեփական շահով առաջնորդվելու մղման վրա: Հույսներս դնում ենք ոչ թե նրանց մարդասիրության, այլ նրանց եսասիրության վրա և նրանց հետ խոսում ենք ոչ թե մեր սեփական պահանջմունքների, այլ նրանց առավելությունների մասին»:(24)
Միասին վերցրած՝ մասնավոր սեփականությունը և մրցակցային շուկաները հիմք են հանդիսանում համագործակցային վարքագծի և ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար: Երբ մասնավոր սեփականության իրավունքները հստակ սահմանված են և կիրառվում են, արտադրողները բախվում են ռեսուրսների օգտագործման այլընտրանքային ծախսին: Միևնույն ժամանակ բաց և մրցակցային շուկաներում գները արտադրողներին տալիս են ծախսերը ցածր պահելու, սպառողների ցանկությունները հաշվի առնելու և լավագույն որակի ապրանքներ հայտնագործելու ու դրանք արտադրելու լավագույն եղանակները գտնելու ուժեղ խթան:
Կարևոր է նշել, որ մրցակցությունը «բիզնեսի կողմնակիցը» չէ: Իրականում կազմակերպությունները չեն սիրում մրցակցության բախվել և սովորաբար դրանից իրենց պաշտպանող քաղաքականությունների օգտին լոբբինգ են իրականացնում: Նրանք հաճախ փորձում են խոչընդոտներ ստեղծել, որոնք կսահմանափակեն հավանական մրցակիցների մուտքը շուկա: Երբ անցնենք կարգավորման և քաղաքական գործընթացի վերլուծությանը, կրկին ու կրկին կբախվենք օրինակների, որտեղ բիզնես վարքագիծը ձգտում է կրճատել շուկաների մրցակցությունը: Եվ իրոք, այն, որ օլիգարխները կարողանում են որոշակի ապրանքների ու ծառայությունների շուկաներում գերիշխող դիրք զբաղեցնել, տարածված խնդիր է հատկապես հետկոմունիստական երկրներում:
Բաղադրիչ 2.3. Ողջամիտ և սահմանափակ կարգավորում
Կարգավորող քաղաքականությունները, որոնք կրճատում են փոխանակումը և սահմանափակում են մրցակցությունը, խոչընդոտում են տնտեսական առաջընթացը:
Ինչպես արդեն նշել ենք, մրցակցային շուկաների կողմից ուղղորդվող առևտրից օգուտները նպաստում են ինչպես տնտեսական առաջընթացին, այնպես էլ սոցիալական համագործակցությանը: Պետական կարգավորումները, որոնց հաճախ նպաստում են կայացած բիզնեսները, առևտրի արգելքների և շուկա մուտք գործելու սահմանափակումների խոշոր աղբյուր են հանդիսանում: Գոյություն ունի կարգավորող քաղաքականությունների միջոցով փոխանակումը սահմանափակելու և շուկաների մրցունակությունը կրճատելու երեք հիմնական եղանակ:
Առաջին. կարգավորումները հաճախ սահմանափակում են մուտքը դեպի շուկաներ: Շատ երկրներում կիրառվում են այնպիսի կարգավորումներ, որոնք դժվարացնում են շուկա մուտք գործելը և բիզնես գործունեության տարբեր ոլորտներում մրցակցելը: Եթե ցանկանաք այդպիսի երկրներում որևէ նոր բիզնես սկսել կամ ծառայություններ մատուցել, պետք է արտոնագիր ձեռք բերեք, ձևաթղթեր լրացնեք, տարբեր գերատեսչություններից թույլտվություն ստանաք, ցույց տաք, որ ունեք համապատասխան որակավորում, ապացուցեք, որ ունեք բավարար ֆինանսավորում և անցնեք տարբեր նորմատիվային ստուգումներ: Որոշ պետական պաշտոնյաներ հնարավոր է՝ մերժեն ձեր դիմումը, եթե, իհարկե, չցանկանաք կաշառք տալ կամ ներդրում կատարել նրանց քաղաքական գանձարաններում: Հաճախ ձեր դիմումին հաջողությամբ կարող են հակազդել արդեն կայացած և քաղաքականապես ազդեցիկ այն կազմակերպությունները, որոնց համար դուք հավանական մրցակից եք:
Հերնանդո դե Սոտոն իր «Կապիտալի առեղծվածը» գրքում հայտնում է, որ Պերուի մայրաքաղաք Լիմայում 1990-ականների վերջերին օրական վեց ժամ աշխատող մեկ աշխատախմբից պահանջվել է 289 օր, որպեսզի կարողանան բավարարել հագուստի արտադրության փոքր արտադրամաս բացելու համար անհրաժեշտ կարգավորումների պահանջները (մեկ այլ՝ ավելի վաղ գրված «Այլ ուղի» գրքում, նա բացահայտում է, որ օրինական գործունեություն իրականցնելու թույլտվություն ստանալու համար տասն անգամ կաշառք է պահանջվել, որից երկուսն անհրաժեշտ է եղել վճարել): Տնտեսագիտության տրամաբանությունն ընկալելու կարևորությունը ընդգծող օրինակ է այն, որ գուցե պրոֆեսոր դե Սոտոյի գործերի շնորհիվ առկա մեծ ուշադրությունը դեպի նման քաշքշուկները հանգեցրել է նրան, որ վերջին տարիներին զգալիորեն հեշտացվել է բիզնես բացելու համար պանաջվող բյուրոկրատիան: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ նոր բիզնես սկսելու համար պահանջվող ժամանակի համաշխարհային միջին ցուցանիշը 2018թ. կազմել է 20 օր՝ 2005թ. գրանցված 51 օրվա համեմատ: Պահանջվող ժամանակն զգալիորեն կրճատվել է եկամտային բոլոր մակարդակներն ունեցող երկրներում և աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացի Հյուսիսային Ամերիկայից, որտեղ պահանջվող ժամանակի արդեն իսկ ցածր՝ 3.5 օր ցուցանիշը մնացել է անփոփոխ: Զարմանալի չէ, որ վարկանիշային աղյուսակի վերջին տեղն զբաղեցնում է Վենեսուելան, որտեղ օրինական բիզնես բացելու համար կարող է պահանջվել 230 օր: Ամենաբարձր ցուցանիշն ունեին Նոր Զելանդիան և Վրաստանը, որտեղ գործընթացը կարելի է ավարտել կես օրում:(25) Հետկոմունիստական երկրներից Բոսնիա և Հերցեգովինայում բիզնես սկսելու գործընթացն ամենաերկարն էր տևում (80 օր): Հետկոմունիստական երկրներն իրականում մեծ առաջընթաց են գրանցել բիզնես սկսելու գործընթացը դյուրացնելու հարցում. այն տարածաշրջանի երկրներում միջինը 14 օր է տևում, այնինչ Արևելյան Ասիայում՝ 23, իսկ Լատինական Ամերիկայում՝ 28 օր:
Երկրորդ. այն կարգավորումները, որոնք օրենքի գերակայությունը և պայմանագրային ազատությունը փոխարինում են քաղաքական իշխանությամբ, առևտրից ստացվող օգուտների վրա բացասաբար անդրադառնալու միտում ունեն: Որոշ երկրներ սովորություն ունեն ընդունելու օրենքներ, որոնք պետական գերատեսչություններին տալիս են մեծ հայեցողական լիազորություններ: Օրինակ՝ 1980-ականների կեսերին Գվատեմալայի մաքսային աշխատակիցներին թույլատրվում էր չպահանջել մաքսատուրքերի վճարումը, եթե նրանք կարծում էին, որ դա բխում է «պետության շահերից»: Այսպիսի օրենսդրությունը պետական պաշտոնյաների համար կաշառք պահանջելու բաց հրավեր է: Այն կարգավորման դաշտում անորոշություն է ստեղծում և բիզնես գործունեությունը դարձնում է ավելի ծախսատար ու պակաս գրավիչ, հատկապես բարեխիղճ մարդկանց համար: Կարգավորումներին ենթարկվելու հասարակության միտումը հաճախ բխում է ավելի մաքուր շրջակա միջավայր ունենալու ցանկությունից կամ սպառողներին անբարեխիղճ գործարարներից պաշտպանելու մղումից: Այս ոլորտներում կարգավորումները կարող են դրական դեր կատարել: Սակայն նույնիսկ այստեղ օրենքը պետք է լինի ճշգրիտ սահմանված, միանշանակ և ոչ խտրական: Հակառակ դեպքում այն խոչընդոտ կհանդիսանա առևտրից օգուտներ ստանալու հարցում:
Կարգավորումները որոշ կազմակերպությունների հաճախ օգնում են՝ սահմանափակելով նրանց մրցակիցների գործունեությունը: Քանի որ այսպիսի կարգավորումները շահավետ են դրանցից օգուտ ստացողներից միայն քչերի համար, դրանք առաջացնում են լրացուցիչ ծախս. կազմակերպությունները, արհմիությունները և հատուկ հետաքրքրության այլ խմբեր կձգտեն օգուտ գտնել իրենց հաճախորդների համար՝ փորձելով ազդել քաղաքական գործընթացի վրա: Ոմանք լոբբինգի օգնությամբ կդրդեն քաղաքական գործիչներին ու կարգավորողներին արգելքներ սահմանել կամ ավելի մեծացնել այդ արգելքների ազդեցությունը, մինչդեռ մյուսները (որոնք ամենաշատն են տուժել) լոբբինգի միջոցով կփորձեն նվազեցնել այդ արգելքների ազդեցությունները: Ցանկացած խնդրի բոլոր կողմերն ընդգրկող լոբբինգը վատնում է բարձր որակավորում ունեցող անհատների ժամանակն ու ջանքերը, որոնք ուրիշների արտադրողականությունը նվազեցնող քաղաքականություններից քաղաքական օգուտներ քաղելու փոխարեն կարող էին բարեկեցություն ստեղծել: Այն ջանքերը, որոնք արժեքավոր ռեսուրսները վատնում են այնպիսի եղանակներով, որ նույնիսկ եթե անհատների կամ ընկերության համար շահավետ են, բայց ընդհանուր հասարակության համար՝ ոչ, կոչվում են «շորթող» վարքագիծ և հաճախ կարգավորումների հետևանք են հանդիսանում:
Երրորդ. առևտրի վրա ճնշում է գործադրում նաև գների վերահսկման մեխանիզմների կիրառումը: Պետությունը երբեմն գները սահմանում է շուկայականից բարձր մակարդակում: Օրինակ՝ որոշ պետություններ պահանջում են, որ գյուղատնտեսական տարբեր ապրանքներ արտադրողներին նրանց մթերքի դիմաց սահմանված նվազագույն գին վճարեն: Ավելի բարձր սահմանված գների դեպքում գնորդներն ավելի քիչ քանակով կգնեն, քան հակառակ դեպքում: Որոշ պետություններ սահմանում են նաև այնպիսի գներ, որոնք շուկայականից ավելի ցածր են, ինչպես բնակվարձի վերահսկման և էլեկտրաէներգիայի կարգավորվող սակագների դեպքում: Արտադրվող և վաճառվող միավորների քանակի տեսանկյունից էական տարբերություն չկա՝ գների վերահսկման արդյունքում գները բարձրանում են, թե իջնում: Երկուսի դեպքում էլ կնվազեն ինչպես առևտրի ծավալները, այնպես էլ արտադրությունից և փոխանակումից ստացվող օգուտները:
Աշխարհի ամենատարածված գնային վերահսկողության միջոցը, հավանաբար, նվազագույն աշխատավարձի դրույքաչափն է: Նվազագույն աշխատավարձի դրույքաչափը սահմանում է այնպիսի նվազագույն գնային սահման, որը որոշ աշխատողների (և հաստիքների) ժամավճարը բարձրացնում է շուկայական մակարդակից: Ներկայումս այս խնդիրն արդիական է Հյուսիսային Մակեդոնիայում և շատ այլ եվրոպական երկրներում: Եվրամիության անդամ-երկրների շրջանում տարեկան նվազագույն աշխատավարձը 2017թ. (ճշգրտվել է ըստ գնային մակարդակների տարբերությունների) կազմել է 7 900 ԱՄՆ դոլարից (Լատվիայում) մինչև 22 600 ԱՄՆ դոլար (Նիդերլանդներում):
Տնտեսագիտության հիմնական կանխադրույթը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կրճատում է ցածր որակավորում ունեցող աշխատողների զբաղվածությունը: Զբաղվածության կրճատման չափի շուրջ առկա է որոշակի տարակարծություն, սակայն էմպիրիկ ապացույցները ցույց են տալիս, որ նվազագույն աշխատավարձի յուրաքանչյուր 10 տոկոս բարձրացում կրճատում է զբաղվածությունը 1-ից 2 տոկոսով: Քանի որ աշխատավարձի բարձրացման դեպքերը զգալիորեն ավելի շատ են, քան զբաղվածության կրճատման դեպքերը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը գրեթե միշտ կբարձրացնի ցածր որակավորում ունեցող աշխատողների ընդհանուր վարձատրության չափը: Նվազագույն աշխատավարձերի բարձրացման կողմնակիցները կարծում են, որ ընդհանուր վարձատրության բարձրացումն արդարացնում է զբաղվածության հարաբերականորեն փոքր կրճատման հետ կապված ծախսերը։
Նվազագույն աշխատավարձերի բարձրացման կողմնակիցներից շատերը կարծում են նաև, որ դա կնպաստի աղքատության ցուցանիշի կրճատմանը: Առաջին հայացքից սա ճիշտ է թվում, սակայն տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս հարցը խիստ վիճելի է: Դրա հիմնական պատճառները մի քանիսն են: Վերցնենք, օրինակ, Միացյալ Նահանգների ցուցանիշները: Նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների մեծամասնությունը՝ մոտ ութսուն տոկոսը, աղքատության շեմից բարձր եկամուտներ ունեցող տնային տնտեսություններից են, իսկ մեկ երրորդն ապրում է միջինից բարձր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում: Նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների կեսը 16-ից 24 տարեկան են, և նրանց մեծ մասն աշխատում է կես դրույքով: Նվազագույն աշխատավարձ ստացող յոթ աշխատողից միայն մեկը (մոտ տասնհինգ տոկոսը) մեկ կամ երկու երեխա ունեցող ընտանիքի հիմնական կերակրողն է: Հետևաբար նվազագույն աշխատավարձ ստացող սովորական աշխատողն ամուրի է, երիտասարդ է, կատարում է կես դրույքով լրացուցիչ աշխատանք և աղքատության շեմից բարձր եկամուտ ունեցող տնային տնտեսությունից է: Երկրորդ. նվազագույն աշխատավարձի բարձրացումն ունի անցանկալի հետևանքներ: Գործատուները քայլեր կձեռնարկեն աշխատավարձի բարձրացման հետ կապված իրենց ծախսերը վերահսկելու (կամ փոխհատուցելու) ուղղությամբ: Դրանք կարող են լինել աշխատած ժամերի և վերապատրաստման հնարավորությունների կրճատման, ոչ այնքան հարմար աշխատանքային գրաֆիկի և անկանխիկ պարգևավճարների նվազեցման տեսքով: Բացի այդ, նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողներից շատերն այնպիսի ապրանքների սպառողներ են, որոնց վրա ազդում է նվազագույն աշխատավարձի բարձրացումը: Այդ աշխատողները ցածր եկամուտ ստացող այլ սպառողների, օրինակ՝ թոշակառուների հետ միասին պետք է ավելի թանկ վճարեն այնպիսի ապրանքների համար, ինչպիսին արագ սնունդն է: Հետևաբար, նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողների իրական վարձատրության աճը կլինի ավելի փոքր, քան նվազագույն աշխատավարձի աճը:(26) Ի վերջո, Միացյալ Նահանգների աղքատ ընտանիքների կեսից ավելին աշխատող չունեն, որը նշանակում է, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նրանց չի օգնի:
Առավել թույլ զարգացած երկրներում նվազագույն աշխատավարձերի մասին վկայությունը բազմազան է, սակայն հիմնականում ցույց է տալիս, որ եթե նվազագույն աշխատավարձը բավականին բարձր է, այն կարող է նպաստել օրինական տնտեսությունում աշխատավարձերի բարձրացմանը՝ օրինական տնտեսությունից մեծ թվով աշխատողների մղելով դեպի ստվերային ոլորտ, որտեղ վարձատրությունն ավելի ցածր է և շատ ավելի փոփոխական:
Ցածր որակավորմամբ երիտասարդ աշխատուժի վրա նվազագույն աշխատավարձի ունեցած ազդեցությունները դիտարկելիս կարևոր է հաշվի առնել թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցությունները: Աշխատանքային փորձը երիտասարդ աշխատողներին հնարավորություն է տալիս զարգացնել ինքնավստահությունը, ձևավորել լավ աշխատանքային սովորություններ, հմտություններ և մոտեցումներ, որոնք նրանց ավելի արժեքավոր աշխատողներ կդարձնեն ապագա գործատուների համար: Այս հնարավորությունը հատկապես կարևոր է ավագ դպրոցից դուրս մնացածների և ցածր կրթամակարդակ ունեցողների համար: Եթե այս երիտասարդները չկարողանան գործատուներին ապացուցել, որ իրենք արժեքավոր են և աշխատավայրում գործնական հմտություններ չզարգացնեն, հավանականությունը փոքր է, որ ապագայում կարողանան առաջխաղացում և բարձր եկամուտներ ունենալ:
Բարձր կրթամակարդակ ունեցող աշխատողների դեպքում բարձր է գնահատվում աշխատանքային փորձը և հմտությունների զարգացումը: Օրինակ՝ քոլեջի ուսանողները հաճախ աշխատում են որպես չվարձատրվող փորձնակներ, այսինքն՝ փորձ ձեռք բերելու համար առանց աշխատավարձի աշխատում են պետական մարմիններում և հասարակական կազմակերպություններում, որպեսզի մեծացնեն ապագայում բարձր եկամուտներ վաստակելու իրենց հնարավորությունները: Ավելին, Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամները քոլեջների ուսանողների շրջանում գովազդում են չվարձատրվող փորձնակների աշխատանքը՝ նշելով սկսնակ աշխատողների համար աշխատանքային փորձի առկայության առավելությունը: Այնուամենայնիվ, այս նույն քաղաքական գործիչներից շատերը կողմ են նվազագույն աշխատավարձի այն մակարդակներին, որոնք կրճատում են անապահով երիտասարդների՝ փորձ և աշխատավայրում հմտություններ ձեռք բերելու հնարավորությունները, որը կմեծացնի ապագայում աշխատանք գտնելու նրանց հեռանկարները: Ցածր որակավորում ունեցող երիտասարդների վրա այս բացասական ազդեցությունը գրեթե միշտ անտեսվում է բոլորի, բայց ոչ տնտեսագետների կողմից: Այնուամենայնիվ, դա նվազագույն աշխատավարձերի կարևոր անցանկալի երկրորդային ազդեցությունն է, որը բացասաբար է ազդում երիտասարդների երկարաժամկետ զբաղվածության վրա, հատկապես նրանց, որոնց կրթամակարդակն ամենացածրն է:
Կարգավորումները հատկապես կարևոր են աշխատաշուկաներում: Շատ երկրներ այնպիսի իրավական նորմեր են ընդունել, որոնք հակասում են տարբեր խնդիրների կարգավորմանն ուղղված պայմանագրերին կամ կամավոր համաձայնագրերին և խաթարում են դրանց կիրառությունը: Այդպիսի օրինակ են աշխատանքից ազատելու կանոնակարգերը: Մի շարք եվրոպական երկրներում աշխատուժը կրճատել ցանկացող գործատուներից պահանջվում է. 1) թույլտվություն ստանալ պետական մարմիններից, 2) աշխատանքից ազատվող աշխատակիցներին մի քանի ամիս առաջ նախապես տեղեկացնել ազատման մասին և 3) ևս մի քանի ամիս շարունակել վճարել ազատված աշխատակիցներին:
Կարող է թվալ, թե նման կանոնակարգերը բխում են աշխատողների շահերից, սակայն պետք է հաշվի առնել երկրորդային ազդեցությունները: Այն կանոնակարգերը, որոնք աշխատողների ազատումը ծախսատար են դարձնում, ծախսատար են դարձնում նաև նրանց աշխատանքի ընդունումը: Աշխատանքից ազատելու հետ կապված մեծ ծախսերի պատճառով գործատուները դժկամությամբ լրացուցիչ աշխատողներ կվարձեն: Արդյունքում նոր աշխատուժի համար դժվար կլինի աշխատանք գտնելը, և զբաղվածության աճի տեմպերը կդանդաղեն: Այսպես եղել է եվրոպական երկրներում, որտեղ աշխատաշուկայի՝ սահմանափակումներ նախատեսող կարգավորումներն ավելի խիստ են, քան Միացյալ Նահանգներում: Հիմնականում այսպիսի կարգավորումների պատճառով է, որ Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում, օրինակ՝ Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում, գործազրկության մակարդակն անցած մի քանի տասնամյակների ընթացքում առնվազն 4-5 տոկոսով ավելի բարձր էր, քան Միացյալ Նահանգներում:(27) Ջոն Հոփքինսի համալսարանում Սթիվ Հենկիի կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ 2010-2015թթ. նվազագույն աշխատավարձ ունեցող ԵՄ երկրների գործազրկության մակարդակն առնվազն 50%-ով բարձր է եղել այն երկրների գործազրկության մակարդակից, որտեղ նվազագույն աշխատավարձ սահմանված չէ:
Հետկոմունիստական Ռուսաստանը նվազագույն աշխատավարձերի հետևանքներն ուսումնասիրելու համար հետաքրքիր դաշտ է: Երկրում 2007թ. դաշնային նվազագույն աշխատավարձն ավելի քան կրկնապատկվեց (իսկ որոշ տարածաշրջաններում նույնիսկ ավելի շատ բարձրացվեց): Դա հանգեցրեց նրան, որ երիտասարդների շրջանում գործազրկությունը նվազեց, իսկ ստվերային տնտեսությունն աճեց:(28)
Թեև աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման կարգավորումները Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ ավելի քիչ սահմանափակող են, քան Եվրոպայում, մասնագիտական արտոնագրումը աշխատաշուկայի լուրջ սահմանափակում է հանդիսանում թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Եվրոպական Միությունում: Միացյալ Նահանգներում մասնագիտական արտոնագրումն իրականացվում է հիմնականում նահանգային մակարդակով: Արտոնագիր ստանալու համար պետք է վճարել չափավորից առասպելական չափերի հասնող վճարներ, մասնակցել 6-ից 12 ամիս տևողությամբ վերապատրաստման դասընթացների և քննություններ հանձնել:
Դեռևս 1970թ. ամերիկացիների տասնհինգ տոկոսից պակաս մասն էր արտոնագիր պահանջող մասնագիտություններով աշխատում: Այսօր այդ թիվը մոտ երեսուն տոկոս է և շարունակում է աճել: 1980-ականների կեսերին առնվազն մեկ նահանգում 800 մասնագիտության արտոնագիր տրվեց: Ըստ Արտոնագրման, հարկադիր կատարման և կարգավորման խորհրդի՝ ներկայումս ավելի քան 1100 մասնագիտություն է արտոնագրվել: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Եվրոպական Միության աշխատողների մոտ քսաներկու տոկոսը պետք է բավարարի մասնագիտական արտոնագրման պահանջները՝ չնայած նրան, որ նման պահանջների քանակը և ազդեցությունը տարբեր անդամ-երկրներում խիստ տարբեր է. օրինակ՝ Գերմանիան առաջին տեղում է՝ 33 տոկոս ցուցանիշով: Հաշվարկվել է, որ 2015թ. ԵՄ-ում արտոնագրման հետևանքով հարակից ոլորտներում զբաղվածությունը կրճատվեց մոտ 700 000 աշխատատեղով։ Նույն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սահմանափակող արտոնագրմամբ պայմանավորված շուկայականից բարձր աշխատավարձերը նպաստում են ԵՄ-ում եկամտային անհավասարությանը:(29)
Արտոնագրման կողմնակիցները պնդում են, որ անհրաժեշտ է պաշտպանել սպառողներին անորակ և պոտենցիալ ոչ անվտանգ ապրանքներից: Սակայն արտոնագրեր պահանջվում են բազմաթիվ մասնագիտությունների համար, որոնք հասարակության անվտանգության կամ սպառողի պաշտպանության հետ գրեթե առնչություն չունեն:(30) Օրինակ՝ Միացյալ Նահանգներում մեկ կամ մի քանի նահանգում պահանջվում է արտոնագիր ունենալ՝ հետևյալ մասնագիտություններով աշխատելու համար. ինտերիերի դիզայներ, դիմահարդար, ֆլորիստ, հյուսքերով սանրվածքի մասնագետ, շամպունի մասնագետ, դիետոլոգ, մասնավոր խուզարկու, սպորտային մարզիչ, զբոսավար, լսողական սարքեր տեղադրող մասնագետ, թաղման բյուրոյի աշխատակից, դագաղավաճառ և նույնիսկ՝ կզաքիս պահող ու ձեռնագուշակ: Արտոնագրումը պարտադրող պահանջը հազվադեպ է գալիս սպառողների խմբերից: Հակառակը՝ այն գրեթե միշտ պահանջում են նրանք, որոնք արդեն աշխատում են տվյալ մասնագիտությամբ: Սա չի զարմացնում տնտեսագետներին, քանի որ ներկայիս մատակարարները արտոնագրման անմիջական շահառուներն են:
Արտոնագրված մի շարք մասնագիտությունների համար բարձր արտադրողականություն ապահովող անհրաժեշտ հմտությունները մարդիկ հաճախ կարող են ստանալ աշխատավայրում փորձի ձեռքբերման և տվյալ բնագավառում փորձառություն ունեցող այլ մարդկանց հետ աշխատելու միջոցով: Արտոնագրման պահանջները թույլ չեն տալիս այս մեթոդներով իրենց հմտությունները զարգացնող մարդկանց իրենց ուզած կարիերան հետապնդել: Արտոնագրումը, հատկապես երբ այն երկարատև ֆորմալ կրթություն և բարձր վարձեր է ենթադրում, կրճատում է առաջարկը և բարձրացնում է արտոնագրված մասնագետների կողմից տրամադրվող ապրանքների ու ծառայությունների գինը: Նրանք, որոնք ներկայումս աշխատում են որևէ մասնագիտությամբ, օգուտ են ստանում ի հաշիվ սպառողների և չարտոնագրված պոտենցիալ արտադրողների։ Չարտոնագրված արտադրողների զբաղվածության հնարավորությունները կրճատվում են, իսկ առևտրից ստացվող պոտենցիալ օգուտները՝ կորչում:
Արտոնագրման հիանալի այլընտրանք է հավաստագրումը: Հավաստագրման միջոցով պետությունը կարող է մատակարարներից պահանջել սպառողներին տեղեկություն տրամարդրել իրենց կրթության, վերապատրաստումների և այլ որակավորումների մասին՝ որևէ մեկին չարգելելով իր ընտրած բնագավառում աշխատելը: Ըստ էության հավաստագրումը սպառողներին տեղեկություն է տրամադրում մատակարարի որակավորման մասին՝ չսահմանափակելով նրանց ընտրությունները: Ավելին, հավաստագրումը մատակարարներին թույլ է տալիս կատարելագործել և ցուցադրել իրենց կարողությունները՝ սպառողներին տրամադրելով ընդամենը իրազեկ ընտրություն կատարելու համար անհրաժեշտ տեղեկություն:
Հաճախ կարգավորումները խնդիրները լուծելու հեշտ միջոց են: Ավելի բարձր աշխատավարձե՞ր եք ուզում: Բարձրացրե՛ք նվազագույն աշխատավարձը: Գործազրկության ցածր մակարդա՞կ եք ուզում: Ընդունե՛ք օրենքներ, որոնք էլ ավելի կդժվարացնեն աշխատողներին աշխատանքից ազատելը: Ուզում եք ավելի բա՞րձր վաստակել որևէ մասնագիտությամբ: Սահմանափակե՛ք գին իջեցնող մրցակցի մուտքը: Բայց այստեղ կա մի խնդիր. այս պարզագույն քաղաքականությունները չեն ընդլայնում արտադրությունը և անտեսում են երկրորդային ազդեցությունները: Մեր կենսամակարդակն ուղղակիորեն կապված է մարդկանց կողմից բարձր գնահատվող ապրանքների ու ծառայությունների արտադրության հետ: Փոխշահավետ առևտուրը և մրցակցային շուկաները նպաստում են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և արտադրության կազմակերպման ավելի լավ մեթոդներ գտնելուն: Դրանք օգնում են, որպեսզի ավելի մեծ արժեք ստանանք մեր ռեսուրսներից: Հետևաբար, այն կարգավորող քաղաքականությունները, որոնք արգելքներ են ստեղծում առևտրի և շուկաներ մուտք գործելու համար, գրեթե միշտ անարդյունավետ են: Եթե մի երկիր ցանկանում է զարգանալ և բարգավաճել, այն պետք է կրճատի առևտուրը և շուկաների մրցունակությունը սահմանափակող կարգավորումները:
Բաղադրիչ 2.4. Արդյունավետ կապիտալի շուկա
Սեփական ներուժն իրացնելու նպատակով պետությունում պետք է գործի այնպիսի մեխանիզմ, որը կապիտալը կուղղի դեպի հարստություն ստեղծող նախագծեր:

Թեև յուրաքանչյուր արտադրության նպատակը սպառումն է, ռեսուրսները հաճախ պետք է նախ և առաջ օգտագործել մեքենաներ, ծանր սարքավորումներ և շինություններ կառուցելու համար, որոնք այնուհետև կարող են օգտագործվել ցանկալի սպառողական ապրանքներ արտադրելու համար: Այլ կերպ ասած՝ ներդրումները մեծացնում են ապագա սպառումը, սակայն դրա համար որոշ չափով անհրաժեշտ է հրաժարվել այսօրվա սպառումից: Կապիտալ ներդրումները, որոնք երկարակյաց ռեսուրսների կառուցման և զարգացման նպատակով կատարվող ներդրումներ են և նախատեսված են նպաստելու ապագայում ավելի շատ սպառողական ապրանքներ ու ծառայություններ արտադրելուն, տնտեսական աճի կարևոր պոտենցիալ աղբյուր են հանդիսանում: Օրինակ՝ եթե տեղական պիցերիան որպես ներդրումային ապրանք վառարան ձեռք բերի, դա նրան կօգնի ապագայում մեծացնել իր արտադրանքի ծավալը:
Ներդրումային ապրանքների արտադրության համար օգտագործված ռեսուրսները (օրինակ՝ աշխատուժը, հողը և ձեռներեցական ներուժը) այլևս հասանելի չեն լինի սպառողական ապրանքներ արտադրելու համար: Եթե սպառենք այն ամենն, ինչ արտադրում ենք, ապա ներդրումների համար ռեսուրսներ չեն լինի: Հետևաբար, ներդրումները պահանջում են խնայողություն, այսինքն՝ կրճատել ընթացիկ սպառման ծավալները, որպեսզի հնարավոր լինի ապահովել միջոցների առկայությունն այլ նպատակներով կիրառման համար: Ներդրողը կամ նա, ով պատրաստ է ներդրողին միջոցներ տրամադրել, պետք է խնայողություն կատարի` ներդրումը ֆինանսավորելու համար: Խնայողությունը ներդրումային գործընթացի անբաժանելի մասն է:
Սակայն ոչ բոլոր ներդրումային ծրագրերն են արդյունավետ: Ներդրումային ծրագիրը կնպաստի պետության բարեկեցության ավելացմանը միայն այն դեպքում, եթե ներդրման արդյունքում թողարկված լրացուցիչ արտադրանքի արժեքը գերազանցի ծախսերը: Հակառակ դեպքում նախագիծն անարդյունավետ է և նվազեցնում է բարեկեցությունը: Երբևէ հնարավոր չէ ներդրում կատարելուց առաջ ստույգ կանխատեսումներ անել, հետևաբար նույնիսկ ամենախոստումնալից ներդրումային ծրագրերով էլ երբեմն չի հաջողվում բարձրացնել բարեկեցության մակարդակը: Իր պոտենցիալը հօգուտ տնտեսական առաջընթացի առավելագույնս օգտագործելու համար պետությունը պետք է ունենա այնպիսի մեխանիզմ, որը կներգրավի խնայողությունները և կուղղի դրանք դեպի հարստություն ստեղծելու բարձր հավանականություն ունեցող ներդրումային ծրագրեր:
Շուկայական տնտեսությունում այդ գործառույթն իրականացնում է կապիտալի շուկան: Մեծ առումով այն ներառում է բաժնետոմսերի, պարտատոմսերի և անշարժ գույքի շուկաները: Կապիտալի շուկայի աշխատանքում կարևոր դեր են կատարում ֆինանսական հաստատությունները, այդ թվում` ֆոնդային բորսաները, բանկերը, ապահովագրական ընկերությունները, ներդրումային փոխադարձ ֆոնդերը և ներդրումային ընկերությունները:
Մասնավոր ներդրողները, ինչպիսիք են փոքր ձեռնարկատերերը, ընկերությունների բաժնետերերը և վենչուրային կապիտալիստները, կապիտալի շուկայում իրենց սեփական միջոցները ռիսկի են ենթարկում: Սակայն ներդրողները երբեմն սխալներ են գործում: Նրանք երբեմն ծրագրեր են նախաձեռնում, որոնք անեկամտաբեր են: Եթե ներդրողները պատրաստ չլինեին դիմել նման ռիսկերի, բազմաթիվ նոր գաղափարներ չէին փորձարկվի, և շահավետ, բայց ռիսկային շատ ծրագրեր չէին իրականացվի:
Դիտարկենք ձեռներեցության, ռիսկերի դիմելու և կապիտալի շուկայի դերը համացանցային ծառայությունների զարգացման գործում: 1990-ականների կեսերին Սերգեյ Բրինը (Ռուսաստանից եկած ներգաղթյալ) և Լարի Փեյջը Կալիֆորնիայի Սթենֆորդի համալասարանի շրջանավարտներ էին, որոնք համացանցում տեղեկության որոնման պարզեցմանն ուղղված գիտահետազոտական ծրագրի վրա էին աշխատում: Կարող էր թվալ, թե նրանք հաջողակ ձեռներեց լինելու համար լավ թեկնածուներ չէին: Սակայն 1998թ. Բրինը և Փեյջը հիմնադրում են անվճար համացանցային ծառայություններ տրամադրող և գովազդից եկամուտ ստացող Google Inc. ընկերությունը: Նրանց մշակած համացանցային որոնման հզոր համակարգն ամեն օր բարձրացնում է միլիոնավոր մարդկանց և ընկերությունների արտադրողականությունը: Բրինը և Փեյջը մեծ կարողություն կուտակեցին, իսկ Google-ը բոլորին հայտնի ապրանքանիշ դարձավ և 2018թ. դրությամբ ուներ ավելի քան 85 000 աշխատակից (իր Alphabet գլխամասային ընկերության հետ միասին): Նախորդ տասնամյակում համացանցային այլ ընկերություններ, ինչպիսք են eBay-ը և Amazon-ը, նույնպես մեծ շահույթներ ստացան և զգալի աճ գրանցեցին:
Սակայն բազմաթիվ այլ ինտերնետ ստարտափներ բոլորովին այլ ճակատագիր ունեցան: Շատ «կետ-com»-եր, օրինակ Broadband Sports-ը և eVineyard-ը, ձախողվեցին, որովհետև նրանց եկամուտները չէին ծածկում ծախսերը: Այս ընկերությունների մեծ հույսերը չիրականացան:
Անորոշության պայմաններում կատարված սխալ ներդրումները այն անխուսափելի գինն են, որը պետք է վճարել նոր տեխնոլոգիաների և ապրանքների համար արդյունավետ նորարարություններ մշակելու դիմաց: Սակայն նմանատիպ անարդյունավետ նախագծերը պետք է ճանաչել և դադարեցնել: Շուկայական տնտեսությունում այս գործառույթն իրականացնում է կապիտալի շուկան: Եթե ընկերությունը շարունակում է վնասներ կրել, ներդրողները վաղ թե ուշ կդադարեցնեն ծրագրի իրականացումը և այլևս չեն վատնի իրենց գումարը:
Հաշվի առնելով փոփոխությունների տեմպը և ձեռներեցական տաղանդի բազմազանությունը՝ կապիտալի բաշխման վերաբերյալ հիմնավորված որոշում կայացնելու համար պահանջվող գիտելիք ցուցաբերելը որևէ առանձին ղեկավարի, արդյունաբերության պլանավորման հանձնաժողովի կամ որևէ պետական մարմնի իրավասությունից դուրս է: Առանց մասնավոր կապիտալի շուկայի ոչ մի մեխանիզմ չի կարող ներդրումային միջոցները կայուն կերպով ուղղել դեպի հարստություն ստեղծող նախագծեր:
Ինչո՞ւ: Երբ ներդրումային միջոցները բաշխում է պետությունը, այլ ոչ թե շուկան, գործոնների բոլորովին այլ հավաքակազմ է գործի դրվում: Ծրագրերի ընտրությունը որոշվում է քաղաքական ազդեցությամբ, այլ ոչ շուկայական եկամտաբերությամբ: Շատ ավելի հավանական են դառնում հարստությունը կրճատող, այլ ոչ հարստություն ստեղծող ներդրումային ծրագրերը: Քաղաքական որոշումներ կայացնելիս ևս նախապատվությունը տրվում է նոր ծրագրերին, այլ ոչ հին ծրագրերին օժանդակելուն: Նոր ճանապարհի բացումն ավելի աչքի ընկնող իրադարձություն է, քան փոսեր վերանորոգելը:
Սա պարզ երևում է խորհրդային ժամանակաշրջանի կենտրոնական պլանավորմամբ սոցիալիստական տնտեսությունների փորձով: Չորս տասնամյակ շարունակ (1950–1990թթ.) այս երկրներում ներդրումների ցուցանիշն աշխարհում ամենաբարձրերից էր: Կենտրոնական պլանավորման մարմինները ազգային արտադրանքի մոտ մեկ երրորդն օգտագործում էին կապիտալ ներդրումների համար: Սակայն ներդրումների նույնիսկ այս բարձր ցուցանիշները շատ չնպաստեցին կենսամակարդակի բարձրացմանը, քանի որ ֆինանսավորման ենթակա ծագրերը որոշվում էին ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նկատառումներից ելնելով: Ռեսուրսները հաճախ վատնվում էին տնտեսապես ոչ նպատակահարմար ծրագրերի վրա, իսկ քաղաքական առաջնորդները հավանություն էին տալիս քաղաքական տեսանկյունից խիստ աչքի ընկնող («հեղինակավոր») ներդրումներին: Բերենք ռեսուրսների անարդյունավետ բաշխման երկու օրինակ: Ստալինը պնդում էր, որ կառուցվի Սպիտակ ծով-Բալթյան ջրանցքը, սակայն նրա սահմանած անխոհեմ սեղմ ժամկետները պահպանելու արդյունքում ջրանցքը չափազանց ծանծաղ և անպիտան ստացվեց: Ղազախստանում ամերիկյան և կանադական տափաստանների մակարդակով ցորեն արտադրելու Խրուշչովի ծրագրի իրականացման շրջանակներում հսկայական ոռոգման համակարգեր կառուցվեցին, և դա ժամանակի ընթացքում հանգեցրեց Արալյան ծովի չորացմանը(31):
Ներդրումների սխալ օգտագործումը և դինամիկ փոփոխությունները հաշվի չառնելը այս երկրներից շատերում ի վերջո հանգեցրին սոցիալիզմի փլուզմանը:
Վերջերս ԱՄՆ-ում բնակարանային շինարարության ֆինանսավորման համար պետության կողմից վարկային միջոցներ տրամադրելու փորձը նույնպես ցույց է տալիս, թե ինչպես է գործում կապիտալի քաղաքական բաշխումը: Դաշնային ազգային հիպոթեքային ասոցիացիան և Բնակարանային հիպոթեքային վարկավորման դաշնային կորպորացիան, որոնց սովորաբար անվանում են Fannie Mae և Freddie Mac, համապատասխանաբար 1968թ. և 1970թ. Կոնգրեսի կողմից գրանցվել են որպես պետության կողմից ֆինանսավորվող կորպորացիաներ: Ենթադրվում էր, որ այդ կորպորացիաները կբարելավեին կապիտալի շուկայի աշխատանքը և բնակարանային վարկավորումը կդարձնեին ավելի մատչելի: Չնայած նրան, որ Fannie Mae-ը և Freddie Mac-ը մասնավոր ընկերություններ էին՝ ներդրողները գիտակցում էին, որ միջոցների հավաքագրման համար նրանց թողարկած պարտատոմսերի ռիսկայնությունը ավելի փոքր է, որովհետև դրանք երաշխավորված են պետության կողմից: Արդյունքում Fannie Mae և Freddie Mac ընկերությունները կարողացան միջոցներ փոխառել մոտ կես տոկոսային կետով ավելի էժան, քան մասնավոր ընկերությունները: Դա նրանց մեծ առավելություն տվեց մրցակիցների նկատմամբ և երկար տարիներ բարձր եկամուտներ ապահովեց:
Սակայն պետական ֆինանսավորումը նաև խիստ քաղաքականացրեց Fannie Mae և Freddie Mac ընկերությունները: Նրանց տնօրենների խորհրդի մի քանի անդամներին նշանակեց նախագահը: Fannie Mae և Freddie Mac ընկերությունների բարձրագույն ղեկավարությունը Կոնգրեսի առանցքային առաջնորդներին մեծ քաղաքական աջակցություն էր տրամադրում։ Նրանք նաև Կոնգրեսի անձնակազմի աշխատակիցներին հաճախ բարձր վարձատրվող աշխատանք էին առաջարկում, որոնք էլ այնուհետև լոբբինգի էին ենթարկում իրենց նախկին պետական ղեկավարներին: Նրանց լոբբիստական գործունեությունը լեգենդար էր: 1998-ից մինչև 2008 թվականն ընկած ժամանակահատվածում Fannie Mae ընկերությունը հատուկ առավելություններ ստանալու և իր արտոնյալ կարգավիճակը պահպանելու համար Կոնգրեսին լոբբինգ անելու վրա ծախսել է 79.5 միլիոն, իսկ Freddie Mac ընկերությունը` 94.9 միլիոն դոլար:(32)
Fannie Mae և Freddie Mac ընկերություններն անմիջապես հիպոթեքային վարկեր տրամադրելով չէին զբաղվում, այսինքն՝ տուն գնող մարդկանց ուղղակիորեն վարկ չէին տրամադրում: Փոխարենը նրանք հիպոթեքային վարկեր էին գնում երկրորդային շուկայից, որտեղից գնվում են բանկերի և այլ վարկային կազմակերպությունների տրամադրած հիպոթեքային վարկերը: Ունենալով էժան ձևով դրամական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն՝ նրանք կարողացել են բազմաթիվ հիպոթեքային վարկեր գնել և արդեն 1990-ականների կեսերին բոլոր բնակարանային հիպոթեքերի մոտ քառասուն տոկոսը պետության կողմից ֆինանսավորվող այս երկու կազմակերպությունների ձեռքում էր: Երկրորդային շուկայում նրանց գերիշխանությունն էլ ավելի մեծ էր: 2008թ. սնանկությանը նախորդած տասնամյակի ընթացքում Fannie Mae և Freddie Mac ընկերությունները գնել են բանկերի և այլ հիպոթեքային կազմակերպությունների վաճառած հիպոթեքային վարկերի ավելի քան ութսուն տոկոսը:
Եթե Fannie Mae և Freddie Mac ընկերությունները լոբբինգի միջոցով Կոնգրեսից աջակցություն են ստացել, ապա Կոնգրեսի անդամները նրանց օգտագործել են քաղաքական նպատակների իրագործման համար, այդ թվում՝ բնակարանի գնման հիպոթեքային վարկավորման միջոցներն ավելի հասանելի են դարձրել ցածր և միջին եկամտային մակարդակների վարկառուների համար: Արձագանքելով Կոնգրեսի ավելի վաղ հրահանգներին՝ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտը որոշեց, որ Fannie Mae և Freddie Mac ընկերությունների կողմից 1996թ. ֆինանսավորված հիպոթեքային վարկերի քառասուն տոկոսը պետք է տրամադրվի միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին: 2000թ. այս ցուցանիշը հասավ 50%-ի, իսկ 2008թ.՝ 56%-ի: Այս որոշման պահանջները բավարարելու համար Fannie Mae և Freddie Mac ընկերություններն սկսեցին հաստատել փոքր կամ զրոյական կանխավճարով ավելի շատ հիպոթեքեր: Նրանք զգալիորեն մեծացրին նաև այն հիպոթեքային վարկերի բաժինը, որոնք տրամադրում էին վատ վարկային պատմություն ունեցող, այսպես կոչված՝ ստորադաս վարկերի վարկառուներին: Երկրորդային շուկայում ունեցած իրենց գերիշխանության շնորհիվ նրանց վարկավորման գործելակերպը հսկայական ազդեցություն ունեցավ հիպոթեքային ընկերությունների վարկավորման չափանիշների վրա: Հասկանալով, որ ավելի ռիսկային վարկերը կարող են բաժին հասնել Fannie Mae և Freddie Mac ընկերություններին, վարկային կազմակերպությունները մեծ խթան չունեին, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրեին վարկառուների վարկունակությունը կամ մտահոգվեին վարկերը մարելու նրանց ունակությամբ: Ի վերջո, հիպոթեքային վարկերի վաճառքով Fannie Mae և Freddie Mac ընկերություններին կփոխանցվեր նաև դրանց հետ կապված ռիսկերը:
Ինչպես երևում է գծապատկեր 6-ից, ստորադաս հիպոթեքային վարկերը (այդ թվում՝ ոչ լիարժեք փաստաթղթերով տրամադրվածները), 1994թ. կազմելով նոր հիպոթեքային վարկերի ծավալի 4.5%-ը, 2000թ. կտրուկ աճ են գրացնում՝ հասնելով 13.2%-ի և կազմելով 2006թ. վարկային կազմակերպությունների տրամադրած հիպոթեքային վարկերի ընդհանուր ծավալի 33.6%-ը: Նույն ժամանակահատվածում ստանդարտ վարկերը, որոնց համար վարկառուներից պահանջվում էր կատարել առնվազն 20% կանխավճար, ընդհանուրի երկու երրորդից նվազել են՝ կազմելով միայն մեկ երրորդը: Ստորադաս վարկերի դեֆոլտի և գրավադրված գույքի օտարման գործակիցները 7-10 անգամ գերազանցում են առաջնակարգ վարկառուներին տրամադրվող ստանդարտ վարկերի համանման գործակիցները: Ենթադրաբար, վատ վարկային պատմությամբ վարկառուներին տրամադրվող վարկերի աճող մասնաբաժինն ի վերջո հանգեցրեց դեֆոլտի և գրավադրված գույքի օտարման ավելի բարձր գործակիցների:
Թե՛ Կոնգրեսի, թե՛ Բիլ Քլինթոնի և Ջորջ Ու. Բուշի նախագահական վարչակազմերը խիստ մեծ աջակցություն էին ցուցաբերում այս կարգավորող քաղաքականություններին և սեփականության իրավունքով գնված տների քանակի սկզբնական աճը վերագրեցին իրենց կատարած աշխատանքին: Երբ քաղաքականությունները հիմնովին խաթարեցին հիպոթեքային վարկավորման չափանիշները և վարկային միջոցներն ավելի հասանելի դարձրին ռիսկային վարկերի համար, դրանց սկզբնական ազդեցությունները դրական էին թվում: 2001-2005թթ. տուն ունենալու պահանջարկը մեծացավ, տների գները կտրուկ բարձրացան, և շինարարության ոլորտն ակտիվացավ:
Գծապատկեր 6. Ընդհանուր հիպոթեքային վարկերում ստորադաս հիպոթեքի կշիռը, 1994-2007թթ.
Աղբյուր՝ 1994-2000թթ. տվյալները վերցվել են «Edward M. Gramlich, Financial Services Roundtable Annual Housing Policy Meeting, Chicago, Illinois, May 21, 2004» աշխատությունից: 2002-2007թթ. տվյալները վերցվել են Joint Center for Housing Studies of Harvard University, The State of the Nations Housing 2008, https://www.jchs.harvard.edu/research-areas/reports/state-nations-housing-2008: Ոչ լիարժեք փաստաթղթերով և վավերացմամբ տրամադրվող վարկերը, որոնք հայտնի են որպես Alt-A (հիփոթեքային ռիսկային) վարկեր, ներառվել են ստորադաս վարկերի դասում:
Սակայն բնակարանաշինության ոլորտի արհեստականորեն ստեղծված ակտիվությունը երկար չտևեց: 2004-2005թթ. բոլոր հիպոթեքային վարկերի մոտավորապես կեսը կա՛մ ստորադաս վարկեր էին (ներառյալ ոչ լիարժեք փաստաթղթերով տրամադրվածները), կա՛մ անշարժ գույքով ապահովված վարկեր: Երբ գները հավասարվեցին և այնուհետև 2006թ. երկրորդ կեսին սկսեցին նվազել, թղթե տնակը փլուզվեց: Գրավադրված գույքի օտարման և հիպոթեքային վարկերի դեֆոլտի գործակիցներն անմիջապես սկսեցին բարձրանալ: Այս ամենը տեղի ունեցավ նախքան տնտեսական անկումը, որը սկսվեց 2007թ. դեկտեմբերին: Իհարկե, բնակարանաշինության ոլորտի փլուզումն ի վերջո տարածվեց նաև տնտեսության մյուս ոլորտների վրա, և ժամկետանց պարտավորություններով հիպոթեքային վարկերը ահռելի ֆինանսական խնդիրներ առաջացրին ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ողջ աշխարհի բանկային և ֆինանսական ոլորտների համար: 2008թ. ամռանը Fannie Mae և Freddie Mac ընկերությունները սնանկացան: Նրանց գործունեությունը ստանձնեց պետությունը, իսկ ամերիկացի հարկ վճարողի ուսերին շուրջ 400 միլիարդ դոլարի անհուսալի պարտք մնաց:
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի մշակած տոկոսադրույքի քաղաքականությունները նույնպես նպաստեցին 2008-2009թթ. Մեծ ճգնաժամին, որի մասին կխոսենք հաջորդ բաղադրիչում: Սակայն մի բան հստակ է. վարկերի քաղաքական բաշխումը և դրան ուղեկցող վարկավորման չափանիշների կարգավորված քայքայումը դրամական կապիտալի մի մեծ մաս ուղղեցին դեպի այնպիսի նախագծեր, որոնք երբևէ չպետք է իրագործվեին: Շատ գնորդներ խթան ստացան գնելու ավելի շատ բնակարաններ, քան կարող էին իրենց թույլ տալ, և դա հանդիսացավ այն հիմնական գործոնը, որը նպաստեց բնակարանաշինության ոլորտի աշխուժացմանը և դրան հաջորդող անկմանը, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի առաջացմանը:
Թեև առանձնահատկությունները տարբեր էին, Միացյալ Նահանգները միակ երկիրը չէր, որտեղ 2010թ. անմիջապես նախորդող տարիներին սխալ պետական քաղաքականությունները բնակարանային շուկայի ճգնաժամ ստեղծեցին: 2007-2010թթ. տների գները Իռլանդիայում ընկան մոտավորապես 35%-ով, իսկ Դուբլինում՝ դրա կիսով չափ կամ ավելի շատ: «Իռլանդական բնակարանային փուչիկի» պայթելուց հետո արտերկրյա փորձագետների, այդ թվում՝ Կանադայի և Ֆինլանդիայի ֆինանսների նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների գնահատմամբ՝ շուկայի այս թեժացման պատճառը բացատրվում էր Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) սահմանած չափազանց ցածր տոկոսադրույքներով, Իռլանդիայի կառավարության ծախսերի ծավալի զգալի մեծացմամբ, որը պայմանավորված էր սպասվածից ավելի բարձր գույքահարկից ստացվող եկամուտով և մասնավորապես այն պետական քաղաքականությամբ, որը փորձում էր խրախուսել տների ձեռքբերումը՝ տրամադրելով հիպոթեքային վարկեր տան գնման արժեքի 100%-ի չափով, ինչպես Միացյալ Նահանգներում էր: Կոռուպցիան նույնպես իր դերակատարումն ունեցավ:(33) Նույն ժամանակահատվածում Իսպանիայում իրականացված նմանատիպ քաղաքականությունները ճիշտ նույն արդյունքը տվեցին:
Պետության զգալի միջամտության պարագայում ներդրումների բաշխմանը անխուսափելիորեն բնորոշ են ֆավորիտիզմը, շահերի բախումը, ոչ պատշաճ ֆինանսական հարաբերությունները և կոռուպցիայի տարբեր դրսևորումները: Երբ այսպիսի գործողություններն իրականացվում են այլ երկրներում, դրանք հաճախ անվանում են կլանային կապիտալիզմ: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, ներդրումների բաշխման գործընթացում պետության դերն այլ երկրներում ավելի մեծ է եղել, քան Միացյալ Նահանգներում, սակայն բնակարանաշինության ոլորտում ներդրումային միջոցների պետական բաշխման ամերիկյան փորձը ցույց է տալիս, որ կլանային կապիտալիզմը գործում է նաև Միացյալ Նահանգներում: Անկախ պիտակներից՝ կապիտալի քաղաքական բաշխումը մեծ ծախսային բեռ է քաղաքացիների համար:
Բաղադրիչ 2.5. Դրամական կայունություն
Կայուն դրամավարկային քաղաքականությունը կարևոր է գնաճի վերահսկման, ներդրումների արդյունավետ տեղաբաշխման և տնտեսական կայունության հասնելու համար։
Փողը խիստ կարևոր է տնտեսության գործունեության համար: Ամենակարևորն այն է, որ փողը փոխանակման միջոց է: Այն կրճատում է գործարքային ծախսերը, քանի որ հանդիսանում է չափման ընդհանուր միավոր, որով կարելի է չափել բոլոր ապրանքների ու ծառայությունների արժեքները: Տնտեսագետները փողի այս հատկությունը բնորոշում են որպես «փոխանակման միջոց»: Այս գրքի մեկ այլ հատվածում մենք քննարկել ենք աշխատանքի բաժանման առավելությունները: Սակայն պատկերացրեք մի աշխարհ, որում մարդիկ մասնագիտացած են, սակայն ապրանքներն ուղղակիորեն փոխանակում են այլ ապրանքներով՝ այսպես կոչված բարտերային համակարգի միջոցով: Քանի՞ խնձոր կարժենա մեկ կովը: Եվ ինչպե՞ս փոխանակում կատարել, եթե ձեր ունեցած խնձորով կովի միայն մեկ երրորդը կարելի է գնել:
Փողը մարդկանց օգնում է օգուտ ստանալ ժամանակի ընթացքում կատարվող փոխանակման բարդ գործարքներից (օրինակ՝ տան կամ ավտոմեքենայի գնումից կամ վաճառքից, որոնց դեպքում եկամտի ստացումը կամ գնի վճարումը կարող է ավելի երկար ժամանակահատվածներ ընդգրկել): Փողը նաև թույլ է տալիս գնողունակություն կուտակել ապագայի համար: Այդ նպատակով կարելի է միջոցներ կուտակել այնպիսի ներդրումների համար, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը և տնտեսական աճին: Տնտեսագետները փողի այս գործառույթն անվանում են «արժեքի կուտակում»: Փողը նաև «հաշվառման միավոր» է, որը մարդկանց օգնում է հաշվառել օգուտներն ու ծախսերը, այդ թվում՝ նրանք, որ երկար ժամանակահատվածների ընթացքում են գոյացել: Առանց փողի գրեթե անհնար է համեմատել ժամանակի ընթացքում առաջացող եկամուտներն ու ծախսերը, և այս համեմատության շնորհիվ է, որ մարդիկ կարողանում են ավելի լավ որոշում կայացնել՝ երբ ծախսել և երբ խնայել, ինչ գնել և ինչ չգնել:
Սակայն փողի արտադրողական ներդրումն, այնուամենայնիվ, անմիջականորեն կապված է նրա արժեքի կայունության հետ: Այս առումով փողը տնտեսության համար նույն նշանակությունն ունի, ինչ լեզուն` հաղորդակցման համար: Հաղորդակցումը առանց խոսողի և լսողի համար հստակ իմաստ ունեցող բառերի դժվար կլիներ: Այդպես է նաև փողի դեպքում: Եթե փողի արժեքը կայուն և կանխատեսելի չլինի, փոխառուների և փոխատուների համար դժվար կլինի վարկի համար փոխադարձ ընդունելի պայմաններ գտնել, խնայողություններն ու ներդրումները լրացուցիչ ռիսկեր կպարունակեն, իսկ ժամանակի ընթացքում կատարվող գործարքները (օրինակ՝ տան կամ ավտոմեքենայի վճարումները) կապված կլինեն լրացուցիչ անորոշության հետ: Երբ փողի արժեքը կայուն չէ, պոտենցիալ շահավետ փոխանակման շատ գործարքներ չեն կայանում, իսկ մասնագիտացումից, մեծածավալ արտադրությունից և սոցիալական համագործակցությունից ստացվող օգուտները կրճատվում են:
Դրամական անկայունության պատճառը գաղտնիք չէ: Ինչպես մյուս ապրանքների, այնպես էլ փողի արժեքը որոշվում է առաջարկով և պահանջարկով: Երբ փողի առաջարկը հաստատուն է կամ աճում է դանդաղ և կայուն տեմպով, փողի գնողունակությունը հարաբերականորեն կայուն կլինի: Եվ հակառակը. երբ փողի առաջարկն ապրանքների ու ծառայությունների առաջարկի նկատմամբ արագ է աճում, փողի արժեքն ընկնում է, իսկ գները բարձրանում են: Այս երևույթը կոչվում է գնաճ: Այն տեղի է ունենում, երբ պետությունն իր հաշիվները վճարելու համար փող է տպում կամ փոխառում է կենտրոնական բանկից:
Տևական գնաճի աղբյուրը մեկն է՝ փողի առաջարկի արագ աճը: Փողի առաջարկն ազգային արժույթի, չեկային ավանդների և ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ վճարման նմանատիպ աղբյուրների(34) գումարն է: Երբ տնտեսության զարգացումն ավելի դանդաղ է, քան փողի առաջարկի աճը, ապրանքների ու ծառայությունների գները բարձրանում են:
Գծապատկեր 7. Դրամական աճ և գնաճ, 1990-2014թթ.
Փողի առաջարկի տարեկան աճի միջին ցուցանիշ (%) | Տարեկան գնաճի միջին ցուցանիշ (%) | |
Փողի առաջարկի դանդաղ աճ | ||
Շվեդիա | 3 | 2.3 |
Միացյալ Նահանգներ | 3 | 2.1 |
Շվեյցարիա | 3.4 | 1.1 |
Սինգապուր | 3.5 | 1.4 |
Միացյալ Թագավորություն | 5.5 | 2.7 |
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն | 6.4 | 3.6 |
Կանադա | 7.5 | 2.1 |
Փողի առաջարկի արագ աճ | ||
Նիգերիա | 22.6 | 23.2 |
Ուրուգվայ | 23 | 23.4 |
Մալավի | 26.7 | 23.4 |
Գանա | 29 | 24.5 |
Վենեսուելա, ԲՀ | 37.6 | 34 |
Ռուսաստանի Դաշնություն | 41.4 | 39.3 |
Ռումինիա | 46.1 | 53.1 |
Թուրքիա | 48.4 | 41.7 |
Փողի առաջարկի գերարագ աճ | ||
Ուկրաինա | 140.4 | 276.8 |
Զիմբաբվե | 164.8 | 165.3 |
Աղբյուր՝ Համաշխարհային բանկի (ՀԲ) Համաշխարհային զարգացման ցուցանիշներ (ՀԶՑ), 2015թ. և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջազգային ֆինանսական վիճակագրություն (տարեկան):
Ծանուցում. Գանայի և Վենեսուելայի համար ներկայացվել են 1990-2013թթ. տվյալները: Ռուսաստանի համար ներկայացվել են 1994-2014թթ. տվյալները: Ուկրաինայի համար ներկայացվել են 1993-2014թթ. տվյալները: Բացակայող տվյալների դեպքում դրանք թարմացվել են տվյալ երկրի համապատասխան աղբյուրներից. Կանադայի 1990-2008թթ. ցուցանիշները վերցվել են Համաշխարհային բանկի, իսկ 2009-2014թթ. ցուցանիշները՝ Կանադայի Կենտրոնական բանկի շտեմարաններից: Զիմբաբվեի համար ներկայացվել են 1990-2007թթ. տվյալները, որոնք վերցվել են Համաշխարհային բանկի Համաշխարհային զարգացման ցուցանիշների 2009թ. հաշվետվությունից:
Գծապատկեր 7-ը ցույց է տալիս փողի առաջարկի մեծացման և գնաճի միջև կապը: Ուշադրություն դարձրեք, որ այն երկրները, որտեղ փողի առաջարկը տարեկան կտրվածքով դանդաղ է աճել (7.5% կամ պակաս), 1990 - 2014թթ. ընթացքում գրանցել են գնաճի ավելի ցածր մակարդակ: Այդպիսի ցուցանիշ գրանցվել է թե՛ բարձր եկամուտ ունեցող խոշոր երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Կանադան, թե՛ փոքր երկրներում, ինչպիսիք են Շվեդիան, Սինգապուրը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Սակայն այն երկրներում, որտեղ փողի առաջարկը շատ ավելի արագ է աճել, արագացել են նաև գնաճի տեմպերը: 1990 - 2014թթ. փողի առաջարկը տարեկան 20-ից 50% աճ է գրանցել Նիգերիայում, Ուրուգվայում, Մալավիում, Գանայում, Վենեսուելայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ռումինիայում և Թուրքիայում: Ուշադրություն դարձրեք, որ այս երկրներում տարեկան գնաճի տեմպերը նման են եղել իրենց փողի զանգվածի աճի տեմպերին:
Փողի զանգվածի ծայրահեղ բարձր աճը (100% և ավելի) բերում է գերգնաճի, ինչը նկատվել է Ուկրաինայում և Զիմբաբվեում: Քանի որ այս երկրներում փողի առաջարկը կտրուկ է աճել, նույն գերարագ տեմպերով աճել է նաև գնաճի մակարդակը:
Ինչպես երևում է գծապատկեր 7-ում, երկար ժամանակահատվածի կտրվածքով դիտարկելիս փողի զանգվածի արագ աճի և գնաճի բարձր տեմպերի միջև սերտ կապ կա: Պատմականորեն այս կապը տնտեսագիտության ամենակայուն փոխկապակցվածություններից մեկն է եղել:(35)
Այն երկրներում, որտեղ գնաճի տեմպերը բարձր են, հաճախ մեծ են նաև գնաճի տեմպի տատանումները: Գնաճի փոփոխական ցուցանիշները, ի տարբերություն կայուն բարձր ցուցանիշների, էլ ավելի են դժվարացնում ապագայի պլանավորումը՝ բացասաբար ազդելով տնտեսության զարգացման վրա: Եթե որևէ տարում գներն աճում են 20, հաջորդ տարում՝ 50, իսկ դրան հաջորդող տարում՝ 15%-ով և այդպես շարունակ, անհատների և մասնավոր ընկերությունների համար ողջամիտ պլաններ կազմելը գրեթե անհնար է դառնում: Այս անորոշության հետևանքով կապիտալ ներդրումների ծրագրերի պլանավորումը և իրականացումը ռիսկային և ոչ գրավիչ է: Գնաճի ցուցանիշի անսպասելի փոփոխությունն այլ պայմաններում կարող է շահավետ ծրագիրն արագորեն տնտեսական աղետի վերածել: Այս անորոշությունների հետևանքով առաջացող խնդիրները լուծելու փոխարեն շատ որոշում կայացնողներ պարզապես կհրաժարվեն կապիտալ ներդրումներից և երկարաժամկետ պարտավորություններ պարունակող այլ գործարքներից: Ոմանք իրենց բիզնեսը և ներդրումային գործունեությունը նույնիսկ ավելի կայուն միաջավայր ունեցող երկրներ կտեղափոխեն: Արդյունքում առևտրից, բիզնես գործունեությունից և կապիտալի կուտակումից ստացվող պոտենցիալ օգուտները բաց կթողնվեն:
Ավելին, երբ պետությունը շարունակի գնաճային քաղաքականություններ իրականացնել, մարդիկ ավելի քիչ ժամանակ կծախսեն արտադրական գործունեության վրա և ավելի շատ ժամանակ կհատկացնեն իրենց ունեցվածքը պաշտպանելուն: Քանի որ գնաճի ցուցանիշի սխալ կանխատեսման արդյունքում մարդիկ կարող են կորցնել իրենց ունեցվածքը, նրանք սահմանափակ ռեսուրսներն ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա ծախսելու փոխարեն դրանք կուղղեն գնաճի դեմ պայքարելու գործողություններին: Որոշում կայացնողների՝ գների փոփոխությունները կանխատեսելու ունակությունն այս դեպքում ավելի կարևոր է դառնում, քան արտադրությունը կառավարելու և կազմակերպելու ունակությունը: Երբ գնաճի ցուցանիշն անորոշ է, մասնավոր ընկերությունները խուսափում են երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց, շատ ներդրումային ծրագրեր դադարեցնում են, ռեսուրսներն ու ժամանակն ուղղում են դեպի ավելի ոչ արտադրողական գործունեություն: Ավելի արտադրողական ներդրումներ կատարելու (շենքեր կառուցելու, մեքենաշինության և տեխնոլոգիական հետազոտություններ կատարելու) փոխարեն միջոցները ծախսվում են ոսկի, արծաթ և արվեստի գործեր գնելու վրա՝ այն հույսով, որ դրանց գները գնաճի հետ մեկտեղ կբարձրանան: Ռեսուրսներն ավելի արտադրական գործունեությունից դեպի պակաս արտադրական գործունեություն տեղափոխելու արդյունքում տնտեսական աճը դանդաղում է:
Տնտեսական զարգացման վրա բացասաբար է ազդում նաև, երբ դրամավարկային քաղաքականություններ իրականացնողներն անընդհատ ավելացնում և նվազեցնում են փողի զանգվածը: Երբ դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմիններն արագորեն մեծացնում են փողի առաջարկը, ի սկզբանե ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը հիմնականում բերում է տոկոսադրույքների իջեցման՝ խթանելով ընթացիկ ներդրումները և ստեղծելով արհեստական տնտեսական վերելք: Սակայն այդ վերելքը երկարատև չի լինի: Եթե դրամավարկային քաղաքականությունը շարունակի մնալ ընդլայնող, այն գնաճ կառաջացնի, որը դրամավարկային քաղաքականություն իրականացնողներին կստիպի անցում կատարել ավելի զսպող քաղաքականության: Այդպես վարվելու պարագայում տոկոսադրույքները կբարձրանան, որի արդյունքում մասնավոր ներդրումները կդադարեն, իսկ տնտեսությունը անկում կապրի: Այդպիսով, ընդլայնող դրամավարկային քաղաքականությունից զսպողին անցումը տնտեսական անկայունություն կստեղծի՝ տնտեսությունում առաջացնելով տատանողական վերելքներ և անկումներ: Դրամավարկային քաղաքականության այս գործելակերպը նաև անորոշություն կստեղծի, կդանդաղեցնի մասնավոր ներդրումների հոսքը և կնվազեցնի տնտեսական աճի տեմպերը:
Ինչո՞ւ կարող են փողի առաջարկը վերահսկողները (դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմինները) անցում կատարել ընդլայնող և զսպող ռեժիմների միջև: Ուշադրություն դարձրեք, որ փողի առաջարկի կտրուկ մեծացմանը հավանական է տնտեսական ոչ կայուն վերելք հաջորդի: Եթե դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմինները քաղաքական առաջնորդների հսկողությամբ կամ ազդեցությամբ են գործում, ապա այս առաջնորդները կարող են պարզապես շահագրգռված լինել ընտրություններից առաջ նման վերելքի ստեղծմամբ՝ հույս ունենալով, որ կվերընտրվեն նախքան անխուսափելի տնտեսական անկման սկսելը:
Չնայած նրան, որ այս քաղաքական բիզնես-ցիկլերը աշխարհի շատ երկրներում կարելի է տեսնել՝ անցումային տնտեսություններում իրավիճակն այլ է եղել: Ինչպես միշտ, քաղաքական կայունությունը կարևոր է գործարար վստահության ստեղծման և հետևաբար՝ ներդրումների ներգրավման և ընդլայնման համար: Հետկոմունիստական երկրները պետք է ընտրություն կատարեին շուկայական տնտեսությանն անցնելու բարեփոխումների տարբեր ուղիների միջև: Որոշ երկրներ հստակ դիրքորոշում ունեին և առաջին բարեփոխումներ կատարողներից էին (օրինակ՝ Էստոնիան), մինչդեռ մյուսներում իշխանությունը դեռևս նախկին կոմունիստների ձեռքում էր (օրինակ՝ Ուզբեկստանում): Հետևաբար, տարբեր երկրներում բարեփոխումները տարբեր արագությամբ և ձևերով էին ընթանում՝ որոշներում ավելի արդյունավետ, քան մյուսներում: Սակայն բոլոր այդ երկրներում տնտեսվարողները կարող էին հետևողական քաղաքականությունների վրա հիմնվել և ապագան այդ քաղաքականությունների շրջանակում պլանավորել: Իսկ այն երկրներում, որոնք անկայուն և փոփոխվող ճանապարհին մերթ բարեփոխումներ էին տեսնում, մերթ խոչընդոտների բախվում (օրինակ՝ Բուլղարիայում և Ուկրաինայում), ընտրություններից առաջ մեծացավ անորոշությունը, երբ պարզ չէր, թե ով է ձևավորելու նոր իշխանությունը: Քաղաքական բիզնես-ցիկլը հակառակ պատկերն ուներ. դանդաղ աճին հաջորդում էին ընտրությունները, քանի որ քաղաքականության անորոշության հետևանքով ներդրումները նվազել էին:(36)
1990-ականներին, երբ երկրները անցում էին կատարում կոմունիստական հասարակարգից, հենց սխալ դրամավարկային քաղաքականությունից էր որոշ չափով կախված հետխորհրդային երկրների տնտեսական հաջողությունը կամ ձախողումը: Բոլոր տնտեսությունները արտադրության ակնհայտ հսկայական անկումից տուժել են և ներդնելով բոլոր ջանքերը՝ փորձել են շուկայական տնտեսություն ձևավորել: 1900-1994թթ. Ուկրաինայում ՀՆԱ-ի ցուցանիշն ընկել էր ավելի քան 48%-ով:(37) Ուկրաինայի կառավարությունն այդ հարվածին արձագանքեց՝ ռուբլիով մեծ ծավալի վարկեր տրամադրելով և դրանով ֆինանսավորելով արդյունաբերական և գյուղատնտեսական ոլորտների սուբսիդիաները: Բյուջեի հսկայական պակասուրդը մոնետարիզացվեց, այսինքն՝ պակասուրդը լրացնելու համար Ուկրաինայի Ազգային բանկը (ՈւԱԲ) պարզապես փող թողարկեց՝ պետական հաշիվները վճարելու նպատակով: 1992թ. փետրվար և մարտ ամիսներին փողի բազան աճեց ամսական 50%-ով: 1992 թվականին գերգնաճը հասավ 2 730%-ի, իսկ 1993թ.՝ 10 155%-ի: Ընդհանուր առմամբ, Խորհրդային Միության փլուզումից հետո ձևավորված տասնչորս երկրներից տասում որոշակի ժամանակահատվածում գերգնաճ գրանցվեց (փողի ավելցուկային առաջարկի քաղաքականության հետևանքով), ինչը տեղի ունեցավ Լեհաստանում, Հարավսլավիայում և Բուլղարիայում: Գնաճի ցուցանիշով Ուկրաինային գերազանցում էր միայն պատերազմական գործողություններում ներքաշված Հայաստանը՝ ըստ ՎԶԵԲ-ի(38): Ուկրաինայի Ազգային բանկը, որը բառացիորեն խորհրդարանի ենթակայությամբ էր գործում, հասկացավ իր սխալը և դադարեցրեց վարկերի տրամադրումը: 1994թ. հուլիսին գնաճի ամսական ցուցանիշը նվազեց մինչև 2.1%: Խորհրդարանը դժգոհ էր ՈւԱԲ-ի որոշումից, և 1994թ. օգոստոսին ՈւԱԲ-ն ստիպված էր կրկին մեծ վարկեր տրամադրել (այսինքն ընդլայնող դրամավարկային քաղաքականություն իրականացրեց), իսկ այս վարկերը նպաստեցին գնաճի ավելացմանը, որի ցուցանիշը 1994թ. հոկտեմբերին հասավ 23%: Խորհրդային տնտեսության փլուզումից առաջացած տնտեսական անկումներն ավելի խորացան այդ ժամանակաշրջանում իրականացվող դրամավարկային քաղաքականության պատճառով:
Գծապատկեր 8. Փողի առաջարկի աճ և գնաճ, 1992-94թթ.
Աղբյուր՝ «Ուկրաինայի դրամական զարգացման պատմությունը» (2006թ.), հեղ.՝ Պետրիկ Օլեկսանդր, Ուկրաինայի Ազգային բանկ, էջ 7: Տվյալների աղբյուր՝ Ուկրաինայի Պետական վիճակագրության կոմիտե. անձնական հաշվարկներ:
Դրամական կայունությունը տնտեսական առաջընթացի համար բարենպաստ միջավայրի կարևոր բաղադրիչ է: Առանց դրամական կայունության կապիտալ ներդրումներից և ժամանակային պարտավորություններ ներառող այլ գործարքներից պոտենցիալ օգուտները կվերանան, իսկ տվյալ երկրի բնակչությունը չի իրացնի իր ողջ ներուժը:
Բաղադրիչ 2.6. Ողջամիտ հարկաբյուջետային քաղաքականություն
Մարդիկ ավելի շատ են արտադրում, երբ գիտեն, որ իրենց վաստակած գումարի մեծ մասն իրենց է մնալու:
Յուրաքանչյուր աշխատող մարդ իր քրտինքով վաստակած գումարից է հարկեր վճարում: Եթե հարկերը չափազանց բարձր են, դա բերում է նրան, որ գործարանները չեն աշխատում, ֆերմաները վաճառվում են հարկերի պատճառով, փողոցներում թափառում են սոված և անօգուտ աշխատանք փնտրող մարդիկ:

«Կարո՞ղ եմ անցյալ տարվա հարկերը որպես անհաջող ներդրում դուրս գրել»:
Երբ բարձր հարկադրույքները եկամտի մեծ տոկոսն են կազմում, նվազում է նաև աշխատելու և ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելու խթանը: Հատկապես կարևոր է սահմանային հարկադրույքը: Դա լրացուցիչ եկամտի այն մասն է, որը հարկվում է անկախ եկամտի մակարդակից: Սահմանային հարկադրույքները տարբեր երկրներում տարբեր են: Օրինակ, եթե 2015թ. Միացյալ Նահանգներում 60 000 դոլար հարկվող եկամուտ ունեցող հարկատուն լրացուցիչ 100 դոլար վաստակեր, նա այդ 100 դոլարից 25 դոլարը պետք է որպես դաշնային եկամտային հարկ վճարեր: Այսինքն, հարկատուի սահմանային հարկադրույքը 25% էր: Ռումինիայում սահմանային հարկադրույքը 16% է, Լեհաստանում՝ 32%, եթե հարկատուի եկամուտը գերազանցում է 20 000 եվրոն, իսկ Ֆրանսիայում 152 260 եվրոյից բարձր եկամտի դեպքում այն մինչև 45% է:
Որքան մեծանում է սահմանային հարկադրույքը, այնքան մարդկանց հավելյալ վաստակի կշիռը նվազում է: Օրինակ՝ 25% սահմանային հարկադրույքի դեպքում լրացուցիչ վաստակած 100 եվրոյից թույլատրվում է պահել 75 եվրոն: Սակայն եթե սահմանային հարկադրույքը հասներ 40%-ի, եկամուտները 100 եվրոյով ավելանալու դեպքում հարկատուն կկարողանար միայն 60 եվրոն իրեն պահել:
Բարձր սահմանային հարկադրույքները արտադրության ծավալը և եկամուտը կրճատում են երեք պատճառով: Առաջին՝ բարձր սահմանային հարկադրույքները խոչընդոտում են աշխատանքային գործունեությանը և նվազեցնում աշխատանքի արտադրողականությունը: Երբ սահմանային հարկադրույքները հասնում են 55 կամ 60%-ի, մարդկանց իրենց լրացուցիչ եկամուտների կեսից պակաս է հասնում: Իսկ երբ մարդիկ ի վիճակի չեն վաստակածի մեծ մասն իրենց պահել, նրանք չեն ձգտում շատ վաստակել: Որոշ մարդիկ, թերևս որոնց ամուսնական զույգերն աշխատում են, դուրս կգան աշխատանքից: Մյուսները պարզապես ավելի քիչ կաշխատեն, ավելի վաղ կանցնեն թոշակի կամ այնպիսի աշխատատեղ կնախընտրեն, որտեղ արձակուրդներն ավելի երկար են կամ որի վայրն ավելի հարմար է: Իսկ ուրիշները գործազուրկ լինելու պարագայում ավելի մանրակրկիտ կլինեն աշխատանքի ընտրության հարցում, կհրաժարվեն տեղափոխություն պահանջող աշխատանքից կամ աշխատավարձի բարձրացումից կամ կմոռանան այն մասին, որ հեռանկարային, սակայն ռիսկային գործ սկսելու ձգտում ունեին: Բարձր հարկադրույքները կարող են նույնիսկ բերել նրան, որ երկրի ամենամեծ արտադրողականությունն ապահովող աշխատուժը ավելի ցածր հարկեր ունեցող երկրներ տեղափոխվի: Նման արտագաղթը կկրճատի առկա աշխատուժի քանակն ու արտադրողականությունը՝ հանգեցնելով արտադրության ծավալների նվազման:
Իհարկե, մարդկանց մեծ մասը, ի պատասխան սահմանային հարկադրույքի բարձրացման, աշխատատեղը անմիջապես չի լքի կամ չի սկսի ավելի անտարբեր աշխատել: Որևէ մասնագիտություն ձեռք բերելու համար տարիներ ծախսած անձը հավանաբար կշարունակի աշխատել և ջանասիրաբար կաշխատի, հատկապես եթե նա իր կյանքի ամենաեկամտաբեր փուլում է: Սակայն բազմաթիվ երիտասարդներ, որոնք դեռևս մասնագիտացված ուսուցում ստանալու ուղղությամբ արժեքավոր ներդրումներ չեն կատարել, բարձր սահմանային հարկադրույքների պատճառով այլևս չեն ձգտի դա անել: Հետևաբար, բարձր հարկադրույքների որոշ բացասական հետևանքներ աշխատանքային գործունեության վրա կզգացվեն ապագայում տարիներ շարունակ կրճատվող արտադրողականության տեսքով:
Բարձր հարկադրույքները որոշ մարդկանց կստիպեն նաև անցնել այնպիսի գործունեության, որում նրանց արտադրողականությունն ավելի ցածր է, քանի որ այդպես նրանք ստիպված չեն լինի հարկեր վճարել: Օրինակ՝ բարձր հարկերի պատճառով որակյալ ներկարարներ վարձելու ծախսերը կմեծանան, որը հավանաբար կհանգեցնի նրան, որ ինքներդ կներկեք ձեր սեփական տան պատերը, նույնիսկ եթե դա արդյունավետորեն անելու համար բավարար հմտություններ չունեք: Եթե հարկադրույքները բարձր չլինեին, պրոֆեսիոնալ ներկարարը աշխատանքը ձեզ համար մատչելի գնով կկատարեր, իսկ դուք ձեր ժամանակը կկարողանայիք այնպիսի աշխատանք կատարելու վրա ծախսել, որն առավել կհամապատասխաներ ձեր ուժերին: Հարկերի պատճառով խաթարված այս խթանների արդյունքում առաջանում է վատնում և տնտեսական անարադյունավետություն:
Երկրորդ. բարձր սահմանային հարկադրույքները բացասաբար կազդեն կապիտալի ձևավորման և՛ մակարդակի, և՛ արդյունավետության վրա: Բարձր հարկադրույքները վանում են օտարերկրյա ներդրումները, իսկ տեղական ներդրողներին ստիպում են ներդրումային ծրագրեր որոնել արտասահմանում, որտեղ և՛ հարկերը, և՛ արտադրական ծախսերն ավելի ցածր են, քան հայրենիքում: Սա կրճատում է ներդրումները և արտադրական սարքավորումների առկայությունը, որոնք տնտեսական աճի խթան են հանդիսանում: Տեղական ներդրողները նույնպես կնախընտրեն այն ծրագրերը, որոնք ներկայիս եկամուտը թաքցնում են հարկումից և կհրաժարվեն այն ծրագրերից, որոնք թեև բարձր եկամտաբերություն են ապահովում, սակայն որոնց դեպքում հարկերից խուսափելու հնարավորությունները քիչ են: Այս հարկային ապաստանները մարդկանց թույլ են տալիս անձնական շահ ունենալ այն ծրագրերից, որոնք չեն ավելացնում ռեսուրսների արժեքը: Կրկին տեղի է ունենում սահմանափակ կապիտալի վատնում, իսկ ռեսուրսներն իրենց առավելագույն արտադրողականություն ապահովող նշանակությամբ չեն օգտագործվում:
Երրորդ. բարձր սահմանային հարկադրույքները մարդկանց դրդում են հարկման բազան չնվազեցնող ապրանքների փոխարեն հարկման բազան նվազեցնող ապրանքներ սպառել՝ չնայած նրան, որ հարկման բազան չնվազեցնող ապրանքներն առավել նախընտրելի կարող են լինել: Երբ գնվում են հարկման բազան նվազեցնող ապրանքներ, գնումը կատարող անձը դրանց ամբողջական արժեքը չի վճարում, քանի որ կատարված ծախսը կրճատում է հարկերը, որոնք այլապես պետք է վճարեր: Երբ սահմանային հարկադրույքները բարձր են, հարկման բազան նվազեցնող ծախսերը համեմատաբար իջնում են:
Այդպիսի մոտեցման վառ օրինակ է 1970-ական թվականներին բրիտանական արտադրության շքեղ Rolls Royce ավտոմեքենայի վաճառքը: Այդ ժամանակաշրջանում Միացյալ Թագավորությունում սահմանային եկամտային հարկադրույքը բարձր եկամտի մասով կազմում էր ընդհուպ մինչև 98%: Այդ հարկադրույքը վճարող ձեռնարկատերը կարող էր ավտոմեքենա գնել՝ որպես հարկման բազան նվազեցնող ծախս. ուրեմն, ինչո՞ւ էկզոտիկ, ավելի թանկարժեք ավտոմեքենա չգնել: Կատարելով այդ գնումը՝ ձեռնարկատիրոջ շահույթը կնվազեր ավտոմեքենայի գնի չափով, ասենք՝ 100 000 ֆունտ ստերլինգով, սակայն ձեռնարկատերն իր շահույթից այսպես, թե այնպես ընդամենը 2 000 ֆունտ ստերլինգը կստանար, քանի որ 98% սահմանային հարկադրույքի դեպքում 100 000 ֆունտ ստերլինգը կնվազեցվեր 2 000 ֆունտ ստերլինգի: Արդյունքում պետությունը վճարում էր ավտոմեքենայի արժեքի 98%-ը (հարկային եկամուտների կորստի միջոցով): Երբ Միացյալ Թագավորությունը սահմանային հարկադրույքը իջեցրեց 70%-ի, Rolls Royce ավտոմեքենաների վաճառքի ծավալները կտրուկ նվազեցին: Հարկադրույքի իջեցումից հետո 100 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ ավտոմեքենան ձեռնարկատիրոջն այժմ ոչ թե 2 000, այլ 30 000 ֆունտ ստերլինգ արժեցավ: Սահմանային հարկադրույքի իջեցումը հարուստ բրիտանացիների համար բավականին բարձրացրեց Rolls Royce գնելու արժեքը, և արդյունքում նրանք պակասեցրին իրենց գնումների ծավալները:
Բարձր սահմանային հարկադրույքներն արհեստականորեն կրճատում են հարկման բազան նվազեցնող կամ որպես գործնական ծախս դիտարկվող ապրանքների արժեքն անձնական մակարդակում, բայց ոչ հասարակության մակարդակում: Կանխատեսելի է, որ բարձր սահմանային հարկադրույքի բախվող հարկատուներն ավելի շատ փող կծախսեն հարկման բազան նվազեցնող գնումների, օրինակ՝ շքեղ գրասենյակների, Հավայան կղզիներում գործարար համաժողովների, կորպորատիվ ժամանցի և ծառայողական ավտոմեքենաների վրա: Քանի որ հարկման բազան նվազեցնող նման ծախսերը կրճատում են հարկերը, մարդիկ հաճախ այնպիսի ապրանքներ կգնեն, որոնք չէին գնի, եթե ստիպված լինեին դրանց ամբողջական արժեքը վճարել: Վատնումը և անարդյունավետությունը բարձր սահմանային հարկադրույքների և դրանց արդյունքում խաթարված խթանների կողմնակի ազդեցություններն են:
Հարկադրույքների, մասնավորապես բարձր հարկադրույքների իջեցումը սովորաբար կարող է մեծացնել եկամուտ վաստակելու խթանը և բարձրացնել ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը: 2005-2008թթ. Վրաստանի կառավարությունը հարկային օրենսդրությունում արմատական փոփոխություններ կատարեց: 2004թ. կիրառվող քսանմեկ տարբեր հարկադրույքների թիվը 2005թ. կրճատվեց և դարձավ վեցը: 2009 թվականից սկսած՝ հավաքական հարկերը (եկամտահարկը և սոցիալական հարկը) կրճատվեցին` վերացնելով սոցիալական հարկը և կիրառելով անձնական եկամտի հարկման (եկամտահարկ) միասնական դրույքը ֆիզիկական անձանց համար: Սահմանային եկամտահարկի դրույքաչափը 32%-ից կրճատվեց 20%-ի:
Վերևում քննարկված հակախթանիչ ազդեցությունները բազմաթիվ տնտեսագետների ստիպեցին պաշտպանել «համահարթ հարկում» կոչվող երևույթը, որի դեպքում սահմանային հարկադրույքը որոշակի նվազագույն շեմից հետո եկամտային բոլոր մակարդակների համար նույնն է: Չհարկվող նվազագույն շեմը բավականաչափ բարձր լինելու դեպքում կարող է այնուամենայնիվ նշանակել, որ ընտանիքներում եկամտի մեծանալուն զուգահեռ կավելանան նաև եկամտից որպես տոկոս վճարվող փաստացի հարկերը: Շատ հետկոմունիստական երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Վրաստանը, Սլովակիան և Սերբիան առաջինն էին, որ անցան համահարթ հարկման: Ինչպես կանխատեսվում էր, կատարված հետազոտությունը ցույց է տալիս, որ նման քաղաքականությունը նվազեցնում է տնտեսական գործունեության այն մասնաբաժինը, որը տեղի է ունենում այսպես կոչված ստվերային կամ ընդհատակյա տնտեսությունում՝ առանց հաշվապահական գրանցման:
Եվ հակառակը, հարկերի մեծ չափով բարձրացումները կարող են աղետալի ազդեցություն ունենալ տնտեսության վրա: Մեծ ճգնաժամի տարիներին Միացյալ Նահանգներում իրականացված հարկային քաղաքականությունը դրա վառ օրինակ է: 1932թ. փորձելով կրճատել դաշնային բյուջեի պակասուրդը՝ հանրապետական Հուվերի վարչակազմը և դեմոկրատական Կոնգրեսն ընդունեցին Միացյալ Նահանգների պատմության մեջ խաղաղ ժամանակաշրջանի հարկադրույքի ամենամեծ բարձրացումը: Ֆիզիկական անձանց եկամտահարկի ամենացածր սահմանային հարկադրույքը 1.5%-ից դարձավ 4%: Եկամտային սանդղակի ամենաբարձր կետում առավելագույն սահմանային հարկադրույքը 25%-ից բարձրացավ մինչև 63%: Ըստ էության, անձնական եկամտի հարկային դրույքաչափերը մեկ տարում ավելի քան կրկնապատկվեցին: Հարկերի այս ահռելի բարձրացումը կրճատեց տնային տնտեսությունների` հարկումից հետո ստացվող եկամուտը և վաստակելու, սպառելու, խնայողություններ և ներդրումներ կատարելու խթանը: Արդյունքներն աղետալի էին: 1932թ. արտադրության իրական ծավալը նվազեց 13%-ով, որը Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանի մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ամենամեծ անկումն էր: Գործազրկությունը 1931թ. 15.9%-ից աճեց՝ 1932թ. հասնելով 23.6%-ի:
Ընդամենը չորս տարի անց Ռուզվելտի վարչակազմը կրկին բարձրացրեց հարկերը՝ սահմանային հարկի առավելագույն դրույքաչափը 1936թ. սահմանելով 79%: Այսպիսով, 1930-ականների երկրորդ կեսին բարձր եկամուտ վաստակող անձինք ի վիճակի էին իրենց աշխատած յուրաքանչյուր լրացուցիչ դոլարից ընդամենը 21 ցենտն իրենց պահել (ծանոթություն. հետաքրքիր է համադրել թեկնածու Ռուզվելտի` այս բաղադրիչի սկզբում ներկայացված խոսքերն իր նախագահության օրոք իրականացված հարկային քաղաքականության հետ): Մեծ ճգնաժամի առավել ծանր ու երկարատև լինելուն նաև մի քանի այլ գործոն նպաստեց, այդ թվում՝ փողի առաջարկի հսկայական կրճատումը և մաքսատուրքերի մեծ չափով բարձրացումը: Սակայն պարզ է նաև, որ թե՛ Հուվերի, թե՛ Ռուզվելտի վարչակազմերի օրոք տեղի ունեցած հարկային բարձրացումները զգալի դեր խաղացին Ամերիկայի պատմության այս ողբերգական փուլում:
Բարձր սահմանային հարկադրույքների հակախթանիչ ազդեցությունները խնդիր են ոչ միայն բարձր եկամուտներ ունեցողների համար: Համեմատաբար ցածր եկամուտ ունեցող մարդիկ նույնպես ոչ ակնհայտ բարձր սահմանային հարկադրույքների են բախվում. դրանք լրացուցիչ հարկերն են՝ գումարած աղքատության գծից ցածր եկամուտ ունեցող անձանց նպաստների ծրագրերից ստացվող օգուտների կորուստը: Օրինակ՝ ենթադրենք՝ ֆիզիկական անձի եկամուտը 20 000 եվրոյից բարձրանում է 30 000 եվրոյի, և արդյունքում եկամտից և աշխատավարձից պահվող հարկերը լրացուցիչ վաստակը պակասեցնում են 30%-ով: Բացի այդ, եկամտի մեծացման հետևանքով ֆիզիկական անձը կորցնում է գործող սոցիալական ծրագրերից ստացվող 5 000 եվրո օգուտը: Նա ստիպված կլինի 80% ոչ ակնհայտ սահմանային հարկադրույք վճարել: 30%-ը կլինի բարձր հարկերի, իսկ մնացած 50%-ը՝ նպաստային ծրագրերի օգուտների կորստի տեսքով:
Լրացուցիչ 10 000 եվրո վաստակող մարդիկ, որոնք հարկվում են այս հարկադրույքով, կկարողանան պահել միայն այդ եկամտի 20%-ը: Ակնհայտորեն, սա զգալի չափով կկրճատի այդ մարդկանց վաստակելու խթանը և եկամտային սանդուղքով վեր բարձրանալը նրանց համար ավելի դժվար կդարձնի: Այս խնդրին կանդրադառնանք Մաս 3-ի Բաղադրիչ 8-ում, որում կուսումնասիրվի տրանսֆերտային ծրագրերի ազդեցությունը աղքատության մակարդակի վրա:
Ամփոփենք. տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ բարձր հարկադրույքները, այդ թվում՝ տրանսֆերտային ծրագրերից ստացվող օգուտների կորստով արտահայտվող ոչ ակնհայտ հարկադրույքները, կրճատում են արտադրական գործունեությունը, արգելակում են զբաղվածության և ներդրումների աճը և նպաստում են ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործմանը: Դրանք խոչընդոտ են հանդիսանում բարգավաճման և եկամտի աճի ճանապարհին: Ավելին, տնտեսական ծանր ժամանակաշրջանում հարկադրույքի մեծ չափով բարձրացումները կարող են տնտեսության համար աղետալի հետևանքներ ունենալ:
Իհարկե, ցածր հարկադրույքների առկայությունը չի նշանակում հարկերից ազատում: Ինչպես կքննարկենք ստորև՝ Մաս 3-ում, որոշ հիմնավոր պատճառներով որոշակի ապրանքների ու ծառայությունների առկայությունն ապահովում է պետությունը, քանի որ շուկայի միջոցով դրանք մատակարարելը բարդ է: Հասարակությունները նույնպես իրավունք ունեն որոշել, թե ինչպիսի հարկային և ծախսային քաղաքականություններ են ցանկանում կիրառել՝ եկամտի բաշխումը փոփոխելու համար՝ հաշվի առնելով խթանների ու չնախատեսված հետևանքների ազդեցությունները: Եվ վերջապես, ինչպես կքննարկենք նաև Մաս 3-ում, շատ տնտեսագետներ կարծում են, որ հարկերը ու պետական ծախսերը (այսպես կոչված հարկաբյուջետային քաղաքականությունը) դեր են խաղում տնտեսական գործունեության ներքին տատանումները նվազեցնելու գործում։
Իհարկե, հարկերի բեռը շատ ավելի մեծ է, քան ներգրաված դրամական միջոցների ազդեցությունը (հատկապես, երբ այդ միջոցներն օգտագործվում են արտադրողականության բարձրացման նպատակով պետական ներդրումներ կատարելու համար): Քանի որ մեծ հարկային բեռն ընկերություններին դրդում է գործել ընդհատակյա տնտեսությունում, հավանական է, որ նրանք կշարունակեն արտադրել անարդյունավետ և փոքր ծավալներով, որպեսզի նվազեցնեն հարկային մարմինների կողմից բացահայտվելու հավանականությունը: Բացի այդ, որքան ավելի մեծ և բարդ է հարկային համակարգը, այնքան ավելի շատ ժամանակ և գումար պետք է ծախսեն այդ կազմակերպությունները՝ հարկային օրենսդրության պահանջները կատարելու համար:
Բարդ հարցերում ցուցանիշներ մշակելը երբեք հեշտ չէ, իսկ արդյունքները խնդրահարույց են. այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի Doing Business զեկույցի մասը կազմող հարկային բեռի վարկանիշային աղյուսակի տվյալները (և՛ հարկադրույքների, և՛ հարկային համակարգի բարդության մասով) կարծես ճշգրիտ են թվում:(39) 2019թ. ամենաբարենպաստ հարկային դաշտ ունեցող երկրների շարքում են (ինչպես և ակնկալում էինք որոշների մասով) Հոնկոնգը,(40) Սինգապուրը, Նոր Զելանդիան, Իռլանդիան և Ֆինլանդիան (ինչպես նաև Պարսից ծոցի մի քանի փոքր երկիր, որոնցում նավթից ստացվող եկամուտների շնորհիվ կազմակերպությունները գրեթե հարկեր չեն վճարում): Ամենաանբարենպաստ հարկային դաշտ ունեցողները կարծես նույնպես ճիշտ են ընտրվել. դրանք են Վենեսուելան, Սոմալին, Բոլիվիան, Չադը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը: Հետկոմունիստական երկրների շարքում ամենաթեթև հարկային համակարգերն ունեն Էստոնիան (12-րդ տեղում), Վրաստանը (14-րդ տեղում), Լատվիան (16-րդ տեղում) և Լիտվան (18-րդ տեղում): Անցումային տնտեսություն ունեցող միջին երկիրը 67-րդ տեղում է՝ գրեթե Հունաստանի մակարդակին, որն, անշուշտ, նախանձելի դիրք չէ: Եթե հետկոմունիստական երկրները կարողանային իրենց հարկային բեռը Բալթյան երկրների առաջատարների և Վրաստանի մակարդակի իջեցնել, աճի ցուցանիշներն ամենայն հավանականությամբ կբարձրանային:
Բաղադրիչ 2.7. Ազատ առևտուր
Մարդու եկամուտներն աճում են, երբ նա այլ երկրների մարդկանց հետ ազատ առևտրային հարաբերություններ վարելու հնարավորություն է ունենում։
Ազատ առևտուրը պարզապես մարդկանց թույլ է տալիս գնել և վաճառել այնպես, ինչպես ցանկանում են: Պաշտպանիչ մաքսատուրքերը նույնպիսի ուժի կիրառում են, ինչպիսին ռազմական շրջափակումն է, քանի որ նպատակը նույնն է՝ կանխել առևտուրը: Երկուսի միջև տարբերությունն այն է, որ ռազմական շրջափակման միջոցով պետությունները փորձում են խոչընդոտել իրենց թշնամիների առևտրային գործունեությանը, իսկ պաշտպանիչ մաքսատուրքերի միջոցով պետությունները փորձում են առևտրի խոչընդոտներ ստեղծել իրենց սեփական ժողովրդի համար:(41)
Միջազգային առևտուրը հիմնականում այն նույն սկզբունքներն ունի, որոնք ցանկացած կամավոր փոխանակման հիմքում են ընկած: Ինչպես ներքին, այնպես էլ միջազգային առևտուրը առևտրային գործարքի մասնակիցներից յուրաքանչյուրին թույլ է տալիս ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ արտադրել և սպառել, որն այլ պայմաններում հնարավոր չէր լինի: Երեք պատճառ կա:
Առաջին. ցանկացած երկրում մարդիկ շահում են, եթե կարողանում են ապրանքը կամ ծառայությունը առևտրի միջոցով ավելի էժան ձեռք բերել, քան եթե սեփական երկրում արտադրեին: Տարբեր երկրներում ռեսուրսներով ապահովվածության մակարդակն էականորեն տարբեր է: Որոշ ապրանքներ, որոնք մի երկրում արտադրելը թանկ է, այլ երկրում հնարավոր է` ավելի էժան լինի արտադրել: Օրինակ՝ տաք և խոնավ կլիմայական պայմաններ ունեցող երկրների համար, ինչպիսիք են Բրազիլիան և Կոլումբիան, ավելի ձեռնտու է սուրճի արտադրությունում մասնագիտանալը: Չափավոր ցամաքային կլիմա ունեցող երկրներում, ինչպիսիք են Մոլդովան և Վրաստանը, մասնագիտանում են գինեգործության և պտղատու այգիների մշակման ոլորտներում, մինչդեռ Սիբիրը լոռամիրգ է արտահանում: Կանադայում և Ավստրալիայում, որտեղ հողատարածքները շատ են, իսկ բնակչությունը՝ նոսր, մարդիկ նախընտրում են մասնագիտանալ հողագործությունից ստացվող ապրանքների, օրինակ՝ ցորենի, կերային կուլտուրաների արտադրության, ինչպես նաև՝ անասնաբուծության ուղղությամբ: Իսկ Ճապոնիայում, որտեղ հողային ռեսուրսները սահմանափակ են, սակայն բարձր է աշխատուժի որակավորումը, մարդիկ մասնագիտանում են այնպիսի ապրանքների արտադրության մեջ, ինչպիսիք են տեսախցիկները և ֆոտոխցիկները, ավտոմեքենաները և էլեկտրոնային ապրանքները: Առևտուրը գործարքի բոլոր կողմերին թույլ է տալիս իրենց ունեցած ռեսուրսներից ավելի շատ ներդնել, որպեսզի արտադրեն և վաճառեն այն ապրանքները, որոնցում նրանք մասնագիտացած են, և չզբաղվել այնպիսի ապրանքի արտադրությամբ, որը նրանց վրա թանկ է նստում: Այսպիսի մասնագիտացման և առևտրի արդյունքում մեծանում է ընդհանուր արտադրանքի ծավալը, և յուրաքանչյուր երկրում մարդիկ կարողանում են ավելի բարձր կենսամակարդակի հասնել, քան այլ պայմաններում:
Երկրորդ. միջազգային առևտուրը տեղական արտադրողներին և սպառողներին թույլ է տալիս օգուտ ստանալ մասշտաբի ազդեցությունից, որը բնորոշ է բազմաթիվ խոշոր արտադրությունների: Այս կետը հատկապես կարևոր է փոքր երկրների համար: Միջազգային առևտրի միջոցով տեղական արտադրողները կարող են ավելի մեծ մասշտաբով աշխատել և հասնել ավելի ցածր միավոր ծախսի, քան միայն տեղական շուկայի համար աշխատելու դեպքում: Օրինակ՝ առևտուրը Կոստա Ռիկայի, Գվատեմալայի, Թայլանդի, Վիետնամի և նման այլ երկրների տեքստիլ արտադրողներին թույլ է տալիս օգտվել մեծածավալ արտադրության առավելություններից: Եթե նրանք իրենց արտադրանքն արտահանելու և դրսում վաճառելու հնարավորություն չունենային, նրանց արտադրանքի միավոր ծախսը շատ ավելի բարձր կլիներ, քանի որ տեքստիլի տեղական շուկաները չափազանց փոքր են և չեն կարող բավարար չափով սպառում ապահովել այս ոլորտի խոշոր ընկերությունների մեծաքանակ արտադրանքի համար: Սակայն միջազգային առևտրի միջոցով այս երկրների տեքստիլային ընկերությունները կարող են մեծ քանակով արտադրել և վաճառել և արդյունավետորեն մրցակցել համաշխարհային շուկայում:
Միջազգային առևտուրը նաև տեղական սպառողներին թույլ է տալիս օգուտ ստանալ՝ գնելով մեծածավալ արտադրողների արտադրանքն արտերկրում: Հաշվի առնելով ինքնաթիռի նախագծման և կառուցման այսօրվա հսկայական ծախսերը՝ ոչ մի երկիր այնքան մեծ ներքին շուկա չունի, որ ինքնաթիռի գոնե մեկ արտադրող կարողանա լիարժեք մեծածավալ արտադրություն իրականացնել երկրի ներսում: Սակայն միջազգային առևտրի շնորհիվ Boeing և Airbus ընկերությունները կարող են ավելի էժան գնով շատ ավելի մեծ քանակով ինքնաթիռներ վաճառել: Արդյունքում՝ բոլոր երկրների սպառողներն էլ կարող են նման մեծածավալ արտադրողներից ավելի էժան գնված ինքնաթիռներով թռչել:
Երրորդ. միջազգային առևտուրը խթանում է մրցակցությունը տեղական շուկայում և սպառողներին թույլ է տալիս ապրանքների ավելի լայն ընտրություն ունենալ և ավելի ցածր գներով գնել: Միջազգային մրցակցությունն անընդհատ ստիպում է տեղական արտադրողներին զգոն մնալ: Այն ստիպում է նրանց բարձրացնել ապրանքների որակը և ցածր պահել գները: Միաժամանակ արտերկրից մատակարարվող ապրանքների լայն տեսականին սպառողներին ընտրության շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս, քան միջազգային առևտրի բացակայության պայմաններում:
Պետությունները հաճախ կանոնակարգեր են ընդունում, որոնք սահմանափակում են միջազգային առևտուրը: Դրանք կարող են լինել մաքսատուրքերը (ներմուծվող ապրանքների համար գանձվող հարկեր), քվոտաները (ներմուծվող ապրանքների քանակի սահմանափակումներ), փոխարժեքների վերահսկողությունը (տեղական արժույթի արժեքի ներմուծումներն արհեստական կերպով զսպելը և արտահանումները խթանելը) կամ ներմուծողների կամ արտահանողների նկատմամբ կիրառվող բյուրոկրատական կանոնակարգերը: Առևտրի բոլոր այս սահմանափակումները մեծացնում են գործարքային ծախսերը և կրճատում են առևտրից ստացվող օգուտները: Ինչպես նշում է Հենրի Ջորջն այս բաղադրիչի սկզբում բերված մեջբերման մեջ, առևտրի խոչընդոտները նման են ռազմական շրջափակման, որը պետությունը կիրառում է իր սեփական ժողովրդի նկատմամբ: Ինչպես և թշնամու շրջափակումը, առևտրի սահմանափակումների տեսքով շրջափակումը նույնպես վնաս է հասցնում ժողովրդին:
Արդյո՞ք ցանկացած երկիր պետք է ազատ առևտրի կողմնակից համարվի: Եթե տեղական առևտրի կենտրոններում և սուպերմարկետներում բոլոր տեսակի ապրանքներ առկա են, գուցե ողջամիտ է ենթադրելը, թե տվյալ երկրում ազատ առևտուր է տիրում, սակայն իրականությունը կարող է այլ լինել: Օրինակ՝ Ուկրաինայում միջին մաքսատուրքը բոլոր արդյունաբերական ապրանքների համար գերազանցում է 10%-ը, իսկ գյուղատնտեսական ապրանքների համար մինչև 20% է: Այլ ապրանքների ներմուծումների համար էլ ավելի մեծ խոչընդոտներ են ստեղծվում. օրինակ՝ շաքարը հարկվում է 50% դրույքով, իսկ արևածաղկի ձեթը՝ 30%: Բուլղարիայում Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերը 5-45% են կազմում: Միացյալ Նահանգներում քվոտաներ են սահմանվում կաթնամթերքի, շաքարի, էթիլային սպիրտի, բամբակի, տավարի մսի, պահածոյացված թյունոսի և ծխախոտի համար: Քվոտաները գերազանցող ներմուծումների նկատմամբ խիստ բարձր մաքսատուրքեր են կիրառվում:
Մաքսատուրքերից բացի պետությունները կարող են այլ կամ որոշ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ քվոտաներ սահմանել (ներմուծված ապրանքների քանակային սահմանափակումներ) կամ նույնիսկ ամբողջությամբ արգելել այդ ապրանքների ներմուծումը: Մաքսատուրքերը, քվոտաները, արգելքները կարող են օգտագործվել ոչ միայն առևտրի քաղաքականությունների նպատակներով: Օրինակ՝ երբ Ուկրաինայում բախումներ սկսվեցին, ի պատասխան քաղաքական վեճերի՝ Ռուսաստանը գրեթե ամբողջությամբ արգելեց գյուղմթերքի ներմուծումը Եվրոպական Միությունից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից և Նորվեգիայից: 2018 և 2019 թվականներին Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ի պատասխան Չինաստանի հետ ծագած քաղաքական տարաձայնությունների՝ մաքսատուրքերի քաղաքականություն օգտագործեց:
Տնտեսագիտության հետ կապ չունեցող մարդիկ հաճախ պնդում են, որ ներմուծումների սահմանափակումները կարող են աշխատատեղեր ստեղծել: Ինչպես քննարկել ենք Մաս 1-ի Բաղադրիչ 9-ում, արժեք ստեղծելն է իսկապես կարևոր, ոչ թե աշխատատեղեր ստեղծելը: Եթե աշխատատեղերի քանակը նպաստեր բարձր եկամուտներին, մենք կստեղծեինք այնքան աշխատատեղ, որքան ցանկանայինք: Բոլորս կկարողանայինք մի օր փոս փորել, մյուս օրը՝ այն հետ լցնել: Բոլորս աշխատանք կունենայինք, սակայն ծայրահեղ աղքատ կլինեինք, քանի որ նման աշխատանքի արդյունքում այնպիսի ապրանքներ ու ծառայություններ չէինք ստեղծի, որոնք մարդկանց համար արժեք են ներկայացնում:
Կարող է թվալ, թե ներմուծման սահմանափակումները մեծացնում են զբաղվածության մակարդակը, քանի որ դրանց միջոցով պաշտպանվող արդյունաբերական ոլորտները կարող են ընդլայնվել կամ առնվազն կայուն վիճակում մնալ: Սա չի նշանակում սակայն, որ սահմանափակումները մեծացնում են երկրի զբաղվածության ընդհանուր մակարդակը: Հիշեք Մաս 1-ի Բաղադրիչ 12-ում քննարկված երկրորդային ազդեցությունները: Երբ ինչ-որ պետություն բարձր մաքսատուրքեր, քվոտաներ և այլ արգելքներ է սահմանում, որոնք սահմանափակում են օտարերկրյա ընկերությունների՝ տվյալ երկրում իրենց ապրանքները վաճառելու ունակությունը, դա միաժամանակ կրճատում է օտարերկրյա ընկերությունների՝ տվյալ երկրից ապրանքներ գնելու հնարավորությունը: Որևէ երկիր ապրանքներ ներմուծելով՝ այդ երկրների բնակիչները միաժամանակ ներմուծող երկրից արտահանվող ապրանքները գնելու կամ այնտեղ ներդրումներ կատարելու հնարավորություն են ստանում: Հետևաբար, ներմուծման սահմանափակումներն անուղղակիորեն կկրճատեն արտահանումները: Արտահանման վրա հիմնվող ոլորտներում արտադրության ծավալները և զբաղվածությունը կնվազեն, որը կչեզոքացնի պաշտպանված ոլորտներում «պահպանված» աշխատատեղերի առավելությունը:(42)
Առևտրային սահմանափակումները ոչ ստեղծում են, ոչ էլ վերացնում աշխատատեղեր, այլ վերադասավորում են դրանք:(43) Սահմանափակումները արհեստականորեն աշխատողներ և այլ ռեսուրսներ են ուղղում դեպի այնպիսի ապրանքների արտադրություն, որոնց արտադրական ծախսն այլ երկրների համեմատ ավելի բարձր է: Թողարկվող արտադրանքի ծավալը և զբաղվածության մակարդակը նվազում են այն ոլորտներում, որտեղ տվյալ երկրի ռեսուրսներն ավելի արդյունավետ են, որտեղ երկրի ընկերությունները կկարողանային հաջող մրցակցել միջազգային շուկայում, եթե չլիներ սահմանափակումների ազդեցությունը: Հետևաբար, աշխատուժը և մյուս ռեսուրսները հեռացվում են այն ոլորտներից, որտեղ դրանց արտադրողականությունը բարձր է, և ուղղվում են դեպի ոլորտներ, որտեղ այն ավելի ցածր է: Նման քաղաքականություններ ընդունած երկրներում նվազում են թե՛ թողարկվող արտադրանքի ծավալները, թե՛ եկամտի մակարդակը:
Մարդկանց մեծ մասը կարծում է, որ բարձր եկամուտ ունեցող երկրների աշխատողները չեն կարող մրցակցել օտարերկրացիների հետ, որոնք երբեմն օրական ընդամենը 2 կամ 3 դոլար են վաստակում: Դա սխալ տեսակետ է և բխում է բարձր աշխատավարձերի աղբյուրի և համեմատական առավելությունների օրենքի թյուրըմբռնումից: Բարձր եկամուտ ունեցող երկրներում աշխատողները լավ կրթություն և բարձր հմտություններ ունեն և բազմաթիվ արտադրական սարքավորումներով են աշխատում: Այս գործոնները նպաստում են նրանց բարձր արտադրողականությանը, ինչն էլ իրենց բարձր աշխատավարձերի աղբյուր է հանդիսանում: Ցածր եկամտային մակարդակով երկրներում, ինչպիսիք են Բուրունդին և Եթովպիան, աշխատավարձերը ցածր են հենց այն պատճառով, որ արտադրողականությունը ցածր է: Այն փաստը, որ ուկրաինացիների միջին եկամուտը քսանհինգ անգամ ավելի բարձր է բուրունդիացիների եկամտից, չպետք է ուկրաինացիներին խանգարի բուրունդիական սուրճ վայելել:
Յուրաքանչյուր երկիր միշտ էլ ինչ-որ բան հարաբերականորեն ավելի լավ է անում, քան մյուսները: Ե՛վ բարձր, և՛ ցածր եկամտային մակարդակ ունեցող երկրներն ավելի մեծ շահ կունենան, եթե կարողանան իրենց մոտ համեմատաբար ավելի լավ ստացվող արտադրական գործունեություն ծավալելուն ավելի շատ ռեսուրս հատկացնելու վրա կենտրոնացնել ջանքերը: Եթե բարձր եկամտային մակարդակ ունեցող երկիրը կարող է օտարերկրյա արտադրողներից որևէ ապրանք ներմուծել ավելի ցածր գնով, քան արժե այդ ապրանքը երկրի ներսում արտադրելը, ապա ավելի նպատակահարմար է ներմուծել այն: Ավելի քիչ ռեսուրսներ կներգրավվեն այնպիսի ապրանքների արտադրության մեջ, որոնք երկրի ներսում կարող են միայն բարձր գնով մատակարարվել, և ավելի շատ ռեսուրս կուղղվի այնպիսի ապրանքների ու ծառայությունների արտադրություն, որոնք տեղական արտադրողները կարող են ցածր արժեքով մատակարարել:(44) Առևտուրը ինչպես բարձր, այնպես էլ ցածր եկամտային մակարդակ ունեցող երկրների աշխատողներին թույլ է տալիս ավելի շատ արտադրել, քան հնարավոր կլիներ այլ պայմաններում: Արտադրողականության ավելի բարձր մակարդակն իր հերթին երկու դեպքում էլ բարձր աշխատավարձերի կհանգեցնի:
Ի՞նչ տեղի կունենար, եթե օտարերկրյա արտադրողները կարողանային սպառողներին ապրանքն այնքան էժան առաջարկել(45), որ տեղական արտադրողները չկարողանային մրցակցել: Այդ դեպքում խելամիտ կլիներ ընդունել տնտեսապես արդյունավետ ապրանքները, իսկ տեղական ռեսուրսներն օգտագործել այլ բաներ արտադրելու համար: Հիշեք՝ մեր կենսամակարդակը պայմանավորված է ոչ թե աշխատատեղերի, այլ ապրանքների ու ծառայությունների առկայությամբ: Ֆրանսիացի տնտեսագետ Ֆրեդերիկ Բաստիան այս տեսակետն ակնառու կերպով ընդգծել է 1845թ. իր «Խնդրագիր մոմակալ արտադրողների անունից» երգիծական գործում: Ենթադրվում է, որ խնդրագիրն ուղղվել է Ֆրանսիայի դեպուտատների պալատին Ֆրանսիայում մոմեր, լապտերներ և ներքին լուսավորության այլ ապրանքներ արտադրողների կողմից: Խնդրագրում բողոք էր ներկայացված առ այն, որ լուսավորության պարագաների տեղական մատակարարները «տուժում են օտարերկրյա մրցակցի ջախջախիչ մրցակցության հետևանքով. այդ մրցակցի՝ լուսավորության պարագաներն արտադրելու պայմաններն ըստ երևույթին մեր սեփական պայմանների նկատմամբ այնպիսի առավելություն ունեն, որ տեղական շուկան հեղեղված է նրա ապրանքներով՝ անհավանականորեն ցածր գնով: Երբ նա հայտնվում է, մեր վաճառքները դադարում են, բոլոր սպառողները նրան են դիմում, և Ֆրանսիայի արդյունաբերության՝ անթիվ ճյուղավորումներ ունեցող մի ոլորտ անմիջապես լիովին լճանում է»:
Իհարկե, այս մրցակիցն արևն է, իսկ խնդրագրի հեղինակները պատգամավորներից պահանջում էին ընդունել մի օրենք, որը կպահանջեր փակել պատուհանները, արևաքողարկիչ վարագույրներն ու այլ բացվածքները, որպեսզի արևի լույսը շենքեր չներթափանցեր: Խնդրագրում թվարկվում էին լուսավորության ոլորտի այն մասնագիտությունները, որոնց աշխատատեղերի քանակը կավելանար, եթե ներքին լուսավորության համար արևի օգտագործումը օրենքի ուժով արգելվեր: Բաստիայի տեսակետն այս երգիծանքում հստակ է. որքան էլ խնդրագրով առաջարկվող օրենքը հիմարություն թվա, այն չի կարող ավելի հիմար լինել, քան տեղական արտադրողներին «փրկելու» և զբաղվածություն խթանելու նպատակով ցածրարժեք ապրանքների ու ծառայությունների առկայությունը կրճատող օրենքը:
Նախորդ մի քանի տասնամյակի ընթացքում փոխադրման ծախսերը նվազել են, ինչն էլ կրճատել է առևտրի խոչընդոտները: Առևտրի խոչընդոտների կրճատումը ամենաշատը նկատվել է ցածր եկամտային մակարդակ ունեցող երկրներում: 1980թ. աղքատ և զարգացող երկրներում կիրառվող մաքսատուրքը սովորաբար կազմում էր 20% և ավելի: Շատ երկրներ կիրառում էին նաև փոխարժեքի վերահսկման մեխանիզմներ, որը տվյալ երկրի քաղաքացիների համար դժվարացնում էր ներմուծվող ապրանքներ գնելու համար տարադրամ ձեռք բերելը: Այսօր իրավիճակը հիմնովին տարբեր է: 1980-ականներից սկսած՝ բազմաթիվ զարգացող երկրներ, այդ թվում՝ Չինաստանը և Հնդկաստանը, իջեցրին իրենց մաքսատուրքերը, թուլացրին տարադրամի փոխարժեքի վերահսկողությունը և առևտրի այլ խոչընդոտներ վերացրին: Արդյունքում միջազգային առևտուրն արագորեն զարգացավ:
Միջազգային առևտրի աճը թույլ է տվել մեծացնել թողարկվող արտադրանքի համաշխարհային ծավալները և սպառումը հասցնել ավելի բարձր մակարդակի, քան հնարավոր կլիներ հակառակ դեպքում: Բազմաթիվ զարգացող երկրներում, մասնավորապես՝ խիտ բնակեցված ասիական երկրներում, արագորեն աճել է մեկ շնչին ընկնող եկամտի չափը: Ավելի ազատ առևտրից հատկապես շահել է աղքատ բնակչությունը: 1980-2015թթ. ժամանակահատվածում ծայրահեղ աղքատ մարդկանց թիվը ողջ աշխարհում շուրջ 1.1 միլիարդով նվազեց՝ աշխարհի բնակչության 40%-ից նվազելով մինչև 10%-ից էլ պակաս: Այսօր զարգացող երկրներից աշխարհի մյուս երկրներ արտահանվող ապրանքների մոտ երկու երրորդը մաքսատուրքով չի հարկվում:
Բացի այդ, միջազգային առևտրի աճը կրճատել է հարուստ և աղքատ երկրների միջև եկամտային տարբերությունը: Վերջին տասնամյակների ընթացքում զարգացող երկրներում նկատվել է ավելի արագ աճ, քան բարձր եկամտային մակարդակ ունեցող զարգացած երկրներում: Ավելին, եկամուտները հատկապես արագ են աճել Չինաստանում և Հնդկաստանում, որտեղ ապրում է աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը: Արդյունքում եկամուտների բաշխումը ողջ աշխարհում ավելի ու ավելի հավասարաչափ է դառնում, հատկապես՝ 2000թ. ի վեր:(46)
Սակայն եկամտի բաշխման վրա առևտրի զարգացման ազդեցությունը հաճախ այլ է բարձր եկամտային մակարդակ ունեցող երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան և Արևմտյան Եվրոպայի երկրները: Կանխատեսելի է, որ բարձր եկամտային մակարդակ ունեցող երկրները կձգտեն արտահանել այնպիսի ապրանքներ, որոնց արտադրությունը բարձր որակավորում ունեցող և կրթված աշխատուժ է պահանջում՝ միաժամանակ ոչ համամասնորեն ներմուծելով ցածր որակավորում ունեցող աշխատուժի կողմից արտադրված ապրանքներ: Հետևաբար, առևտուրը կարող է մեծացնել բարձր որակավորում ունեցող աշխատուժի պահանջարկը ցածր որակավորում ունեցող աշխատուժի համեմատ: Այս դեպքում բարձր որակավորում ունեցող աշխատողների եկամուտները ցածր որակավորում ունեցող աշխատողների եկամուտների համեմատ կաճեն՝ մեծացնելով երկրի ներսում եկամտային անհավասարությունը: Վերջին տասնամյակների ընթացքում եկամտային անհավասարությունը գրեթե բոլոր բարձր եկամտային մակարդակ ունեցող երկրներում աճել է, և հնարավոր է՝ միջազգային առևտրի աճը նպաստող գործոն է հանդիսացել:
Ներկայումս բարձր եկամտային մակարդակ ունեցող որոշ երկրներում միջազգային առևտրի շուրջ սուր քննադատության ալիք է նկատվում: Առաջատար քաղաքական գործիչները առևտրային խոչընդոտի տարբեր տեսակներ, մասնավորապես՝ աղքատ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կոչեր են արել: Եկամտային անհավասարության մեծացումը և ցածր որակավորում ունեցող, թերի կրթությամբ աշխատուժի եկամուտների դանդաղ աճը նպաստում են այս թշնամական վերաբերմունքին: Սակայն այստեղ մեկ այլ խիստ կարևոր գործոն կա՝ լավ կազմակերպված շահերի խմբերի քաղաքական ազդեցությունը: Առևտրային սահմանափակումներից օգուտ են ստանում առանձին արտադրողներ և նրանց ռեսուրսների մատակարարները (այդ թվում՝ որոշ աշխատողներ)՝ այլ ոլորտների սպառողների և մատակարարների հաշվին: Որպես կանոն օտարերկրյա մրցակիցներից պաշտպանվելու նպատակով կառավարությանը լոբբինգի ենթարկող ոլորտները լավ կազմակերպված են, և նրանց օգուտները կենտրոնացված են ու շատ ակնհայտ, իսկ սպառողները, այլ աշխատողները և ռեսուրսների այլ մատակարարները հիմնականում վատ կազմակերպված են, և միջազգային առևտրից նրանց օգուտները բավական ցրված են: Կանխատեսելի է, որ կազմակերպված շահերի խմբերն ավելի մեծ քաղաքական ազդեցություն կունենան (նվիրատվությունների և քաղաքական աջակցության այլ ձևերի տեսքով)՝ քաղաքական գործիչներին տրամադրելով իրենց տեսակետներն առաջ տանելու ուժեղ խթան:
Ավելին, եթե, օրինակ, պողպատն արտերկրում ավելի ցածր գնով արտադրվի և ազատորեն ներմուծվի, հեշտ է տեսնել, թե ինչպես է դա վնասում աշխատողներին: Իսկ ավելի ազատ առևտրից ստացվող օգուտներն այնքան էլ տեսանելի չեն: Առևտրի սահմանափակումների դեպքում առողջ տնտեսական մտածելակերպը հաճախ հաղթող քաղաքական ռազմավարության հետ հակասության մեջ է մտնում:
Պատմությունը ցույց է տալիս, որ առևտրի նկատմամբ աճող թշնամական վերաբերմունքը պոտենցիալ վտանգ է ներկայացնում: Առևտրի նկատմամբ նման թշնամական վերաբերմունք առաջացավ, երբ 1920-ականների վերջերում տնտեսության աճը դանդաղեց: Դա հանգեցրեց նրան, որ 1930 թվականի կեսերին Միացյալ Նահանգներում ընդունվեց Սմութ-Հոուլիի մաքսատուրքի մասին օրենքը: Այդ օրենքի համաձայն՝ մոտ 3 200 ներկրվող ապրանքի նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը բարձրացան ավելի քան 50%-ով: Նախագահ Հերբերթ Հուվերը, սենատոր Ռիդ Սմութը, կոնգրեսական Ուիլիս Հոուլին և օրենքի այլ կողմնակիցներ կարծում էին, որ ավելի բարձր մաքսատուրքերը կխթանեն տնտեսությունը և կպահպանեն աշխատատեղերը: Հոուլին բացատրում էր այսպես. «Ես ուզում եմ, որպեսզի ամերիկացի աշխատողները աշխատանք ունենան՝ ամերիկացի սպառողների համար ամերիկյան ապրանքներ արտադրելով»:(47)
Որքան էլ գեղեցիկ հնչեր այդ խոսքը, արդյունքները հիմնովին այլ էին: Մաքսատուրքերի բարձրացումը զայրացրեց օտարերկրացիներին, և վաթսուն երկիր ի պատասխան բարձրացրեց ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը: Միջազգային առևտուրը տուժեց. ընկան նաև Միացյալ Նահանգներում թողարկվող արտադրանքի ծավալները: 1932թ. Միացյալ Նահանգներում առևտրի ծավալները կրճատվեցին և օրենքի ընդունումից առաջ եղած մակարդակի կեսից պակաս կազմեցին: Առևտրից ստացվող օգուտները պակասեցին, դաշնային կառավարության՝ մաքսատուրքերից ստացվող եկամուտները փաստացի նվազեցին, թողարկվող արտադրանքի ծավալները և զբաղվածությունը կրճատվեցին, իսկ գործազրկության ցուցանիշը կտրուկ աճեց: Սմութ-Հոուլիի օրենքի ընդունման ժամանակ գործազրկությունը կայուն 7.8% էր, սակայն ընդամենը երկու տարի անց այդ ցուցանիշը դարձավ 23.6%: Ֆոնդային շուկան, որը Սմութ-Հոուլիի օրենքի ընդունումից առաջ վերականգնել էր 1929թ. հոկտեմբերի գրեթե բոլոր կորուստները, օրենքի ընդունմանը հաջորդող ամիսների ընթացքում փուլ եկավ:
Հազարից ավելի տնտեսագետներ իրենց կողմից ստորագրված բաց նամակով դիմեցին նախագահ Հուվերին, որով նախազգուշացնում էին Սմութ-Հոուլիի օրենքի վնասակար ազդեցությունների մասին և խնդրում էին նրան չստորագրել այդ օրենքը: Նախագահը մերժեց նրանց խնդրանքը, սակայն պատմությունը հաստատեց նրանց նախազգուշացումների հիմնավոր լինելը: Մեծ ճգնաժամին նպաստեցին նաև այլ գործոններ, ինչպիսիք էին փողի առաջարկի կտրուկ նվազումը և 1932 և 1936 թվականներին շատ բարձր հարկերի սահմանումը: Սակայն Սմութ-Հոուլիի առևտրի մասին օրենքը դարձավ նաև այդ շրջանի ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառը:
Արդյո՞ք պատմությունը կկրկնվի: Հուսանք, որ ոչ, սակայն 1930-ականների փորձը ցույց է տալիս, որ անտեղյակ քաղաքական գործիչների հռետորությունը և առևտրի նկատմամբ թշնամական վերաբերմունքը կարող է աղետալի հետևանքների հանգեցնել:
Նայելով հետպատերազմյան շրջաններում միջազգային առևտրի ազդեցություններին՝ պարզ է դառնում, որ Արևմտյան Եվրոպայի բաց լինելու աստիճանը ազդել է երկու համաշխարհային պատերազմներից հետո տնտեսությունների վերականգնման արագության և չափի վրա: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Արևմտյան Եվրոպայում տնտեսական անկայունության տասնամյակի և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսական վերականգնման տասնամյակի միջև տարբերությունն ապշեցուցիչ է, և անմիջականորեն պայմանավորված է տարբեր առևտրային քաղաքականություններով(48): Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած տնտեսական վերակառուցումը ինստիտուցիոնալ որևէ մեխանիզմ չուներ, որով հնարավոր կլիներ պակասեցնել պատերազմի ընթացքում ստեղծված և այնուհետև ամրապնդված առևտրային խոչընդոտները: Սակայն 1945թ. Գերմանիայի կապիտուլյացիայից ընդամենը երկու տարի անց քսաներեք երկիր ստորագրեց Մաքսատուրքերի և առևտրի մասին գլխավոր համաձայնագիրը (GATT), որով ստորագրող երկրները պարտավորվում էին իջեցնել մաքսատուրքերը: Պատերազմի ավարտից ընդամենը հինգ տարի անց Արևմտյան Եվրոպայի բոլոր խոշոր երկրները երեք առանձին բանակցային փուլի մասնակցեցին, որոնց արդյունքում GATT-ի անդամ երկրներն ավելացան, իսկ ներմուծման մաքսատուրքերն ավելի իջեցվեցին: 1947թ. Ժնևում կայացած առաջին բանակցային փուլում GATT-ի հիմնական ձեռքբերումը մաքսատուրքերի զգալի իջեցումներն էին: Մաքսատուրքերի արագ իջեցումը ներկայացված է գծապատկեր 9-ում(49):
Գծապատկեր 9. Մաքսատուրքերի միջին մակարդակները որոշ երկրներում (%)
1913 | 1925 | 1927 | 1931 | 1952 | |
Բելգիա | 9 | 7 | 11 | 17 | - |
Ֆրանսիա | 14 | 9 | 23 | 38 | 19 |
Գերմանիա | 12 | 15 | 24 | 40 | 16 |
Իտալիա | 17 | 16 | 27 | 48 | 24 |
Նիդերլանդներ | 2 | 4 | - | - | - |
Միացյալ Թագավորություն | - | 4 | - | 17 | 17 |
Միացյալ Նահանգներ | 32 | 26 | - | - | 16 |
Ծանոթություն. ոչ բոլոր տարիներն են համեմատելի:
Աղբյուրներ՝ 1913 և 1925 թվականների հաշվարկները վերցված են Ազգերի լիգայի տվյալներից, ինչպես բերված է Մաքսատուրքերի և առևտրի մասին գլխավոր համաձայնագրի (GATT) (1953) էջ 62-ում, ինչպես նաև 1952 թվականի համար GATT-ի հաշվարկի աղբյուրից: 1927 և 1931 թվականների համար մաքսատուրքերի տվյալները տե՛ս Liepmann (1938), էջ 415, իսկ Միացյալ Թագավորության 1932թ. տվյալները տե՛ս Kitson and Solomou (1990), էջ 65-6:
Գծապատկեր 10-ում և 11-ում(50) ցույց են տրված արտահանումների ծավալի և իրական եկամտի փոփոխությունները երկու պատերազմներից հետո Արևմտյան Եվրոպայի հինգ հիմնական երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդերլանդներում և Մեծ Բրիտանիայում:
Գծապատկեր 10. Արտահանման ծավալը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո (Արևմտյան Եվրոպայի հինգ տնտեսություններում)
Գծապատկեր 11. Փաստացի արտադրանք Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո (Արևմտյան Եվրոպայի հինգ տնտեսություններում)
Եվրոպայի տարածաշրջանային և միջազգային առևտրի ազատագրումը պետական սահմանափակումներից երկրներին թույլ տվեց օգտվել մասնագիտացման առավելություններից՝ իրենց համեմատական առավելությանը համապատասխան, ինչը նպաստեց նրանց առավել արագ զարգացմանը:
Մաս 2. Ամփոփում
Տնտեսական ինստիտուտների և քաղաքականությունների կարևորությունը
Վերջին տարիներին բազմաթիվ գիտական հետազոտություններ են կատարվել, որոնք հիմնավորում են այն տեսակետը, որ տնտեսական ինստիտուտները և քաղաքականությունները տնտեսական աճի և զարգացման առաջնային որոշիչ գործոններն են: Տնտեսական ինստիտուտներ ասելով՝ նկատի ունենք այն իրավական պահանջները, կարգավորումները, ավանդույթներն ու սովորույթները, որոնք ստեղծում են այն դաշտը, որում գործում է տնտեսությունը: Դրանք ներառում են սահմանադրական մանդատները, իրավական գործընթացները, փոխանակումը կարգավորող կանոնները և դրամավարկային մեխանիզմների կառուցվածքը: Տնտեսական քաղաքականությունները սահմանվում են որպես ավելի հստակ քաղաքական գործողություններ, որոնք կարելի է շատ ավելի արագ փոփոխել, քան ինստիտուտները:
Հետազոտությունների ոլորտը, որը վերլուծում է տնտեսական աճի, զարգացման և դինամիկայի վրա ինստիտուտների և քաղաքականությունների ազդեցությունը, հայտնի է որպես «Նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտություն»: Արտադրողական գործողություններ խթանող և զավթողական պահվածք կանխող ինստիտուտները և քաղաքականությունները դիտարկվում են որպես տնտեսական աճի ու բարգավաճման գլխավոր պայման: Մի շարք էկոնոմետրիկ ուսումնասիրություններ դիտարկել են կոմունիզմից անցում կատարելու արդյունքում ինստիտուտների որակի բարելավումը, և պարզվել է, որ այն երկրները, որոնցում ավելի արագ են որակյալ ինստիտուտներ ստեղծել, տնտեսությունը հիմնականում ավելի լավ ցուցանիշներ է գրանցել։(51)
Թեև առկա է բանավեճ այն հարցի շուրջ, թե հատկապես որ ինստիտուտներն են ամենաշատը նպաստում արագ աճին, մեծամասնությունը համաձայն է այն մտքի հետ, որ պաշտպանված սեփականության իրավունքները, բաց տնտեսությունները, դրամավարկային կայունությունը և առևտրի նվազագույն չափով սահմանափակումները կարևոր դեր են կատարում առողջ ինստիտուցիոնալ միջավայրի ստեղծման գործում: Այս բաժնում բերված հարցերը վերաբերում են նոր ինստիտուցիոնալ տնտեսագիտությանը:
Որքանո՞վ են կարևոր ինստիտուտները և քաղաքականությունները: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է տարբեր երկրների ինստիտուտներն ու քաղաքականությունները համեմատելու եղանակ գտնել: 1980-ականների կեսերից սկսած Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտը (Կանադա) մի քանի գործընկերների հետ միասին զեկույց է ներկայացրել տնտեսական ազատության ցուցիչի վերաբերյալ, որը կոչվում է «Աշխարհի տնտեսական ազատության» (EFW) ինդեքս: Ներկայումս ինստիտուտների համաշխարհային ցանցի կողմից հրապարակվող այս զեկույցը չափում է երկրի ինստիտուտների և քաղաքականությունների տնտեսական ազատություն ապահովելու քանակը: Այն ընդգրկում է կառավարության չափը, իրավական համակարգը և սեփականության իրավունքները, փողի կայունությունը, առևտրի ազատ լինելը և նորմաիրավական միջավայրը: Ինդեքսը ներառում է 42 առանձին բաղադրիչ և տրամադրում է մոտ 160 երկրի վարկանիշները. ընդ որում որոշ երկրների մասով տվյալները ներկայացված են դեռևս 1980 թվականից, իսկ մյուսներինն ավելացվում են հասանելի դառնալուն պես:
Շատ առումներով EFW ինդեքսն արտացոլում է այս գրքի նախորդ բաժիններում ներկայացված տարրերը: EFW ինդեքսի բարձր վարկանիշ ունենալու համար երկիրը պետք է ապահովի մասնավոր սեփականության պաշտպանություն, պայմանագրերի արդար կատարում և ունենա կայուն դրամավարկային միջավայր: Բացի այդ, երկիրը պետք է նաև ցածր հարկեր ունենա, զերծ մնա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային առևտրի արգելքներ ստեղծելուց, իսկ ապրանքների և ռեսուրսների բաշխման համար հիմնականում պետք է ամբողջովին շուկայական գործունեությամբ առաջնորդվի, այլ ոչ պետական ծախսերով և կանոնակարգերով: Եթե ինստիտուտների և քաղաքականությունների այս գործոններն իսկապես ազդում են տնտեսական զարգացման դինամիկայի վրա, ապա շարունակաբար բարձր EFW վարկանիշ ունեցող երկրները պետք է շատ ավելի լավ վիճակում լինեն, քան անընդհատ ցածր վարկանիշ ունեցողները:
Գծապատկեր 12-ում ներկայացված են 2016թ. EFW ամենաբարձր և ամենացածր վարկանիշն ունեցած տասը երկրներում մեկ շնչին ընկնող եկամտի 2017թ. և վերջին շրջանում դրա աճի տվյալները: Ամենաբարձր վարկանիշն ունեցող երկրները կանխատեսելի են, բացի Վրաստանից և Մավրիկիոսից, որտեղ վերջին տնտեսական բարեփոխումների ազդեցությունն ակնհայտ է: Վարկանիշային սանդղակի ներքևում Վենեսուելան է: Չավեսի և Մադուրոյի ղեկավարման օրոք Հարավային Ամերիկայի երբեմնի ամենաբարգավաճ երկիրը տնտեսության կոմունիստական/սոցիալիստական պլանավորման աղետալի հետևանքների վառ օրինակը դարձավ: Տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրներում 2017թ. մեկ շնչին ընկնող տարեկան միջին եկամուտը 56 749 ԱՄՆ դոլար է կազմում, որը տնտեսապես ամենաքիչ ազատ երկրների միջին եկամտի գրեթե յոթնապատիկն է:
Գծապատկեր 12-ից երևում է նաև, որ տնտեսապես ազատ երկրներն ունեն կայուն դրական տնտեսական աճի տեմպեր: Տնտեսապես ամենաքիչ ազատություն ունեցող երկրներում աճի տեմպերը բավականին տարբեր են: Որոշ երկրներ կայուն ժամանակաշրջաններում և աճի ցածր ցուցանիշից սկսելով՝ զգալի աճ են ունենում, սակայն մյուսները, որոնք հատկապես անարդյունավետ քաղաքականություն են վարում, ժամանակի ընթացքում նույնիսկ հետ են զարգանում: Լավագույն վարկանիշն ունեցող երկրների խմբում միջին տարեկան աճի տեմպը կազմել է 3.7%, իսկ ամենացածր վարկանիշն ունեցող երկրների խմբում` -0.4%:
Գծապատկեր 12. Տնտեսական ազատություն, եկամուտ և տնտեսական աճ
Տնտեսական ազատություն | Երկիր | 2017թ. մեկ շնչի հաշվով ՀՆԱ | 2013-2017թթ. տարեկան աճի ցուցանիշ |
Լավագույն վարկանիշով տասնյակ, 2016թ. | |||
1 | Հոնկոնգ | $61,540 | 2.8% |
2 | Սինգապուր | $93,905 | 3.5% |
3 | Նոր Զելանդիա | $40,917 | 3.3% |
4 | Շվեյցարիա | $65,006 | 1.8% |
5 | Իռլանդիա | $76,305 | 9.4% |
6 | Միացյալ Նահանգներ | $59,532 | 2.2% |
7 | Վրաստան | $10,689 | 3.7% |
8 | Մավրիկիոս | $22,279 | 3.7% |
9 | Միացյալ Թագավորություն | $43,887 | 2.2% |
10 | Ավստրալիա | $47,047 | 2.4% |
10 | Կանադա | $46,378 | 2.2% |
ՄԻՋԻՆԸ՝ | $56,749 | 3.7% | |
Վատագույն վարկանիշով տասնյակ, 2016թ. | |||
153 | Սուդան | $4,904 | 2.8% |
154 | Գվինեա Բիսաու | $1,700 | 4.5% |
155 | Անգոլա | $6,389 | 1.1% |
156 | Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն | $726 | -4.4% |
157 | Սիրիա | $2,900 | - |
157 | Կոնգոյի Հանրապետություն | $887 | 6.1% |
159 | Ալժիր | $15,275 | 3% |
160 | Արգենտինա | $20,787 | 0.7% |
161 | Լիբիա | $19,631 | -9.2% |
162 | Վենեսուելա | - | -7.8% |
ՄԻՋԻՆԸ՝ | $8,133 | -0.4% |
Աղբյուր՝ Համաշխարհային բանկի տվյալներ։
Ծանոթություն. մեկ շնչի հաշվով ՀՆԱ (գնողունակության հաստատուն պարիտետ ԱՄՆ դոլարով):
Եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրները լավ տնտեսական ինստիտուտներ հիմնելու և քաղաքականություններ ընդունելու դեպքում կարողանում են աճի տեմպի չափազանց բարձր ցուցանիշներ գրանցել և նվազեցնել եկամտի բարձր մակարդակ ունեցող արդյունաբերական երկրների հետ ունեցած եկամտային մակարդակի տարբերությունը: 1980թ. աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից երկուսը՝ Չինաստանը և Հնդկաստանը, նույնպես աշխարհի ազատ տնտեսություն չունեցող երկրների թվում էին: 1980-ականների և 1990-ականների ընթացքում նրանք տնտեսական ազատությունը խթանող քաղաքականություններ ընդունեցին, և այժմ այս երկրների տնտեսական աճի տարեկան ցուցանիշները տպավորիչ են՝ կազմելով 6% կամ ավելի:
Թեև վերոնշյալ օրինակներից կարելի է տեսնել, որ տնտեսապես ավելի ազատ երկրները տնտեսական աճի ավելի մեծ հաջողություններ ունեն, միշտ լինում են երկրներ, որոնք այս սխեմայում չեն ընդգրկվում: Կապն ավելի հստակ է երևում, երբ երկրներն ըստ խմբերի ենք դասակարգում: Գծապատկեր 13-ում երկրները բաժանված են չորս խմբի (քվարտիլների), որոնցից յուրաքանչյուրը ներառում է երկրների 25%-ը, որոնք դասակարգված են ցածրից բարձր՝ ըստ իրենց EFW վարկանիշի: Գծապատկերում ներկայացված է ավելի երկար ժամանակահատվածում այդ երկրների միջին եկամտային մակարդակը: Քանի որ եկամտի ներկայիս մակարդակն արտացոլում է տասնամյակների կամ ավելի երկար ժամանակահատվածների ընթացքում տնտեսական աճի ազդեցությունը, տարբերություններն ակնհայտ են: Եթե ենթադրենք (հիմնվելով ավելի խորը վերլուծության վրա), որ ներկայումս տնտեսապես ազատ երկրները վերջին տարիներին նույնպես ազատ տնտեսություն են ունեցել, ապա պարզ է դառնում, որ տնտեսապես ավելի ազատ երկրները (ըստ 1995-2016թթ. միջև ընկած երկու տասնամյակի միջին ցուցանիշների) եկամտի շատ ավելի բարձր մակարդակների են հասել: Տնտեսական ազատության ամենաբարձր ցուցանիշն ունեցող երկրներում 2016թ. մեկ շնչին ընկնող միջին եկամուտը 40 376 ԱՄՆ դոլար էր, որը տնտեսության ազատությամբ աչքի չընկնող երկրների միջին եկամտի ավելի քան յոթնապատիկն է կազմում:
Գծապատկեր 13. Տնտեսական ազատություն և մեկ շնչի հաշվով եկամուտ
Տնտեսության ավելի մեծ ազատություն ունեցող երկրներում մեկ շնչի հաշվով եկամուտն զգալիորեն բարձր է:
Ծանոթություն. եկամուտ = մեկ շնչի հաշվով ՀՆԱ (գնողունակության հաստատուն պարիտետ ԱՄՆ դոլարով), 2016թ.:
Աղբյուրներ՝ Տնտեսական ազատության միջին բալային գնահատական, 1995-2016թթ., Համաշխարհային բանկ, 2017թ., Զարգացման համաշխարհային ցուցանիշներ:
Այս բաժնի գծագրերը վերցված են James Gwartney et al. Economic Freedom of the World: 2018 Annual Report տարեկան զեկույցից. հղում՝ https://www.fraserinstitute.org/studies/economic-freedom:
Ավելի ազատ տնտեսություն ունեցող երկրները ոչ միայն ընդհանուր առմամբ ավելի բարգավաճ էին, այլև ազատ տնտեսության առավելությունները նաև ավելի աղքատ ընտանիքների վրա էին տարածվում: Գծապատկեր 14-ում ներկայացված է ըստ տնտեսական ազատության մակարդակի դասակարգված յուրաքանչյուր երկրի բնակչության ամենաաղքատ մեկ տասներորդ մասի մեկ շնչին ընկնող միջին եկամուտը: Նույնիսկ եթե հաշվի չառնենք ազատության առավելությունները, ընտրություն ունենալու դեպքում աղքատ ընտանիքներն ակնհայտորեն նախընտրում են ազատ հասարակությունում ապրել: Այս ակնհայտ տարբերությամբ էլ մեծ չափով բացատրվում են միգրացիոն հոսքերը, որոնք վերջին տարիներին շատ երկրներում պետական քաղաքականության վերաբերյալ քննարկումների հիմնական թեման են դարձել:
Գծապատկեր 14. Տնտեսական ազատություն և ամենաաղքատ բնակչության 10%-ի կողմից վաստակած եկամուտը
Ամենաաղքատ բնակչության 10%-ի վաստակած եկամտի գումարը (բացառությամբ ընդհանուրի մեջ կազմած տոկոսի) շատ ավելի բարձր է տնտեսապես ավելի ազատ երկրներում:
Ծանոթություն. ամենաաղքատ բնակչության 10%-ի տարեկան եկամուտ մեկ շնչի հաշվով (գնողունակության հաստատուն պարիտետ ԱՄՆ դոլարով), 2016թ.։
Աղբյուրներ՝ Տնտեսական ազատության միջին բալային գնահատական, 1995-2016թթ., Համաշխարհային բանկ, 2017թ., Զարգացման համաշխարհային ցուցանիշներ:
Իհարկե, աղքատության մակարդակը չափելու համար ամենաաղքատ բնակչության 10%-ի եկամտի վերաբերյալ տվյալներն օգտագործելը կարող է ճիշտ արդյունք չտալ: Ամենաաղքատ բնակչության 10%-ը որևէ հարուստ երկրում գուցե լավ կենսապայմաններում ապրի, սակայն աղքատ երկրում այդ մարդիկ գուցե գոյատևման պայքար մղեն: Ուսումնասիրենք գծապատկեր 15-ը, որը ցույց է տալիս բնակչության` Համաշխարհային բանկի կողմից սահմանված «ծայրահեղ» կամ «չափավոր» աղքատության մեջ ապրող հատվածը: Ծայրահեղ աղքատություն է, երբ մեկ շնչի հաշվով օրական ծախսի հնարավորությունը 1.90 ԱՄՆ դոլար է, իսկ չափավոր աղքատություն է համարվում օրական 3.20 ԱՄՆ դոլարից պակաս ծախսելու հնարավորությունը (ԱՄՆ դոլարն օգտագործվել է գնային տարբերությունների ճշգրտման նպատակով):(52) Տնտեսական ազատության բարձր մակարդակ ունեցող երկրում ապրելու առավելությունն ակնհայտ է. թերևս անհավանական է, որ նման երկրների քաղաքացիներն աղքատ լինեն: Գլոբալ առումով աղքատության դեմ պայքարում աշխարհը բավականին մեծ առաջընթաց է գրանցել: Համաշխարհային բանկի տվյալներով մարդկանց 42%-ը 1981թ. ապրել է ծայրահեղ աղքատության մեջ: 2016թ. դրությամբ այդ ցուցանիշը 10%-ից էլ պակաս էր: Թեև անելիքներ դեռ շատ կան, այս առաջընթացում կարևոր գործոն էր, անշուշտ, Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանի (1981-1989) և Միացյալ Թագավորության վարչապետ Մարգարետ Թետչերի (1979-1990) կողմից շուկայական տնտեսությանն առաջնային կարևորություն տալը:
Գծապատկեր 15. Տնտեսական ազատություն, ծայրահեղ և չափավոր աղքատության ցուցանիշներ
Ծայրահեղ և չափավոր աղքատության ցուցանիշը ավելի ցածր է տնտեսապես ավելի ազատ երկրներում:
Ծանոթություն. ծայրահեղ աղքատության ցուցանիշը երկրի բնակչության այն տոկոսն է, որն ապրում է օրական 1.90 դոլարով, չափավոր աղքատության ցուցանիշը բնակչության այն տոկոսն է, որն ապրում է օրական 3.20 դոլարով (2011թ. գնողունակության հաստատուն պարիտետ՝ ԱՄՆ դոլարով):
Աղբյուրներ՝ Տնտեսական ազատության միջին բալային գնահատական, 1995-2016թթ., Համաշխարհային բանկ, 2017թ., Զարգացման համաշխարհային ցուցանիշներ: Մանրամասները տե՛ս Connors հրապարակման մեջ, 2011թ.:
Իհարկե, փողն աշխարհում բարեկեցության աճող մակարդակը չափելու միակ ձևը չէ: Տնտեսապես ազատ երկրներն ապրելու համար բարենպաստ են նաև այլ առումներով: Բուժսպասարկման որակի լավ ցուցանիշ է նորածնային մահացության ցուցանիշը (պատկերված է գծապատկեր 16-ում):
Գծապատկեր 16. Տնտեսական ազատություն և նորածնային մահացության ցուցանիշ
Նորածնային մահացության ցուցանիշը տնտեսական ազատության ամենացածր քվարտիլի երկրներում գրեթե յոթն անգամ ավելի բարձր է, քան ամենաբարձր քվարտիլի երկրներում:
Աղբյուրներ՝ Տնտեսական ազատության միջին բալային գնահատական, 1995-2016թթ., Համաշխարհային բանկ, 2017թ., Զարգացման համաշխարհային ցուցանիշներ
Ի վերջո, գոյություն ունի նաև երջանկության ցուցանիշ: Տնտեսագետները չեն սիրում մարդկանց պարզապես հարցնել «որքա՞ն երջանիկ եք դուք», սակայն գծապատկեր 17-ից երևում է, որ այդ հարցին մարդկանց տված պատասխանների և նրանց տնտեսական ազատության միջև հստակ կապ կա:
Գծապատկեր 17. Տնտեսական ազատություն և ՄԱԿ-ի Երջանկության համաշխարհային ինդեքսը
Տնտեսական ազատության ավելի բարձր մակարդակ ունեցող երկրներում մարդիկ սովորաբար ավելի գոհ են իրենց կյանքից:
Ծանոթություն. «Ինդեքսը հիմնված է կյանքի որակի գնահատման վերաբերյալ հիմնական հարցի պատասխանների վրա… սա կոչվում է «Քանթրիլի աստիճան». հարցման ժամանակ ռեսպոնդենտներին խնդրում են պատկերացնել աստիճան, որի 10-րդ մակարդակում կյանքի հնարավորինս ամենալավ, իսկ 0 մակարդակում՝ ամենավատ որակն է: Այնուհետև նրանց խնդրում են այդ 0-ից 10 միավորի սանդղակով գնահատել իրենց սեփական կյանքի ընթացիկ որակը»: Ներկայացված են 2015թ. տվյալները:
Աղբյուրներ՝ Տնտեսական ազատության միջին բալային գնահատական, 1995-2016թթ., Միավորված ազգերի կազմակերպություն, 2016թ., Երջանկության համաշխարհային զեկույց, 2016թ., թարմացված տվյալներ:
Վերջերս Ֆրեյզերի ինստիտուտն իր գործընկերների հետ միասին Տնտեսական ազատության ինդեքսին ավելացրեց երկրորդ ցուցանիշը, որը նախատեսված է «անձնական ազատությունը» չափելու համար: Այդ ցուցանիշը անդրադառնում է օրենքի գերակայությանը, անվտանգությանն ու ապահովությանը, տեղաշարժման, կրոնի, հավաքների անցկացման, խոսքի և ինքնության ազատությանը: Ինչպես երևում է գծապատակեր 18-ից, անձնական ազատության և տնտեսական ազատության միջև ուղիղ կապ կա: Ազատ հասարակությունները ոչ միայն ավելի հարուստ են, այլև ավելի մեծ տեղ են տալիս մարդու իրավունքներին:
Գծապատկեր 18. Անձնական և տնտեսական ազատության միջև կապը, 2016թ.
Աղբյուր՝ Ian Vasquez and Tanja Porcnik, The Human Freedom Index 2018: A Global Measurement of Personal, Civil, and Economic Freedom: Հրատարակողներ՝ Կատոյի ինստիտուտ, Ֆրեյզերի ինստիտուտ և Ֆրիդրիխ Նաումանի անվան «Հանուն Ազատության» հիմնադրամ:
Տնտեսագիտության տեսությունը և էմպիրիկ վկայությունը ցույց են տալիս, որ երկրներն ավելի արագ են աճում, եկամտի ավելի բարձր մակարդակների են հասնում և ավելի մեծ առաջընթաց են ունենում աղքատության դեմ պայքարում, երբ այս բաժնում նկարագրված քաղաքականություններն են ընդունում և իրականացնում: Տնտեսական առաջընթաց ունենալու համար կարևոր է ինչպես տնտեսական, այնպես էլ անձնական ազատության ընդլայնմանն ուղղված հուսալի ինստիտուտներ ստեղծելն ու հետևողական քաղաքականություններ ընդունելը: Մարդիկ և քաղաքական առաջնորդները որքան վաղ տեղեկանան այս կարիքի մասին և սկսեն իրենց երկրներն ավելի մեծ տնտեսական ազատության տանել, այնքան աշխարհն ավելի կբարգավաճի:
Մաս 3. Պետության դերի շուրջ տնտեսագիտական մտածելակերպի տասը հիմնական բաղադրիչները

ՊԱՀԱՆՋՆԵՐ, ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ, ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԿԱՆՈՆՆԵՐ, ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ, ՕՐԵՆՔ
Բաղադրիչներ.
- Պետությունը խթանում է տնտեսական առաջընթացը՝ պաշտպանելով անհատների իրավունքները և առաջարկելով որոշակի ապրանքներ ու ծառայություններ, որոնց տրամադրումը շուկաների միջոցով խնդրահարույց է:
- Մենաշնորհի և շուկա մուտք գործելու մեծ խոչընդոտների առկայության պայմաններում շուկաները չեն կարող գործել կատարյալ արդյունավետությամբ:
- Հանրային բարիքը և արտաքին ազդեցությունները խթաններ են ստեղծում, որոնք կարող են սեփական շահը հետապնդող անհատներին դրդել այնպիսի գործունեություն ծավալելուն, որը կատարյալ տնտեսական արդյունավետության հետ անհամատեղելի է:
- Քաղաքական քվեարկության միջոցով իրականացված բաշխումը հիմնովին տարբերվում է շուկայական բաշխումից:
- Եթե սահմանադրական կարգը կամ այլ խիստ կանոնակարգերը չարգելեն, սոսկական շահերի խմբերը ժողովրդավարական քաղաքական գործընթացը կօգտագործեն` ուրիշների հաշվին պետական աջակցություն ստանալու համար:
- Եթե սահմանադրական կարգը կամ այլ խիստ կանոնակարգերը չարգելեն, օրենսդիր մարմինները բյուջեի պակասուրդ կունենան և չափից շատ կծախսեն:
- Երբ պետությունն ակտիվորեն սկսի որոշ անհատների կամ կազմակերպությունների համար ուրիշների հաշվին բարենպաստ պայմաններ ստեղծել, դա կհանգեցնի անարդյունավետության, և պետական պաշտոնյաների ու կազմակերպությունների միջև անպատշաճ, ոչ էթիկական հարաբերություններ կձևավորվեն:
- Տրանսֆերտներ ստացողների զուտ օգուտն ավելի քիչ է, հաճախ՝ զգալիորեն ավելի քիչ, քան տրանսֆերտի գումարը:
- Տնտեսությունը չափազանց բարդ է կենտրոնական ձևով պլանավորելու համար, և դա անելու փորձերը կհանգեցնեն անարդյունավետության ու քրոնիզմի (պաշտոններ նշանակելիս նախապատվությունն ընկերներին տալը):
- Մրցակցությունը պետության մեջ գրեթե նույնքան կարևոր է, որքան շուկաներում:
Ներածություն
Տնտեսագետները տնտեսության աշխատանքը գնահատում են տնտեսական արդյունավետության ստանդարտով: Ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու պարագայում իրականացվում է միայն այնպիսի գործունեություն, որի ստեղծած եկամուտը գերազանցում է ծախսերը: Գործունեությունը չի իրականացվի, եթե դրա ծախսերը գերազանցեն ստեղծած օգուտը: Կարճ ասած` տնտեսական արդյունավետություն նշանակում է առավելագույն արժեքի ստացում առկա ռեսուրսներից: Տնտեսագիտության դասընթացներում սովորաբար բացատրվում է, թե ինչու շուկաները որոշ տեսակի գործունեության մեջ չեն կարողանում կատարյալ արդյունավետության հասնել և մատնանշվում է, թե ինչ կարող է անել պետությունը իրավիճակը շտկելու համար: Մենք ենթարկվում ենք այս պայմանականությանը. կարևորում ենք կատարյալ քաղաքական գործունեության ներուժը՝ քաղաքական գործընթացում կիրառելով նաև տնտեսագիտության գործիքակազմը:
Միացյալ Նահանգներում և մի քանի այլ երկրներում պետական ծախսերն այժմ կազմում են ազգային եկամտի քառասուն տոկոսը կամ ավելին: Հաշվի առնելով քաղաքական բաշխման չափն ու շրջանակը՝ խիստ կարևոր է հասկանալ, թե ինչպես է այն գործում: Նախորդ դարակեսի ընթացքում այս թեման տնտեսագիտության անբաժանելի մասը դարձավ: Ուսումնասիրությունների այս ոլորտի մասին խոսելիս տնտեսագետներն օգտագործում են «հանրային ընտրություն» եզրը:(53) Մաս 3-ում ներառված է այս վերլուծությունը:
Կառավարությունները հաճախ հարկերի և փոխառությունների միջոցով անհատներին և բիզնեսներին տրանսֆերտներ և սուբսիդիաներ են տրամադրում և ֆավորիտիզմի այլ ձևեր շնորհում: Մենք կվերլուծենք այս գործընթացը և կբացատրենք, թե այս ծրագրերի ազդեցությունն ինչու է տարբերվում և հաճախ՝ զգալիորեն տարբերվում շատերի պատկերացրածից: Մաս 3-ում հակիրճ նկարագրվում է նաև սահմանադրական դրույթների մի ամբողջություն, որը կարող է բարելավել պետության գործունեությունը և մեր կենսամակարդակը բարձրացնելու նրա ունակությունը: Հուսով ենք, որ մեր մոտեցումը խրախուսող կլինի և կստիպի ձեզ ավելի լրջորեն մտածել քաղաքական գործընթացի թե՛ հնարավորությունների, թե՛ սահմանափակումների մասին:
Բաղադրիչ 3.1. Իրավունքների պաշտպանություն և սահմանափակ ապրանքների ու ծառայությունների ստեղծում
Պետությունը խթանում է տնտեսական առաջընթացը՝ պաշտպանելով անհատների իրավունքները և առաջարկելով որոշ ապրանքներ և ծառայություններ, որոնց տրամադրումը շուկաների միջոցով խնդրահարույց է:
Իմաստուն և հաշվենկատ իշխանություն, որի կառավարման շնորհիվ մարդիկ միմյանց վնաս չեն հասցնի, այլ հնարավորություն կունենան ազատ կարգավորելու իրենց գործունեության ոլորտն ու կատարելագործվելու, և որը աշխատավորից չի խլի նրա վաստակած հացը: Սա արդյունավետ կառավարման սահմանումն է և այն անհրաժեշտ է լիարժեք բարեկեցության համար։
Պետության դերը տնտեսության մեջ խիստ կարևոր է: Պետությունը կարող է խթանել սոցիալական համագործակցությունը և նպաստել քաղաքացիների բարեկեցությանը երկու հիմնական գործառույթի միջոցով. 1) պաշտպանիչ գործառույթի, որով պաշտպանում է մարդկանց կյանքը, ազատությունը և ունեցվածքը և 2) հանրօգուտ գործառույթի, որի միջոցով տրամադրում է հատուկ բնույթի որոշ ապրանքներ, որոնց տրամադրումը շուկաների միջոցով խնդրահարույց է:
Պաշտպանիչ գործառույթը նախատեսում է պետության կողմից անվտանգության և հասարակական կարգի պահպանում, այդ թվում՝ հափշտակումների, խարդախության և բռնության դեմ իրավական կարգի ապահովում: Պետությանը տրվում է օրինական ուժ գործադրելու մենաշնորհ՝ քաղաքացիներին միմյանցից և արտաքին ուժերից պաշտպանելու նպատակով: Հետևաբար, «պաշտպանող պետությունը» ձգտում է կանխել մարդկանց՝ միմյանց վնաս հասցնելու գործողությունները և ենթակառուցվածքային կարգ է ապահովում, որը մարդկանց թույլ է տալիս համագործակցային և ներդաշնակ փոխհարաբերություններ ունենալ: Պետության պաշտպանիչ գործառույթի հիմքում ընկած է այնպիսի իրավական համակարգ, որը անհատներին և նրանց սեփականությունը պաշտպանում է ագրեսորներից, երաշխավորում է պայմանագրերի անկողմնակալ կատարումը և իրավահավասարություն է ապահովում (տե՛ս Մաս 2-ի Բաղադրիչ 1-ը):
Պաշտպանիչ գործառույթը խիստ կարևոր է շուկաների անխափան գործունեության համար: Պետության կողմից սեփականության իրավունքները հստակ սահմանելու և պաշտպանելու դեպքում շուկայական գները կարտացոլեն ռեսուրսների այլընտրանքային ծախսը, և արտադրողները կարտադրեն այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որոնք սպառողների կողմից իրենց ծախսերի հաﬔմատ ավելի արժեքավոր են: Ավելին, եթե պայմանագրերի կատարումն ապահովվի արդյունավետ եղանակով և առանց ֆավորիտիզմի, գործարքային ծախսերը ցածր կլինեն, իսկ առևտրի ծավալը կմեծանա: Խթանային համակարգն իր հերթին մարդկանց կխրախուսի ռեսուրսներ զարգացնել, փոխշահավետ առևտրային գործունեություն իրականացնել և հարստություն ստեղծող նախագծեր նախաձեռնել:
Դժվար է գերագնահատել պետության պաշտպանիչ գործառույթի կարևորությունը: Երբ այս գործառույթը պատշաճ կերպով է իրականացվում, քաղաքացիները կարող են վստահ լինել, որ չեն խաբվի, և որ նրանց ստեղծած հարստությունը չեն զավթի ո՛չ շահամոլ խարդախները, ո՛չ էլ ինքը՝ պետությունը: Այս պաշտպանությունը քաղաքացիներին տալիս է վստահություն առ այն, որ նրանց կթույլատրվի «հնձել այն, ինչ ցանում են»: Երբ այդպես լինի, մարդիկ կաշխատեն ջանասիրաբար և կվայելեն իրենց աշխատանքի պտուղները՝ նպաստելով տնտեսական առաջընթացին:
Եվ հակառակը, երբ պաշտպանիչ գործառույթը լավ չիրականացվի, բազում խնդիրներ կառաջանան: Ավելի շատ կլինեն ոչ թե արտադրության ու առևտրի, այլ խաբեության, խարդախության, հափշտակման և քաղաքական ֆավորիտիզմի միջոցով առաջ շարժվելու հնարավորությունները: Եկամուտներն ու հարստությունը պաշտպանված չեն լինի, իսկ շուկայական գները չեն արտացոլի ապրանքների ու ծառայությունների իրական արժեքը: Ռեսուրսները զարգացնելու խթանները թույլ կլինեն, իսկ տնտեսական աճը կլճանա: Ցավոք, հենց այս իրավիճակն է տիրում աղքատ և թույլ զարգացած շատ երկրներում:
Պետության երկրորդ հիմնական գործառույթը հանրօգուտ գործառույթն է՝ նախատեսված այնպիսի գործողությունների իրականացման համար, որոնք շուկաների միջոցով ապահովելը բարդ է: Այս հանրօգուտ գործառույթը պարունակում է և՛ անուղղակի, և՛ ուղղակի բաղադրիչ: Անուղղակի բաղադրիչը ենթադրում է շուկաների արդյունավետ գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծում: Ինչպես նշվեց, իրավական կառուցվածքը, որը պաշտպանում է սեփականության իրավունքները և ապահովում է պայմանագրերի կատարումը, մեծացնում է առևտրից ստացվող օգուտները և բարձրացնում է շուկայի արդյունավետությունը: Նույն կերպ, դրամավարկային մեխանիզմները, որոնք կայուն գնողունակությամբ դրամի մատչելիություն են ապահովում քաղաքացիների համար, ժամանակի ընթացքում կրճատում են անորոշությունը և դյուրացնում փոխանակումից ստացվող օգուտները: Դրամավարկային և գնային կայուն միջավայրի ապահովումը պետության ամենակարևոր պաշտպանիչ գործառույթներից մեկն է: Ինչպես քննարկել ենք Մաս 2-ի Բաղադրիչ 5-ում, երբ պետությունն այս գործառույթը լավ է իրականացնում, մարդիկ ավելի շատ ներդրումներ են կատարում, առևտրի միջոցով ավելի շատ են համագործակցում և ավելի բարձր եկամտային մակարդակների հասնում:
Պետության հանրօգուտ գործառույթը երբեմն ավելի անմիջական է: Գոյություն ունեն ապրանքներ, որոնց դեպքում դժվար է ուղիղ կապ հաստատել վճարման և ստացման միջև: Օրինակ՝ ազգային պաշտպանությունը համատեղ սպառում են բոլոր քաղաքացիները: Գրեթե անհնար կլիներ օտարերկրյա ագրեսորներից պաշտպանել միայն որոշ քաղաքացիների՝ անպաշտպան թողնելով մնացած բոլորին: Նման հատկանիշներով ապրանքներ շատ քիչ են արտադրվում շուկաներում: Արդյունքում պետության կողմից նման ապրանքների ապահովումը կարող է բարելավել տնտեսական վիճակը: Այս թեման առավել մանրամասն դիտարկվում է բաղադրիչ 3-ում:
Այլ դեպքերում ապրանքների օգտագործումը վերահսկելը և վճարներն անմիջապես օգտագործողներից գանձելը կարող է շատ ծախսատար լինել: Այս դեպքում նման ապրանքները շուկաների միջոցով տրամադրելը կարող է անարդյունավետ լինել: Այդպիսի օրինակ են ճանապարհները, մասնավորապես՝ փոքր և մեծ քաղաքներում: Ճանապարհներից օգտվողներից վճարների ուղղակի գանձումը չափազանց ծախսատար կլիներ: Այդ պատճառով ճանապարհների մեծ մասը բոլորին հասանելի դարձնելն ու դրանք հարկերի միջոցով ֆինանսավորելը սովորաբար ավելի արդյունավետ է:
Ինչպես բազմիցս նշել ենք, մեր ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու համար պահանջվում է գործողություններ ձեռնարկել միայն այն դեպքում, երբ օգուտները գերազանցում են ծախսերը: Այս սկզբունքը կիրառվում է ինչպես պետության, այնպես էլ շուկայական գործունեության համար: Ցավոք, երբ պետությունն իրականացնում է հարկերի կամ փոխառությունների միջոցով ֆինանսավորվող նախագծեր, օգուտները և ծախսերը չափելը բարդանում է: Շուկայում օգուտների և ծախսերի մասին տեղեկություն են տրամադրում գնորդների և վաճառողների ընտրությունները: Սպառողներն ապրանքները չեն գնի, եթե այդ ապրանքներն իրենց գնից ավելի բարձր արժեք չունենան նրանց համար: Արտադրողները նույնպես չեն շարունակի մատակարարել ապրանքները, եթե չկարողանան ծածկել ծախսերը: Սակայն երբ պետությունը որևէ գործողություն է իրականացնում և այն ֆինանսավորում է հարկերի միջոցով, սպառողների ու արտադրողների ընտրությունների հիման վրա ստացվող տեղեկությունը կորում է: Քանի որ գնորդները սեփական փողը չեն ծախսում, նրանց ստացած օգուտների մասին տեղեկությունը չի բացահայտվում: Ավելին, մատակարարներին վճարվող եկամուտները ստացվել են պարտադիր հարկման միջոցով, հետևաբար, հնարավոր չէ վստահորեն ասել, որ ծրագիրն ինքնարժեքից ավելին արժե:
Պետական պլանավորման մարմինները կարող են փորձել հաշվարկել օգուտներն ու ծախսերը, սակայն նրանց հաշվարկները հիմնականում ենթադրություն կլինեն, քանի որ նրանք գնորդների ու սպառողների ընտրությունների վրա հիմնված հավաստի տեղեկություն չունեն: Ավելին, իրական աշխարհում նման օգուտ-ծախս հաշվարկների վրա հաճախ ազդում են քաղաքական նկատառումները:
Ինչպես ցույց է տալիս այս բաղադրիչի սկզբում ներկայացված Թոմաս Ջեֆերսոնի մեջբերումը, պետության համար խիստ կարևոր է մարդկանց թույլ չտալ ուրիշներին վնաս հասցնել (պետության պաշտպանիչ գործառույթը): Տնտեսագիտությունը նաև ցույց է տալիս, որ լինում են իրավիճակներ, երբ պետությունն է տրամադրում որոշ ապրանքներ, որոնք շուկայի միջոցով տրամադրելը դժվար է (պետության հանրօգուտ գործառույթը): Սակայն երբ պետությունը դուրս է գալիս այս գործունեության սահմաններից, նրա միջամտության անհրաժեշտությունը փոքրանում է: Պետության տնտեսական դերն ավելի լավ գնահատելու համար կարևոր է ավելի խորը հասկանալ շուկաների թերությունները և տնտեսագիտական գործիքակազմը կիրառել քաղաքական գործընթացի իրականացման համար:
Բաղադրիչ 3.2. Մենաշնորհների կարգավորում
Մենաշնորհի և շուկա մուտք գործելու մեծ խոչընդոտների առկայության պայմաններում շուկաները կատարյալ արդյունավետության չեն կարող հասնել:
Մենաշնորհի և շուկա մուտք գործելու մեծ խոչընդոտների առկայության պայմաններում շուկաները կատարյալ արդյունավետության չեն կարող հասնել: Միևնույն ոլորտի մարդիկ հազվադեպ են միասին հավաքույթների մասնակցում՝ նույնիսկ ժամանցի ու զվարճանքի նպատակով, սակայն եթե դա տեղի է ունենում, զրույցն ավարտվում է հասարակության դեմ դավադրություն նյութելով կամ գներ բարձրացնելու ծրագրերով:
Եթե հասարակությունը ցանկանում է իր ռեսուրսներից առավելագույն օգուտ ստանալ, ռեսուրսները պետք է արդյունավետորեն օգտագործվեն: Իսկ արդյունավետ օգտագործման համար մրցակցության առկայությունը պարտադիր պայման է: Ինչպես արդեն քննարկել ենք, մրցակցային միջավայրում գործող ընկերությունները սպառողների շահերը հաշվի առնելու և ապրանքներն ու ծառայությունները տնտեսապես արդյունավետ եղանակով արտադրելու խթան ունեն: Եթե ձեռնարկությունները սպառողներին նրանց վճարած գնի դիմաց համապատասխան արժեք չտրամադրեն, նրանք իրենց միջոցները մեկ այլ տեղ կծախսեն:
Մենաշնորհ առկա է, երբ որևէ ընկերություն այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ է առաջարկում, որոնք ըստ էության անփոխարինելի են: Այս դեպքում տվյալ ընկերությունը արտադրության ծավալը սահմանափակելու և գինը բարձրացնելու խթան կունենա: Ավելի փոքր քանակ արտադրելով և ավելի բարձր գին սահմանելով՝ ընկերությունը կարող էր ավելի մեծ շահույթ ստանալ, քան եթե ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործեր և ավելի մեծ քանակ արտադրեր՝ ավելի ցածր գնով: Դա անարդյունավետ կլինի, քանի որ ընկերությունը սպառողի կողմից ինքնարժեքից բարձր գնահատվող ապրանքները կամ ծառայությունները բավարար քանակով չի արտադրի:
Գոյություն ունի մենաշնորհի երկու հիմնական աղբյուր՝ մասշտաբի ազդեցությունը և արտոնությունների տրամադրումը: Մասշտաբի ազդեցությունն առկա է այն ժամանակ, երբ մեծ ընկերությունների մեկ միավոր արտադրանքի ծախսերն ավելի ցածր են, քան փոքր մրցակից ընկերություններինը: Եթե որևէ ընկերություն շուկայում ավելի ու ավելի մեծ տեղ է զբաղեցնում, և դրան զուգահեռ մասշտաբի ազդեցությունը շարունակվում է, տվյալ ընկերությունը կդառնա գերիշխող և մենաշնորհ ձեռք կբերի: Այդպիսի օրինակ է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտը: Էլեկտրաէներգիա արտադրող կայանների հզորացմանը զուգահեռ էլեկտրաէներգիայի մեկ միավորի արտադրման ծախսը սովորաբար նվազում է: Արդյունքում կարող է մեկ խոշոր ընկերություն տվյալ շուկայում գերիշխող դառնալ: Այդ պատճառով է, որ պետությունը սովորաբար կարգավորում է էլեկտրաէներգիայի ոլորտի ընկերությունների սակագները, իսկ որոշ դեպքերում էլեկտրակայանները պատկանում են պետությանը և շահագործվում են նրա կողմից:
Նույնիսկ եթե մենաշնորհ չի ձևավորվում, որոշ ոլորտներում, այնուամենայնիվ, կարող է ընդամենը մի քանի ընկերություն գերիշխել, քանի որ շուկա մուտք գործելը սովորաբար մեծ ծախսերի հետ է կապված: Սա կոչվում է «օլիգոպոլիա» և նշանակում է «վաճառք, որն իրականացնում են փոքր թվով մասնակիցներ»: Հարկ է նշել այս եզրույթի նմանությունը «օլիգարխիա» բառին կամ «քչերի իշխանություն» արտահայտությանը: Մեկ միավորի ծախսը նվազագույնի հասցնելու և արդյունավետորեն մրցակցելու համար ընկերությունը պետք է ոլորտի ընդհանուր արտադրանքի մեծ մասնաբաժին արտադրի, օրինակ՝ 20 կամ 25 տոկոսը: Այդ դեպքում շուկայում կարող է ցածր ծախսով մեկ միավոր արտադրող միայն 4-5 ընկերություն գործել: Այդպիսի շուկաներում սովորաբար մի քանի ընկերություն է գերիշխում, որոնք միմյանց հետ պայմանավորվելու, արտադրանքի գին բարձրացնելու և որպես մենաշնորհատեր գործելու խթան ունեն: Մեքենաներ, հեռուստացույցներ և համակարգչային օպերացիոն համակարգեր արտադրող ոլորտներն այնպիսի շուկաների օրինակներ են, որոնցում համեմատաբար փոքր թվով ընկերություններ են գերիշխում: Հետկոմունիստական երկրներում խոշոր պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումը հաճախ հանգեցնում էր նրան, որ շուկան այդպես կենտրոնանում էր օլիգարխների ձեռքում, որոնք շահ էին ստանում ներքին (ինսայդերական) գործարքներից և փոխարենը սատարում էին իշխանական պաշտոնյաներին:
Բայց երբեմն հենց պետությունն է մենաշնորհի աղբյուր: Մի խմբին մյուսի նկատմամբ առավելություն տվող արտոնագրումը, հարկերը, ինչպես նաև սակագները, քվոտաները և այլ տեսակի արտոնությունները նվազեցնում են շուկաների մրցունակությունը: Թեև այս քաղաքականություններից որոշները կարող են բարի մտադրություններ հետապնդել, դրանք, այնուամենայնիվ, պաշտպանում են գործող ընկերություններն ու դժվարացնում են հնարավոր մրցակիցների մուտքը շուկա՝ նպաստելով մենաշնորհի և գերիշխող ընկերությունների առաջացմանը:
Ի՞նչ կարող է անել պետությունը շուկաներում մրցակցությունը ապահովելու համար: Առաջին սկզբունքը կարելի է բժշկությունից վերցնել. մի՛ վնասիր: Պետությունը չպետք է արտոնագրման այնպիսի պահանջներ և խտրական բնույթ կրող հարկեր կիրառի, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Շուկաների գերակշռող մասում վաճառողների համար դժվար կամ անհնար է սահմանափակել մրցակից ընկերությունների (այդ թվում՝ այլ երկրների մրցակիցների) մուտքը շուկա: Դա նշանակում է, որ մատակարարները չեն կարողանա սահմանափակել մրցակցությունը, եթե պետությունն ինքը մուտքի սահմանափակումներ չկիրառի կամ չընդունի այնպիսի նորմեր և կարգավորումներ, որոնք որոշ ընկերություններին մրցակիցների նկատմամբ արտոնյալ կարգավիճակ կտան:
Մրցակցություն խթանելու համար պետությունը կարող է նաև արգելել հակամրցակցային գործողությունները, ինչպիսին են, օրինակ, գաղտնի համաձայնեցումը, ոլորտի գերիշխող ընկերությունների միաձուլումը և ընկերությունների փոխկապակցված սեփականությունը: Այդ նպատակով Եվրամիության՝ մրցակցության պաշտպանության մասին օրենքը խթանում է մրցակցությունը եվրոպական միասնական շուկայում՝ արգելելով ընկերությունների գաղտնի համաձայնեցումները կամ շուկայում մենաշնորհ ստեղծելու փորձերը:
Սակայն այս բնագավառում պետության ջանքերը տարբեր հետևանքներ են ունեցել: Մի կողմից՝ պետական քաղաքականությունները նվազեցրել են մրցակցությունը սահմանափակող գաղտնի համաձայնեցումները և այլ գործելակերպերը: Բայց որոշ օրենքներ, կարելի է ասել, հակառակ ազդեցությունն են ունենում. դրանք սահմանափակում են մուտքը շուկաներ, գործող ընկերություններին պաշտպանում են մրցակիցներից և սահմանափակում են գնային մրցակցությունը: Հետևաբար, թեև շուկա մուտք գործելու մեծ արգելքները և մրցակցության բացակայությունը պետությանը թույլ են տալիս բարելավել շուկայի աշխատանքը, որոշ քաղաքականություններ փաստացիորեն մենաշնորհի հնարավորություններ են ընձեռել: Շուտով այս ամենի խորքային պատճառներն ավելի պարզ կդառնան:
Բաղադրիչ 3.3. Շուկայի ձախողուﬓերի մեղմացում
Հանրային բարիքը և արտաքին ազդեցությունները ստեղծում են խթաններ, որոնք կարող են սեփական շահը հետապնդող անհատներին դրդել ձեռնարկելու այնպիսի գործունեություն, որը կատարյալ տնտեսական արդյունավետության հետ անհամատեղելի է:
Արդեն նշել ենք, որ որպեսզի շուկաները ռեսուրսներն արդյունավետ բաշխեն, սեփականության իրավունքները պետք է հստակ սահմանված լինեն, իսկ արտադրողները պետք է կարողանան օգուտ ստանալ իրենց արտադրական գործունեությունից: Բայց որոշ ապրանքների դեպքում, կախված դրանց բնույթից, դա իրականացնելը դժվար է: Այս բաղադրիչում դիտարկվում է տնտեսական գործունեության երկու կատեգորիա, որոնք ռեսուրսները շուկաների միջոցով արդյունավետ բաշխելու համար լուրջ դժվարություններ են ստեղծում: Դրանք են հանրային բարիքը և արտաքին ազդեցությունները:
Հանրային բարիք
Որոշ ապրանքների բնույթից կախված՝ արտադրողների համար դրանց արտադրությունից օգուտ ստանալը դժվար է: Դրանք են, օրինակ, այն ապրանքները, որոնք տնտեսագետներն անվանում են հանրային բարիք: Հանրային բարիք հանդիսացող ապրանքներին բնորոշ են հետևյալ հատկանիշները. 1) սպառման փոխկապակացվածությունը. ապրանքը մի կողմին տրամադրելիս այն միաժամանակ հասանելի է դառնում նաև մյուսներին և 2) անբացառելիությունը. չվճարող սպառողներին բացառելը դժվար է կամ գրեթե անհնար: Օրինակ՝ հեղեղաջրերի վերահսկումը բավարարում է առաջին պայմանը, որովհետև տվյալ տարածքում գտնվող յուրաքանչյուրն է դրանից օգտվում, իսկ երկրորդ պայմանը բավարարվում է, քանի որ մատարակարարի համար դժվար կլինի մարդկանցից այս ծառայության դիմաց գումար գանձելը: Եվ քանի որ պոտենցիալ մատակարարները չեն կարող ուղիղ կապ հաստատել վճարման և ապրանքի ստացման միջև, հանրային բարիքը շուկաների միջոցով մատակարարելը դժվար կլինի:
Սպառողները շահագրգռված կլինեն դառնալ «անտոմս ուղևորներ» ու սպառել բարիքը՝ առանց դրա դիմաց վճարելու: Իսկ երբ «անտոմս ուղևորների» թիվը մեծանա, բարիքը հնարավոր է չարտադրվի (կամ արտադրվի չափազանց քիչ քանակով), նույնիսկ եթե դրա սպառումից ստացվող արժեքը գերազանցի արտադրական ծախսերը: Նման դեպքերում շուկաները չեն կարողանում բավարար քանակությամբ հանրային բարիք արտադրել և տնտեսական արդյունավետություն ապահովել: Հեղեղաջրերի վերահսկումից բացի հանրային բարիքի օրինակներ են նաև ազգային պաշտպանությունը, ոստիկանության պաշտպանության ծառայությունը և մոծակների դեմ պայքարը: Քանի որ այս ծառայությունները շուկաների միջոցով տրամադրելը դժվար է, դրանք սովորաբար տրամադրվում են պետության կողմից:
Կարևոր է նշել, որ ապրանքը հանրային բարիք է համարվում ոչ թե արտադրման ոլորտի, այլ ապրանքի առանձանահատկությունների հիման վրա: Շատերը կարծում են, որ եթե պետությունն է տրամադրում բարիքը, ապա այն հանրային է: Այդպես չէ: Պետության կողմից տրամադրվող շատ ապրանքներ ու ծառայություններ ակնհայտորեն հանրային բարիքի հատկանիշներ չունեն: Նման բարիքների օրինակներ են բժշկական ծառայությունները, կրթությունը, փոստի առաքումը, աղբահանությունը և էներգամատակարարումը: Թեև այս ծառայությունները հաճախ տրամադրվում են պետության կողմից, չվճարող սպառողներին կարելի է հեշտությամբ բացառել, և դրանք տրամադրելով որոշ մարդկանց՝ հասանելի չդարձնել մյուսների համար: Նույնիսկ զբոսայգին հանրային բարիք չէ, քանի որ ցանկության դեպքում կարելի է չվճարողների մուտքն արգելել (ինչպես, օրինակ, «Դիսնեյլենդ Փարիզ» զբոսայգու դեպքում է): Հետևաբար, թեև դրանք հաճախ պետության կողմից են տրամադրվում, սակայն հանրային բարիք չեն համարվում:
Շատ քիչ ապրանքներ և ծառայություններ կան, որոնք իսկապես հանրային են: Շատ դեպքերում հեշտ է կապ հաստատել ապրանքի կամ ծառայության վճարողի և ստացողի միջև: Եթե պաղպաղակի, ավտոմեքենայի, հեռուստացույցի, սմարթֆոնի, ջինսե տաբատի և բառացիորեն հազարավոր այլ ապրանքների դիմաց չվճարեք, մատակարարները դրանք ձեզ չեն տրամադրի, իսկ ուրիշների գնած ապրանքներից չեք օգտվի: Անձնական ապրանքների պարագայում սպառողները դժվար թե օգուտ ստանան, եթե դրանք պետության կողմից տրամադրվեն:
Արտաքին ազդեցություններ
Երբեմն անհատի կամ խմբի գործողությունները հետևանքներ են ունենում ուրիշների համար՝ առանց վերջիններիս համաձայնության ազդելով իրենց բարեկեցության վրա: Այդպիսի կողմնակի հետևանքը կոչվում է արտաքին ազդեցություն: Օրինակ՝ երբ փորձում եք դաս անել, և ձեր բնակարանային համալիրի կամ հանրակացարանի մյուս բնակիչները բարձր երաժշտություն են միացնում և շեղում են ձեզ, դա նրանց կողմից ձեր նկատմամբ գործած արտաքին ազդեցություն է: Դուք հանդիսանում եք արտաքին կողմ, որը գործարքի կամ փոխանակման մեջ ուղղակիորեն ներգրավված չէ, բայց կրում է դրա ազդեցության հետևանքը, այս դեպքում՝ բացասական:
Կողմնակի ազդեցություններն արտաքին կողմերի համար կարող են ինչպես ծախս առաջացնել, այնպես էլ օգուտ ստեղծել: Երբ կողմնակի ազդեցությունները վնասակար են, կոչվում են արտաքին ծախսեր: Քանի որ ծախսերի բեռը կրում են ակամա մասնակից դարձած կողմերը, ռեսուրսները կարող են օգտագործվել այնպիսի ապրանքներ արտադրելու համար, որոնք իրենց արտադրական ծախսերի համեմատ ավելի ցածր արժեք ունեն, որը հանգեցնում է անարդյունավետության:
Դիտարկենք թղթի արտադրությունը: Շուկայում գործող ընկերությունները ծառեր, աշխատուժ և այլ ռեսուրսներ են գնում, որպեսզի նախ ցելյուլոզ արտադրեն, ապա՝ թուղթ: Արտադրական գործընթացում կարող են մթնոլորտն աղտոտող նյութեր արտանետվել, որը գործարանների շրջակայքում ապրող բնակիչների համար ծախսեր կառաջացնի. ծծմբից գոյացող հոտ, օրգանական նյութերից գոյացող սմոգ և նույնիսկ այնպիսի աղտոտող նյութեր, որոնք կարող են վնասել շինությունների ներկը: Նման աղտոտիչները կարող են մարդկանց մոտ շնչառական և գուցե նաև որոշ այլ առողջական խնդիրներ առաջացնել:
Եթե ցելյուլոզ արտադրող գործարանի շրջակայքում ապրող բնակիչները կարողանան ապացուցել, որ իրենց վնաս է հասցվել, ապա կարող են գործարանին դատի տալ և ստիպել փոխհատուցել իրենց հասցված վնասները: Բայց հաճախ դժվար է լինում ապացուցել, որ վնաս է հասցվել, և որ դրա համար պատասխանատու է ցելյուլոզ արտադրող գործարանը: Նման դեպքերում շուկաները չեն արտացոլի նրանց կրած ծախսերը, և հետևաբար թղթի արտադրության ծախսը պակաս ցույց կտրվի: Կառաջանա անարդյունավետություն, քանի որ կարտադրվեն թղթի միավորներ, որոնց արժեքն իրենց արտադրական ծախսերից (այդ թվում՝ արտաքին ծախսերից) պակաս կլինի:
Արտաքին ծախսերը մեծ հաշվով թերի սահմանված և կիրառվող սեփականության իրավունքներն են: Քանի որ որևէ ռեսուրսի (օրինակ՝ մաքուր օդի) սեփականության իրավունքը թերի է ապահովված, ընկերությունը այդ ռեսուրսի օգտագործման ամբողջական ծախսը չի վճարում: Հետևաբար, նման ռեսուրսների կիրառմամբ ապրանքներ ու ծառայություններ արտադրելու ծախսը պակաս է ցույց տրված:
Երբեմն կողմնակի ազդեցությունները ուրիշների համար օգուտ են առաջացնում: Երբ կողմնակի ազդեցությունները նպաստում են ուրիշների բարեկեցությանը, կոչվում են արտաքին օգուտներ: Սակայն արտաքին օգուտները կարող են նաև խնդիրներ առաջացնել շուկաների համար: Եթե արտաքին օգուտներ առաջացնող անձինք կամ ընկերությունները չեն վարձատրվում, նրանք կարող են դադարեցնել որոշ միավորների արտադրությունը, նույնիսկ եթե դրանց արժեքը գերազանցում է արտադրական ծախսերը:
Օրինակ՝ ենթադրենք, որ դեղագործական ընկերությունը մահացու հարուցիչի դեմ պատվաստանյութ է մշակում: Պատվաստանյութը կարելի է հեշտությամբ վաճառել սպառողներին, որոնք անմիջականորեն օգուտ կստանան դրանից: Սակայն հաշվի առնելով հարուցիչների տարածվող բնույթը՝ պատվաստանյութ ստացող մարդկանց թիվն աճելու հետ մեկտեղ պատվաստանյութը չգնած մարդկանց՝ հարուցիչով վարակվելու հավանականությունը ևս կնվազի: Այդ դեպքում դեղագործական ընկերությունների համար շատ դժվար կլինի շահույթ ստանալ պատվաստանյութը չօգտագործած մարդկանց կողմից ստացված օգուտներից: Արդյունքում հնարավոր է՝ նրանք չափազանց քիչ քանակությամբ պատվաստանյութ արտադրեն: Հետևաբար, երբ առկա են արտաքին օգուտներ, շուկայի ուժերը հնարավոր է ավելի քիչ արտադրեն, քան անհրաժեշտ է տնտեսական արդյունավետություն ապահովելու համար:
Հավանաբար այստեղ պետք է միջամտի պետությունը: Արտաքին ծախսերի դեպքում դրանք առաջացնող գործունեության հարկումը կարող է անհատին կամ ընկերությանը դրդել կրճատել գործունեության ծավալները՝ ձգտելով հասնել արտադրողականության այնպիսի մակարդակի, որը տնտեսական արդյունավետության տեսանկյունից ավելի բարենպաստ է: Այդպես էլ արտաքին օգուտների դեպքում պետական սուբսիդավորումը կարող է խթանել արտադրությունը՝ բարձրացնելով թողարկվող արտադրանքի արդյունավետության մակարդակը:
Սակայն երբեմն արտաքին ազդեցությունների հնարավոր բացասական հետևանքները կարող են վերահսկվել առանց պետության միջամտության: Արտաքին օգուտների դեպքում ձեռնարկատերերը շահագրգռված են եղանակներ գտնել՝ իրենց գործունեությունից ուրիշների կողմից ստացված օգուտներից շահույթ ստանալու համար: Սա պարզ երևում է գոլֆի դաշտերի կառուցման օրինակում: Գոլֆի դաշտերի գեղեցկությունը և ընդարձակությունը գրավում են շատ մարդկանց, և նրանք ցանկանում են դրանց հարևանությամբ բնակվել: Հետևաբար, գոլֆի դաշտ կառուցելը սովորաբար արտաքին օգուտ է ստեղծում՝ բարձրացնելով հարևանությամբ գտնվող բնակելի տարածքների արժեքը: Վերջին տարիներին գոլֆի դաշտերի կառուցապատողները պարզել են, թե ինչպես օգուտ քաղել դրանից: Այժմ նրանք մինչև գոլֆի դաշտը կառուցելը դրան կից մեծ հողատարածք են գնում: Գոլֆի դաշտի կառուցումն ավարտելուց հետո, երբ շրջակա տարածքի հողի արժեքը բարձրանում է, նրանք այդ հողը ավելի բարձր գնով են վերավաճառում: Ընդլայնելով իրենց գործունեության շրջանակը և գոլֆի դաշտի կառուցապատման հետ մեկտեղ նաև անշարժ գույքի վաճառքով զբաղվելով՝ նրանք կարողանում են եկամուտներ ստանալ այն բանից, որն այլապես կդիտվեր որպես արտաքին օգուտ:
Ինչ վերաբերում է արտաքին ծախսերին, դրանք կարելի է վերահսկել պարզ կանոնների միջոցով: Օրինակ՝ հարևանների բարձրացրած աղմուկի կապակցությամբ բնակարանի սեփականատերերը հաճախ ուշ երեկոյան բարձր երաժշտությունն արգելող կանոններ են սահմանում, և խախտողները վտարվում են: Կարևոր դեր կարող են կատարել նաև վարվեցողության կանոնները և հասարակական նորմերը: Եթե ձեր սենյակակիցները գիտեն, որ միացված հեռուստացույցը խանգարում է ձեր ուսմանը, նրանք կարող են բարի գտնվել և անջատել այն: Ընդհանուր առմամբ մարդկանց և շրջակա միջավայրի համար վնասակար աղտոտող նյութերի արտանետումը ժամանակի ընթացքում ընկերությունների համար «սոցիալապես անընդունելի» է դարձել: Ընկերությունների վրա գնալով ավելի մեծ ճնշում է գործադրվում՝ ստիպելով ղեկավարներին լավ քաղաքացի լինել, իսկ անպատասխանատու մոտեցում ցուցաբերելու դեպքում մասնավոր վերահսկիչները, ինչպիսիք են, օրինակ, շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող խմբերը, հրապարակորեն բարձրաձայնում են նրանց գործողությունների մասին:
Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հանրային բարիքը և արտաքին ազդեցությունները կարող են խաթարել շուկաների արդյունավետ աշխատանքը: Երբ խթանների գոյություն ունեցող համակարգը հակասություն է ստեղծում անձնական շահի և առկա ռեսուրսներից առավելագույն օգուտ ստանալու հնարավորության միջև, տնտեսագետներն այդ իրավիճակն անվանում են շուկայի ձախողում: Շուկայի ձախողումը սեփական շահը հետապնդող որոշում կայացնողներին դրդում է զբաղվելու ավելի շուտ ոչ արդյունավետ, քան արդյունավետ գործունեությամբ:
Շուկայի ձախողումը հնարավորություն է ստեղծում, որ պետությունը միջամտի տնտեսական արդյունավետության բարելավմանը: Սակայն քաղաքական գործընթացը պարզապես տնտեսության կազմակերպման այլընտրանքային ձև է: Մենք պետք է ավելին իմանանք նրա մասին, թե ինչպես է գործում կազմակերպման այդ ձևը, որպեսզի այն կարելի լինի ավելի իրատեսական համեմատել շուկաների հետ:(54) Այժմ անդրադառնանք այդ թեմային:
Բաղադրիչ 3.4. Քաղաքական ճնշման գիտակցում
Քաղաքական քվեարկության միջոցով իրականացված բաշխումը հիմնովին տարբերվում է շուկայական բաշխումից:
Տնտեսագիտության առաջին դասը ռեսուրսների սակավությունն է. ցանկացողների պահանջարկն ամբողջությամբ բավարարելու համար բավարար ռեսուրսներ չկան: Քաղաքականության առաջին դասն է՝ անտեսել տնտեսագիտության առաջին դասը:(55)
Քաղաքական գործընթացը տնտեսության կազմակերպման այլընտրանքային ձև է: Այն շտկող գործիք չէ, որի վրա կարելի է հույս դնել խնդիրներ առաջանալու դեպքում արդյունավետ լուծում տալու համար: Անգամ եթե ընտրված քաղաքական պաշտոնյաները վերահսկում են այն (ի տարբերություն, ասենք, ավտորիտար ռեժիմի), հնարավոր չէ երաշխավորել, որ պետության գործողությունները արդյունավետ կլինեն: Սա հատկապես ճիշտ է այն դեպքում, երբ պետությունն սկսում է սահմանափակ ռեսուրսներն ակտիվորեն բաշխել արտոնյալ ոլորտների, ձեռնարկությունների և սոսկական շահերի խմբերի միջև: Ինչպես նշել ենք Մաս 3-ի ներածության մեջ, վերջին դարակեսում մշակված հանրային ընտրության վերլուծությունը քաղաքական որոշումների կայացման ժողովրդավարական սկզբունքի վերաբերյալ կարևոր տեղեկություն է տրամադրում:
Ակներև է, որ մեծամասնության աջակցությունն ունեցող քաղաքականությունները ոչ միշտ են նպաստում հասարակության բարեկեցությանը: Օրինակ՝ պատկերացրեք հինգ ընտրող ունեցող պարզ տնտեսություն: Ենթադրենք՝ ընտրողներից երեքը կողմ են մի նախագծի, որը նրանցից յուրաքանչյուրին 2 եվրո եկամուտ է ապահովում, սակայն մյուս երկու ընտրողներից յուրաքանչյուրի համար 5 եվրոյի զուտ ծախս է առաջացնում: Ընդհանուր առմամբ նախագիծն առաջացնում է 10 եվրո զուտ ծախս և ընդամենը 6 եվրո զուտ օգուտ է բերում: Նախագիծն անարդյունավետ է և հինգ հոգուց բաղկացած հասարակությանը վնաս կհասցնի: Չնայած դրան՝ ձայների մեծամասնությունը ստանալով, այն կընդունվեր: Եթե ընտրողների թիվը հինգի փոխարեն հինգ միլիոն կամ երկու հարյուր միլիոն լինի, վերջնական արդյունքը չի փոխվի: Ինչպես երևում է այս պարզ օրինակից, մեծամասնական քվեարկությունն ակնհայտորեն կարող է ոչ արդյունավետ նախագծերի ընդունման հանգեցնել:
Խորհուրդ է տրվում համեմատել ժողովրդավարական քաղաքական բաշխմամբ շուկաները, որը տնտեսության կազմակերպման հիմնական այլընտրանքային ձևն է: Հատկապես կարևոր է հաշվի առնել հետևյալ չորս սկզբունքը:
Առաջին. ժողովրդավարական համակարգում պետության գործողությունները մեծամասնության սկզբունքի հիման վրա են իրականացվում: Սակայն շուկայական գործունեության հիմքում փոխադարձ համաձայնությունն ու կամավոր փոխանակումն է: Ժողովրդավարական միջավայրում, երբ մեծամասնությունն ուղղակիորեն կամ ընտրված ներկայացուցիչների միջոցով որևէ քաղաքականություն է ընդունում, փոքրամասնությունը ստիպված է լինում վճարել դրա ֆինանսավորման համար, նույնիսկ եթե խիստ դեմ է այդ քաղաքականությանը: Օրինակ, եթե մեծամասնությունը քվեարկում է ֆուտբոլի նոր մարզադաշտ կառուցելու, բնակարանային սուբսիդավորման կամ ավտոարտադրող ընկերությանը դոտացիա հատկացնելու նախագծերի օգտին, ընտրողների փոքրամասնությունը ստիպված է հաշտվել և հարկեր վճարել նմանատիպ ծրագրերին աջակցելու համար: Անկախ նրանից՝ օգտվում են այդ ծրագրերից, թե ոչ, նրանք ավելի բարձր հարկեր են վճարում, եկամտի կորուստ կամ այլ վնասներ են կրում:
Հարկեր գանձելու և կարգավորումներ մտցնելու իրավասությունը թույլ է տալիս, որ մեծամասնությունն իր պայմանները թելադրի փոքրամասնությանը: Ռեսուրսները մրցակցային շուկաների միջոցով բաշխելու դեպքում նման պարտադրող ուժեր չկան: Շուկայում գործարքները տեղի են ունենում, միայն եթե բոլոր կողմերը համաձայն են: Մասնավոր ընկերությունները կարող են բարձր գին սահմանել, սակայն չեն կարող որևէ մեկին ստիպել գնել իրենց ապրանքը: Ավելին, մասնավոր ընկերությունները հաճախորդներին գրավելու համար պետք է ապրանքի գինը գերազանցող օգուտներ տրամադրեն:
Երկրորդ. ընտրողներն իրենց թեկնածուներին կամ նրանց բարձրացրած խնդիրներին ծանոթանալու բավարար խթան չունեն: Առանձին ընտրողի ձայնը գրեթե երբեք ընտրության արդյունքներում որոշիչ դեր չի խաղում: Ընտրողի՝ ընտրատեղամաս գնալու ճանապարհին կայծակնահար լինելու հավանականությունն ավելի մեծ է, քան նրա, որ իր ձայնը որոշիչ կլինի որևէ քաղաքային, տարածաշրջանային կամ ազգային ընտրություններում:
Դա հասկանալով՝ շատ ընտրողներ քիչ ժամանակ և էներգիա են ծախսում (եթե ընդհանրապես ծախսում են) թեկնածուներին և նրանց առաջադրած խնդիրներն ուսումնասիրելու և կշռադատված ընտրություն կատարելու վրա: Շատերը որոշումը պարզապես կայացնում են այլ աղբյուրներից (հեռուստացույցից, ընկերների հետ սոցիալական ցանցերում ունեցած շփումից կամ աշխատավայրում ունեցած քննարկումներից) ստացած տեղեկության հիման վրա: Հաշվի առնելով այս խթանները՝ ընտրողների մեծամասնությունը գրեթե պատկերացում չունի թեկնածուների դիրքորոշման մասին կամ նրա մասին, թե պետության գործողությունները (օրինակ՝ գյուղատնտեսության սուբսիդավորումը և առևտրի սահմանափակումները) տնտեսության վրա ինչ ազդեցություն են ունենում: Տնտեսագետներն այս երևույթն անվանում են կանխամտածված սակավագիտության արդյունք: Այսինքն, երբ ընտրողները վատ են իրազեկված, բայց տեղեկատվության այդ պակասը արդարացված է, քանի որ անհատ ընտրողի ձայնը հազվադեպ է որոշիչ լինում:
Ընտրողների՝ իրազեկված ընտրություն կատարելու թույլ խթանը խիստ տարբերվում է շուկայում սպառողների՝ իրազեկված ընտրություն կատարելու խթանից: Շուկայում սպառողներն իրենք են որոշում՝ ինչպես ծախսեն իրենց փողը և վատ ընտրություն կատարելու դեպքում անձամբ են կրում հետևանքները: Այդ փաստը նրանց ստիպում է սեփական փողը ողջամտորեն ծախսել: Երբ սպառողները որոշում են գնել ավտոմեքենա, համակարգիչ, մարզասրահի բաժանորդագրություն կամ նման այլ հազարավոր ապրանքներ կամ ծառայություններ, նրանք իրազեկվելու և կշռադատված որոշումներ կայացնելու ուժեղ խթան են ունենում:
Երրորդ. քաղաքական գործընթացը սովորաբար բոլորի համար միևնույն արդյունքն է ապահովում, մինչդեռ շուկաները բազմակողմանիություն են թույլ տալիս: Այլ կերպ ասած՝ պետական բաշխումը բոլորի համար ստանդարտ մոտեցում է ենթադրում, այնինչ շուկաները տարբեր անհատների ու խմբերի թույլ են տալիս «քվեարկել» և ստանալ նախընտրելի տարբերակները: Դա կարելի է ներկայացնել դպրոցական կրթության օրինակով: Երբ դպրոցական կրթությունը պետության կողմից տրամադրվելու փոխարեն բաշխվում է շուկայի (մասնավոր դպրոցների և տնային ուսուցման) միջոցով, որոշ ծնողներ ընտրում են այն դպրոցները, որտեղ առաջնային կարևորություն է տրվում կրոնական արժեքներին, մինչդեռ մյուսները նախընտրում են այնպիսի կրթություն, որը տալիս է հիմնական գիտելիքներ, մշակութային բազմազանություն կամ մասնագիտական կարողություններ: Առանձին գնորդներ (կամ խմբի անդամներ), որոնք պատրաստ են վճարել, կարողանում են ընտրել և ստանալ իրենց նախընտրելի կրթությունը: Շուկաները համաչափ ներկայացուցչության համակարգ են ապահովում, որն էլ ավելի շատ մարդկանց է հնարավորություն տալիս իրենց նախընտրություններին ավելի համապատասխան ապրանքներ ու ծառայություններ ստանալ: Ավելին, շուկաները նաև բացառում են այն բախումները, որոնք անխուսափելիորեն առաջանում են, երբ մեծամասնությունն իր կամքը տարբեր փոքրամասնությունների է թելադրում:
Չորրորդ. շուկան և քաղաքական որոշում կայացնողները տարբեր խթաններով են առաջնորդվում: Ինչպես արդեն քննարկել ենք, շուկայական տնտեսության շահույթ-վնաս մեխանիզմը սովորաբար ռեսուրսներն ուղղում է դեպի արդյունավետ նախագծեր և դրանք հեռացնում է անարդյունավետ նախագծերից: Սակայն քաղաքական գործընթացը չունի նման մեխանիզմ, որը կարողանա ռեսուրսները դեպի արդյունավետ գործունեություն նպատակաուղղել: Նույնիսկ քվեարկության միջոցով վերահսկելու դեպքում է այդպես: Փոխարենը, երբ ընտրված պաշտոնյաներին սահմանադրությունը չի սահմանափակում, նրանք հակված են ձայներ ստանալու ընտրողների մի մասին՝ մյուսների հաշվին արտոնություններ տրամադրելու միջոցով: Ինչպես ասում են, եթե վերցնում ես Պետրոսից ու տալիս ես Պողոսին, ուրեմն կարող ես հույսդ դնել Պողոսի օգնության վրա:
Մեծ առումով ժամանակակից քաղաքական գործընթացը կարելի է կոալիցիաների և քաղաքական գործիչների միջև «փոխանակումների» շարք համարել: Հստակ կենտրոնացված սոսկական շահերի խմբերը ապահովում են ձայներ, ֆինանսական ներդրումներ, բարձր վարձրատրվող աշխատատեղեր և աջակցության այլ ձևեր՝ սուբսիդիաների, ծախսերի ծրագրերի և օրենսդրական արտոնությունների դիմաց, որոնք հաճախ ֆինանսավորվում են հարկատուների կողմից վճարվող հարկերով: Կանխամտածված սակավագիտության արդյունքը՝ այն, որ ընտրողները նախընտրում են ժամանակ չծախսել իրազեկվելու վրա, հեշտացնում է այս գործընթացը, քանի որ օրենսդիր մարմինների պատերի ներսում այնքան բան կարող է տեղի ունենալ, որին ընտրողներն անտեղյակ են: Արդյունքում ռեսուրսներն ուղղվում են դեպի լոբբինգ և ֆավորիտիզմ պարունակող գործողություններ և հեռացվում են արտադրությունից և ավելի լավ ապրանքներ մշակելու նախագծերից:
Ինչպես բացատրել ենք նախորդ երկու բաղադրիչներում, տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ կան դեպքեր, երբ շուկաները չեն կարողանում ռեսուրսներն արդյունավետորեն բաշխել: Քաղաքական գործընթացում նույնպես այդպես է: Այլ կերպ ասած՝ ձախողվում են թե՛ պետական կառավարումը, թե՛ շուկան: Պետական կառավարումը ձախողվում է, երբ քաղաքական գործընթացի մասնակիցների դիմադրությանը բախվելով՝ խթանները նպաստում են ռեսուրսների ավելի շուտ անարդյունավետ, քան արդյունավետ օգտագործմանը: Շուկայի ձախողման պես պետական կառավարման ձախողումը ևս արտացոլում է մի իրավիճակ, որում առանձին որոշում կայացնողների համար լավագույն լուծման և ռեսուրսներից առավելագույն օգուտը ստանալու միջև հակասություն կա:
Վրաստանում տնտեսական քաղաքականության զգալի ազատականացումից հետո «Վարդերի հեղափոխության» կազմակերպիչները գիտեին, որ նույնիսկ ժողովրդավարական և ազատական կողմնորոշմամբ իշխանությունը կարող է անարդյունավետ գործունեություն ծավալել: Այդ պատճառով 2010թ. սահմանադրության մեջ կատարվեցին փոփոխություններ, որոնք սահմանափակում էին կառավարության դերը տնտեսության մեջ: Հոդված 94-ով սահմանվում էր՝ ինչ հարկեր են թույլատրելի (հարկատեսակների քանակը և համապատասխան հարկադրույքները), իսկ հարկադրույքները փոխելու կամ նոր հարկատեսակներ սահմանելու իրավասությունը վերապահվում էր ժողովրդին՝ հանրաքվեի միջոցով: Ավելին, «Ազատության օրենք» կոչվող սահմանադրական օրենքի համաձայն՝ պետական բյուջեի պակասուրդը չպետք է գերազանցեր ՀՆԱ-ի 3%-ը, իսկ պետական պարտքը՝ ՀՆԱ-ի 60%-ը: Սակայն ժամանակի ընթացքում իշխանությունը փոխվեց, և Խորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցությունը փոփոխություններ նախաձեռնեց, որոնցով նախատեսվում էր հանել այդ սահմանափակումը և վերականգնել նոր հարկեր սահմանելու և (կամ) գործող հարկադրույքները փոփոխելու իրավասությունը: Հաջորդ բաժիններում ավելի մանրամասն կվերլուծենք ժողովրդավարական քաղաքական գործընթացը և կդիտարկենք այն փոփոխությունները, որոնք կարող են պետությանն օգնել տնտեսական աճ և բարեկեցություն ապահովել:
Բաղադրիչ 3.5. Սոսկական շահերի խմբերի ազդեցությունը սահմանափակող կանոնների ընդունում
Եթե սահմանադրական կարգով սոսկական շահերի խմբերի նկատմամբ սահմանափակումներ կամ այլ խիստ կանոններ չկիրառվեն, նրանք ժողովրդավարական քաղաքական գործընթացը կօգտագործեն` ուրիշների հաշվին պետական աջակցություն ստանալու համար:

«Սիրելի՛ս, չես պատկերացնի, թե հենց նոր ինչ տեղի ունեցավ: Աշխատանքից տուն գալու ճանապարհիս ինձ սոսկական շահերի մի քանի քողարկված, բայց հզոր խումբ կաշառեց»:
Ժողովրդավարական ճանապարհով ընտրված պաշտոնյաները կարող են հաճախ օգուտ ստանալ՝ աջակցելով այն քաղաքականություններին, որոնք հասարակության հաշվին արտոնություններ են տալիս սոսկական շահերի խմբերին: Դիտարկենք մի քաղաքականություն, որը հարկատուների և սպառողների ավելի լայն շահերի հաշվին զգալի անձնական շահ է ապահովում լավ կազմակերպված խմբի (օրինակ՝ բիզնեսի շահերը ներկայացնող ասոցիացիայի, արհեստակցական միության կամ գյուղատնտեսական որևէ խմբի) անդամների համար: Թեև հարկատուների և սպառողների ընդհանուր թվի հետ համեմատած՝ կազմակերպված շահերի խմբի անդամների թիվն ավելի փոքր է, յուրաքանչյուր անդամ, ըստ երևույթին, օրենսդրությունից ավելի մեծ անձնական շահ է ակնկալում: Եվ հակառակը. թեև մեծ թվով հարկատուների և սպառողների վնաս է հասցվում, յուրաքանչյուրի կրած ծախսը փոքր է, իսկ ծախսի առաջացման աղբյուրը պարզելը հաճախ դժվար է:
Քանի որ շահերի խմբի անդամների անձնական շահը մեծ է, նրանք դաշինքներ կազմելու և թեկնածուներին ու օրենսդիրներին խնդրի վերաբերյալ իրենց ունեցած հստակ տեսակետը հաղորդելու մեծ խթան ունեն: Շահերի խմբի անդամներն իրենք են որոշում ում օգտին քվեարկել և ում ֆինանսական աջակցություն տրամադրել՝ գրեթե բացառապես հիմնվելով քաղաքական գործչի՝ խմբի անդամների համար հատուկ կարևորություն ունեցող մի քանի խնդիրների շուրջ դիրքորոշման վրա: Եվ հակառակը. ինչպես ցույց է տալիս կանխամտածված սակավագիտության արդյունքը, ընտրողների մեծ մասը սովորաբար իրազեկված չէ, և նրանց այնքան էլ չեն հուզում սոսկական շահերի խնդիրները, քանի որ դրանցից յուրաքանչյուրը չնչին չափով է ազդում իրենց անձնական բարեկեցության վրա:
Ի՞նչ կանեիք, եթե քաղաքական գործիչ լինեիք, որն ուզում է ընտրողների ձայներ հավաքել: Եթե հիմնականում չիրազեկված և չկազմակերպված մեծամասնության շահերը պաշտպանեիք, ակնհայտորեն ձեր նախընտրական քարոզարշավը մեծ աջակցություն չէր ստանա: Բայց կարող եք թունդ աջակիցներ ձեռք բերել ընտրողների շրջանում, նախընտրական շտաբ ունենալ և ամենակարևորը՝ դրամական նվիրատվություններ ստանալ քարոզարշավի համար, եթե պաշտպանեք սոսկական շահերի խմբերի դիրքորոշումը: Մեր ժամանակներում, երբ ակտիվ մեդիա-քաղաքականություն է իրականացվում, քաղաքական գործիչների վրա մեծ ճնշում է գործադրվում. նրանք ստիպված են աջակցել սոսկական շահերի խմբերին, նրանց խնդրել միջոցներ տրամադրել նախընտրական քարոզարշավին և այդ միջոցներն օգտագործել հեռուստատեսությամբ և համացանցում դրական թեկնածուի կերպար ստեղծելու համար: Քաղաքական գործիչները, որոնք չեն ցանկանում մտնել այդ խաղի մեջ, այսինքն՝ չեն ցանկանում պետական միջոցներով լավ ծառայություններ մատուցել կազմակերպված շահերի խմբերին և այդպիսով քաղաքական աջակցություն ստանալ, դժվար կացության մեջ են հայտնվում: Այս խթանները հաշվի առնելով՝ քաղաքական գործիչները, որոնց կարծես ղեկավարում է անտեսանելի ձեռքը, առաջ են տանում սոսկական շահերի խմբերի դիրքորոշումները՝ չնայած նրան, որ հաճախ դրա արդյունքում իրականացվում են այնպիսի քաղաքականություններ, որոնք ընդհանուր առմամբ բոլոր ընտրողների համար առաջ են բերում ռեսուրսների վատնում և իջեցնում են մարդկանց կենսամակարդակը: Տնտեսագետները քաղաքական գործընթացի այդպիսի կանխակալությունն անվանում են սոսկական շահերի ազդեցություն:
Սոսկական շահերի խմբերի ազդեցությունն այնուհետև մեծանում է քաղաքական փոխծառայության և օրինական ընտրակաշառքի հետևանքով: Քաղաքական փոխծառայությունն այն է, երբ քաղաքական գործիչները ցանկալի օրենք անցկացնելու համար անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով ձայներ են փոխանակում: Օրինական ընտրակաշառքը միմյանց հետ առնչություն չունեցող, սակայն սոսկական շահերի տարբեր խմբերին օգուտ բերող ծրագրերի միավորումն է մեկ օրենքում: Թե՛ քաղաքական փոխծառայության, թե՛ օրինական ընտրակաշառքի դեպքում հաճախ հնարավոր է, որ օրենսդիր մարմնի կողմից կենտրոնացված շահերին ծառայող ոչ արդյունավետ ծրագրեր հաստատվեն:
Գծապատկեր 19-ում պատկերված է, թե փոխծառայության քաղաքականությունը և ձայների փոխանակումն ինչպես են ուժեղացնում սոսկական շահերի ազդեցությունը և հանգեցնում ոչ արդյունավետ նախագծերի ընդունման: Այս պարզ օրինակում հինգ անդամից բաղկացած օրենսդիր մարմինը քննարկում է երեք նախագիծ. 1) մարզադաշտի կառուցում «Ա» տարածքում, 2) փակ արևադարձային անտառի կառուցում «Բ» տարածքում և 3) էթանոլի արտադրության սուբսիդավորում, որն օգուտներ է ապահովելու «Գ» տարածքի եգիպտացորեն աճեցնող գյուղատնտեսների համար: Աղյուսակում ներկայացված է յուրաքանչյուր տարածքի բնակիչների զուտ օգուտը կամ ծախսը, այսինքն՝ տարածքի բնակիչների օգուտի և նրանցից գանձվող հարկային ծախսի տարբերությունը: Ծանոթություն. յուրաքանչյուր նախագծից ստացվող զուտ օգուտների գումարը բացասական է: Քանի որ բոլոր ընտրողներին բաժին ընկնող ընդհանուր ծախսը 20 եվրոյով գերազանցում է օգուտները, նախագծերից ոչ մեկն արդյունավետ չէ:
Եթե այս ոչ արդյունավետ նախագծերը դրվեին առանձին քվեարկության, դրանցից յուրաքանչյուրը չորս «դեմ» և մեկ «կողմ» ձայն կհավաքեր, և ոչ մեկն էլ չէր ընդունվի, քանի որ օգուտ կստանար միայն մեկ տարածք, իսկ մյուս չորսը կտուժեին: Սակայն երբ նախագծերը միավորվեն քաղաքական փոխծառայության («Ա», «Բ» և «Գ» տարածքների ներկայացուցիչները կարող էին ձայներ փոխանակելու համաձայնության գալ) կամ օրինական ընտրակաշառքի (բոլոր երեք ծրագրերը միավորվում են մեկ օրինագծում) միջոցով, բոլորն էլ կընդունվեն՝ չնայած այն փաստին, որ բոլորն էլ անարդյունավետ են: Սա ակնհայտ է, քանի որ ընդհանուր համախառն զուտ օգուտը «Ա», «Բ» և «Գ» տարածքների ներկայացուցիչների համար դրական է: Հաշվի առնելով ընտրողների իրազեկ լինելու թույլ խթանը՝ շահադիտական աջակցության քաղաքականությունից և սոսկական շահերին ծառայող այլ քաղաքականություններից տուժածները դժվար թե տեղյակ լինեն այդ նախագծերի մասին: Հետևաբար, սոսկական շահերի նախագծերին, այդ թվում՝ ոչ արդյունավետ նախագծերին աջակցելու խթանը նույնիսկ ավելի ուժեղ է, քան երևում է գծապատկեր 19-ում ներկայացված պարզ թվային օրինակից:
Գծապատկեր 19. Ձայների փոխանակում և անարդյունավետ օրենքների ընդունում
Հավասար բնակչությամբ տարածքների ընտրողների զուտ օգուտներ (+) կամ ծախսեր (-) | ||||
Տարածքների ձայներ | Մարզադաշտ | Փակ արևադարձային անտառ | Էթանոլի սուբսիդավորում | Ընդամենը |
Ա | €100 | -€30 | -€30 | €40 |
Բ | -€30 | €100 | -€30 | €40 |
Գ | -€30 | -€30 | €100 | €40 |
Դ | -€30 | -€30 | -€30 | -€90 |
Ե | -€30 | -€30 | -€30 | -€90 |
Ընդամենը | -€20 | -€20 | -€20 | -€60 |
Շուկայական փոխանակումը երկկողմանի շահավետ, դրական արդյունքով գործարք է. երկու կողմերն օգուտ են ակնկալում, այլապես գործարքը տեղի չի ունենա: Ի տարբերություն դրան՝ «քաղաքական գործարքը» կարող է միակողմանի շահավետ լինել և ունենալ բացասական արդյունք, որտեղ ընտրողների մեծամասնությունը շահում է, բայց փոքրամասնությունն ավելի շատ է կորցնում: Այստեղ չկա երաշխիք, որ շահողների օգուտները կգերազանցեն մյուսներին պատճառած վնասները:
Անսանձ քաղաքական գործընթացի՝ լավ կազմակերպված խմբերին արտոնություններ տրամադրելու միտումը ցույց է տալիս «տնտեսական կարկանդակի» չափը նվազեցնող մեծ թվով ծրագրերի առկայության պատճառը: Դիտարկենք Ամերիկայի մոտ 20 000 շաքար արտադրողների օրինակը: Տարիներ շարունակ ամերիկացի սպառողները շաքարի համար միջազգային գնից 50-100%-ով բարձր գին են վճարել, որի պատճառը դաշնային կառավարության իրականացրած գների աջակցման ծրագիրը և մեծ սահմանափակումներ մտցնող քվոտաներն էին, որոնք խոչընդոտել են շաքարի ներմուծմանը: Այդ ծրագրերի արդյունքում շաքար արտադրողները ընդհանուր մոտ 1.7 միլիարդ դոլար կամ յուրաքանչյուրը՝ մոտ 85 000 դոլար շահույթ են ունեցել: Այդ օգուտների մեծ մասը բաժին է ընկել խոշոր արտադրողներին, որոնց եկամուտները միջին ազգային եկամտից բավականին բարձր են: Մյուս կողմից՝ շաքար սպառողները շաքարի բարձր գների տեսքով ընդհանուր 2.9 - 3.5 միլիարդ դոլար կամ յուրաքանչյուր տնային տնտեսություն՝ մոտ 25 դոլար են վճարել:(56) Արդյունքում ամերիկացիները վնաս են կրել, քանի որ իրենց ռեսուրսներն այնպիսի արտադրանքի արտադրության մեջ են վատնվել, որն արտադրելը ամերիկացիների համար շահավետ չէ և որն առևտրի միջոցով զգալիորեն ավելի ցածր գնով կարելի էր ձեռք բերել:
Այնուամենայնիվ, Կոնգրեսը շարունակում է աջակցել շաքարի ծրագիրը, և պարզ է, թե ինչու: Հաշվի առնելով իրենց անձնական բարեկեցության վրա ունեցած զգալի ազդեցությունը՝ շաքար աճեցնողների, հատկապես՝ խոշոր արտադրողների համար, շատ նպատկահարմար է իրենց հարստությունն ու քաղաքական ազդեցությունն օգտագործել այն քաղաքական գործիչներին սատարելու համար, որոնք պաշտպանում են իրենց շահերը: Նրանք հենց դա էլ անում են: Ամենավերջին քառամյա ընտրաշրջանի ընթացքում շաքարի արտադրության լոբբիստներն ավելի քան 16 միլիոն դոլար նվիրաբերեցին թեկնածուների քարոզարշավին և քաղաքական ագիտացիա իրականացնող հանձնաժողովներին: Այս ընտրաշրջանի ընթացքում միայն American Crystal Sugar Company-ն Կոնգրեսի 221 անդամի 1.3 միլիոն դոլար է հատկացրել և ևս 1.4 միլիոն դոլար ծախսել է Կոնգրեսի լոբբինգի համար: Իսկ միջին վիճակագրական ընտրողի համար քվեարկելուց առաջ այս խնդրի ուսումնասիրությամբ զբաղվելն ու դրան մեծ կարևորություն տալը տրամաբանական չի լինի: Իրականում ընտրողների մեծ մասը տեղյակ չէ, որ փող է ծախսում այս ծրագրի վրա: Այդ պատճառով քաղաքական գործիչները շարունակում են օգուտ ստանալ շաքարի արտադրության ոլորտի սուբսիդավորումից՝ նույնիսկ հաշվի չառնելով այն, որ այդ քաղաքականությունը ռեսուրսներ է վատնում և բացասաբար է անդրադառնում բնակչության կենսամակարդակի վրա:
Կարելի է ասել, որ ժամանակակից քաղաքականության հիմնական խնդիրը հետևյալն է. հասարակությունից կորզել ռեսուրսներ և դրանց միջոցով լավ կազմակերպված ընտրական բլոկերի համար բարենպաստ պայմաններ ստեղծել՝ ձայների մեծամասնությունը շահելու համար: Օրինակները բազմաթիվ են: Ողջ աշխարհում հարկատուները և սպառողներն իրենց եկամուտները ծախսում են իրենց երկրի որոշակի ոլորտների և դրանով իսկ՝ սոսկական շահերի խմբերին աջակցելու համար: Զավեշտալի է, որ «հանուն հավասարության» կարգախոսն ունեցող սուբսիդավորման ծրագրերը գրեթե երբեք չեն իրագործում այդ նպատակը և հաճախ հակառակ արդյունքն են տալիս։ 2014թ. Եգիպտոսի սննդարդյունաբերության ոլորտի սուբսիդավորումների 20%-ից քիչ մասն օգուտ տվեց աղքատ բնակչությանը: Բենզինի սուբսիդավորումը շատ երկրներում նպաստավոր է միջին դասի համար, քանի որ աղքատ մարդիկ կամ ոտքով են տեղաշարժվում, կամ հասարակական տրանսպորտով: Հնդկաստանում ամենաաղքատ բնակչությանը բաժին է ընկնում գյուղական համայնքներին հատկացվող հեղուկացված նավթային գազի սուբսիդավորման 0.1%-ը, մինչդեռ 52.6%-ը բաժին է ընկնում ամենահարուստներին: Աշխարհի ամենաաղքատ բնակչության 20%-ին բաժին է ընկնում բնական վառելիքի սուբսիդավորման առավելագույնը 20%-ը:(57) Թեև այս ծրագրերը չնչին վնաս են հասցնում տնտեսություններին, միասին վերցրած՝ դրանք մեծացնում են պետական բյուջեի պակասուրդը, վատնում են ռեսուրսները և զգալիորեն նվազեցնում մարդկանց կենսամակարդակը: Սոսկական շահերի խմբերի քաղաքական ազդեցությամբ է բացատրվում որոշակի ապրանքների ուղղակի սուբսիդավորումը, դրանց համար մաքսատուրքերի կամ քվոտաների սահմանումը: Այդ տեսակի բոլոր ծրագրերը քաղաքական տեսանկյունից նպատակահարմար են ավելի շուտ սոսկական շահերի ազդեցության, քան բնակչությանն օգուտ տալու համար:
Սոսկական շահերի ազդեցությունը միտում ունի նաև ճնշելու նորարարությունն ու մրցակցային գործընթացը: Ավելի հին և կայացած ընկերություններն ավելի մեծ քաղաքական ներդրումներ են կատարել, ավելի լավ են տիրապետում լոբբինգի մեթոդներին և ավելի սերտ հարաբերություններ են հաստատել ազդեցիկ քաղաքական գործիչների հետ: Ակնհայտորեն, ավելի կայացած ընկերությունները, ի տարբերություն նոր հիմնադրված, սկսնակ ընկերությունների, սովորաբար ավելի մեծ քաղաքական տանիք են ունենում, և իրենց այդ մեծ ազդեցությունը կօգտագործեն, որպեսզի արգելեն նորարար մրցակիցների մուտքը շուկա:
Դիտարկենք Uber ընկերության փորձը, որը տեխնոլոգիաների միջոցով հետաքրքրված վարորդներին կապում է ցամաքային տրանսպորտի պոտենցիալ ուղևորների հետ: Ցամաքային տրանսպորտ փնտրող ուղևորներն իրենց սմարթֆոնների Uber հավելվածի միջոցով ավտոմեքենա են պատվիրում, և հավելվածն անմիջապես ցուցադրում է՝ քանի րոպեից մեքենան կմոտենա: Uber-ը պոտենցիալ ուղևորներին թույլ է տալիս նաև կարծիք հայտնել վարորդի մասին և հակառակը: Տեխնոլոգիան կրճատում է գործարքի ծախսերը, և գործընթացը հաճախ ավելի արագ ու ավելի էժան գնով է տեղի ունենում, քան ավանդական տաքսի ծառայությունից օգտվելու դեպքում: Մինչ Uber-ը փորձում էր մուտք գործել աշխարհի մեծ քաղաքների շուկաները, ավանդական տաքսի ծառայությունների ոլորտը պայքարում էր և հաճախ հասնում էր նրան, որ ընդունվում էին Uber-ի և այս շուկան մտնել ցանկացող նմանատիպ ընկերությունների կողմից օգտագործվող տեխնոլոգիայի կիրառումն արգելող օրենքներ:(58) Արդյունքում նորարարական տեխնոլոգիայի կիրառումից և առևտրի ծավալների մեծացումից օգուտներ ստանալու գործընթացը դանդաղեց:
Էլեկտրոմոբիլներ արտադրող Tesla ընկերության փորձը ևս մեկ օրինակ է այն բանի, որ շուկայում գործող արտադրողները քաղաքական գործընթացն օգտագործում են՝ նորեկի մուտքը շուկա արգելելու համար: Tesla-ի բիզնես մոդելը ավտոմեքենաներն անմիջապես սպառողներին վաճառելու վրա էր հիմնված: Բայց կայացած ավտոդիլերների մի լավ կազմակերպված խումբ նահանգների օրենսդիր մարմիններին լոբբինգի ենթարկեց՝ պահանջելով ընդունել օրենք, որն արգելում էր արտադրողներին իրենց արտադրած ավտոմեքենաներն անմիջապես սպառողներին վաճառելը: Նահանգների մոտ կեսը այդպիսի ուղղակի վաճառքներն արգելող օրենքներ ընդունեց: Այդ օրենքները շատ ավելի դժվարացրին Tesla-ի մուտքը ավտոարտադրության ոլորտ:
Հետաքրքիրն այն է, որ Tesla ընկերության զարգացման հիմքում ընկած էր պետության ֆավորիտիզմը: Tesla-ն ԱՄՆ-ի դաշնային կառավարությունից միլիոնավոր դոլարների սուբսիդավորում է ստացել (դրամաշնորհների, պետական երաշխավորությամբ վարկերի և հարկային արտոնությունների տեսքով), որպեսզի մշակի և արտադրի իր Model S լյուքս դասի էլեկտրոմոբիլը, որի վաճառքի գինը 100 000 ԱՄՆ դոլարից ավելի է: 2014թ. Նևադա նահանգը Tesla ընկերությանը տրամադրեց 1.3 միլիարդ արժողությամբ սուբսիդավորման փաթեթ՝ Ռինո քաղաքի մերձակայքում մարտկոցների արտադրության գործարան կառուցելու համար: Tesla-ն տասը տարով ազատվում է եկամտահարկից կամ գույքահարկից և քսան տարով՝ շրջանառության հարկից և ստանում է 195 միլիոն դոլարի «փոխանցման իրավունքով հարկային արտոնություն», որը կարող է վաճառվել այլ ընկերությունների՝ Նևադա նահանգում իրենց հարկային պարտավորությունները մարելու համար:(59) Հավանաբար այստեղից դաս կարելի է քաղել. կլանային ընկերությունները, որոնք գոյատևում են պետական ֆավորիտիզմի շնորհիվ, երբեմն պարտվում են այլ կլանային ընկերությունների, որոնք առավել ազդեցիկ քաղաքական տանիք ունեն:
Միացյալ Նահանգների Սահմանադրության հեղինակները քաջատեղյակ էին սոսկական շահերի խմբերի ազդեցությունից բխող խնդիրներին: Շահերի խմբերը նրանք անվանել են «ֆրակցիաներ»: Նրանք Սահմանադրության հոդված I-ի բաժին 8-ում փորձում էին սահմանափակել ֆրակցիաների կողմից ճնշումը. ըստ այդ դրույթի՝ ընդհանուր պաշտպանությանը և համընդհանուր բարեկեցությանը նպաստող ծրագրերի համար Կոնգրեսը միայն պարզեցված հարկ պետք է գանձեր: Այդ դրույթով նախատեսված էր բացառել բնակչության ենթախմբերին արտոնություններ տրամադրելու նպատակով ընդհանուր հարկային եկամտի օգտագործումը: Սակայն տարիների ընթացքում դատական որոշումները և օրենսդրական ակտերը փոխեցին դրա իմաստը: Ներկայիս մեկնաբանությամբ Սահմանադրությունն այժմ չի սահմանափակում լավ կազմակերպված սոսկական շահերի խմբերի քաղաքական ազդեցությունը:
Բաղադրիչ 3.6. Խուսափել չափից շատ ծախսելուց և պակասուրդից
Եթե սահմանադրական կարգը կամ այլ խիստ կանոններ չարգելեն, օրենսդիր մարմինները բյուջեի պակասուրդ կունենան և չափից շատ կծախսեն:
Պարտատոմսերի միջոցով ծախսերի ֆինասավորումը պետք է որ ակնհայտորեն գրավիչ լինի ընտրված քաղաքական գործիչների համար: Փոխառությունները թույլ են տալիս կատարել ծախսեր, որոնք անմիջական քաղաքական օգուտներ են ապահովում՝ առանց անմիջական քաղաքական ծախսեր պահանջելու:(60)
Երբ պետության ծախսերը գերազանցում են եկամուտները, առաջանում է բյուջեի պակասուրդ: Բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար պետությունը սովորաբար տոկոսային եկամտաբերությամբ պարտատոմսեր է թողարկում: Այդ պարտատոմսերը կազմում են պետական պարտքը: Բյուջեի տարեկան պակասուրդը պետական պարտքի ծավալը մեծացնում է պակասուրդի գումարի չափով: Եվ հակառակը. երբ պետության եկամուտները գերազանցում են ծախսերը, առաջանում է բյուջեի հավելուրդ: Այս դեպքում պետությունը կարողանում է վճարել պարտատոմսատերերին և այդպիսով կրճատել առկա պարտքը: Ընդհանուր առմամբ, պետական պարտքը բյուջեի նախորդ տարիների պակասուրդների և հավելուրդների գումարային արդյունքն է:
Մինչև 1960 թվականը տնտեսագետների շրջանում համակարծություն էր տիրում, որ թեև պարտքերը պատերազմների ժամանակ սովորաբար մեծանում են, կառավարությունը պարտավոր է բյուջեն հավելուրդով կատարել և պարտքերը հնարավորինս արագ մարել: Պարտքի կրճատման երեք խոշոր դեպք է եղել պատմության մեջ. Միացյալ Թագավորությունում՝ Նապոլեոնի պատերազմներին հաջորդած դարում, Ֆրանսիայում՝ ֆրանս-պրուսական պատերազմից հետո և Միացյալ Նահանգներում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո։
Քեյնսյան հեղափոխությունն այս ամենը փոխեց: Անգլիացի տնտեսագետ Ջոն Մեյնարդ Քեյնսը մի տեսություն մշակեց, որը ոչ միայն բացատրում էր Մեծ ճգնաժամի երկարատևության և ծանրության աստիճանը, այլև ապագայում նման իրավիճակները կանխելու միջոցներ էր առաջարկում: 1940-ականների և 1950-ականների ընթացքում քեյնսյան տեսակետը մեծ տարածում գտավ ոչ միայն տնտեսագիտության մեջ, այլև շուտով սկսեց գերիշխել մտավորական և քաղաքական առաջնորդների մտածողության մեջ: Քեյնսյան վերլուծության համաձայն՝ պետական ծախսումները և բյուջեի պակասուրդը կարելի էր օգտագործել առավել կայուն տնտեսություն ունենալու համար: Քեյնսականները պնդում էին, որ բյուջեն հավասարակշռելու փոխարեն պետությունը պետք է տնտեսական անկման ժամանակաշրջանում վերահսկի բյուջեի պակասուրդը, իսկ գնաճի արագանալու դեպքում՝ անցնի բյուջեի հավելուրդի:
Թեև քեյնսյան հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետությունը վիճելի է, երկրների մեծ մասի բյուջեի վրա դրա ազդեցությունն ակնհայտ է: Ազատվելով բյուջեի հավասարակշռման պարտավորությունից՝ քաղաքական գործիչները շարունակ ավելի շատ էին ծախսում, քան հարկերի տեսքով ակնկալվող եկամուտներն էին: 1995թ. սկսած՝ քսաներկու տարվա ընթացքում Հունաստանի պետական բյուջեն քսան անգամ պակասուրդ է ունեցել և երկու անգամ՝ հավելուրդ: Գծապատկեր 20-ը ցույց է տալիս Հունաստանի պետական բյուջեի պակասուրդի փոփոխությունները՝ չափված տվյալ ժամանակահատվածում ՀՆԱ-ում ունեցած իր տեսակարար կշռով: Պակասուրդը տնտեսական անկումների ժամանակաշրջանում ավելի մեծ է եղել, հատկապես՝ 2008-2009թթ. ֆինանսական ճգնաժամի տարիներին: Պետական բյուջեի պակասուրդը մինչև ֆինանսական ճգնաժամը միջինում կազմել է ՀՆԱ-ի 6.5%-ը, իսկ պակասուրդի վերահսկման ժամանակահատվածը անհամեմատ կարճ է եղել: Հունաստանը կարողացել է բյուջեի հավելուրդ գրանցել միայն 2016 և 2017 թվականներին:
Պակասուրդները մեծացնում են պետական պարտքը: Պետական պարտքի ՀՆԱ-ում ունեցած կշիռը Հունաստանում 1995թ. 97%-ից աճել է՝ հասնելով 134%-ի 2009թ. և 183%-ի 2015թ.: Եվրամիությունում Հունաստանի պետական պարտքն ամենամեծն է: Հունաստանից բացի կա ևս չորս եվրոպական երկիր, որոնց պետական պարտքը գերազանցում է տարեկան տնտեսական արդյունքի 100%-ը (Բելգիա, Կիպրոս, Պորտուգալիա և Իտալիա):(61)
Զարմանալի չէ, որ քաղաքական առումով նպատակահարմար է ծախսերը ոչ թե հարկերի, այլ փոխառությունների միջոցով ֆինանսավորել: Դա արտացոլում է այսպես կոչված անհեռատեսության ազդեցությունը, երբ ընտրված պաշտոնյաները հակված են աջակցելու այնպիսի նախագծերի, որոնք անմիջապես զգալի օգուտներ են բերում այն ծախսերի հաշվին, որոնք կարելի է տեղափոխել ապագա և որոնք դժվար է որոշել: Օրենսդիրները շահագրգռված են փողն այն ծրագրերին ուղղել, որոնք օգուտ են բերում իրենց ընտրատարածքի ընտրողներին և սոսկական շահերի խմբերին, որոնց օգնությամբ նրանք կվերընտրվեն: Նրանք չեն սիրում հարկեր գանձել, քանի որ հարկերն ընտրողների համար տեսանելի ծախս են: Պարտքը ընթացիկ հարկերի այլընտրանքային ձև է. այն պետության տեսանելի ծախսը տեղափոխում է ապագա: Բյուջեի պակասուրդը և փոխառությունները քաղաքական գործիչներին թույլ են տալիս անմիջական օգուտներ ապահովել ընտրողների համար՝ առանց բարձր հարկադրույքներ սահմանելու: Հետևաբար, պակասուրդը ժողովրդավարական քաղաքականության բնական արդյունքն է, որը բյուջեի հավասարակշռությունը պահպանելու պարտավորություն չի պահանջում:
Գծապատկեր 20. Հունաստանի պետբյուջեի ընդհանուր պակասուրդի և հավելուրդի մասնաբաժինը ՀՆԱ-ում, 1995-2017թթ.
Առանց սահմանափակումների քաղաքական գործընթացը ձեռնտու է լավ կազմակերպված շահերի խմբերին, իսկ քաղաքական գործիչներին այն դրդում է ավելացնել ծախսերը՝ որոշների համար մեծամասնության հաշվին օգուտներ ապահովելով: Օրինակ` օրենսդիր մարմնի յուրաքանչյուր անդամ շահագրգռված է պայքարել այն ծախսերի համար, որոնք իր ընտրազանգվածի համար շահավետ են: Եվ հակառակը. օրենսդիրը որպես ծախսերի վերահսկիչ հանդես գալու մեծ շահագրգռվածություն չունի: Պատճառները երկուսն են: Առաջին. ստանձնելով վերահսկչի դերը՝ խորհրդարանի անդամը բոլոր գործընկերներին իր դեմ կտրամադրի, քանի որ ծախսերի սահմանափակումը նրանց համար կբարդացնի իրենց ընտրատարածքներում հատուկ ծրագրեր իրականացնելը: Խորհրդարանի մյուս անդամները պատասխան միջոցներ կձեռնարկեն՝ հրաժարվելով վերահսկչի ընտրատարածքի համար նախատեսված ծախսային ծրագրերին աջակցելուց: Երկրորդ. ավելի կարևորն այն է, որ ծախսերի կրճատման օգուտները և պակասուրդի նվազեցումները (օրինակ՝ հարկադրույքների իջեցումը), որոնց ձգտում է հասնել վերահսկիչը, հավասարապես կտարածվեն մյուս ընտրատարածքների ընտրողների վրա: Հետևաբար, նույնիսկ եթե վերահսկիչը հաջողության հասնի, նրա ընտրատարածքի ընտրողներին այդ օգուտների միայն մի փոքր մաս բաժին կընկնի:
Հետևյալ օրինակը գուցե օգնի բացատրել, թե ինչու է բոլոր երկրների խորհրդարանների համար պետական ծախսերը և բյուջեի պակասուրդը վերահսկողության տակ առնելն այդքան բարդ: Ուկրաինայի Գերագույն ռադան (Ուկրաինայի խորհրդարանը) 450 պատգամավոր ունի: Ենթադրենք՝ այդ 450 հոգին գնում է ընթրելու՝ իմանալով, որ ընթրիքից հետո նրանցից յուրաքանչյուրը հաշվի գումարի 1/450-րդ մասն է վճարելու: Ոչ ոք չի մտածում քիչ պատվիրելու մասին, քանի որ մեկ հոգու պատվերը չնչին չափով կազդի ընդհանուր հաշվի գումարի վրա: Ինչո՞ւ որպես նախուտեստ ծովախեցգետին չպատվիրել, որպես հիմնական ուտեստ՝ սթեյք և օմար, իսկ աղանդերին կարելի է մի մեծ կտոր չիզքեյք ուտել: Ի վերջո՝ լրացուցիչ ծախսն ընդհանուր հաշվում յուրաքանչյուրի վճարելիք գումարը միայն մի քանի ցենտով կավելացնի: Օրինակ` եթե ընթրիքի մասնակիցներից մեկը թանկ ուտեստ պատվիրեր և ընթրիքի ընդհանուր հաշվի գումարն ավելանար 45 եվրոյով, այդ մասնակցի վճարելիք գումարը 10 ցենտից պակաս կլիներ (45 եվրոյի 1/450-րդ մասը): Ինչպիսի շահավետ գործարք: Իհարկե, նա նույնպես պետք է վճարեր ընթրիքի մյուս 449 մասնակիցների չափազանց թանկ պատվերների համար: Բայց իրականում կարևոր չէ, թե ով ինչ է պատվիրում: Արդյունքում բոլորը պատվիրում են թանկ ուտեստներ և վճարում են լրացուցիչ պատվերների համար, որոնց արժեքը ընդհանուր ծախսի համեմատ չնչին է:(62)
Այստեղ նկարագրված խթանային համակարգը բացատրում է, թե պակասուրդի ֆինանսավորումը քաղաքական գործիչների համար ինչու է այդքան գրավիչ: 2008-2015թթ. յոթնամյա ժամանակահատվածում Եվրամիության անդամ-երկրների բյուջեի պակասուրդի հետևանքով ԵՄ պարտքի կշիռը ՀՆԱ-ում աճեց ավելի քան 30 տոկսային կետով: Ավելին, սոցիալական ապահովության ծրագրերով տարեց քաղաքացիներին խոստացված նպաստները զգալիորեն գերազանցում են այդ նպաստների ֆինանսավորման համար նախատեսված եկամտահարկից ստացվող եկամուտները: Չֆինանսավորվող այս պարտավորությունները պարտքի մեկ այլ ձև են: Սոցիալական ապահովությունը 2016թ. ԵՄ բոլոր անդամ-երկրներում ընդհանուր պետական ծախսերի ամենամեծ մասնաբաժինն է կազմել (ամենամեծ ծախսերը Ֆինլանդիան է ունեցել` ՀՆԱ-ի 25.6%-ը):(63) Քանի որ աշխատունակ բնակչության թիվը նվազում է, իսկ թոշակառուների թիվն ավելանում(64), սոցիալական ապահովության նպաստների ծախսերը կգերազանցեն դրանց ֆինանսավորմանն ուղղվող եկամուտները՝ էլ ավելի վատթարացնելով ԱՄՆ-ի պետական պարտքի վիճակը:
Ի՞նչ տեղի կունենա, եթե ԵՄ անդամ-երկրների կառավարությունները չվերահսկեն իրենց ֆինանսական համակարգը: Երբ որևէ երկրի պարտքն իր տնտեսության ծավալի համեմատ անհամաչափորեն է աճում, դա վարկային շուկաներում բացասական հետևանքների է հանգեցնում: ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի մեծ հարաբերակցություն ունեցող պետությանը վարկեր տրամադրելը ռիսկային է: Արդյունքում մեծ պարտքեր կուտակած պետությունը ստիպված է վարկերի բարձր տոկոսադրույքներ վճարել: Տոկոսագումարները վճարելու ավելի մեծ ծախսերն իրենց հերթին ավելի են բարդացնում պետության կողմից բյուջեի կատարումը և ողջամիտ հարկադրույքներ սահմանելը:
Եթե պարտքը շարունակի եկամտի համեմատ աճել, ներդրողների` տվյալ երկրի գանձապետարանի թողարկած պարտատոմսերը գնելու ցանկությունը կնվազի: Արդյունքում ֆինանսական ճգնաժամն ի վերջո կհանգեցնի նրան, որ պետությունը լիարժեք դեֆոլտ կհայտարարի կամ պարտքը դրամի թողարկման և գնաճի միջոցով կֆինանսավորի: Երկու տարբերակն էլ կործանարար կլինեն տնտեսության համար: Դա պատահել է այլ երկրներում (օրինակ՝ Հունաստանում), որոնք չեն կարողացել վերահսկել իրենց պետության ֆինանսական համակարգը: Ոչ մի երկիր ապահովագրված չէ տնտեսագիտության օրենքների ազդեցությունից:
Խիստ կարևոր է, որ բոլոր պետությունները ապագայում վերահսկեն իրենց ծախսերն ու փոխառությունները: Սակայն քիչ հավանական է, որ դա տեղի կունենա առանց քաղաքական օրենքների փոփոխության, որը քաղաքական գործիչների համար ավելի կդժվարացնի գանձվող հարկերից ավելի շատ ծախսելը: Դա անելու մի քանի ձև կա: Կարելի է փոխել սահմանդրությունը և կառավարությունից պահանջել հավասարակշռել բյուջեն, ինչպես Վրաստանում է արվել: Կամ ընթացիկ տարվա ծախսը կարելի է սահմանափակել նախորդ տարվա եկամուտների մակարդակով: Առաջարկվող սահմանադրական այս փոփոխությունները կսահմանափակեն օրենսդիր մարմնի ծախսելու հնարավորությունը, եթե նրանք հարկեր չգանձեն կամ պետական ծառայությունների համար վճարներ չսահմանեն:
Բաղադրիչ 3.7. Տնտեսապես չհիմնավորված սուբսիդիաների կանխում
Երբ պետությունն ակտիվորեն սկսում է ոմանց համար ուրիշների հաշվին բարենպաստ պայմաններ ստեղծել, դա հանգեցնում է անարդյունավետության, և պետական պաշտոնյաների ու կազմակերպությունների միջև ձևավորվում են անպատշաճ, ոչ էթիկական հարաբերություններ:
Քաղաքականության գործիքն է (որը հաճախ դառնում է նրա նպատակը) օրենքի նվազագույն խախտումներով սովորական հարկատուից ռեսուրսներ գանձելը և ստացված եկամուտը բազմաթիվ պահանջատերերի միջև այնպես բաշխելը, որ ընտրությունների ժամանակ առավելագույն թվով ձայներ ապահովվեն: Այսինքն, եթե խոսքը գնում է աջակցությունը մոբիլիզացնելու մասին, քաղաքականությունն իրենից ներկայացնում է հաշվարկված խաբեբայության կամ ավելի ճիշտ՝ խաբելու և չբռնվելու արվեստ:(65)
Գոյություն ունի հարստություն կուտակելու երկու ճանապարհ. արտադրություն և թալան: Մարդիկ կարող են ընտրել արժեքավոր ապրանքներ և ծառայություններ արտադրելու և դրանք եկամտի դիմաց փոխանակելու ճանապարհը: Եկամուտ ստանալու այս փոխշահավետ տարբերակը օգնում է առևտուր անող կողմերին և նպաստում հասարակության բարեկեցության մեծացմանը: Բայց երբեմն մարդիկ փորձում են առաջ գնալ թալանի ճանապարհով՝ ուրիշներից առանց նրանց համաձայնության ինչ-որ բան վերցնելով: Իհարկե, թալանի զոհերը կորցնում են այն, որ ձեռք է բերում թալանողը: Բայց վտանգի առկայության պայմաններում պոտենցիալ զոհերը դրա դեմ պաշտպանվելու համար ռեսուրսներ կօգտագործեն: Օրինակ՝ այն հասարակությունում, որտեղ կոտրելով գողությունը սովորական երևույթ է, մարդիկ ավելի շատ կողպեքներ են գնում, ավելի շատ են օգտվում անվտանգության ծառայություններից, ոստիկանությունից ավելի մեծ հսկողություն են պահանջում և նույնիսկ իրենց տներն այնպես են նախագծում, որ հնարավորինս կանխեն կողոպուտը: Քաղաքացիների կատարած ծախսերն ավելի մեծ են լինում, քան թալանով զբաղվողների ձեռք բերած օգուտները: Ի տարբերություն փոխշահավետ առևտրային գործունեության՝ թալանը բացասական ազդեցությամբ գործունեություն է: Այն ոչ միայն չի ստեղծում լրացուցիչ եկամուտ, այլև սպառում է ռեսուրսները՝ բացասաբար ազդելով հասարակության բարեկեցության վրա:
(տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.dailymotion.com/video/x2hwqki)
Խրախուսելով արտադրությունը և շուկայական փոխանակումը և կանխելով թալանը՝ պետությունը նպաստում է տնտեսական բարեկեցությանը: Երբ գործող օրենքը և դրա կիրառումը դժվարացնեն հանցավոր ճանապարհով կամ քաղաքական գործողությունների միջոցով ուրիշներին կողոպտելը, ավելի քիչ ռեսուրսներ կներգրավվեն թալանի գործողություններում: Ավելին, թալանի դեմ պայքարում ներգրավվող ռեսուրսների քանակը նույնպես կքչանա:
Սակայն ժամանակակից աշխարհում պետությունն ինքն է դարձել թալանի հիմնական աղբյուր: Պետությունը հաճախ ոմանցից ռեսուրսներ է վերցնում, որպեսզի ուրիշներին սուբսիդիաներ և արտոնություններ տրամադրի: Թեև տեխնիկապես դա գողություն չէ, քանի որ արվում է օրենքի շրջանակում, բայց այնուամենայնիվ բացասական հետևանքով գործողություն է, որը վնաս է հասցնում քաղաքացիներին և դանդաղեցնում է տնտեսական աճը:
Ֆրանսիայում տրանսֆերտները և սուբսիդիանենը այժմ կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտավորապես կեսը։(66) Տրանսֆերտների հիմնական մասը կազմում են սոցիալական պաշտպանության սուբսիդիաները (ընդհանուր պետբյուջեի 43%-ը),(67) սակայն կառավարությունն այժմ գործունեության մի շարք այլ ոլորտների է աջակցում, այդ թվում՝ մշակույթի, օդանավակայանների, որոշ արտադրական ձեռնարկությունների, արևային էներգիայի, բնական վառելիքի և գյուղատնտեսական ապրանքների արտադրության (հավաբուծությունից մինչև գինու արտադրություն) ոլորտներին: Ֆրանսիայի գյուղական վայրերում փոքր ծավալի սկսնակ ձեռնարկությունների մասով 250 դրամաշնորհային և սուբսիդավորման ծրագիր կա:
Սուբսիդավորումը և պետական ֆավորիտիզմը վտանգավոր են թե՛ քաղաքական ժողովրդավարության, թե՛ տնտեսական արդյունավետության համար: Դրա պատճառները մի քանիսն են:
Նախ՝ սուբսիդավորումը խեղաթյուրում է գները և մասնավոր ընկերություններին դրդում է ավելի շատ ժամանակ ծախսել պետական ֆավորիտիզմ ձեռք բերելու, քան որակյալ և տնտեսապես ավելի արդյունավետ ապրանքներ մշակելու վրա: Տրամաբանական է, որ պետական ֆավորիտիզմի աճը կուժեղացնի սոսկական շահերի խմբերի ազդեցությունը և կխրախուսի խաբեությունը: Ավելի մեծ չափով պետական ֆինանսավորում ստանալու և մրցակիցների նկատմամբ առավելություն ձեռք բերելու նպատակով մասնավոր ընկերությունները և պետության հովանավորությունը փնտրող այլ խմբեր կձգտեն իրենց սեփական շահերը կապել այնպիսի ընդհանուր նպատակների հետ, ինչպիսիք են զբաղվածության աճը, աղքատության նվազեցումը, շրջակա միջավայրի որակի բարձրացումը և օտարերկրյա կապիտալից կախվածության կրճատումը: Նույնիսկ եթե նրանց գործողությունների շարժառիթը ֆինանսական շահ ստանալն է և քաղաքական ազդեցություն ձեռք բերելը, շահերի խմբերը ուժեղ խթան կունենան հայտարարելու, որ իրենք ձգտում են ավելի մեծ և հասարակության համար օգտակար նպատակներ իրագործել, որն իրականում իրականությանը չի համապատասխանում:
Երկրորդ. որոշ ընկերությունների և տնտեսության որոշ ճյուղերի հատկացվող սուբսիդավորումն անբարենպաստ իրավիճակ է ստեղծում ուրիշների համար: Սուբսիդավորում չստացած որոշ ընկերություններ դուրս են մղվում շուկայից կամ չեն կարողանում մտնել շուկա, քանի որ չեն կարողանում մրցակցել սուբսիդավորում ստացած մրցակիցների հետ: Արդյունքում ռեսուրսները շուկայի սպառողներից կախում ունեցող ընկերություններից անցնում են քաղաքական գործիչների կողմից հովանավորվող ընկերություններին:
Երրորդ. հավանաբար ամենակարևորն այն է, որ սուբսիդավորումը և ֆավորիտիզմը կազմակերպությունների ու պետական պաշտոնյաների միջև ձևավորում են անպատշաճ, ոչ էթիկական հարաբերություններ: Այդպիսով խրախուսվում են «կորպորատիվ բարեկեցությունը» և «կլանային կապիտալիզմը», իսկ հարկ վճարողների շահերը ոտնահարվում են: Որքան մեծ է «կորպորատիվ բարեկեցության» ծավալը (այսինքն՝ որքան ավելի շատ են բիզնեսին ուղղված պետական սուբսիդավորման ծրագրերը), այնքան ավելի շատ ռեսուրսներ են հոսում պետական հովանավորություն փնտրելու գործողությունների ուղղությամբ: (Ծանոթություն. մասնավոր ընկերությունների և այլ խմբերի կողմից արտոնություններ փնտրելու ձգտումը նկարագրելու համար տնտեսագետները հաճախ օգտագործում են «վարձքի հայտ» եզրը): Երբ քաղաքականությունը սկսում է գործել շուկաների փոխարեն, տնտեսությունն ավելի շատ բնութագրվում է քրոնիզմով և անարդյունավետությամբ, իսկ տնտեսական աճը իր պոտենցիալ մակարդակից ցածր է լինում:
Բարձր եկամուտ ունեցող ժողովրդավարական երկրների իշխանությունները սկսում են հարկերը և փոխառությունները ավելի հաճախ օգտագործել` որոշակի ընտրական բլոկերի քաղաքական նպատակներով կատարված ներդումների և աջակցության դիմաց սուբսիդիաներ և այլ արտոնություններ տրամադրելու համար: Հիմնականում շոտլանդացի Ալեքսանդր Թայթլերին վերագրվող պնդման մեջ հետևյալ փաստարկն է բերված.
«Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ որպես ղեկավարման մշտական ձև:» Այն կարող է գոյություն ունենալ միայն այնքան ժամանակ, մինչև ըտնրողները հայտնաբերեն, որ իրենց ձայնի միջոցով կարող են առատորեն օգտվել պետական գանձարանից: Այդ պահից սկսած՝ մեծամասնությունը մշտապես քվեարկում է այն թեկնածուների օգտին, որոնք ամենամեծ օգուտներն են խոստանում պետական գանձարանի հաշվին: Արդյունքում ժողովրդավարությունը թույլ հարկաբյուջետային քաղաքականության պատճառով մշտապես փլուզվում է...(68)
Երբ բիզնեսի ներկայացուցիչները և այլ շահեր հետապնդող խմբերը սկսում են ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործիչներին սուբսիդավորման և ֆավորիտիզմի դիմաց աջակցություն ցուցաբերելու գործընթացում, այդ ուժերին զսպելն արդեն դժվարանում է: Որքան մեծանում է պետական ֆավորիտիզմի ծավալը և շահառուների ու քաղաքական գործիչների կախվածությունը այդ ֆավորիտիզմից, այնքան աճում են տրանսֆերտների համար կատարվող ծախսերը, իսկ ռեսուրսները շեղվում են արտադրական գործունեությունից: Ավելին, կեղծ պահվածքը, ոչ էթիկական հարաբերությունները և նույնիսկ կոռուպցիան սովորական երևույթ են դառնում: Հարկային բեռը սկսում է աճել, բյուջեի պակասուրդն էլ ավելի է մեծանում, իսկ քաղաքական մանիպուլյացիայի ենթարկվող տնտեսությունը լճանում է: Եթե սահմանադրության մեջ չվերականգնվեն սեփականության իրավունքների պաշտպանությանը և պետական ծախսերի, սուբսիդավորման և փոխառությունների սահմանափակմանը վերաբերող դրույթները, ժողովրդավարական ճանապարհով ընտրված քաղաքական գործիչները կշարունակեն այնպիսի ծրագրեր ընդունել, որոնք վատնում են ռեսուրսները և վատթարացնում են ընդհանուր կենսամակարդակը: Ինչպես ցույց տվեց Հունաստանի օրինակը, որի կառավարության 2015թ. բյուջեի գերածախսի արդյունքում երկրում պարտքի ճգնաժամ առաջացավ, այս ճանապարհն ի վերջո հանգեցնում է չափազանց մեծ պարտքի և տնտեսության կործանման:
Բաղադրիչ 3.8. Նույնիսկ օգտակար սուբսիդիաները կարող են անարդյունավետ լինել
Տրանսֆերտներ ստացողների զուտ օգուտն ավելի պակաս է, հաճախ՝ զգալիորեն ավելի պակաս, քան տրանսֆերտի գումարը։

«Կարելի է գումար հավաքել անաշխատունակների համար: Իսկ անկարողների մասին ոչինչ չգիտեմ»:
Նրանց համար, որ տնտեսագիտությունից հեռու են, եկամտային տրանսֆերտները թիրախային շահառուներին օգնելու արդյունավետ միջոց են: Սակայն տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ իրականում բավականին դժվար է եկամուտը ստացողների որևէ խմբի այնպես փոխանցել, որ նրանց երկարաժամկետ բարեկեցությունը բարելավվի: Ինչպես հաճախ տնտեսագիտության մեջ է պատահում, չնախատեսված երկրորդային ազդեցություններից պարզ է դառնում, թե ինչու է այս պնդումը ճիշտ:(69)
Եկամտային տրանսֆերտների արդյունավետությունը նվազեցնող երեք հիմնական գործոն կա: Եթե այդ գործընթացը կարելի է հեշտությամբ տեսնել ուղղակի եկամտային տրանսֆերտների (օրինակ՝ նյութական օգնության) դեպքում, ապա նմանատիպ ուժերը գործում են, երբ նպաստներն անհատներին կամ կազմակերպություններին տրամադրվող գյուղատնտեսական սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ են:
Առաջին. պետական տրանսֆերտների ծավալի ավելացումն ընդհանուր առմամբ կրճատում է թե՛ հարկատու-նվիրատուների, թե՛ տրանսֆերտներն ստացողների՝ եկամուտ վաստակելու և արժեք ստեղծելու խթանը: Տրանսֆերտային շատ ծրագրեր հակադարձ կապ են ստեղծում տրանսֆերտի չափի և ստացողի եկամտի չափի միջև: Ստացողի եկամտի մեծանալուն զուգընթաց կրճատվում է տրանսֆերտի գումարի չափը: Նման դեպքում ո՛չ հարկատուները, ո՛չ տրանսֆերտ ստացողները չեն ձգտի աշխատել և վաստակել այնքան, որքան կաշխատեին և կվաստակեին տրանսֆերտային ծրագրի բացակայության դեպքում: Որքան հարկերը բարձրանում են, որպեսզի ավելի մեծ չափով տրանսֆերտներ ֆինանսավորվեն, այնքան հարկատուների` արտադրելու և վաստակելու համար անհրաժեշտ զոհաբերություններ կատարելու խթանը նվազում է, իսկ իրենց վաստակածը պահելու համար հարկերից խուսափելու սխեմաներում ներդրում կատարելու խթանը՝ մեծանում: Նույն կերպ կնվազի նաև տրանսֆերտ ստացողների վաստակելու խթանը, քանի որ լրացուցիչ եկամուտները նրանց զուտ եկամուտը միայն որոշ չափով կավելացնեն (իսկ շատ դեպքերում՝ միայն մի փոքր չափով): Արդյունքում տնտեսական աճը կդանդաղի:
Որպեսզի տեսնենք գրեթե բոլոր տրանսֆերտային քաղաքականությունների բացասական ազդեցությունն արտադրական գործունեության վրա, դիտարկենք, թե ինչպես կարձագանքեն աշակերտները, երբ ուսուցիչը կիսամյակի սկզբում հայտարարի, որ դասարանի գնահատումը կատարվելու է քննություններին ստացած միավորների վերաբաշխմամբ, որպեսզի ոչ ոք անբավարար գնահատական չստանա: Այդպիսի պլանի դեպքում «գերազանց» ստացած աշակերտները, որոնք քննություններին միջինը 90% կամ ավել են ստացել, պետք է իրենց միավորներից տրամադրեն այնքան, որ քննություններին անբավարար ստացած աշակերտների միջին գնահատականը բարձրանա: Իհարկե, «լավ» ստացած աշակերտները նույնպես պետք է իրենց միավորներից տրամադրեն (թեև ոչ շատ), որպեսզի գնահատականների բաշխումն ավելի հավասար լինի:
Կասկած չկա, որ «գերազանց» և «լավ» ստացած աշակերտների առնվազն մի մասը կսկսի ավելի վատ սովորել, երբ նրանց լրացուցիչ ջանքերը «հարկվեն» ուրիշներին օգնելու համար: Վատ կսովորեն նաև «բավարար» և «անբավարար» ստացող աշակերտները, քանի որ վատ սովորելու համար պատիժը կփոխհատուցվի միավորների փոխանցմամբ, որոնք իրենց սեփական ուժերով ավելի բարձր միավորներ հավաքելու դեպքում նրանց չէին տրվի: Նույն տրամաբանությունը կիրառելի է նույնիսկ շատ ցածր գնահատական ստացողների դեպքում՝ չնայած նրան, որ նրանք ամենայն հավանականությամբ առանց դրա էլ վատ էին սովորում: Կանխատեսելի է, որ ադյունքում դասարանի յուրաքանչյուր աշակերտ ավելի վատ կսովորի, և ընդհանուր առաջադիմությունը կնվազի:
Հարկային և տրանսֆերտային սխեմաների ազդեցությունն էլ նույն տրամաբանությունն ունի. աշխատանքի արտադրողականության նվազում և եկամտային մակարդակի ընդհանուր իջեցում: Եկամուտը «երկնքից թափվող մանանա» չէ: Մարդիկ այն վաստակում են արտադրական գործունեության արդյունքում: Մարդիկ եկամուտ են վաստակում, երբ ապրանքներ են մատակարարում ու ծառայություններ մատուցում նրանց, որոնք պատրաստ են դրանց դիմաց վճարել: Պատկերացնենք, թե ազգային եկամուտը տնտեսական կարկանդակ է, որի չափը պայմանավորված է միլիոնավոր մարդկանց գործողություններով, ընդ որում յուրաքանչյուրը, իրականացնելով արտադրական և առևտրային գործունեություն, փորձում է կարկանդակի իր կտորը վաստակել: Անհնար է վերաբաշխել մարդկանց վաստակած կարկանդակի կտորները՝ միաժամանակ չկրճատելով աշխատանքի ծավալը և նորարարական գործողությունները, որոնց արդյունքում ի սկզբանե ստեղծվում է կարկանդակը:
Երկրորդ. տրանսֆերտների մրցակցությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ շահառուների երկարաժամկետ օգուտների մեծ մասի վրա: Պետությունը պետք է եկամտային տրանսֆերտների և այլ քաղաքական արտոնություններ ստանալու չափորոշիչ սահմանի: Եթե այդպես չանեին, տրանսֆերտները մեծ հարված կհասցնեին բյուջեին: Ընդհանուր առմամբ, պետությունը պահանջում է, որպեսզի տրանսֆերտ ստացողը որևէ սեփականություն ունենա, որևէ բան անի կամ իրենից ինչ-որ բան ներկայացնի: Օրինակ՝ գործազրկության նպաստ ստացողը պետք է գործազուրկ լինի, իսկ ընկերությունը պետք է առնվազն սահմանված քանակի աշխատակիցներ ունենա, որպեսզի համապատասխանի փոքր բիզնեսի աջակցման դրամաշնորհ կամ վարկ ստանալու պայմաններին: Երբ չափորոշիչը սահմանվում է, մարդիկ փոխում են իրենց վարքագիծը, որպեսզի կարողանան դիմել «ձրի» փողեր կամ պետական այլ արտոնություններ ստանալու համար: Այդպես անելու դեպքում տրանսֆերտներից ստացվող նրանց զուտ օգուտը նվազում է:
Պատկերացրեք` Լեհաստանի կառավարությունը որոշեր շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին ժամը 9:00-ից մինչև 17:00-ը 300 զլոտի կանխիկ գումար հատկացնել բոլոր այն մարդկանց, որոնք պատրաստ կլինեին սպասել Ֆինանսների նախարարության սպասարկման պատուհանների հերթում: Երկար հերթեր կձևավորվեին: Որքա՞ն երկար: Որքա՞ն ժամանակ են մարդիկ պատրաստ իրենց ազատ և աշխատանքային ժամանակից տրամադրել: Ժամում 30 զլոտի վաստակող մարդը կանխիկով 300 զլոտի ստանալու համար պատրաստ կլիներ հերթում նույնիսկ տասը ժամ սպասել: Սակայն հերթը կարող է տասը ժամից ավելի երկար տևել, եթե հերթում բավականաչափ մարդ լինի, որոնց ժամանակն, ասենք, ժամում 20 զլոտիից կամ 10 զլոտիից պակաս արժե: Բոլորը կտեսնեն, որ հերթում սպասելու վրա ծախսած ժամանակը խլում է 300 զլոտի արժեցող տրանսֆերտի մեծ մասը: Եթե ծրագրի կողմնակիցները համարեին, որ այն շահառուներին 300 զլոտիով հարստացնում է, սխալված կլինեին:
Այս օրինակը ցույց է տալիս, թե ինչու տրանսֆերտային ծրագրերի շահառուներն այնքան օգուտ չեն ստանում, որքան սովորաբար ակնկալվում է: Երբ շահառուները աջակցության ծրագրի շահառու հանդիսանալու համար պետք է որոշակի գործողություն կատարեն (օրինակ՝ հերթում սպասեն, ձևաթղթեր լրացնեն, պետական պաշտոնյաներին լոբբինգի ենթարկեն, քննություն հանձնեն, ուշացումների հարմարվեն կամ ներդրումներ կատարեն համապատասխան քաղաքական արշավների շրջանակներում), նրանց պոտենցիալ օգուտի մեծ մասը հաճախ կորչում է, քանի դեռ նրանք փորձում են բավարարել տրանսֆերտը ստանալու համար ներկայացվող պահանջները: Նույն կերպ էլ, երբ շահառուները սուբսիդիա ստանալու համար պետք է որևէ սեփականություն ունենան (օրինակ՝ հողատարածք, որը նախկինում գործող արտադրություն է ունեցել և որի վրա ինչ-որ հատուկ տեսակի հացահատիկ է աճեցվել, կամ տաքսի վարելու կամ օտարերկրացիներին որևէ ապրանք վաճառելու արտոնագիր), նրանք կբարձրացնեն այն ակտիվի գինը, որն անհրաժեշտ է սուբսիդիան ստանալու համար: Ակտիվի (օրինակ՝ տաքսի վարելու արտոնագրերի) գնի բարձրացումը կմեծացնի սուբսիդիայի գումարի չափը:
Յուրաքանչյուր դեպքում պոտենցիալ շահառուները պայմաններին համապատասխանելու համար մրցելիս տրանսֆերտի գումարի մեծ մասն ի վերջո կսպառեն: Արդյունքում ստացողի զուտ օգուտն ընդհանուր առմամբ տրանսֆերտային վճարման գումարից զգալիորեն ավելի ցածր կլինի: Եվ իսկապես. սահմանային ստացողի (անձ, որը համարում է, որ տրանսֆերտ ստանալուն համապատասխանելը կարելի է ասել նպատակահարմար չէ) զուտ օգուտը եթե ոչ զրո, ապա զրոյին շատ մոտ կլինի:
Դիտարկենք Միացյալ Նահանգներում բուհերի ուսանողներին տրամադրվող սուբսիդիաների (դրամաշնորհների և էժան վարկերի) ազդեցությունը: Այդ ծրագրերը կազմվել են բուհական կրթությունն առավել մատչելի դարձնելու նպատակով: Սակայն սուբսիդիաների շնորհիվ մեծանում է նաև բուհում սովորելու պահանջարկը, որը բարձրացնում է ուսման վարձերը: Ըստ Նյու Յորքի դաշնային պահուստային բանկի վերջերս կատարած ուսումնասիրության` ուսանողներին հատկացվող տրանսֆերտների գումարի ավելացումների մոտ 65%-ը վճարվել է ուսման ավելի բարձր վարձերի տեսքով: Ավելին, սուբսիդավորման ծրագրերի շնորհիվ աշխատանքի շուկա մուտք գործող բուհերի շրջանավարտների թիվն աճել է, որը նվազեցրել է նրանց զբաղվածության հեռանկարները և արժեզրկել նրանց դիպլոմները: Տնտեսության անցումային փուլում գտնվող հետկոմունիստական երկրներում բուհական կրթության ծավալների արագ աճը ցածր որակի և անհամապատասխանության (շատ ոլորտներում) հետ միասին հանգեցրել է «կրթության` չափից ավելի բարձր մակարդակի» լուրջ խնդրին. արդյունքում շրջանավարտներն այնպիսի աշխատանքի են տեղավորվում, որոնց համար բուհական կրթություն չի պահանջվում: Նման շրջանավարտներից շատերը ուսումն ավարտելուց հետո տարիներ շարունակ նման ցածր հմտություններ պահանջող հաստիքներ են զբաղեցնում:(70)
Տրանսֆերտների անարդյունավետության երրորդ պատճառ էլ կա։ Տրանսֆերտային ծրագրերը մեղմացնում են ծանր հետևանքները նրանց համար, որոնք անհեռատես որոշումներ կայացնելու արդյունքում են այդ իրավիճակում հայտնվել, և այդպիսով նվազեցնում են ծանր հետևանքից խուսափելու համար քայլեր ձեռնարկելու նրանց մոտիվացիան: Օրինակ՝ պտտահողմերի ազդեցությանը ենթարկվող տարածքներում ապահովագրական վճարների պետական սուբսիդիաները կրճատում են մարդկանց՝ պտտահողմերի հետևանքով առաջացած տնտեսական կորուստները փոխհատուցելու ծախսը: Սակայն հասարակությունն, այնուամենայնիվ, որոշակի ծախսեր կրում է: Քանի որ սուբսիդիան էժանացնում է պտտահողմի ապահովագրությունը, ավելի շատ մարդիկ են բնակություն հաստատում պտտահողմերի ազդեցությանը ենթարկվող տարածքներում, որի արդյունքում պտտահողմերն էլ ավելի մեծ վնաս են հասցնում: Մեկ այլ օրինակ է գործազրկության նպաստը: Այդ նպաստների շնորհիվ գործազուրկները նախընտրում են մերժել առկա առաջարկները և շարունակում են ավելի լավ աշխատատեղեր փնտրել: Հետևաբար, գործազուրկներն ավելի շատ ժամանակ են ծախսում աշխատանք փնտրելու վրա, որի արդյունքում ավելի է մեծանում գործազրկությունը, որն այլապես ավելի ցածր կլիներ:(71)
Աղքատությունը և պետական ծրագրերի ազդեցությունը հասկանալու համար կարևոր է տարբերել «աղքատ լինելը»` որպես պաշտոնական պետական վիճակագրություն, և «չունևոր լինելը»` որպես կյանքի որակի ինտուիտիվ ընկալում: 1960-ականների կեսերին նախագահ Լինդոն Ջոնսոնի օրոք Միացյալ Նահանգները հայտարարեց «պայքար աղքատության դեմ»: Նախագահ Ջոնսոնը և ծրագրի մյուս կողմնակիցները պնդում էին, որ աղքատութունը կարելի է կրճատել միայն այն դեպքում, եթե ամերիկացիները պատրաստ լինեն եկամտի մի փոքր ավելի մեծ մաս հատկացնել հասարակության ոչ այնքան հաջողակ անդամներին: Նրանք համաձայնեցին, և եկամտային տրանսֆերտների ծրագրերն զգալիորեն շատացան: Ինչպես կարելի է տեսնել ստորև բերված գծապատկերում (գծապատկեր 21), 1960-ականներից ի վեր Միացյալ Նահանգներում կտրուկ (ինն անգամ) աճել են աղքատներին և աղքատության եզրին գտնվողներին ուղղվող իրական դոլարով (2017թ. արժեքներ) տրանսֆերտները: Սակայն աղքատության ցուցանիշը գրեթե անփոփոխ է մնացել:(72) Նախագահ Ռոնալդ Ռեյգանը մի անգամ հեգնանքով ասել է. «Վաթսունականներին մենք պայքարում էինք աղքատության դեմ, և աղքատությունը հաղթեց»:
Գծապատկեր 21. Աղքատության մակարդակը և աղքատության մեջ ապրող մեկ անձի համար կատարվող սոցիալական ծախսերը
Ինչո՞ւ աղքատության դեմ պայքարին ուղղված տրանսֆերտային ծրագրերն ավելի արդյունավետ չէին: Տրանսֆերտներն ունեն երեք չնախատեսված երկրորդային ազդեցություն, որոնք դանդաղեցնում են աղքատության դեմ պայքարի առաջընթացը:
Առաջին. եկամտին կապված տրանսֆերտները կրճատում են ցածր եկամուտ ունեցող անձանց գումար վաստակելու, ավելի մեծ եկամուտներ ունենալու և աղքատությունից խուսափելու խթանը: Այս ծրագրերից մեծ մասի շրջանակում վճարվող նպաստները համաչափորեն նվազեցվում են և ի վերջո կրճատվում ստացողի եկամուտների մեծանալուն զուգընթաց: Արդյունքում տրանսֆերտներ ստացողներից շատերը, որոնք ցածր եկամուտ ունեն, ընկնում են աղքատության «թակարդը»: Եթե նրանք ավելի շատ են վաստակում, ապա վճարման ենթակա լրացուցիչ հարկերն ու տրանսֆերտների կրճատումը բերում է նրան, որ նրանց լրացուցիչ վաստակած եկամտի միայն մի փոքր մասն է մնում: Ըստ ՏՀԶԿ-ի 2018թ. զեկույցի՝ եկամուտների ավելացման արդյունքում կրճատվող նպաստները Չեխիայի Հանրապետությունում կազմել են աշխատողների նվազագույն աշխատավարձի 93%-ը, իսկ Խորվաթիայում՝ 92%-ը:(73) Որոշ դեպքերում լրացուցիչ եկամուտները կարող են նույնիսկ կրճատել ստացողի զուտ եկամուտը: Այսինքն, աղքատության «թակարդն» զգալիորեն կրճատում է ցածր եկամուտ ստացողների աշխատելու, ավելի շատ վաստակելու, փորձ ձեռք բերելու և կարիերայի աստիճանով վեր բարձրանալու խթանը: Տրանսֆերտներն զգալի չափով պարզապես փոխարինում են այն եկամտին, որը մարդիկ վաստակելու էին այլ կերպ, և արդյունքում աղքատների զուտ եկամուտները ցածր են՝ ավելի ցածր, քան տրանսֆերտային վճարումներն են:
Սա նոր բացահայտում չէ: Ուսումնասիրելով 1835թ. աղքատների մասին անգլիական օրենքները՝ Ալեքսիս դե Թոքվիլը «Պաուպերիզմի մասին մեմուարներում» գրել է.
Մարդը, ինչպես բոլոր սոցիալապես կազմակերպված էակները, անգործության մատնվելու բնական հակում ունի: Սակայն աշխատելու երկու խթան կա. ապրելու անհրաժեշտությունը և կենսապայմանները բարելավելու ցանկությունը… Մշտական հիմունքով օրինական բարեգործություն տրամադրող և այն վարչականացնող ցանկացած միջոցառում արտադրական և աշխատող դասի հաշվին ապրող անգործ և ծույլ դաս է ստեղծում:(74)

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ
«Չգիտես` ինչու, պարոն Ուեբեր, չեմ կարծում, որ աշխատանք գտնելու հարցում կազմակերպված ջանք եք ներդնում»:
Երկրորդ. տրանսֆերտային ծրագրերը, որոնք զգալիորեն կրճատում են աղքատության ծանր բեռը, կրճատում են նաև աղքատության հանգեցնող ռիսկային ընտրությունների (օրինակ՝ թմրանյութերի օգտագործումը, դպրոցից կամ աշխատանքից դուրս գալը, դեռահասների և չամուսնացած կանանց հղիությունը, ամուսնալուծությունը կամ հայրերի հրաժարումը երեխաներից) այլընտրանքային ծախսը: Քանի որ մարդկանց մեծ մասն ընտրում է այս բարձր ռիսկային տարբերակները, շատ բարդ է աղքատության ցուցանիշը կրճատելը: Մեկ ծնող ունեցող ընտանիքներում աղքատության ցուցանիշն զգալիորեն բարձր է՝ ի տարբերություն երկու ծնող ունեցող ընտանիքների: Օրինակ՝ Չեխիայի Հանրապետությունում ընդհանուր բնակչության 9.7%-ը 2017թ. ապրել է աղքատության շեմից ցածր պայմաններում, իսկ միայնակ մայր կամ հայր ունեցող ընտանիքների դեպքում այդ ցուցանիշը կազմել է 37%: Բելառուսում 2013թ. աղքատության ցուցանիշը մեկ ծնող ունեցող ընտանիքների շրջանում կազմել է 17%, իսկ ընդհանուր բնակչության շրջանում՝ 11%: Բրուկինգսի ինստիտուտից Իզաբել Սոհիլի և Ռոն Հասկինսի 2009թ. կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ Միացյալ Նահանգներում մարդը կարող է աղքատ ապրելու ռիսկը 12%-ից հասցնել 2%-ի՝ կատարելով ընդամենը երեք հիմնական քայլ՝ ավարտելով միջնակարգ դպրոց (առնվազն), աշխատելով լրիվ աշխատաժամանակով և ամուսնանալով նախքան երեխա ունենալը:(75) Անձնական ընտրությունների ազդեցությունն աղքատության վրա խիստ կարևոր թեմա է, որը մանկավարժները, ծնողները, խնամակալները և այլոք պետք է քննարկեն երիտասարդների հետ, որոնցից շատերը կայացնում են այս ճակատագրական որոշումները: Դրանք ընդհանուր առմամբ պետք է դիտարկվեն ընտրողների և հասարակության անդամների կողմից, երբ ընդունվում են այնպիսի ծրագրեր, որոնք փոխում են վնասակար որոշումներ կայացնելու հավանականությունը մեծացնող կամ փոքրացնող վարքի խթանները:
Երրորդ. աղքատության դեմ պայքարին ուղղվող պետական տրանսֆերտները հետին պլան են մղում մասնավոր բարեգործական նախաձեռնությունները: Երբ մարդիկ հասկանում են, որ պետությունն օգնում է աղքատներին, նվազում է ընտանիքների, եկեղեցիների և քաղաքացիական կազմակերպությունների գործունեության անհրաժեշտությունը: Դեսյատինի հրեա-քրիստոնեական կոնցեպտը և իսլամական զաքաթը շեշտը դնում են ոչ հաջողակ մարդկանց օգնելու պարտավորությունների վրա: Երբ պետությունը հարկեր է գանձում և օգնություն հատկացնում, կանխատեսելի է, որ անհատների և խմբերի բարեգործական նախաձեռնությունները կկրճատվեն: Բացի այդ, մասնավոր բարեգործներն, ամենայն հավանականությամբ, տեսնում են խնդրի էությունը, ավելի զգայուն են ստացողների կենսակերպի նկատմամբ և իրենց բարեգործությունն ուղղում են նրանց, որոնք պատրաստ են օգնել իրենք իրենց: Արդյունքում մասնավոր բարեգործական նախաձեռնությունները հակված են ավելի արդյունավետ լինել, քան պետական նախաձեռնությունները, որը նշանակում է, որ խնդիրն էլ ավելի է բարդանում, երբ մասնավոր նախաձեռնությունները դադարում են իրականացվել: Համակցելով այս ազդեցությունները՝ ուսումնասիրություններից պարզվել է, որ մասնավոր բարեգործներն իրենց եկամտի ավելի մեծ մաս են ուղղում հնարավոր շահառուներին, քան պետական ծրագրերը, որոնց վերադիր և վարչական ծախսերն ավելի մեծ են:(76)
Տնտեսական տեսանկյունից զարմանալի չէ, որ տրանսֆերտային ծրագրերը` գյուղատնտեսական գների աջակցությունից մինչև աղքատության դեմ մղվող պայքարի ծրագրեր, արդյունավետ չեն: Երկրորդային ազդեցությունները հաշվի առնելու դեպքում տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ նախատեսված շահառուներին երկարաժամկետ օգնություն տրամադրելը չափազանց դժվար է: Լավագույն դեպքում նման ծրագրերը պետք է օգնեն աղքատության մեջ հայտնված մարդկանց ինքնուրույն հոգալ իրենց ապրուստը, քանի որ դրանք նպաստում են այն բանին, որ այդ տրանսֆերտների կարիքն այլևս չլինի: Փորձը ցույց է տալիս, որ իրականում տրանսֆերտային ծրագրերը կարող են կատարել այս առաքելության առաջին մասը, բայց միայն երկրորդ մասը խոչընդոտելու հաշվին: Արդյունքում աջակցության ծրագրերը թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրներում ավելի ու ավելի հաճախ են իրականացվում «պայմանական դրամական տրանսֆերտների» ձևաչափով, երբ օգնությունը տրամադրվում է միայն շահառուի՝ որոշակի պահանջները բավարարելու դեպքում:
Հարկ է աղքատության վերաբերյալ բարդ քաղաքական որոշումների շուրջ մի քանի ամփոփիչ դիտարկում կատարել: Մամուլի հաղորդագրություն կարդալիս կամ պետական պաշտոնների թեկնածուներին լսելիս կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչի մասին է խոսվում:
- Նույնիսկ «աղքատության» սահմանումը հաճախ շփոթեցնող է: Աղքատություն ասելով՝ ոմանք նկատի ունեն «բացարձակ աղքատություն», երբ անհատը կամ ընտանիքը նվազագույն սպառողական զամբյուղով սահմանված ապրանքներ ու ծառայություններ գնելու համար բավարար միջոցներ չունի:
- Մյուսները այդ սահմանման տակ «հարաբերական աղքատություն» են հասկանում, երբ անհատը կամ ընտանիքը համարվում է աղքատ, եթե նրա եկամուտը եկամտի բաշխման նախասահմանված մակարդակից ցածր է (օրինակ՝ հասարակության միջինացված եկամտի կեսից էլ ցածր է):
- Հարաբերական աղքատությունն առնչվում է անհավասարությանը, սակայն դրանք նույնը չեն: Պատկերացրեք երկու հասարակություն, որոնցից յուրաքանչյուրը չորս ընտանիքից է բաղկացած: Առաջին հասարակությունում եկամուտները կազմում են 1 000 000 դոլար, 50 000 դոլար, 50 000 դոլար և 4 000 դոլար, իսկ երկրորդում՝ 51 000 դոլար, 50 000 դոլար, 50 000 դոլար և 24 999 դոլար: Երկու հասարակությունում էլ հարաբերական աղքատության ցուցանիշը նույնը կլինի (25%), իսկ անհավասարության մակարդակը՝ բավականին տարբեր:
- Աղքատության ցուցանիշները երբեմն ներկայացվում են՝ առանց հաշվի առնելու հարկերը (որոնք նվազեցնում են եկամուտը) և տրանսֆերտները (որոնք ավելացնում են եկամուտը): Աղքատության սահմանման ո՞ր տարբերակն է օգտագործվում: Առաջին սահմանման դեպքում աղատության մեջ գտնվող մարդկանց թիվը հաճախ երկու անգամ ավելի մեծ է, քան երկրորդ սահմանման դեպքում:
- Տարբեր երկրներում և տարբեր ժամանակաշրջաններում նվազագույն սպառողական մակարդակի չափանիշները բավականին տարբեր են: Այսօր միջին և վերին եկամտային շեմ ունեցող երկրներում կենսապահովման ողջամիտ չափանիշների շուրջ հասարակության ակնկալիքներն այնպիսի ապրանքներ ու ծառայություններ են ներառում, որոնք նախորդ սերունդները չէին էլ կարող պատկերացնել (օրինակ՝ բջջային հեռախոսներ կամ հեռուստացույցներ):
- Եվ վերջապես, կարևոր է տարանջատում կատարել որոշակի ժամանակահատվածում աղքատ լինելու և տևական ժամանակ աղքատ լինելու միջև: Ուսանողության տարիներին ցածր եկամուտ ունենալը նույնը չէ, ինչ տարիներ շարունակ աղքատ լինելը:
Բաղադրիչ 3.9. Կենտրոնական պլանավորումը երբեք արդյունավետ չի եղել
Տնտեսությունը չափազանց բարդ է կենտրոնական պլանավորման մեխանիզմը կիրառելու համար, և դա անելու փորձերը կհանգեցնեն անարդյունավետության:
Համակարգի մարդն իր պատկերացմամբ շատ իմաստուն է: Նա կարծում է, թե հասարակության տարբեր անդամներին կարելի է տեղաբաշխել նույն հեշտությամբ, որով ձեռքով տեղաշարժում են շախմատի ֆիգուրները, բայց հաշվի չի առնում այն փաստը, որ շախմատի ֆիգուրները ձեռքով տեղաշարժվելուց բացի շարժման այլ սկզբունք չունեն, մինչդեռ մարդկության շախմատի տախտակի վրա յուրաքանչյուր ֆիգուր ունի տեղաշարժվելու իր սեփական սկզբունքը, որը տարբերվում է պետության թելադրած սկզբունքից: Եթե այդ երկու սկզբունքները համընկնեն և համահունչ գործեն, մարդկային հասարակության «խաղը» հեշտ ու ներդաշնակ կընթանա, և շատ հավանական է, որ բոլորը երջանիկ ու հաջողակ կլինեն: Եթե այդ սկզբունքները միմյանց հակասեն կամ տարբեր լինեն, խաղը չի ստացվի, իսկ հասարակությունը մշտապես շատ անկանոն վիճակում կլինի:(77)
Ինչպես արդեն քննարկել ենք, պետությունները հաճախ կարող են շարունակել համակարգել հանրային բարիքի տրամադրումը: Հանրային բարիքը ապրանքների փոքր խումբ է, որոնց սպառումը միայն վճարունակ սպառողներով սահմանափակելը դժվար է: Շատ մարդիկ նույնպես կարծում էին, որ պետական պաշտոնյաները կարող են տնտեսության բոլոր ճյուղերը կամ դրանց մեծ մասն ավելի լավ կառավարել, քան շուկաները: 1917թ. Բոլշևիկյան հեղափոխությունից ի վեր կենտրոնական պլանավորման բազմաթիվ կողմնակիցներ պնդում էին, որ ժողովուրդն ընդհանուր առմամբ ավելի բարեկեցիկ կապրեր, եթե պետական պաշտոնյաները կենտրոնական պլանավորման և տնտեսության առանցքային ճյուղերի կառավարման համար կիրառեին հարկեր, սուբսիդիաներ, պահանջներ, հրահանգներ և կանոններ: Կենտրոնական պլանավորման պայմաններում վերը քննարկված շուկայի ուժերը փոխարինվում են իշխանություն և հսկողություն ենթադրող պետական դիկտատով, որն առկա էր խորհրդային համակարգի ժամանակ: Նման պետական հսկողության առավել թույլ դրսևորում կարող է առկա լինել ցանկացած հասարակությունում, որտեղ ընտրված պաշտոնյաներն իրենց որոշումները շուկայի ուժերով առաջնորդվող սպառողների, ներդրողների և ձեռներեցների որոշումներով են փոխարինում:
Հեշտ է հասկանալ, թե ինչու է կենտրոնական պլանավորումը որոշակիորեն գրավում սկսնակներին: Իհարկե, պլանավորման կարիք կա: Մի՞թե ձեռնարկատերերն ավելի շատ կմտահոգվեն ժողովրդի «ընդհանուր բարեկեցությամբ», քան ընտրված պաշտոնյաներն ու կառավարության փորձագետները: Մի՞թե մասնավոր ընկերությունները պետական պաշտոնյաներից «ավելի ագահ» չեն: Կենտրոնական պլանավորման անհրաժեշտության փաստարկները հաճախ համոզիչ են թվում այն մարդկանց, որոնք չեն ըմբռնում հանրային ընտրության տնտեսագիտությունը և քաղաքական գործընթացի էությունը: Ինչևէ, տնտեսագիտությունը ցույց է տալիս, որ կենտրոնական պլանավորումն անարդյունավետ է: Կա դրա հինգ հիմնական պատճառ:
Առաջին. կենտրոնական պլանավորումը շուկայի որոշումները պարզապես քաղաքական որոշումներով է փոխարինում: Իրականում կենտրոնական պլանավորողները (և նրանց ուղղորդող օրենսդիրները) ամենևին էլ ամենագետ և անշահախնդիր մարդկանց խումբ չեն: Պլանավորողների կողմից հատկացվող սուբսիդիաներն ու ներդրումային միջոցներն անխուսափելիորեն քաղաքական նկատառումներով են պայմանավորված: Մտածեք` ինչպես է կազմակերպված այս գործընթացը, նույնիսկ երբ որոշումները ժողովրդավարական ճանապարհով են կայացվում:
Ծախսերը պետք է հաստատվեն օրենսդիր մարմնի կողմից: Բիզնես ոլորտը և արհեստակցական միությունները կսկսեն լոբբինգ իրականացնել՝ ներդրումային միջոցներ և սուբսիդիաներ ստանալու համար: Օրենսդիր մարմինը հատկապես ուշադրության կարժանացնի նրանց, որոնք ի վիճակի են ներդրումներ տրամադրել ընտրական քարոզարշավի համար կամ ձայների մեծամասնություն ապահովել: Կանխատեսելի է, որ քաղաքական գործընթացում նախապատվությունը տրվելու է ավելի կայացած ընկերություններին, որոնք լոբբինգի մեծ փորձ և քաղաքական տանիք ունեն, նույնիսկ եթե նրանք նոր հիմնադրված և աճելու հեռանկարներ ունեցող ընկերությունների համեմատ տնտեսապես ավելի թույլ վիճակում են: Բացի այդ, գլխավոր օրենսդրական հանձնաժողովների նախագահները հաճախ կխոչընդոտեն տարբեր ծրագրերի իրականացմանը, եթե մյուս օրենսդիրները չհամաձայնեն աջակցել այն ծրագրերին, որոնք իրենց ընտրողների և նախընտրելի շահերի խմբերի համար շահավետ են (օրինական ընտրակաշառքի ծրագրեր): Հաշվի առնելով այս խթանային համակարգը՝ միայն միամիտ իդեալիստը կարող է ակնկալել, որ այս քաղաքականացված գործընթացի արդյունքում ավելի քիչ վատնում կլինի, ավելի մեծ հարստություն կստեղծվի, և ներդրումային միջոցներն ավելի լավ կբաշխվեն, քան շուկաների դեպքում: Միայն մենեջերները չէ, որ առավելագույն արդյունավետություն ապահովելու խթանների պակաս ունեն: Այն աշխատողները, որոնք կայուն աշխատանք ունեն և որոնց վարձատրությունը կախված չէ նրանից, թե որքան ժրաջան նրանք կաշխատեն, լրացուցիչ ջանք գործադրելու խթան չունեն: Խորհրդային իրականությունն ամփոփվում էր մի հին արտահայտության մեջ. «Նրանք ձևացնում են, թե մեզ վճարում են, մենք էլ ձևացնում ենք, թե աշխատում ենք» (խորհրդային ժամանակների մեկ այլ տարածված արտահայտություն էր «նա, ով պետությունից չի գողանում, գողանում է իր ընտանիքից»):
Երկրորդ. պետական ձեռնարկությունների և մարմինների խթանը բավարար չէ, որպեսզի ծախսերը պահեն ցածր մակարդակի վրա, նորարարական լինեն և ապրանքների տրամադրումն արդյունավետ իրականացնեն: Ի տարբերություն մասնավոր սեփականատերերի՝ պետական հատվածի ձեռնարկությունների տնօրեններն ու ղեկավարները բարձր արդյունավետությունից և ծախսերի նվազեցումից առանձնապես չեն շահում: Նրանք ավելի շուտ պետական բյուջեին են ապավինում, քան փորձում են զարգացնել իրենց հիմնարկները հաճախորդներին սպասարկելու միջոցով: Կանխատեսելի է, որ նրանք հետաքրքրված կլինեն բյուջեից ավելի շատ միջոցներ կորզելով: Բյուջեի ավելացումը ֆինանսավորում կապահովի ընդլայնվելու, աշխատավարձերը բարձրացնելու, հաճախորդների համար լրացուցիչ ծախսեր կատարելու և այլ գործոնների համար, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն ղեկավարաների կյանքը: Պետական ձեռնարկությունների և գործակալությունների ղեկավարները գրեթե առանց բացառության կփորձեն պլանավորողներին համոզել, որ իրենց գործունեության միջոցով այնպիսի ապրանքներ կամ ծառայություններ են արտադրում, որոնք հանրության համար հսկայական արժեք են ներկայացնում, և եթե նրանց ավելի շատ միջոցներ հատկացվեին, նրանք հասարակության համար էլ ավելի հրաշալի բաներ կստեղծեին: Ավելին, նրանք կպնդեն, որ ֆինանսավորում չհատկացվելու դեպքում մարդիկ կտուժեն, և հետևանքները հավանաբար աղետալի կլինեն:
Օրենսդիրների և պետական այլ պլանավորողների համար հաճախ դժվար է լինում գնահատել այսպիսի պահանջների հիմնավոր լինելը՝ ոչ միայն այն պատճառով, որ հազարավոր նման պահանջներ կլինեն, այլև այն պատճառով, որ ոչինչ չի կարող համեմատվել մասնավոր հատվածի շահույթի հետ, որը պլանավորողները կարող են օգտագործել՝ ձեռնարկությունների կառավարիչների աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար։ Մասնավոր հատվածում անարդյունավետ արտադրողներն ի վերջո սնանկանում են, մինչդեռ պետական հատվածում չկա համարժեք մեխանիզմ, որը կդադարեցնի ծրագրերի իրականացումը: Իրականում անարդյունավետ աշխատանքը և նպատակների ձախողումը հաճախ որպես փաստարկ է օգտագործվում՝ ավելի շատ պետական ֆինանսավորում ստանալու համար: Օրինակ՝ ոստիկանական դեպարտամենտը քրեական հանցագործությունների թվի ավելացումը որպես փաստարկ կօգտագործի՝ օրենքի կիրառումն ապահովելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը հիմնավորելու համար: Այդպես էլ պետական դպրոցների տնօրենները աշակերտների վատ առաջադիմությունը որպես փաստարկ կօգտագործեն՝ ավելի մեծ ֆինանսավորում ստանալու անհրաժեշտության հիմնավորման համար: Հաշվի առնելով այն, որ պետական ձեռնարկությունների ղեկավարները բյուջեն մեծացնելու ուժեղ և արդյունավետ աշխատելու թույլ խթաններ ունեն՝ կարելի է ակնկալել, որ պետական ձեռնարկությունների միավորի ծախսը, ի տարբերություն մասնավոր ընկերությունների, ավելի մեծ կլինի:
Երրորդ. բոլոր հիմքերը կան կարծելու, որ իրենց սեփական փողը ռիսկի ենթարկող ներդրողները ավելի լավ ներդրումային որոշումներ կկայացնեն, քան կենտրոնական պլանավորողները, որոնք ծախսում են հարկատուների վճարած գումարները: Հիշեք՝ ներդրողը, որը շահույթ ստանալու նպատակ ունի, պետք է գտնի և ներդրում կատարի այն նախագծում, որը մեծացնում է ռեսուրսների արժեքը: Եթե ներդրողը սխալ որոշում է կայացնում, այսինքն՝ ներդրում է կատարում մի նախագծում, որը կորուստներ է կրում, ապա նա ուղղակիորեն կկրի իր գործած սխալի հետևանքները: Մինչդեռ պետական ծրագրերի հաջողությունը կամ ձախողումը պետական պլանավորողների անձնական բարեկեցության վրա գրեթե ազդեցություն չունի: Նույնիսկ արդյունավետ ծրագրի դեպքում քիչ հավանական է, որ պլանավորողը մեծ անձնական օգուտ կունենա: Իսկ եթե ծրագիրը տնտեսապես անարդյունավետ է, այսինքն՝ նվազեցնում է ռեսուրսների արժեքը, այդ ձախողումը փոքր բացասական ազդեցություն կունենա պլանավորողների եկամտի վրա: Հնարավոր է՝ նրանք նաև կարողանան անձնական օգուտ քաղել ոչ արդյունավետ ծրագրերից, քանի որ այդ ծրագրերով նախատեսվող սուբսիդիաները և այլ տեսակի նպաստներն ուղղում են քաղաքականապես ազդեցիկ խմբերին, որոնք էլ իրենց գերատեսչությանը կամ ձեռնարկությանը պատասխան քաղաքական աջակցություն են ցուցաբերում: Հաշվի առնելով խթանների այս համակարգը՝ չկա որևէ հիմք կարծելու, թե պետական պլանավորողները մասնավոր ներդրողներից ավելի շատ կնախընտրեն գտնել և բանեցնել հասարակության կենսամակարդակի բարձրացմանը նպաստող ծրագրեր:
Չորրորդ. պետական ծախսերի արդյունավետությունը կարող է նաև խաթարվել, քանի որ սահմանափակումներ չունեցող կառավարության բյուջեն կարծես ընդհանուր օգտագործման ռեսուրս լինի: Ինչպես տեսանք Մաս 2-ի Բաղադրիչ 1-ում, մասնավոր սեփականությունը ներկայի որոշումների ապագա հետևանքները հաշվի առնելու ուժեղ շարժառիթ է տրամադրում: Բայց երբ փողը և ռեսուրսները ընդհանուր սեփականություն են, ապագան հաշվի առնելու շարժառիթ գրեթե չկա: Օրինակ՝ մինչև որսալը օվկիանոսի ձկները բոլորի սեփականությունն են հանդիսանում, և որպես հետևանք ձկնորսության չափից մեծ ծավալների պատճառով շատ ձկնատեսակներ հայտնվում են ոչնչացման եզրին: Ձկնորսներն ընդհանուր առմամբ ավելի կշահեին, եթե ձկնորսության ծավալներն ավելի փոքր լինեին, ինչը թույլ կտար, որ ձկների պոպուլյացիաները բազմանան: Բայց ընդհանուր սեփականության դեպքում յուրաքանչյուր ձկնորս գիտի, որ եթե ինքն այսօր չորսա այդ ձուկը, վաղը մեկ ուրիշն է այն որսալու: Հետևաբար, ապագայում ավելի շատ ձուկ ունենալու համար այսօր իրենց որսը պակասեցնելու յուրաքանչյուրի խթանը շատ փոքր է:
Իսկ երբ շահերի խմբերը «որսում են» պետական միջոցները (այսինքն՝ լոբբինգ են իրականացնում քաղաքական պլանավորողների շրջանում), նրանք արտադրության ապագա ծավալների վրա բարձր հարկերի և լրացուցիչ փոխառությունների բացասական ազդեցությունը հաշվի առնելու խթան գրեթե չունեն: Պետական միջոցներով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի կողմնակից գուցե հասկանում է, որ արտադրության ապագա ծավալներն ավելի բարձր կլինեն ցածր հարկադրույքների և մասնավոր ներդրումների մեծ հոսքի դեպքում: Բայց նրանք նաև հասկանում են, որ եթե պետբյուջեից հնարավորինս շատ միջոցներ չկորզեն, դա կանեն շահերի այլ խմբերը: Հաշվի առնելով այդ խթանները՝ պետք է ակնկալել, որ պետական միջոցներով իրականացվող ծրագրերը անարդյունավետ կլինեն, իսկ բյուջեն մշտապես պակասուրդ կունենա: Պետական բյուջեի քրոնիկ պակասուրդի խնդիրը մանրամասն դիտարկվում է Մաս 3-ի Բաղադրիչ 6-ում:
Հինգերորդ. կենտրոնական պլանավորողները բավարար տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն և չեն կարող դրա հիման վրա հիմնավորված պլան մշակել, իրագործել և մշտապես թարմացնել: Մենք ապրում ենք դինամիկ փոփոխությունների աշխարհում: Տեխնոլոգիական առաջընթացը, նոր ապրանքները, քաղաքական հուզումները, փոփոխվող պահանջարկը և եղանակային պայմանները մշտապես ազդում են ապրանքների և ռեսուրսների հարաբերական սահմանափակության վրա: Կենտրոնական մարմիններն ի վիճակի չեն բոլոր փոփոխությունների հետ համընթաց քայլել, քաղաքական գնահատական տալ դրանց և ձեռնարկությունների ղեկավարներին ողջամիտ հրահանգներ տալ:
Շուկաները տարբեր են: Շուկայական գները խիստ ցրված տեղեկություն են գրանցում և համակարգում: Գնի մասին տեղեկությունը մշտապես կարգավորվում է և արտացոլում տնտեսության մեջ անդադար տեղի ունեցող փոփոխությունները: Գներն արտացոլում են այս խիստ ցրված տեղեկությունը և մասնավոր ընկերություններին ու ռեսուրսների մատակարարներին ազդակներ են ուղարկում: Այս գնային ազդակները մասնավոր ընկերություններին և ռեսուրսների սեփականատերերին տրամադրում են տեղեկություն և խթաններ, որոնք անհրաժեշտ են նրանց գործունեությունը համակարգելու և նոր պայմաններին համաձայնեցնելու համար: Շուկայական գների այս ազդակները սխալ մեկնաբանելու և դրանց համապատասխանաբար սխալ արձագանքելու դեպքում մասնավոր ընկերությունները կամ անհատները վնասներ են կրում:
Հենց շուկայական գների միջոցով հաղորդած տեղեկության շնորհիվ է, որ ներդրողները, ընկերությունները և աշխատողները տեղեկանում են, թե նրանց դոլարները և ջանքերը որտեղ կարող են առավելագույն արժեք ստեղծել ուրիշների համար: Պետական մարմինները իրենց արտադրանքի վերաբերյալ որոշումները կայացնում են՝ շուկայական գները առանց հաշվի առնելու և առանց վերլուծելու, թե արդյոք իրենց գործունեությունը դրական զուտ արժեք է ստեղծում, թե վատնում է ռեսուրսները:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ Հայեկը տեղեկատվական խնդրի հետևանքները, որին բախվում են կենտրոնական պլանավորողները, այսպես է ամփոփել.
«Եթե մարդը ձգտում է բարելավել հասարակական կարգն իր ջանքերի միջոցով՝ տալով ավելի շատ օգուտ, քան վնաս, պետք է իմանա, որ ինչպես այս, այնպես էլ մյուս բոլոր ոլորտներում, որտեղ գերակշռում է կազմակերպման բարդ ձևը, չի կարող ստանալ այն ողջ տեղեկությունը, որը թույլ կտա վերահսկել ողջ իրավիճակը: Հետևաբար, նա պետք է օգտագործի իր գիտելիքները և արդյունքի հասնի՝ ոչ թե արհեստավորի պես կերտելով իր աշխատանքը, այլ աճը խթանող բարենպաստ միջավայր ստեղծելով, ինչպես դա անում է այգեպանը իր բույսերի համար:»(78)
Այլ կերպ ասած՝ տնտեսությունը չափազանց բարդ է՝ միկրոմակարդակում կառավարելու համար: Փոխարենը, ինչպես քննարկել ենք Մաս 2-ում, տնտեսական աճը խթանելու և բարգավաճելու լավագույն ռազմավարությունը համապատասխան ինստիտուտներ ստեղծելն է և երկարաժամկետ քաղաքականություններ իրականացնելը, որոնք բարենպաստ միջավայր կստեղծեն, որպեսզի սեփական շահը հետապնդող անհատները կարողանան զբաղվել արդյունավետ և հարստություն ստեղծող գործունեությամբ:
Մի քանի տարի առաջ լայնորեն տարածված էր այն կարծիքը, որ պետական պլանավորումը և արդյունաբերական քաղաքականությունը տնտեսական աճի հիմնական գործոններն են: Տնտեսագետներ Փոլ Սամուելսոնը և Լեսթեր Թուրոուն այս տեսակետի առաջատար կողմնակիցներից էին. այն 1970-ականներին և 1980-ականներին գերակշռում էր զանգվածային լրատվամիջոցներում և մտավորականության շրջանում: Նրանք պնդում էին, որ շուկայական տնտեսությունները երկընտրանքի առջև են. նրանք պետք է ընտրեն պետական պլանավորումը կամ կրեն ավելի դանդաղ աճի և տնտեսական անկման հետևանքները: Խորհրդային համակարգի փլուզումը և Ճապոնիայի տնտեսության անարդյունավետությունը զգալիորեն փչացրին այս տեսակետի հեղինակությունը: Այնուամենայնիվ, շատերը դեռ կարծում են, որ պետությունը կարող է կառավարել տնտեսության տարբեր ճյուղերը, օրինակ՝ առողջապահությունը կամ կրթությունը: Սակայն հաշվի առնելով խթանները և կենտրոնական պլանավորմանն առնչվող տեղեկատվական խնդիրները՝ հավանական չէ, որ դա տեղի կունենա:
Ավելի քան երկուսուկես դար առաջ Ադամ Սմիթը ձևակերպել է կենտրոնական պլանավորման ձախողման աղբյուրը, այդ թվում՝ որոշակի ոլորտները պլանավորելու արդյունքում առաջացող սխալները (տե՛ս՝ այս բաղադրիչի սկզբում արված մեջբերումը): Ի դժբախտություն պետական պլանավորողների՝ անհատներն իրենց սեփական խելքն ունեն, որը Սմիթն անվանում է «շարժման սկզբունք»: Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ անձնական խթաններով պայմանավորված՝ անհատների գործողությունները հակասում են կենտրոնական պլանին: Երբ պետությունը դուրս է գալիս իր պաշտպանիչ գործառույթի սահմաններից և սկսում է գործունեության տարբեր տեսակներ սուբսիդավորել, ուղղորդել ձեռնարկությունները և տնտեսության տարբեր ճյուղերը և վատագույն դեպքում կենտրոնական պլանավորում է իրականացնում ողջ տնտեսության մեջ, անկասկած ներքին հակասություններ են ծագում, իսկ մարդկանց կենսամակարդակը զգալիորեն իջնում է ներուժային մակարդակից:
Այս մասին է վկայում տարբեր երկրների պետական պլանավորման փորձը:
Կենտրոնական պլանավորումը լի է տարաձայնություններով և ներքին հակասություններով.
- Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը որոշ գյուղատնտեսների վճարում է, որպեսզի նրանք հացահատիկային կուլտուրաներ չաճեցնեն և միաժամանակ այլոց սուբսիդավորված ոռոգման ծրագրեր է տրամադրում, որպեսզի կարողանան աճեցնել այդ նույն հացահատիկային կուլտուրաները: Եվրոպական Միության նմանատիպ սուբսիդիաները հանգեցրին գյուղատնտեսական մի շարք ապրանքների ավելցուկային արտադրության, որի արդյունքում առաջացավ «կարագի սար» հայտնի արտահայտությունը:
- Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող գյուղատնտեսների համար նախատեսվող Միացյալ Նահանգների պետական ծրագրերը բարձր են պահում կաթի գները, սակայն պետությունը միաժամանակ սուբսիդավորում է դպրոցական լանչի ծրագրերը, որոնց շնորհիվ թանկ կաթն ավելի մատչելի է դառնում:
- Հնդկաստանի սննդարդյունաբերության ոլորտի սուբսիդավորման ծրագրի նպատակն է օգնել ինչպես սպառողներին, այնպես էլ արտադրողներին: Արդյունքում Հնդկաստանը հասավ նրան, որ սպառողներին ցորենի նորման բաժանվում էր արհեստական ցածր գներով, սակայն միաժամանակ կար առաջարկի զգալի ավելցուկ, քանի որ գյուղատնտեսներին ցորենի դիմաց բարձր գներ էին վճարում։ (Գյուղատնտեսներին հատկացվում էին սուբսիդիաներ նաև գյուղատնտեսական այլ ռեսուրսների՝ էլեկտրականության, ջրի և շրջակա միջավայրի համար վնասակար պարարտանյութերի համար): Պետությունը փչացող բրնձի և ցորենի հսկայական պաշարներ գնեց, մինչդեռ սպառողներին հասանելի սահմանափակ քանակը բաշխվեց կոռումպացված եղանակներով՝ հակասելով աղքատներին օգնելու ծրագրի նպատակին:(79)
- Բոլոր երկրները միասին ձկնարդյունաբերության ոլորտի սուբսիդիաների վրա տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլար են ծախսում, որի 60 տոկոսն ուղղակիորեն անկայուն, կործանարար գործողություններ է խրախուսում: Արդյունքում շուկայի խեղաթյուրումը 2012թ. համաշխարհային տնտեսության համար 83 միլիարդ դոլար արժեցավ:(80)
- 2015 և 2016 թվականներին Մեծ յոթնյակի երկրների կառավարությունները տարեկան առնվազն 81 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն և 20 միլիարդ ԱՄՆ դոլարի պետական ֆինանսավորում տրամադրեցին նավթի, գազի և ածխի արտադրության և սպառման ոլորտներին՝ միաժամանակ ակտիվորեն սուբսիդավորելով հողմային և արևային էներգիայի արտադրությունը: 2019թ. ակնկալվում էր, որ Միացյալ Թագավորությունը 12 միլիարդ եվրոյի աջակցություն կտրամադրի օրգանական հանածո վառելիքի արտադրության ոլորտին և 8.3 միլիարդ եվրոյի աջակցություն՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների մրցակից ոլորտին:
- Վերադառնանք Հնդկաստան. շրջակա միջավայրի աղտոտումը վերահսկող մարմնի (անգլ. EPCA) կազմած աղտոտման դեմ պայքարելու գործողությունների համալիր ծրագրում ասվում է, որ սեղմված բնական գազի օգտագործումը չպետք է խրախուսվի, քանի որ այն «ազոտային օքսիդների առաջացման հիմնական պատճառներից մեկն է, և ենթադրվում է նաև, որ այն մեծացնում է օդում կոշտ մասնիկների քանակը»: Այս դիրքորոշումն ուղղակիորեն հակասում է Դելի քաղաքի համար Աղտոտման վերահսկման կենտրոնական խորհրդի մշակած 42 կետից բաղկացած գործողությունների ծրագրին (2015թ.), որով քաղաքի իշխանությունները պետք է ներկայացնեին, թե ինչպես են սկսելու հասարակական տրանսպորտի հնարավորինս արագ անցումը սեղմված բնական գազով աշխատելուն:
Ընդհանուր առմամբ, հակասող քաղաքականություններն ի հայտ են գալիս այն հիմնական լարվածության արդյունքում, որը գոյություն ունի մի կողմից՝ շուկայի կարգավորման համակարգի, որը ձգտում է տնտեսության զարգացման պատասխանատվությունը դնել քաղաքացիների և արտադրողականության վրա, և մյուս կողմից՝ տնտեսությունը պետականորեն հարմարեցնող համակարգի միջև, որպեսզի շահեն քաղաքականապես ընտրված ոլորտներն ու ընկերությունները:
Տնտեսական վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ պետական պլանավորումը լայն մասշտաբներով կիրառելը կհանգեցնի տնտեսական անարդյունավետության և քրոնիզմի: Երբ պետական պաշտոնյաներն են որոշում գնվող և վաճառվող ապրանքատեսակները կամ այդ ապրանքատեսակների գները, առաջին գնվող և վաճառվող բանը կլինի ընտրված պաշտոնյաներին տրվող ձայները: Երբ ձեռնարկությունները ավելի մեծ գումարներ են ստանում պետությունից, այլ ոչ սպառողներից, նրանք ավելի շատ ժամանակ կծախսեն քաղաքական գործիչների վրա ազդեցություն գործելու և ավելի քիչ ժամանակ՝ ծախսերը կրճատելու և սպառողներին գոհացնելու վրա: Կանխատեսելի է, որ շուկաների փոխարինումը քաղաքականությամբ տնտեսական անկման կհանգեցնի, և ինչպես ծագումով ուկրաինացի Լյուդվիգ ֆոն Միզեսն է ասել, «ամենամեծ չարիքը, որ մարդկությունը երբևէ հանդուրժել է, վատ կառավարության արդյունք է եղել»:(81)
Բաղադրիչ 3.10. Մրցակցությունը և արտաքին կապերը կարևոր են
Պետական ոլորտում մրցակցությունը գրեթե նույնքան կարևոր է, որքան շուկաներում։

ԿԻՄ ՉԵՆ ԸՆԸ ՀԱՂԹԵՑ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՍՏԱՆԱԼՈՎ ՁԱՅՆԵՐԻ 100%-Ը
«ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մրցակցությունը կարգավորիչ ուժ ունի: Շուկայում ընկերությունները մրցակցում են հաճախորդների հավատարմությունը շահելու համար: Երբ ընկերությունները վատ են սպասարկում հաճախորդներին, հիմնականում տանուլ են տալիս՝ բիզնեսը զիջելով ավելի շահավետ առաջարկ ունեցող մրցակիցներին: Մրցակցությունը սպառողներին պաշտպանում է բարձր գներից, անորակ ապրանքներից, վատ սպասարկումից և (կամ) կոպիտ վերաբերմունքից: Գրեթե բոլորը համամիտ են այս պնդման հետ, երբ խոսքը մասնավոր հատվածին է վերաբերում: Ցավոք, պետական հատվածում մրցակցության կարևորությունը հաճախ անտեսվում է:
Ինչպես քննարկել ենք նախորդ բաղադրիչում, պետական մարմինների և պետական ձեռնարկությունների խթանների կառուցվածքն այնքան էլ բարենպաստ չէ արդյունավետ աշխատանքի համար: Շահույթը և վնասը լավագույնս են օգնում քաղաքացիներին պետական հատվածի կառույցների ու ձեռնարկությունների աշխատանքի արդյունավետությունը գնահատելու գործընթացում։ Արդյունքում պետական ձեռնարկությունների ղեկավարները հաճախ կարողանում են թաքցնել տնտեսական անարդյունավետությունը: Ծախսերը վերահսկելու խթանները, կարելի է ասել, բացակայում են: Եթե պետական մարմինը տվյալ տարվա համար հատկացված բյուջեն չծախսի, հաջորդ տարվա համար ավելի մեծ բյուջե պահանջելու հիմնավորում չի ունենա: Եթե հատկացված միջոցները ամբողջությամբ չեն ծախսվում, պետական մարմինները բյուջետային ժամանակաշրջանի ավարտին սովորաբար մեծացնում են ծախսերը:
Հաշվի առնելով պետական հատվածում առկա խթանների կառուցվածքը՝ խիստ կարևոր է, որպեսզի պետությունը բոլոր հնարավոր ոլորտներում մրցակցության բախվի: Եթե ցանկանում ենք առկա ռեսուրսներից առավելագույն արդյունավետություն ստանալ, ապա մասնավոր ընկերություններին պետք է թույլ տալ հավասար պայմաններով մրցակցել պետական մարմինների և ձեռնարկությունների հետ: Օրինակ՝ մասնավոր ընկերություններին պետք է պետական ձեռնարկությունների հետ մրցակցելու հավասար հնարավորություն տալ՝ տրանսպորտային միջոցների տեխսպասարկման կետեր, տպագրատներ, սննդի կետեր շահագործելու, աղբի հավաքման ծառայություններ, փողոցների բարեկարգման ծառայություններ տրամադրելու, դպրոցներ և նման հաստատություններ աշխատեցնելու համար, հատկապես եթե քաղաքական ֆավորիտիզմից և նույնիսկ կաշառակերությունից խուսափելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։ Մրցակցությունը կարող է բարձրացնել արդյունավետությունը, կրճատել ծախսերը և նորարարական մտածելակերպ խթանել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում:
Մրցակցությունն ապակենտրոնացված պետական օղակների (Միացյալ Նահանգներում` նահանգների, Գերմանիայում՝ երկրամասերի, այլ երկրներում և տեղական ինքնակառավարման մարմիններում՝ շրջանների կամ վարչական ստորաբաժանումների) միջև նույնպես կարող է օգնել պաշտպանել քաղաքացիներին պետության կողմից շահագործվելուց: Ոչ մի կառավարություն չի կարող կեղեքողական քաղաքականություն վարել, երբ քաղաքացիները հնարավորություն ունեն հեշտությամբ տեղափոխվել մի տեղ, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայությունները և հարկերն ավելի գերադասելի են: Իհարկե, կառավարություն փոխելն այնքան հեշտ չէ, որքան սննդամթերքի խանութ փոխելը: Սակայն որքան ավելի ապակենտրոնացված են կառավարության գործառույթները, այնքան քաղաքացիների համար ավելի հեշտ է որևէ ծառայությունից հրաժարվելը: Ավելին, տեղական կառավարման մարմինների միջև առկա մրցակցությունից մարդիկ կարող են օգուտ ստանալ առանց բնակության վայրը փոխելու: Այն փաստը, որ մարդկանց որոշ մասն անարդյունավետ կառավարում ունեցող բնակավայրերից կարող է ավելի արդյունավետ կառավարում ունեցող բնակավայրեր տեղափոխվել, իշխանության բոլոր մարմիններին դրդում է իրենց քաղաքացիների խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնել:
Ապակենտրոնացումը նաև մարդկանց թույլ կտա պետական ծառայություններն իրենց համար գերադասելի տարբերակով ստանալ: Եթե տարբեր մարդիկ տան կամ ավտոմեքենայի վրա տարբեր գումարներ են նախընտրում ծախսել, ապա տարբեր կլինեն նաև պետական ծառայությունների ծախսերի վերաբերյալ նրանց տեսակետները: Ոմանք ծառայությունների մատուցման ավելի բարձր մակարդակ կնախընտրեն և պատրաստ կլինեն դրանց համար ավելի բարձր հարկեր վճարել: Մյուսները կնախընտրեն ավելի ցածր հարկեր վճարել և պետական ծառայություններն ավելի քիչ ծավալով ստանալ: Ոմանք կցանկանան, որ պետական ծառայությունները ֆինանսավորվեն հարկերի միջոցով, մինչդեռ մյուսները կնախընտրեն, որ դրանք հիմնականում ծառայություն ստացողներից գանձվող գումարներով ֆինանսավորվեն: Ապակենտրոնացված քաղաքական համակարգի շրջանակներում նմանատիպ պետական ծառայություններ և հարկեր նախընտրող անհատները կկարողանան միավորվել, որի արդյունքում ավելի մեծ թվով մարդիկ հնարավորություն կունենան իրենց համար գերադասելի ծառայություններ ստանալ:
Ավելին, մարդկանց շարժը ապակենտրոնացված պետական միավորների միջև կօգնի նաև մեծացնել արդյունավետությունը: Եթե պետությունը բարձր հարկեր գանձի (առանց ծառայությունների համապատասխան որակ ապահովելու) և ծայրահեղ կանոնակարգիչ քաղաքականություն իրականացնի, ապա հարկային բազան ձևավորող որոշ ֆիզիկական անձինք և մասնավոր ընկերություններ կնախընտրեն այլ վարչական միավոր տեղափոխվել:
2003-2013թթ. ընթացքում ԱՄՆ-ի ինը նահանգում, որտեղ ֆիզիկական անձանցից եկամտային հարկ չէր գանձվում, այլ նահանգներից ներգաղթի շնորհիվ բնակչության թիվը տարեկան միջինը 3.7%-ով աճում էր: Նույն ժամանակահատվածում այն նահանգներում, որտեղ եկամտային հարկն ամենաբարձրն էր, բնակչության թիվը նվազեց միջինը 2%-ով: Ֆիզիկական անձանցից եկամտային հարկ չգանձող ինը նահանգում զբաղվածության մակարդակը բարձր եկամտային հարկ գանձող նահանգների մակարդակի կրկնապատիկից ավել էր: Նույն իրավիճակը Եվրամիությունում է. այն երկրները, որտեղ հարկերը ցածր են, զգալիորեն ավելի մեծ թվով բարձր որակավորում ունեցող օտարերկրացի աշխատողների են գրավում:(82) Այդ ներգաղթողները թերևս ուղերձ են հղում բարձր հարկեր գանձող և վատ կառավարում ունեցող երկրներին: Վատ սպասարկման պատճառով հաճախորդ կորցնող ընկերությունների պես պետությունները ևս կորցնում են իրենց քաղաքացիներին, երբ վատ են սպասարկում նրանց, եթե իհարկե պետական մակարդակով չեն սահմանափակում արտագաղթը: Օրինակ՝ Չինաստանը քաղաքում բնակվելու թույլտվություն (չին.՝ հուկոու) չունեցողներին թույլ չի տալիս տվյալ քաղաքում բուժօգնություն ստանալ կամ երեխաներին դպրոց ուղարկել:
Այսպիսով, ապակենտրոնացումը թույլ է տալիս մարդկանց տեղափոխվել այնպիսի վարչատարածքային միավորներ, որտեղ պետական ծառայությունների ծավալը և արժեքը համապատասխանում է իրենց ցանկություններին: Ընտրողների ներգաղթն իր հերթին նպաստում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության կարգավորմանը և օգնում է նրանց քաղաքացիների նախընտրություններին համապատասխան գործունեություն իրականացնել:
Որպեսզի ապակենտրոնացված տեղական ինքնակառավարման մարմինների միջև մրցակցությունը ծառայի քաղաքացիների շահերին, այն չպետք է ճնշվի իշխանության ավելի բարձր օղակների քաղաքականություններով: Երբ կառավարությունը (կամ Եվրոպական Միությունը) սուբսիդավորում, թելադրում կամ կարգավորում է կառավարման ավելի ցածր օղակների կողմից տրամադրվող ծառայությունները, այն խաթարում է նրանց միջև ընթացող մրցակցային գործընթացը: Կառավարության խնդիրն է պատշաճ կերպով իրականացնել իր սահմանափակ գործառույթները, իսկ կառավարման ավելի ցածր օղակների գործունեության ու նրանց կողմից տրամադրվող ծառայությունների մակարդակի նկատմամբ չեզոքություն դրսևորել:
Մասնավոր ձեռնարկությունների պես պետական կառույցները ևս նախընտրում են պաշտպանվել մրցակիցներից: Նրանք կձգտեն մենաշնորհային դիրք ունենալ: Այդ պատճառով մրցակցությունը պետական մարմինների միջև ինքնըստինքյան չի ստեղծվի: Այն պետք է քաղաքական կառուցվածքում ներառվի:
Բարեկեցությանը նպաստող սահմանադրական նորմեր
Մասնավոր և հատկապես՝ պետական կառույցներին բնորոշ է հսկայական իներցիան՝ ստատուս-քվոյի հարկադրանքը: Միայն իրական կամ թվացյալ ճգնաժամն է, որ իրական փոփոխության է հանգեցնում: Երբ այդ ճգնաժամը վրա է հասնում, ձեռնարկվող գործողությունները կախված են լինում հասարակությունում տարածված գաղափարներից: Հենց դա էլ, իմ կարծիքով, մեր հիմնական գործառույթն է. առկա քաղաքականությունների այլընտրանքներ մշակել, դրանք գործուն և պատրաստի վիճակում պահել այնքան ժամանակ, մինչև քաղաքական տեսանկյունից անհնարինը քաղաքական տեսանկյունից անխուսափելի դառնա:(83)
Որո՞նք են Մաս 3-ի հիմնական գաղափարները: Առաջին. տնտեսական վերլուծությունը ցույց է տալիս, որ մենաշնորհը, հանրային բարիքը և արտաքին ազդեցությունները շուկայի այն խնդիրներն են, որոնք սեփական շահը հետապնդող անհատներին անարդյունավետ գործողությունների են դրդում: Շուկայի այս ձախողումները նպաստում են, որ պետության միջամտության արդյունավետությունը բարձրանա, սակայն դա երաշխավորված չէ:
Քաղաքական բաշխումը, եթե նույնիսկ ժողովրդավարական ձևով է իրականացվում, տնտեսության կազմակերպման այլընտրանքային ձև է և ունի իր առավելություններն ու թերությունները, ինչպես շուկաները: Շուկայի նման՝ պետական կառավարումը ևս ձախողվում է: Ինչպես արդեն քննարկել ենք, պետական կառավարման ձախողումը դրսևորվում է հետևյալ երևույթներով.
- Ընտրողները չունեն իրազեկված ընտրություն կատարելու խթան:
- Երբ պետությունը դուրս է գալիս անհատների իրավունքները պաշտպանելու իր իրավասության սահմաններից և ակտիվորեն ներգրավվում է սահմանափակ ռեսուրսները բաշխելու գործընթացում, ընտրված քաղաքական գործիչների մոտ ստեղծվում է լավ կազմակերպված շահերի խմբերի հայացքները հաշվի առնելու խթան:
- Քաղաքական ֆավորիտիզմը վատնողական վարձքի հայտ փնտրելու համար բարենպաստ միջավայր է ստեղծում:
- Քաղաքական գործընթացը դառնում է ոչ հեռանկարային (հաճախ պլանավորվում է մինչև հաջորդ ընտրությունը), որի արդյունքում պետությունը չափից մեծ պարտք և չֆինանսավորվող պարտավորություններ է ստանձնում, որոնք մարելը դժվար է, եթե ոչ անհնար։
Որպեսզի պետությունը տնտեսական բարեկեցության շարժիչ ուժը լինի, քաղաքական մեխանիզմը պետք է ընտրողների, քաղաքական գործիչների և բյուրոկրատների սեփական շահը համաձայնեցնի տնտեսական առաջընթացին: Ինչպե՞ս կարելի է հասնել դրան:
Պարզ է, որ տնտեսական առաջընթացին նպաստող քաղաքական կառուցվածքի համար կարևոր է օրենքի առաջ հավասարությունը և պետական մարմինների լիազորությունների սահմանափակումները: Տարբեր երկրներում ինստիտուցիոնալ կարգավորումները տարբեր են. այնուամենայնիվ, տարբեր երկրների հաջողված (և ձախողված) փորձերից կարելի է դասեր քաղել: Մեծ հաշվով Միացյալ Նահանգների Սահմանադրության հեղինակները ընդհանուր կառուցվածքը ճիշտ են ձևակերպել: Նրանք համակարգի ներսում զսպումների և հակակշիռների մեխանիզմ սահմանեցին, քաղաքական իշխանությունը բաժանեցին օրենսդրական, գործադիր և դատական ճյուղերի: Օրենքները պետք է դիտարկվեին երկու օրենսդիր մարմնի կողմից, որոնք այդ ժամանակ տարբեր և հաճախ հակասող շահեր էին ներկայացնում, իսկ ուժի մեջ մտնելու համար օրենքը պետք է հաստատվեր նախագահի կողմից:
Կենտրոնական կառավարության լիազորությունների սահմանափակումները ապակենտրոնացված դաշնային համակարգ և պետության առավել ցրված լիազորություններ էին նախատեսում: Հոդված I-ի բաժին 8-ում թվարկվում էին կենտրոնական կառավարության թույլատրելի ֆինանսական լիազորությունները, իսկ մյուս բոլոր լիազորությունները տրված էին նահանգներին և քաղաքացիներին (տասներորդ փոփոխություն): Կոնգրեսը պետք է միասնական հարկ գանձեր՝ «ընդհանուր պաշտպանություն և համընդհանուր բարեկեցություն ապահովելու համար»: Նպատակը հստակ էր. թույլ չտալ, որ դաշնային բյուջեն օգտագործվեր որպես որոշ խմբերի և տարածաշրջանների մյուսների հաշվին առավելություն տալու գործիք:
ԱՄՆ Սահմանադրությունը պաշտպանում էր նաև անհատների սեփականության իրավունքները և կամավոր փոխանակում կատարելու նրանց ազատությունը: Հինգերորդ փոփոխությամբ սահմանվում էր, որ մասնավոր սեփականությունն «առանց արդարացի փոխհատուցման չպետք է բռնագրավվի հանրային օգտագործման նպատակով»: Նահանգներին արգելված էր «պայմանագրերով նախատեսված պարտավորությունը խախտող» օրենքներ (հոդված I, բաժին 10) ընդունել: Թերևս ամենակարևորն այն է, որ նահանգներին չէր թույլատրվում առևտրային արգելքներ սահմանել, որի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները դարձան աշխարհում ազատ առևտրի ամենամեծ գոտին:
Միացյալ Նահանգների Սահմանադրությունը սահմանափակում էր պետության, մասնավորապես դաշնային կառավարության՝ տնտեսությունը քաղաքականացնելու և քաղաքացիների իրավունքները ոտնահարելու հնարավորությունը: Այլ կերպ ասած՝ Սահմանադրությունը խթանում էր, որպեսզի պետությունը գործի ոչ թե պարտադրանքի, այլ համաձայնության հիման վրա: Ինչո՞ւ է դա կարևոր: Մարդիկ հակված են գործել միայն այն ժամանակ, երբ գործարքը փոխշահավետ է: Այսպիսով, թե՛ շուկաներում, թե՛ պետության մակարդակում համաձայնությամբ կատարվող գործողությունները փոխշահավետ կլինեն և հետևաբար՝ կնպաստեն ընդհանուր բարեկեցությանը, այլ ոչ թե կծառայեն որոշ կողմերի շահերին ի հաշիվ մյուսների:
Ժամանակի ընթացքում պետությունները հաճախ փորձում են ավելի ու ավելի ներխուժել մարդկանց տնտեսական և անձնական կյանք: Այդ պատճառով այսօր շատ երկրներում պետությունը վերահսկում է գրեթե ամեն ինչ, և դրա հետևանքներն ակնհայտ են՝ քաղաքական ֆավորիտիզմ, պետական միջոցների ծախսում` ի նպաստ սոսկական շահերի, բյուջեի ահռելի պակասուրդ, չափից շատ կարգավորում, քաղաքական կոռուպցիա և զգալի ազդեցություն մեր կյանքի տարբեր ասպեկտների վրա:
Թե՛ վաղուց հաստատված, թե՛ նոր մշակվող պետական կառուցվածք ունեցող բոլոր երկրների առջև խնդիր է դրված այնպիսի սահմանադրական նորմեր մշակել, որոնք կդրդեն պետությանը ընդհանուր համաձայնության վրա հիմնված գործողություններ ձեռնարկել և քաղաքական գործընթացները կհամաձայնեցնեն տնտեսական առաջընթացի հետ:
Ինչպե՞ս կարելի է դա իրականացնել: Ինչպիսի՞ դրույթներ պետք է պարունակի սահմանադրությունը, որպեսզի խթանի տնտեսական բարեկեցությունը և կայունությունը: Վերը նշված վերլուծություններից ուղղակիորեն մի քանի առաջարկ է բխում: Գուցե քննարկման արժանի այլ կարծիքներ լինեն, սակայն մեր կարծիքով ինչպես տնտեսական մեխանիզմները, այնպես էլ գործնական հետազոտությունները հիմնվում են ստորև նկարագրված ընդհանուր սկզբունքների վրա, որոնք կնպաստեն պետության արդյունավետ աշխատանքին և կխթանեն տնտեսական առաջընթացը:
Բարեկեցության սահմանադրական սկզբունքները
Ապակենտրոնացում, որի դեպքում տնտեսական քաղաքականության որոշումները հնարավորության սահմաններում ընդունվում են կառավարության այն մակարդակում, որն ամենամոտն է դրանց ազդեցությունը կրող մարդկանց։
Այս սկզբունքը, որը երբեմն սուբսիդիարություն (լրացուցչություն) են անվանում, սահմանված է Միացյալ Նահանգների Սահմանադրության 10-րդ փոփոխությամբ, համաձայն որի. «Սահմանադրությամբ Միացյալ Նահանգներին չվերապահված կամ Նահանգներին չարգելված լիազորությունները համապատասխանաբար Նահանգներին կամ քաղաքացիներին են վերապահվում»: Համաձայն 1992թ. Մաաստրիխտի պայմանագրի՝ սուբսիդիարությունը նաև «Եվրոպական Միության իրավունքի ընդհանուր սկզբունք է»: 2009թ. Լիսաբոնի պայմանագրի փոփոխությամբ սահմանվել է հետևյալը. «սուբսիդիարության սկզբունքի համաձայն՝ իր բացառիկ իրավասության մեջ չմտնող ոլորտներում Եվրամիությունը գործում է միայն այն դեպքում, երբ անդամ երկրները չեն կարող բավարար չափով իրագործել առաջարկված գործողության նպատակները կենտրոնական, տարածաշրջանային կամ տեղական մակարդակներում...»Սուբսիդիարության տրամաբանությունը բխում է տարբեր աղբյուրներից: Եթե կառավարության և քաղաքացիների միջև ուղղակի կապը ոչ թե պետական (կամ ենթապետական), այլ ավելի շուտ տեղական մակարդակում է, դա թույլ է տալիս ավելի լավ բացահայտել քաղաքացիների կարիքներն ու ցանկությունները: Ինչպես արդեն քննարկել ենք, տեղական ինքնակառավարման մարմինների միջև մրցակցությունը քաղաքացիներին ավելի լավ սպասարկելու խթաններ է ստեղծում: Ընդհանուր խնդիրները լուծելու նպատակով քաղաքացիների տեղական խմբերի համար խթաններ կիրառելու արդյունքում տարբեր վարչական միավորների կողմից խնդիրների լուծման համար օգտագործվող մոտեցումների բազմազանությունը կմեծացնի հավանականությունը, որ կառավարման այլ մարմիններ արդյունավետ քաղաքականություններ կբացահայտեն և կընդունեն:«Սուբսիդիարության» գաղափարը մարդիկ հասկացել են դեռևս նախքան եզրույթի լայնորեն գործածության մեջ մտնելը, երբ քսաներորդ դարի սկզբին Հռոմի Պիոս 11-րդ պապն այն գործածեց իր Quadragesimo anno («Քառասուներորդ տարի») կոնդակում: Ուսումնասիրելով տասնիններորդ դարի սկզբի Ամերիկան՝ Ալեքսիս դե Թոքվիլը հետևյալ եզրահանգումն է արել.Ապակենտրոնացումը ոչ միայն վարչական արժեք, այլև քաղաքացիական կարևորություն ունի, քանի որ մեծացնում է քաղաքացիների՝ պետական հարցերով հետաքրքրվելու հնարավորությունները, թույլ է տալիս նրանց սովորել օգտագործել ազատությունը: Եվ այս տեղական ակտիվ, զգուշություն պահանջող ազատությունների կուտակումից ծնվում է կենտրոնական կառավարության պահանջների ամենաարդյունավետ հակակշիռը, եթե նույնիսկ այն սատարվեր անկողմնակալ, կոլեկտիվ կամքի կողմից:(84)Զսպումների և հակակշիռների համակարգ, որը պետական իշխանությունը հստակորեն բաժանում է անկախ մարմինների միջև
Պետական իշխանությունը, որպես կանոն, գործունեության երեք ուղղություն ունի.- Օրենսդիր իշխանություն, որն օրենքներ է սահմանում
- Գործադիր իշխանություն, որը կազմակերպում է օրենքների կիրառումը
- Դատական իշխանություն, որը մեկնաբանում է օրենքները
Սակայն այս երեք հիմնական գործառույթները բազմաթիվ ինստիտուցիոնալ մեխանիզմներով են կարգավորվում: Եթե անտեսենք միապետությունները, բռնատիրությունները և ռազմական խունտաները (որոնք կարող են ավելի ժողովրդավարական ռեժիմների կողմեր ունենալ, սակայն իրականում ղեկավարվում են մեկ անձի կամ փոքր խմբի կողմից), այս համակարգերի հիմնական տեսակները կարելի է հետևյալ կերպ դասակարգել.- Խորհրդարանային. այս համակարգում գործադիր իշխանությունը պատկանում է խորհրդարանի կողմից ընտրված առաջնորդին («վարչապետ»), և խորհրդարանը վարչապետի միջոցով ընտրում է կառավարության կազմը: Նման համակարգերում վարչապետը գործում է խորհրդարանի կամքով, և նրա լիազորությունները ցանկացած պահի կարող են դադարեցվել: Նման երկրները կարող են պետության ֆիգուրատիվ ղեկավար (օրինակ՝ միապետ, ինչպիսին Անգլիայի թագուհին է) կամ սահմանափակ լիազորություններով նախագահ (ինչպես Գերմանիայում է) ունենալ:
- Նախագահական. այս համակարգում գործադիր իշխանությունն ընտրվում է անմիջապես ընտրողների կողմից և նշանակում է իր կառավարության կազմը, որը սովորաբար հաստատվում է միայն օրենսդիր մարմնի կողմից: Նման համակարգի վառ օրինակ է ԱՄՆ-ը:
- Կիսանախագահական կամ խառը. այս համակարգում ընտրողներն ընտրում են նախագահին, որը սահմանափակ, բայց կարևոր լիազորություններ ունի, իսկ նախարարների կաբինետը հաշվետու է խորհրդարանին: Նման համակարգ կարելի է տեսնել Ֆրանսիայում:
Խորհրդարանական համակարգերն ուսումնասիրելիս կարևոր են որոշակի ինստիտուցիոնալ գործոններ: Արդյո՞ք ընտրություններն անցկացվում են փոքր տարածքներում, որտեղ մեկ անդամ է ընտրվում, թե ավելի մեծ ընտրատարածքներում, որտեղ մեկից ավելի անդամներ են ընտրվում: Բազմամանդատ ընտրատարածքների դեպքում արդյո՞ք մանդատները հավաքած ձայների տոկոսային հարաբերակցությամբ են բաշխվում, և նվազագույնը քանի՞ ձայն է անհրաժեշտ օրենսդիր մարմնում ներկայություն ապահովելու համար:Հետկոմունիստական անցումային երկրների մեծ մասը (մոտ 60%-ը) խառը համակարգն է ընդունել: Երկրների 30%-ում գործում է խորհրդարանական, իսկ մնացածում՝ նախագահական համակարգ: Ժամանակի ընթացքում որոշ երկրներ, այդ թվում՝ Վրաստանը (2004թ.), Չեխիայի Հանրապետությունը (2012թ.) և Հայաստանը (2015թ.) փոխել են իրենց կառավարման համակարգերը։ Ընդ որում, խառը համակարգն ունեցող երկրներում նախագահի լիազորությունները խիստ տարբեր էին: Նախագահի և խորհրդարանի լիազորությունները հատկապես հաճախ են վերանայվել Ուկրաինայում՝ 1994թ., 1996թ., 2004թ., 2010թ. և 2014թ.: Իշխանության հիմնական ինստիտուտների նման անկայունությունը ներդրողների համար զգալի բարդություններ է ստեղծում պլանավորման գործընթացում:Թեև պետության կառավարման վերոնշյալ ձևերն իրենց առավելություններն ու թերություններն ունեն, հետազոտությունը ցույց է տալիս, որ նախագահական համակարգերը սովորաբար կառավարության առավել փոքր կազմ են ունենում: Դա կարող է լինել այն պատճառով, որ պետության կառավարման խորհրդարանային համակարգերը հիմնականում կոալիցիոն կառավարություններ են, որտեղ բազմաթիվ կուսակցություններ կառավարությանը սատարելու դիմաց իրենց ընտրողների շահերի ու առաջնահերթությունների պահանջներ են ներկայացնում: Մյուս կողմից, ողջ աշխարհում խորհրդարանական համակարգ ունեցող երկրները թերևս ավելի արագ են զարգանում, քան նախագահական համակարգ ունեցող երկրները: Սակայն հետկոմունիստական երկրներում նախագահական համակարգերը թերևս մեկ այլ թերություն ունեն՝ իշխանության կենտրոնացման միտում՝ ընդհուպ մինչև լոկ ժողովրդավարության շղարշով ավտորիտար պետության վերածվելը: Տնտեսագետներ Ռոջեր Մայերսոնը, Ժերար Ռոլանդը և Տիմոֆեյ Միլովանովը հետկոմունիստական երկրների համատեքստում պետության կառուցվածքի տարբեր ձևերի առավելությունների ու թերությունների հիանալի վերլուծություն են կատարել:(85)Ռոջեր Մայերսոնը, որին 2007թ. տնտեսագիտության ոլորտում նոբելյան մրցանակ է շնորհվել, զսպումների և հակակշիռների կոնցեպտի հիման վրա մի գործնական կառուցվածք է մշակել: Հաշվի առնելով անցումային տնտեսությամբ երկրներում առկա կոռուպցիայով պայմանավորված ահռելի խնդիրները՝ տրամաբանական լուծում կարող է լինել կառավարության գործունեության պատասխանատվության սահմանազատումը հանցավոր գործունեության հետաքննության և դատական քննության պատասխանատվությունից: Առաջինը կարելի է վերագրել վարչապետին, իսկ վերջինը՝ նախագահի աշխատակազմին: Տարանջատման հիմքում ընկած է այն հիմնական սկզբունքը, որ նույնիսկ կայացած դատաիրավական համակարգում (բայց հատկապես ժողովրդավարության ուղի բռնած երկրներում) կոռուպցիոն գործողությունները հետաքննող անկախ իշխանական մարմնի առկայությունն զգալիորեն նվազեցնում է նման դերակատարների՝ արդարադատությունը խախտելու հնարավորությունը:Մեր կառավարությունը զսպումների և հակակշիռների համակարգի հիման վրա է գործում:Ճիշտ է… դուք առանց ձեզ զսպելու ծախսում եք, իսկ մենք վճարելով հակակշիռ ենք ապահովում:Ամերիկյան քաղաքական կոմիքս Shoe։ Հեղինակներ՝ Գերի Բրուկինս և Սյուզի ՄաքՆելլի (05.04.2010թ. թողարկում):Անկախ դատական իշխանություն
Դատավորների նշանակումները վերահսկելը կարևոր է, սակայն միայն այդ գործոնի շնորհիվ չէ, որ դատաիրավական համակարգը զսպումների ու հակակշիռների գործառույթ է կատարում: Տնտեսագիտական հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ դատաիրավական համակարգի անկախությունը տնտեսական բարեկեցության կարևոր գործոն է: Հստակեցնենք, որ «անկախություն» ասելով՝ նկատի ունենք իրական անկախություն (դե ֆակտո կամ փաստացի անկախություն), այլ ոչ միայն այն, որը ձևականորեն գրված է օրենքում, որից սակայն կարելի է խուսափել (դե յուրե կամ օրենքով անկախություն)։(86) Նման դատաիրավական համակարգի կայացմանը նպաստող սկզբունքները հետևյալն են.- Իշխանության բաժանում: Դատաիրավական համակարգը չպետք է որևէ կապ ունենա քաղաքական կուսակցությունների, հատկապես՝ իշխող կուսակցության հետ, իսկ գործադիր իշխանության հետ կապը պետք է անվտանգության, ֆինանսական և վարչական հարցերով սահմանափակի:
- Վարձատրության ապահովում: Դատավորների աշխատավարձը պետք է ֆիքսված և ապահով լինի:
- Երաշխավորված պաշտոնավարում մինչև թոշակի անցնելը կամ լիազորությունների ժամկետի ավարտը: Դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն կամ կասեցվեն միայն «անաշխատունակության» պատճառով, կամ եթե «վարքագիծը համատեղելի չէ պարտականությունների պատշաճ կատարման հետ»: Այդպիսի վարքագիծ կարող էին լինել այնպիսի երևույթներ, ինչպիսին կաշառակերությունն է։
- Դռնբաց դատական նիստեր: Հանրությունը պետք է դատական նիստի ընթացքում ցանկացած պահի դատարան մտնելու իրավունք ունենա, իսկ դատական որոշումները պետք է հասանելի լինեն հանրությանը: Լրատվամիջոցներին լուսաբանման վերաբերյալ ուղեցույցները և սկզբունքները պետք է առավելագույն ազատություն պարունակեն՝ դատական գործերի արդարացիությունն ապահովելու համար:
- Օրենքի մասին հանրությանն իրազեկելու պահանջ: Նույնիսկ ակտիվ և հետաքրքրված քաղաքացիները չեն կարող քաղաքական առաջնորդներին և պետական մարմիններին ստիպել պատասխանատվություն կրել իրենց գործողությունների (կամ անգործության) համար, եթե չգիտեն, թե իրականում որոնք են տեղական և միջազգային օրենքների պահանջները:
- Դատավորների ընտրության արդար գործընթաց: Դատավորներին պետք է ընտրել մարդկանցից, որոնք «համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեն», «բարեխիղճ» և «ունակ» են, և պետք է ընտրել առանց խտրականության:
Այս վերջին սկզբունքը պետք է կիրառվի անկախ նրանից՝ դատավորն ընտրվում է, թե նշանակվում: Ավելին, հիմնականում անիրազեկ ընտրողների կողմից դատավորների ընտրությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, եթե հաշվի առնենք պատշաճ արդարադատություն ապահովելու բարդ պահանջները և այն փաստը, որ դատավորները չպետք է փորձեն քաղաքականությամբ զբաղվել:Անկախ կենտրոնական բանկ
Ի թիվս բազմաթիվ առավելությունների՝ ժողովրդավարական համակարգի թերություններից մեկն այն է, որ ընտրապայքարին մասնակցած քաղաքական գործիչները կարող են որոշումներ կայացնել, որոնք ընթացիկ օգուտներ են ստեղծում, սակայն ապագայում, երբ այդ քաղաքական գործիչներն այլևս չեն պաշտոնավարում, մեծ ծախսեր են առաջացնում: Այս կարճաժամկետ հեռանկարը կարող է բարձր պետական ծախսերի հանգեցնել՝ առանց այդ ծախսերն իրականացնելու նպատակով հարկերի բարձրացման: Բախվելով այս երկընտրանքին՝ քաղաքական գործիչները հաճախ տրվում են իրենց ծախսերը փակելու համար կենտրոնական բանկին փող տպել պատվիրելու գայթակղությանը: Ինչպես տեսանք Մաս 2-ի Բաղադրիչ 5-ում, փողի զանգվածի ավելացումը բերում է գնաճի մակարդակի բարձրացման կամ նույնիսկ գերգնաճի: Տեսությունը և անցյալի փորձը ցույց են տալիս, որ խթանները փոխելու և ապագայի պլանավորումը դժվարացնող անորոշություններ ստեղծելու պարագայում նման գնաճը դանդաղեցնում է տնտեսական աճը և հետագայում նվազեցնում քաղաքացիների բարեկեցության մակարդակը: Երբ կենտրոնական բանկերն անկախ են և կարող են դիմակայել քաղաքական գործիչների ճնշումներին, արդյունքում պահպանվում է գների ցածր մակարդակը և կայունությունը, իսկ աճի տեմպերն արագանում են:Սեփականության իրավունքների պաշտպանություն
17-րդ դարի վերջում փիլիսոփա Ջոն Լոքը պնդում էր, որ մասնավոր սեփականությունն ունենալու և օգտագործելու իրավունքը «բնական իրավունք» է, և որ «սեփականության պահպանումն» այն «մեծագույն ու գլխավոր նպատակն է», որի համար մարդիկ կառավարություններ են ստեղծել: Գրեթե յուրաքանչյուր երկրի սահմանադրություն սեփականության պաշտպանության մասին դրույթ է պարունակում: Բերենք օրինակներ.- Հիմնարար իրավունքների մասին Եվրոպական Միության խարտիան, որը սահմանում է, որ. «Յուրաքանչյուրն օրինական ձևով ձեռք բերած սեփականություն ունենալու, օգտագործելու, տնօրինելու և այն ժառանգաբար փոխանցելու իրավունք ունի»:
- Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ նշված է հաճախակի մեջբերվող հետևյալ սահմանումը. «Ոչ ոք չպետք է ... զրկվի կյանքից, ազատությունից կամ սեփականությունից՝ առանց օրենքով սահմանված կարգի, մասնավոր սեփականությունը չպետք է վերցվի հանրային օգտագործման նպատակով՝ առանց արդար փոխհատուցման»:
- Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունն էլ ավելի հստակ սահմանում է պարունակում. «Մասնավոր սեփականության իրավունքը պետք է պաշտպանվի օրենքով: Յուրաքանչյուրը պետք է ունենա սեփականություն ունենալու և այն անձամբ և այլ անձանց հետ համատեղ ունենալու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Ոչ ոք չպետք է զրկվի սեփականությունից՝ բացառությամբ դատարանի որոշմամբ սահմանված դեպքերի: Պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարումը կարող է միայն նախնական և արդարացի փոխհատուցման դեպքում տեղի ունենալ»:
Ցավոք, այս սահմանումներից շատերն իրականում չեն գործում: Կառավարությունները հաճախ խախտում են սեփականության պաշտպանության սկզբունքները: «Հանրային շահ», «արդարացի փոխհատուցում» կամ «բավարար փոխհատուցում» արտահայտությունները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Կառավարությունը հաճախ կանոնակարգեր է օգտագործում մասնավոր սեփականությունն առանց փոխհատուցման վերցնելու կամ վերահսկելու համար, նույնիսկ եթե սեփականատերը ոչ ոքի իրավունքը չի խախտել: Դատարանները հիմնականում թույլատրել են մասնավոր սեփականություն բռնագրավել, եթե օրենսդիր մարմինը համարել է, որ գործողությունը բխել է «հանրային շահից», կամ որ բռնագրավման արդյունքում սեփականատերը իր սեփականությունն օգտագործելու բոլոր ձևերից չէ, որ զրկվում է: Սեփականության դե ֆակտո բռնագրավումը (առանց սեփականության իրավունքից զրկելու՝ սեփականության տարբեր կիրառումներից զրկելը) հատկապես խնդրահարույց է: Ի՞նչ իմաստ ունի ունենալ, օրինակ, ափամերձ «սեփականություն», եթե կա կանոնակարգ, որն արգելում է այդ սեփականության տարածքում կառուցապատում իրականացնելը:Կարճ ասած՝ տնտեսական աճը խթանելու համար սեփականության իրավունքները պարզապես օրենքով կամ նույնիսկ սահմանադրությամբ ամրագրելը բավարար չէ: Նման իրավունքները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն, որպեսզի պոտենցիալ ներդրողներին վստահություն ներշնչեն: Տնտեսագիտական հետազոտությունը ցույց է տվել, որ սեփականության իրավունքների ազդեցությունը տնտեսական աճի վրա շատ ավելի մեծ է, երբ այն համատեղվում է դատաիրավական համակարգի անկախության և պետական կառուցվածքում զսպումների ու հակակշիռների ավելի բարձր մակարդակի հետ:Խոսքի և մամուլի ազատության երաշխիքներ
Ինչպես արդեն քննարկել ենք, թեև պետության կառուցվածքում զսպումների և հակակշիռների համակարգի առկայությունը կարևոր է, այն պետք է լրացվի արտաքին վերահսկողությամբ: Սա հատկապես վերաբերում է «կոռուպցիոն համաձայնություն» կոչվող երևույթին, երբ օրենքի առաջ պատասխանատու են և՛ կաշառք վճարողը, և՛ ստացողը, որը զգալիորեն բարդացնում է ապացույցներ ձեռք բերելը, քանի որ մասնակիցներից ոչ մեկը մյուսին մատնելու խթան չունի։ Ճիշտ է՝ ավելի մանրամասն վիճակագրական վերլուծություններ կան, սակայն ստորև ներկայացված գծապատկերից պարզ երևում է ազատ մամուլի և պետության ընդհանուր արդյունավետության (և դրանով պայմանավորված տնտեսական աճի) միջև կապը: Զարմանալի չէ, որ ավտորիտար պետությունում լրագրողները վերահսկվելու, ձերբակալվելու և նույնիսկ սպանվելու սպառնալիքի տակ են:Գծապատկեր 22. Մամուլի ազատությունը նվազեցնում է կոռուպցիանԱղբյուր՝ «Aymo Brunetti, Beatrice Weder, "A free press is bad news for corruption", Journal of Public Economics, (2003), 87 (7): 1801-1824, 10.1016/S0047-2727(01)00186-4.»։Անցած 20 տարվա տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ զգալիորեն մեծացել է քաղաքացիների՝ կառավարությանը վերահսկելու և կառավարությունից հաշվետվողականություն պահանջելու հնարավորությունը: Ստորև ներկայացված պարզ գծապատկերը կրկին ցույց է տալիս համացանցի օգտագործման և կոռուպցիայի ցածր մակարդակի միջև ակնհայտ կապը (Ֆեյսբուքն օգտագործվել է ընդամենը որպես սոցիալական կայքի օրինակ).Գծապատկեր 23. Սոցիալական մեդիան նվազեցնում է կոռուպցիանԱղբյուր՝ «C.K. Jha, & S. Sarangi "Does social media reduce corruption?" Information Economics and Policy, Volume 39 (June, 2017): 60-71.»:«Չինաստանի մեծ ֆայրվոլը» Չինաստանի հասարակությանը վերահսկելու հարցում ակնհայտորեն մեծ դեր է խաղում: Ակնհայտ է նաև տնտեսության անցումային փուլում գտնվող բազմաթիվ երկրներում սոցիալական մեդիայի դերը, քանի որ այն քաղաքացիներին թույլ է տալիս բողոքել և պետությունից պահանջել հաշվետու լինել իրենց: Նմանատիպ օրինակներ են 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած #ՄերժիրՍերժին և 2013-2014թթ. Ուկրաինայում տեղի ունեցած Եվրոմայդանը:(87)Մամուլի ազատությունը միայն ԶԼՄ-ներին չճնշելը կամ լրագրողներին չսպառնալը չէ: Պետական վերահսկումը և հեռուստատեսությունը քարոզչության նպատակով օգտագործելը շատ երկրներում դեռևս խնդիր է: Եվս մեկ անհանգստացնող միտում է հարուստ քաղաքական գործիչների կողմից թերթերի սեփական հրատարակչություն, հեռուստաալիքներ և ռադիոկայաններ գնելը: Եթե մասնավոր սեփականատերերի գործերին միջամտելը միշտ կասկածելի է, ապա այս ոլորտում ողջամիտ պետական քաղաքականությամբ կարելի է սահմանափակումներ մտցնել:Տեղաշարժման ազատություն, ներդրումներ և առևտուր
Անհատների՝ բիզնեսում մրցակցելու և կամավոր փոխանակման գործարքներում ներգրավվելու ազատությունը տնտեսական ազատության և առաջընթացի անկյունաքարն է: Գների վերահսկումը, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեություն ծավալելու ճանապարհին հանդիպող խոչընդոտները, միջսահմանային մակարդակում ապրանքների ու ծառայությունների փոխանակումը սահմանափակող օրենքները և առևտրի սահմանափակման պետական այլ կարգավորումներ արդյունավետ տնտեսական քաղաքականություն չեն համարվում: Մասնագիտական արտոնագրումը, այսինքն մասնագիտական գործունեության, օրինակ, մազ հյուսելու համար պետության թույլտվությունը պահանջելը, լուրջ հակամրցակցային գործիք է, որը սահմանափակում է աշխատանքային հնարավորությունները, այդ թվում՝ հասարակության ոչ այնքան ունևոր անդամների համար: Բնակչությանը պաշտպանելու ավելի նախընտրելի տարբերակ է հավաստագրումը (այն անձի ուսուցման մասին տեղեկություն է տրամադրում, սակայն սպառողներին ուսուցման պատեհությունը գնահատելու ազատություն է տալիս): Հավաստագրման միջոցով գնորդները տեղեկություն են ստանում, որն իրենց թույլ է տալիս ճիշտ ընտրություն կատարել, իսկ ուրիշներին չի խանգարում ապացուցել, որ իրենք ունակ մատակարարներ են: Մինչդեռ արտոնագրումն օգտագործվում է առևտուրը սահմանափակելու և գործող մատակարարների համար մենաշնորհային դիրք ապահովելու համար:Առևտրի ազատությունը մարդու հիմնարար իրավունքն է, ինչպես և խոսքի ազատությունը և դավանանքի ազատությունը: Քաղաքացիները պետք է կարողանան լավագույն պայմաններն առաջարկող ցանկացած անձի հետ ազատորեն առուվաճառքի գործարքի մեջ մտնել, նույնիսկ եթե առևտրային գործընկերը մեկ այլ երկրում է ապրում:Փոխադարձ ազատ առևտուրը (երբ երկու գործընկերն էլ կարող են ազատորեն միմյանց հետ առևտուր անել) անկասկած շահավետ է, սակայն, որքան էլ զարմանալի է, տնտեսագետների կարծիքով փոխադարձության գործոնն էական չէ: Եթե պետությունը վերացնի ապրանքների ազատ ներմուծման արգելքները, ապա անկախ իր առևտրային գործընկերների իրականացրած առևտրային քաղաքականությունից՝ դա գրեթե միշտ կբարելավի քաղաքացիների կյանքը: Նման «միակողմանի ազատ առևտրի» տրամաբանությունն արտացոլված է 20-րդ դարի ամենայուրօրինակ և ակտիվ տնտեսագետներից մեկի՝ Ջոան Ռոբինսոնի (1903–83) մեջբերման մեջ.«Եթե նույնիսկ ձեր առևտրային գործընկերը բեռնատար նավերի մուտքը խոչընդոտելու նպատակով իր նավահանգստում քարեր լցնի, ձեր նավահանգստում ևս քարեր լցնելով՝ դուք միայն կտուժեք»:Հանրային քննարկումներում առևտրի ազատության, տեղաշարժման ազատության և ներդրումների ազատության թեմաները հաճախ որպես առանձին թեմաներ են դիտարկում: Դա սխալ է: Եթե որևէ երկրում աշխատողներին ավելի քիչ են վճարում, քան մեկ այլ երկրում, ապա բոլոր երեք ազատություններն էլ գործի կդրվեն: Աշխատողները կփորձեն ավելի բարձր աշխատավարձ վճարող երկրներ արտագաղթել, իսկ ներդրողները կգան ավելի ցածր աշխատավարձով երկրներ, որպեսզի օգտվեն էժան աշխատուժի առավելություններից, քանի որ այդ աշխատուժի արտադրած ապրանքները համաշխարհային շուկայում ավելի ցածր գին կունենան: Այս ազատություններից որևէ մեկի սահմանափակումը միայն կմեծացնի մյուսների վրա ճնշումը:Արտաքին հենակետերի օգտագործում
Տնտեսապես գրագետ ընտրողները ծախսերը և օգուտները համեմատելով են որոշումներ կայացնում: Քաղաքական գործիչները, ինչպես արդեն քննարկել ենք, հաճախ շատ կարճաժամկետ հեռանկարներ են ունենում (մինչև հաջորդ ընտրությունները): Այս հակասությունը դժվարություններ է ստեղծում և թույլ չի տալիս այնպիսի քաղաքականություններ ընդունել, որոնք կարող են ընթացիկ ծախսեր պահանջել՝ ավելի մեծ և երկարաժամկետ օգուտներ ապահովելու համար: Ժամանակային այս անհամապատասխանությունը բերում է նրան, որ քաղաքական գործիչները խուսափում են նման պարտավորություններ ստանձնելուց: Բացի այդ, սոսկական շահերի խմբերը կարող են ճնշում գործադրել նաև ղեկավար օղակների վրա, որպեսզի վերջիններս հօգուտ նեղ շրջանակի քաղաքականություններ ընդունեն՝ լայն հանրության հաշվին:Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ հեռատես ղեկավարները սահմանափակեն ճնշմանն արձագանքելու իրենց հնարավորությունը՝ անդամակցելով որևէ միջազգային կազմակերպության, որին անդամակցելու կամ անդամությունը շարունակելու պայման է արդյունավետ քաղաքականության իրականացումը: Բազմաթիվ նման կազմակերպություններ կան։ Եվրոպական Միությունը (ԵՄ) պահանջում է բյուջեի նվազագույն պակասուրդ ունենալ և սահմանափակել պետական պարտքի ընդհանուր չափը: Այն անդամներից պահանջում է նաև ընդհանուր իրավական նորմեր (այսպես կոչված՝ acquis communautaire) ընդունել: Թեև ԵՄ քաղաքականություններից որոշները (օրինակ՝ Միասնական գյուղատնտեսական քաղաքականության շրջանակում հատկացվող գյուղատնտեսական սուբսիդիաները) կարող են արդյունավետ չլինել (կամ նույնիսկ հակասել արդյունավետ տնտեսական քաղաքականության սկզբունքներին), դրանք, որպես կանոն, շատ ավելի արդյունավետ են, քան այն քաղաքականությունները, որոնք հետկոմունիստական երկրներից շատերը կարող էին ընդունել ԵՄ անդամության հեռանկար չունենալու դեպքում: ԵՄ անդամության ողջամիտ ակնկալիք ունեցող երկրները մի քանի ցավագին բարեփոխում են իրականացրել, որոնք այդ երկրների քաղաքացիներին ի վերջո օգուտ են տվել:(88)Դրական ազդեցություն կարող է ունենալ նաև այնպիսի կազմակերպությունների անդամ լինելը, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն (Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը), ԱՀԿ-ն (Առևտրի համաշխարհային կազմակերպությունը), ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանը), ՏՀԶԿ-ն (Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը) և ՆՎԿՄԿ-ն (Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը): Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հատկապես կարևոր դեր է կատարում, քանի որ անդամակցելով այդ կազմակերպությանը՝ պետությունները տնտեսական աճը խթանող պետական քաղաքականություններ են իրականացնում: Երկրները սովորաբար ԱՄՀ-ի օգնությանն են դիմում այն ժամանակ, երբ չափից մեծ պետական ծախսերի արդյունքում արժութային ճգնաժամ է ստեղծվում, և միջազգային ֆինանսական շուկաներն ավելի մեծ պետական պարտք ֆինանսավորելու համար այլևս հասանելի չեն: Որպես օրինակ կարելի է բերել 2010-2018թթ. Հունաստանի ճգնաժամը: Միայն ԱՄՀ-ի և Եվրոպական կենտրոնական բանկի կողմից ճնշումը Հունաստանի կառավարությանը ստիպեց անհրաժեշտ բարեփոխումներ կատարել:Կառավարության գործունեության վրա դրական ազդեցություն կարող են ունենալ նույնիսկ արտաքին վարկանիշները, որոնց համար անդամություն չի պահանջվում: Օրինակ՝ Վրաստանը հպարտ է, որ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելու դյուրինություն» ինդեքսով լավագույն երկրների առաջին տասնյակում է, իսկ նախարարները պատասխանատվություն են կրում այն բարեփոխումների իրականացման համար, որոնք նպաստում են այս վարկանիշի բարձրացմանը:
Մաս 3. Ամփոփում
Վերոնշյալ դրույթները նախատեսված են մասնավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը նպաստելու, մրցակցությունը խթանելու, ֆեդերալիզմը ամրապնդելու և պետական ծախսերն ու պետական պարտքը վերահսկելու հարցում օգնելու համար՝ միաժամանակ սահմանափակելով քաղաքական գործիչների՝ սոսկական շահերի խմբերին ծառայելու հակումը: Սա դրական քայլ կհանդիսանա՝ ստիպելով, որ կառավարությունը ձևավորվի ոչ թե թալանի, այլ փոխհամաձայնության հիման վրա: Եվս մի կարևոր խնդիր կա: Վերոնշյալ բոլոր առաջարկություններն արդյունք կտան միայն այն դեպքում, եթե քաղաքացիները պահանջեն պահպանել ոչ թե օրենքի տառը, այլ օրենքի ոգին:
Որպես օրինակ կարելի է բերել Գվատեմալայի Սահմանադրությունում կատարած փոփոխությունը, որով փորձ արվեց դատական համակարգում կրճատել կոռուպցիան և թուլացնել քաղաքական գործիչների ու նրանց ընկերների ազդեցությունը դատավորների վրա: Դատավորների ընտրության հարցում մեծ դեր ունեին իրավաբանական ֆակուլտետների դեկանները: Այս «բարեփոխման» արդյունքը, ինչպես և թերահավատներն էին կանխատեսում, դեկանների ընտրության գործընթացում կոռուպցիան եղավ: Նրանք, որ ցանկանում էին դատական համակարգի վրա ազդեցություն ունենալ, սկսեցին դեկանի պաշտոնին հավակնող դասախոսների ընտրարշավները ֆինանսավորել՝ խնջույքներ կազմակերպելով այն ուսանողների համար, որոնք մասնակցում էին դեկանի ընտրությանը: Բացի այդ, աճեց նաև իրավաբանական բուհերի քանակը, որոնցից շատերը գոյություն ունեին միայն թղթի վրա:(89)
Ամփոփենք մի նախադասությամբ, որը բազմաթիվ հեղինակների է վերագրվում, սակայն լավագույնս հնչեցվել է Օլդոս Հաքսլի 1956թ. «Չքնաղ նոր աշխարհ» ստեղծագործության ռադիոտարբերակում.
«Ազատության և նույնիսկ ողջ մարդկայնության գինը հավերժ զգոնությունն է»:
Մաս 2-ում և 3-ում տեղ են գտել հատկապես պետության բարգավաճման թեմաները: Այս գրքի եզրափակիչ բաժնում խոսելու ենք անձնական բարեկեցության մասին՝ դիտարկելով մի քանի գործնական խորհուրդներ, որոնք ձեզ կօգնեն ավելի բարեկեցիկ կյանք ունենալ:
Մաս 4. Անձնական ֆինանսների տասներկու առանցքային բաղադրիչները

Բաղադրիչներ.
- Բացահայտեք ձեր համեմատական առավելությունը:
- Այնպիսի հմտություններ, մոտեցումներ և ձեռներեցական կարողություններ զարգացրեք, որոնք կմեծացնեն արտադրողականությունը և ձեր ծառայություններն ուրիշների համար առավել արժեքավոր կդարձնեն:
- Կազմեք բյուջե, որպեսզի կարողանաք փողն ավելի արդյունավետորեն ծախսել և պարբերաբար խնայողություններ անել:
- Ներդրում մի՛ կատարեք մի բանի մեջ, որի շահագործման ժամկետը գումարի մարման ժամկետից ավելի կարճ է:
- Փողն ավելի ողջամիտ ծախսելու երկու եղանակ կա. խուսափե՛ք կրեդիտային քարտի պարտքերից և օգտագործած ապրանքներ ձեռք բերեք:
- Սկսեք խնայողական հաշվին յուրաքանչյուր ամիս չնախատեսված իրավիճակի կամ «սև օրվա» համար գումար կուտակել:
- Բարդ տոկոսադրույքը հօգուտ ձեզ օգտագործեք:
- Դիվերսիֆիկացրեք. դրամական միջոցները մեկ ծրագրի վրա մի կենտրոնացրեք:
- Ինդեքսավորվող սեփական կապիտալի փոխադարձ ֆոնդերը կամ ինդեքսավորվող բորսայական ներդրումային ֆոնդերը (ETF-երը) բոլոր խորհրդատուներից ամենալավը կարող են ձեզ օգնել. ընդ որում մեծ ռիսկի չեք դիմի:
- Երկարաժամկետ ներդրումների համար բաժնետոմսեր ձեռք բերեք, իսկ եթե փողն անհրաժեշտ է կարճ ժամանակ անց, ավելի շատ պարտատոմսեր կամ կանխիկ փող ձեռք բերեք:
- Անշարժ գույք ձեռք բերելու, կրթություն ստանալու և ներդրումների վերաբերյալ այլ որոշումներ կայացնելիս այնպիսի քայլեր ձեռնարկեք, որոնք կնվազեցնեն ռիսկը:
- Ռիսկերը կառավարելու համար օգտվեք ապահովագրությունից:
Ներածություն
Հետխորհրդային երկրների համեմատությամբ Եվրոպական միության անդամ երկրներում եկամտի մակարդակը շատ ավելի բարձր է: Սակայն Արևմտյան Եվրոպայի երկրներում շատ մարդ (իսկ աղքատ երկրներում՝ ավելի մեծ տոկոս) միևնույնն է «ֆինանսական սթրես» է ապրում: Ինչո՞ւ է այդպես: Բանն այն է, որ ֆինանսական անապահովության պատճառը հիմնականում մեր կատարած ընտրություններն են, այլ ոչ մեր վաստակած եկամուտը:
Եթե ինքներդ չզբաղվեք ձեր ֆինանսներով, ձեր ֆինանսները ձեզնով կզբաղվեն: Ամերիկացի մեծ փիլիսոփա (և բեյսբոլի աստղ) Յոգի Բերան ասել է. «Եթե չգիտես ուր ես գնում, պետք է շատ զգույշ լինես, քանի որ կարող ես տեղ չհասնել(90) »: Այլ կերպ ասած՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է ծրագիր ունենա: Եթե ծրագիր չունենանք, կարող ենք անցանկալի իրավիճակում հայտնվել: Մաս 4-ում ներկայացված տասներկու բաղադրիչները գործնական ծրագրի հիմնական մասն են կազմում: Դրանք ներկայացնում են իրագործելի առաջարկներ, որոնք կարող եք անմիջապես սկսել իրականացնել, և որոնք կօգնեն ավելի ճիշտ ֆինանսական որոշումներ կայացնել՝ անկախ ձեր տարիքից, եկամտի մակարդակից կամ գիտելիքներից:
Հաճախ անձնական ֆինանսական և ներդրումային որոշումները տնտեսագիտության աշխարհից բավական հեռու են թվում: Բայց այդպես չէ: Ինչպես ներկայացված է Բաղադրիչ 1-ում, համեմատական առավելության սկզբունքը, որը բացատրում է՝ ինչու են երկրները շահում՝ մասնագիտանալով այն գործունեության մեջ, որն ամենալավն են կարողանում անել, բացատրում է նաև, թե ինչու դուք՝ որպես անհատ, կարող եք շահել, եթե մասնագիտանաք այն բաներում, որոնք լավ եք անում, և որոնք բարձր են գնահատվում մյուսների կողմից։ Այդպես էլ, երբ խոսքը գնում է ժամանակի ընթացքում բարեկեցության հասնելու մասին, ձեռներեցությունը, ֆինանսական հաշվետվողականությունը, կարիերայի պլանավորումը և կապիտալ ներդրումները (հատկապես մարդկային կապիտալում) անհատների համար նույնքան արժեքավոր են, որքան պետությունների համար:
Այս բաժնում ներկայացված սկզբունքները, խորհուրդները և գործիքները կարելի է չորս ենթակատեգորիայի բաժանել. բաղադրիչներ 1-ը և 2-ը կենտրոնանում են այն հարցի վրա, թե ինչպես կարելի է ավելի շատ վաստակել, բաղադրիչներ 3-ից 6-ը ներկայացնում են, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կերպով ծախսել եկամուտը և առավելագույն արժեք ստանալ, բաղադրիչներ 7-ից 10-ը ցույց են տալիս, թե ինչպես կարելի է կատարված ներդրումներից առավելագույն եկամուտ ստանալ, իսկ բաղադրիչներ 11-ը և 12-ը ներկայացնում են ինչպես կառավարել ռիսկերը:
Այստեղ ընդհանուր, գործնական և հասկանալի խորհուրդներ են ներկայացված: Այս խորհուրդները ձեզ ֆինանսների փորձագետ կամ մեկ ակնթարթում միլիոնատեր չեն դարձնի, բայց կօգնեն խուսափել լուրջ ֆինանսական սխալներից: Կան ավելի բարդ և մանրակրկիտ պլաններ: Սակայն կատարյալին ձգտելով՝ հաճախ դրական արդյունքի չես հասնում: Մարդիկ, որոնք կարծում են, որ գերազանց ֆինանսական պլան կազմելու համար բավարար ժամանակ և փորձառություն չունեն, թերևս չկարողանան կիրառել այն պարզ խորհուրդները, որոնք կօգնեն նրանց խուսափել լուրջ ֆինանսական խնդիրներից: Այս բաժնում ներկայացնելու ենք այդպիսի խորհուրդներ:
Կյանքը բաղկացած է ընտրություններից: Մեր նպատակն է զարգացնել ճիշտ ընտրություններ կատարելու ձեր կարողությունը, որպեսզի այդ ընտրությունները ձեզ օգնեն կյանքում առավել հաջողակ լինել: Միացյալ Նահանգների տնտեսագիտության առաջատար դասախոսներից մեկը՝ Ջոն Մորթոնը, նշում է.
Ուսանողներիս միշտ ասում էի, որ կյանքը վիճակախաղ չէ, ոչ էլ խաղ՝ զրոյական գումարով: Ձեր հաջողությամբ մեկ ուրիշի հաջողությունը չեք խլի: Ձեր հաջողությունը կախված է ձեր կատարած ընտրությունից, իսկ ընտրությունն իր հետևանքներն ունի:
Նախքան ուսումնասիրելը, թե ինչպես կարելի է ավելի լավ ֆինանսական ընտրություններ կատարել և առկա ռեսուրսներից առավելագույն օգուտ ստանալ, ուզում ենք փողի և հարստության կարևորության մասին խոսել: Լավ կյանքը միայն շատ փող աշխատելու մեջ չէ: Երբ խոսքը գնում է երջանկության մասին, այնպիսի ոչ ֆինանսական ակտիվները, ինչպիսիք են բարեհաջող ամուսնությունը, ընտանիքը, ընկերները, բավարարվածություն պատճառող աշխատանքը, կրոնական համոզմունքները և հետաքրքիր հոբբիները, փողից շատ ավելի կարևոր են:(91) Այսինքն, անիմաստ է ապրել` միայն փողի ու հարստության մասին մտածելով:
Սակայն, միևնույն ժամանակ, ոչ մի վատ բան չկա, երբ մարդն ավելի մեծ հարստության է ձգտում: Նեղ իմաստով՝ մեծ հարստության ձգտում են ոչ միայն մարդիկ, որոնք հետաքրքրված են սեփական բարեկեցությամբ: Օրինակ՝ Մայր Թերեզան կուզենար ավելի մեծ հարստություն ունենալ, որպեսզի ավելի շատ բան կարողանար անել աղքատների համար: Շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են մեծ հարստություն ունենալ, որպեսզի կարողանան կրոնական, մշակութային և բարեգործական կազմակերպություններին նվիրատվություն տալ կամ տարեց ծնողներին օգնելու համար ավելին անել: Ինչ նպատակներ էլ որ ունենանք կյանքում, դրանք ավելի հեշտ է իրագործել, եթե քիչ պարտք և շատ փող ունենք: Հետևաբար, մեզնից յուրաքանչյուրը շահագրգռված է ավելի արդյունավետ ֆինանսական որոշումներ կայացնելու հմտություններ ձեռք բերել:
Բաղադրիչ 4.1. Բացահայտեք ձեր համեմատական առավելությունը

Համեմատական առավելության սկզբունքը շատ հաճախ օգտագործում են բացատրելու համար այն, թե ինչու է միջազգային առևտուրը տարբեր երկրների մարդկանց թույլ տալիս ավելի բարձր կենսամակարդակի հասնել: Ինչպես ներկայացվում է Մաս 1-ի Բաղադրիչ 4-ում, համեմատական առավելությունների օրենքով նախատեսված մասնագիտացումը առևտրային գործընկերներին թույլ է տալիս մեծացնել արտադրությունը և եկամտի ավելի բարձր մակարդակ ունենալ: Համեմատական առավելության սկզբունքը նույնքան կարևոր է նաև, երբ անհատները մասնագիտական և գործարար հնարավորություններ են դիտարկում:
Ինչպես երկրները, այնպես էլ անհատները կկարողանան եկամտի ավելի բարձր մակարդակների հասնել, եթե մասնագիտանան, այսինքն՝ ջանքերը կենտրոնացնեն այնպիսի բաների վրա, որոնցում համեմատական առավելություն ունեն: Մտածեք, թե ինչպես են փոխկապակցված ձեր հմտություններն ու այլընտրանքային ծախսերը: Մի ծայրահեղություն դիտարկենք. պատկերացրեք, որ բոլոր տեսակի արտադրական գործունեությունները ձեզ մոտ ավելի լավ են ստացվում, քան ուրիշների: Արդյո՞ք դա կնշանակի, որ պետք է փորձեք յուրաքանչյուր գործունեության վրա որոշ ժամանակ ծախսել: Կամ մեկ այլ ծայրահեղություն. ինչ-որ մեկը կարող է ինչ-որ բան մյուսներից ավելի վատ անել: Արդյո՞ք մասնագիտացումը կօգնի այդ մարդուն. չէ՞ որ նա ոչ մի բնագավառում մրցունակ չի լինի: Երկու հարցի պատասխանն էլ բացասական է:
Անկախ ձեր տաղանդից՝ որոշ ոլորտներում ձեր արտադրողականությունը համեմատաբար ավելի բարձր կլինի, քան ուրիշներինը, եթե հաշվի առնենք այլընտրանքային ծախսերը: Համապատասխանաբար, որքան էլ ցածր լինի ձեր արտադրողականությունը, միևնույն է՝ որոշ բաներ ավելի ցածր արժեքով կկարողանաք արտադրել, քան այլ բաներ: Դուք կկարողանաք որոշ ոլորտներում հաջողությամբ մրցակցել և մասնագիտացումից օգուտ կստանաք այն ոլորտներում, որոնցում համեմատական առավելություն ունեք:
Ձեր համեմատական առավելությունը պայմանավորված է ոչ թե ձեր բացարձակ, այլ հարաբերական ունակություններով: Օրինակ՝ Մարկ Ցուկերբերգը՝ Ֆեյսբուքի համահիմնադիրը, ոչ միայն չափազանց հաջողակ նորարար է, գործարար և ձեռներեց, այլև ունի բոլոր այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են հիանալի համակարգչային ծրագրավորող լինելու համար: Հարվարդի ուսանողական հանրակացարանի իր սենյակում հեղինակավոր սոցիալական ցանցը ստեղծելու համար նրանից պահանջվեցին ծրագրավորման խորը գիտելիքներ և ստեղծագործական միտք: Թեև Ցուկերբերգը բարձր որակավորում ունեցող ծրագրավորող էր, նրա համեմատական առավելությունը, այնուամենայնիվ, Ֆեյսբուք սոցիալական ցանցի նորարարական գործառույթների մշակման մեջ էր կայանում: Համապատասխանաբար, եթե նույնիսկ Ֆեյսբուքում աշխատող համակարգչային ծրագրավորողները Ցուկերբերգի որակավորումը չունեն, նրանց համեմատական առավելությունները, միևնույն է, ծրագրավորման ոլորտում են, այլ ոչ կառավարման (կամ ներդրողների հետ բանակցելու):
Անհատները միշտ կշահեն, եթե իսկապես լավ անեն այն, ինչ ուրիշների համար բարձր արժեք է ներկայացնում: Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Ցուկերբերգի նման մարդիկ կարողանում են չափազանց մեծ գումարներ վաստակել: Նա 2007թ. ընդամենը 23 տարեկանում դարձավ իր ուժերով հաջողության հասած աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը:(92)
Որոշ մարդկանց գուցե թվա, թե իրենք վնաս են կրում, երբ գործարք են կնքում նրանց հետ, որոնք իրենցից շատ են վաստակում: Սակայն հիշեք՝ առևտուրը շահեկան է երկու կողմի համար: Ընդհանուր առմամբ, որքան ավելի կայացած ու հարուստ մարդկանց հետ առևտրային հարաբերություններ ծավալեք (այդ թվում՝ որևէ մեկի մոտ աշխատելը), այնքան ավելի կշահեք, քանի որ ձեր ծառայությունը սովորաբար ավելի արժեքավոր է նրանց համար, քան ոչ այնքան կայացած և ոչ հարուստ մարդկանց համար: Օրինակ՝ եթե այս գրքի հեղինակները զվարճանքի ինդուստրիայի գործակալներ լինեին, այլ երաժիշտների փոխարեն հավանաբար կաշխատեին Բյորքի, «Ռոլինգ Սթոունզի» կամ «U2»-ի հետ, քանի որ այդպես հավանաբար ավելի շատ գումար կվաստակեին:
Վատագույն բանը, որ կարող եք անել, ինքներդ ձեզ համոզելն է կամ թույլ տալն ուրիշներին ձեզ համոզել, որ դուք հանգամանքների զոհ եք և այդ պատճառով ի վիճակի չեք հաջողության հասնել ձեր սեփական ջանքերով ու նախաձեռնությամբ: Որոշ մարդիկ իրենց կարիերան ավելի քիչ առավելություններով են սկսում, քան մյուսները, բայց նույնիսկ քիչ առավելություններ ունեցողները կարող են շատ մեծ հաջողության հասնել, եթե ջանքեր գործադրեն և խելացիորեն գործեն: Դուք ինքներդ պետք է ստանձնեք ձեր կարիերայի զարգացման պատասխանատվությունը և պլանավորեք, թե ինչպես կարող եք լավագույնս զարգացնել ձեր տաղանդները և շուկայական համագործակցությունը օգտագործել ձեր նպատակներին հասնելու համար: Ձեր անձնական հաջողությունը ոչ ոքի այնքան չի հուզում, որքան ձեզ: Եվ ոչ ոք ձեր հետաքրքրությունները, հմտություններն ու նպատակները այնքան լավ չգիտի, որքան դուք:
Մենք սովորաբար կարծում ենք, որ ծախսերը պետք է հնարավորինս ցածր լինեն: Բայց հիշեք՝ ծախսերն արտացոլում են ամենաբարձր արժեքն ունեցող այլընտրանքային հնարավորությունը, որից հրաժարվում ենք որևէ ընտրություն կատարելիս: Այսինքն, որքան գրավիչ են այլընտրանքային հնարավորությունները, այնքան ավելի ծախսատար կլինեն ձեր ընտրությունները: Արդյո՞ք պետք է աշխատել Starbucks-ում և ավելի շատ փող վաստակել քանի դեռ ուսանող ես կամ լրացուցիչ դասընթացի հաճախել և քոլեջի ուսումն ավելի արագ ավարտել: Երկու տարբերակն էլ գրավիչ են: Ավելին, երբ կատարելագործում եք ձեր հմտությունները, և ձեր հնարավորությունները ավելի գրավիչ են դառնում, առկա տարբերակներից ընտրություն կատարելն ավելի ծախսատար է դառնում:
Եվ հակառակը. ձեր ծախսերը ցածր են այն դեպքում, երբ շատ քիչ լավ տարբերակներ ունեք: Օրինակ՝ այս գիրքը կարդալու ծախսը կրճատելու շատ արդյունավետ եղանակ է այս գրքի հետ բանտում հայտնվելը, որտեղ այս գիրքը կարդալը պատերին նայելուց զատ ձեր միակ այլընտրանքային հնարավորությունն է: Սա, իհարկե, վատ գաղափար է: Այն կնվազեցներ մի գործողություն (ըստ մեզ՝ շատ ցանկալի մի բան) անելու ծախսը բազմաթիվ այլ գրավիչ բաներով զբաղվելու ձեր այլընտրանքային հնարավորությունը վերացնելու հաշվին: Ավելի լավ է շատացնել այլընտրանքային հնարավորությունները, քան կրճատել դրանք:
Երիտասարդներին խորհուրդ են տալիս լավ կրթություն ստանալ, որպեսզի նրանք կյանքում ավելի գրավիչ այլընտրանքային հնարավորություններ ունենան: Լավ կրթությունն ընդհանուր առմամբ կբարձրացնի ձեր արտադրողականությունը և ավելի կմեծացնի գումարը, որը գործատուները պատրաստ են ձեզ վճարել: Դա կմեծացնի ձեր եկամուտները, սակայն նաև կնշանակի, որ ստիպված եք որոշ գրավիչ առաջարկներից հրաժարվել, որոնք գուցե ստանաք այն ժամանակ, երբ ակնկալում եք, որ հետագայում էլ ավելի լավերը ստանալու որակավորում կունենաք:
Մասնագիտություն ընտրելիս բավարար չէ պարզել, թե ինչն եք կարողանում ամենալավն անել: Խիստ կարևոր է նաև բացահայտել այն, թե ինչ նախասիրություններ ունեք, այսինքն որ արտադրական գործունեությունից եք ամենամեծ բավարարվածությունը ստանում: Եթե ձեր արածից հաճույք ստանաք, և համարեք, որ այն կարևոր է, կձգտեք ավելին անել և կատարելագործել ձեր աշխատանքը։ Այսինքն, որևէ գործունեության մեջ կոմպետենտ լինելը և դրա հանդեպ ունեցած սերը միմյանցից անբաժան են: Ավելին, իրական հարստությունը անձնական բավարարվածությամբ է չափվում: Օրինակ՝ այս գրքի հեղինակներին (բոլորը տնտեսագետներ են) բավականություն է պատճառել գտնել տնտեսագիտական հարցադրումների պատասխանները և մեր իմացածը փոխանցել այնպես, որ օգնենք ուրիշներին ավելի լավ հասկանալ համաշխարհային տնտեսագիտության նրբությունները, որոնք մենք ավելի մասնագիտորեն ենք ուսումնասիրել: Չնայած նրան, որ երբեմն երկար ժամանակ ենք ծախսել՝ շատերիս համար նույնիսկ հաճելի է եղել: Այն, ինչ մենք անում ենք, ոչ բոլորը կհասկանան: Սակայն հաշվի առնելով մեր հետաքրքրությունները՝ աշխատանքից ստացած հաճույքը ավելի քան փոխահատուցում է մեր ունեցած բոլոր դժվարությունները:
Բաղադրիչ 4.2. Մեծացրեք այն արժեքը, որ ներկայացնում եք այլոց համար
Այնպիսի հմտություններ և մոտեցում (այդ թվում՝ ձեռներեցական կարողություններ) զարգացրեք, որոնք մեծացնում են արտադրողականությունը և ձեր ծառայություններն ուրիշների համար ավելի արժեքավոր են դարձնում:
Շուկայական տնտեսությունում ֆինանսական հաջողությունն արտացոլում է սպառողների համար արժեք ստեղծելու կարողությունը: Այդպես է թե՛ աշխատողների, թե՛ կազմակերպությունների դեպքում: Եթե ցանկանում եք բարձր եկամուտներ ունենալ, պետք է մտածեք, թե ինչպես կարող եք սպառողների համար բարձր արժեք ներկայացնող ծառայություններ առաջարկել:
Ինչպես արդեն շեշտել ենք, խորացված գիտելիքները, բարձր մակարդակի հմտությունները և ընդհանուր փորձը նպաստում են արտադրողականության բարձրացմանը և զարգացնում են մարդկանց արժեքավոր ծառայություններ մատուցելու կարողությունը: Արդյունքում մարդկային կապիտալում կատարվող ներդրումները, այսինքն՝ կրթությունը, վերապատրաստումը և հմտությունների ձեռքբերման այլ ձևերը, կարող են ոչ միայն բարձրացնել արտադրողականությունը, այլև մեծացնել եկամուտները: Սակայն արտադրողականության վրա նաև անձնային այլ հատկանիշներ են ազդում: Երկու ամենակարևորներն են անձնական վերաբերմունքը և ձեռներեցական մտածելակերպը: Այս երկու հատկանիշներն արտադրողականության բարձրացման աղբյուր են հանդիսանում, և դրանց կարևորությունը սերտորեն կապված է այն բանի հետ, որը հոգեբաններն անվանում են էմոցիոնալ ինտելեկտ (անգլ. EQ): Շատ հոգեբաններ այժմ կարծում են, որ որպես անձնական հաջողության որոշիչ գործոն՝ էմոցիոնալ գործակիցն ավելի կարևոր է, քան ինտելեկտի գործակիցը (անգլ. IQ):(93) Տնտեսագետները հաճախ չեն կենտրոնացել անձական արտադրողականության այս չափազանց կարևոր աղբյուրների վրա:(94)
Ինչպե՞ս է մարդու անձնական դիրքորոշումն ազդում նրա արտադրողականության և հաջողության վրա: Դիտարկենք հետևյալ պարզ օրինակը: Պատկերացրեք գործատու, որը երկու պոտենցիալ աշխատակցի է գնահատում: Առաջինը հետևյալ հատկանիշներն ունի. ազնիվ է, հուսալի է, հետևողական է, բարեխիղճ է, վստահելի է, ունի հարգալից վերաբերմունք ուրիշների նկատմամբ, սովորելու և կատարելագործվելու ցանկություն և մյուսների հետ աշխատելու ունակություն: Երկրորդն այլ հատկանիշներ ունի. մյուսների հանդեպ անհարգալից է, անհուսալի է, ունի կոնֆլիկտային բնավորություն, արհամարհում է կրթությունը, գռեհիկ խոսելաձև ունի, խնդիրների համար մեղադրում է ուրիշներին, անազնիվ է և ալկոհոլից ու թմրանյութերից կախվածություն ունի: Եթե գործատուն լինեիք դուք, ո՞ր թեկնածուին կընտրեիք: Հավանաբար շատերն առաջին թեկնածուին կընտրեին, քանի որ այդ հատկանիշները հաջողություն են խոստանում: Այլ հավասար պայմանների դեպքում այսպիսի դրական հատկանիշներով աշխատակիցներն ավելի բարձր արտադրողականություն ունեն: Եվ հակառակը, երկրորդ տեսակի հատկանիշներն անշահավետ են: Դրանք կիջեցնեն արտադրողականությունը և աշխատակցի՝ թիմակիցների հետ աշխատելու ունակությունը:
Եթե ցանկանում եք լինել հաջողակ, պետք է մշակեք, զարգացնեք և ուժեղացնեք առաջին տեսակի հատկանիշները: Դրանք պետք է դառնան սովորություն՝ կյանքի հիմնային արժեքներ: Կյանքում նույնքան կարևոր է ճնշել երկրորդ տեսակի հատկանիշները: Ոչ ոքի, այդ թվում՝ ընկերներին, թույլ մի՛ տվեք համոզել ձեզ, որ ձախողման տանող հատկանիշներ ունենալը «զիլ» է: Դրանք դեպի անհաջողություն են տանում. մի՛ ընտրեք այդ ուղին:
Կա նաև լավ նորություն. կարող եք ձախողման տանող հատկանիշների փոխարեն հաջողության տանող հատկանիշներն ընտրել: Ավելին, կարող եք դա անել անկախ ձեր ծագումից, եկամտի կամ կրթության ներկայիս մակարդակից կամ մասնագիտության ընտրությունից: Ձեր մոտեցումներն ապագայում ձեր ֆինանսական հաջողության վրա հսկայական ազդեցություն կունենան: Դրական մոտեցումը ձեզ թույլ կտա այլ խնդիրներ հաղթահարել, օրինակ՝ թերի կրթությունը կամ ֆինանսապես անապահով մանկությունը:
Իհարկե, եթե ընտրեք անհաջողության տանող մոտեցումները, կարող եք մեղադրել ուրիշներին՝ ձեր ընտանիքին, ձեր հարևաններին, ձեր հաճախած դպրոցին կամ ողջ հասարակությանը: Այս գործոնները կարող են ազդել ձեր ընտրությունների վրա, բայց չեն պայմանավորի դրանք։ Ձեր մոտեցման ընտրությունը ձեր իսկ ձեռքերում է: Եթե ձեր մանկությունն անցել է անհաջող միջավայրում, ավելի դժվար կլինի զարգացնել և պահպանել այս հատկանիշները: Սակայն բացասական միջավայրի ազդեցությունը հաղթահարել կարողացող անձը վայելում է գրեթե բոլորի սերն ու հարգանքը: Ոչ բարենպաստ անցյալը կարող է նույնիսկ օգնել հաջողության հասնելու քայլեր ձեռնարկել, եթե դրական հատկանիշներ զարգացնելու ուղին ընտրեք:
Ձեզնից ոմանք կարող են մտածել. «Իմ դիրքորոշումն իմ սեփական գործն է: Ոչ ոք չի կարող ինձ ասել՝ ինչ անեմ կամ փոխեմ վարքագիծս»: Ենթադրենք՝ Միքայել անունով մի գործարար նման դիրքորոշում ունի: Միքայելն անտեսում է սպառողների ցանկությունները և փոխարենն առաջարկում է մի բան, որն իր կարծիքով սպառողների համար արժեք է ներկայացնում: Միքայելն ազատ է այս ընտրությունը կատարելու հարցում: Սակայն այդպես վարվելու դեպքում նա ստիպված կլինի վճարել ավելի ցածր առևտրի շրջանառության տեսքով, որն էլ գուցե վնասների և բիզնեսի ձախողման հանգեցնի: Նույն տրամաբանությամբ էլ պոտենցիալ աշխատողները կարող են ազատորեն «անել այն, ինչ ցանկանում են»: Նրանք կարող են անտեսել այն, որ իրենց մոտեցումներն ու վարքագիծը բացասաբար են ազդում արտադրողականության և աշխատանք գտնելու ունակության վրա: Սակայն, ինչպես սպառողների ցանկություններն անտեսող կազմակերպությունները, մարդիկ նույնպես վճարում են իրենց արտադրողականության վրա բացասական ազդեցություն ունեցող մոտեցումներն ու վարքագիծը անտեսելու գինը՝ սահմանափակ հնարավորությունների և ցածր եկամուտների տեսքով: Մեզնից ոչ ոք մեկուսացած կղզի չէ: Եթե ցանկանում ենք եկամուտ ստանալ, պետք է համագործակցենք այլ մարդկանց հետ և մեր ծառայություններն ավելի արժեքավոր դարձնենք նրանց համար:
Եզրահանգումը հստակ է. հաջողության կողմնորոշիչ մոտեցումները խիստ կարևոր գործոն են ֆինանսական հաջողության հասնելու համար: Այս մոտեցումները չեք կարող գնել: Եվ ոչ մեկը չի կարող դրանք ձեզ տալ: Դուք պետք է ընտրեք դրանք և դարձնեք ձեր կյանքի անբաժանելի մասը: Ավելին, այդպես վարվելու դեպքում հավանականությունը մեծ է, որ զգալի տնտեսական հաջողության կհասնեք: Սակայն ճիշտ է նաև հակառակը. եթե ձեր կյանքը մեծ չափով արտացոլում է դեպի անհաջողություն տանող հատկանիշներ, գրեթե չեք կարող խուսափել ապագայում ֆինանսական խնդիրներ և անձնական կյանքում դառնություններ ունենալուց:
Ձեռներեցական մտածելակերպը նաև անձնային հատկանիշ է, որը կարող է նպաստել արտադրողականության բարձրացմանը: Ձեռներեցությունը հաճախ կապում են բիզնես որոշումներ կայացնելու գործընթացի հետ, սակայն իրական կյանքում բոլորս ձեռներեցներ ենք: Մենք մշտապես գիտելիքների, հմտությունների և մեր հսկողության տակ գտնվող այլ ռեսուրսների զարգացման ու օգտագործման վերաբերյալ որոշումներ ենք կայացնում: Մեր ֆինանսական հաջողությունն արտացոլում է այս ընտրությունների արդյունքը:
Եթե ցանկանում եք ֆինանսապես հաջողակ լինել, ձեռներեցի նման մտածեք: Այլ կերպ ասած՝ կենտրոնացեք ձեր տաղանդները զարգացնելու և կիրառելու վրա և համախմբեք առկա ռեսուրսները, որպեսզի մարդկանց համար արժեքավոր ապրանքներ ու ծառայություններ առաջարկեք:
Ֆինանսական հաջողության հասնելու համար կարևոր գործոն է այնպիսի ապրանքների ու ծառայությունների տրամադրումը, որոնց արժեքը դրանց ծախսի համեմատ բարձր է: Դիտարկենք հողային սեփականության գործակալ Ռոբերտ Ջոնսի հիպոթետիկ դեպքը: Ջոնսը մեծ հողատարածքներ է գնում, դրանք ավելի փոքր հողակտորների բաժանում և կառուցում տարբեր հարմարություններ՝ ճանապարհներ, կոյուղի, գոլֆի դաշտեր և զբոսայգիներ: Ջոնսը շահույթ կունենա այն դեպքում, եթե կարողանա հողակտորները վաճառել գնված հողատարածքի, իր կառուցած տարբեր հարմարությունների և իր աշխատանքի արժեքից ավելի բարձր գնով՝ հաշվի առնելով նաև լավագույն այլընտրանքային կիրառումից ակնկալվող եկամուտները, որոնցից նա հրաժարվել է: Եթե նրա գործողությունները շահութաբեր են, դրանք կմեծացնեն ռեսուրսների արժեքը և օգուտ կտան մարդկանց՝ նրանց առաջարկելով տուն կառուցելու համար ավելի լավ պայմաններ, քան կարող է առաջարկվել մեկ այլ վայրում: Ջոնսի ֆինանսական հաջողությունը կամ ձախողումը կախված է նրա՝ ռեսուրսների արժեքը մեծացնելու կարողությունից:
Երբ սկսեք ձեռներեցի նման մտածել և մտածել այն մասին, թե ինչպես կարող եք բարձրացնել ուրիշներին մատուցվող ձեր ծառայությունների արժեքը, մի՛ թերագնահատեք հաջողության հասնելու ձեր ունակությունը: Ձեռներեցական տաղանդը հաճախ դրսևորվում է ամենաանսպասելի վայրերում: Ո՞վ կմտածեր, որ նախկին խորհրդային հանրապետությունը աշխարհի ամենաառաջատար թվային պետություններից մեկը կդառնա: Բարի գալուստ Էստոնիա՝ Skype-ի և TransferWise-ի ծննդավայր, երկիր, որտեղ ամեն ինչ առցանց է կատարվում, և որտեղ համացանցի հասանելիությունը հայտարարվել է որպես մարդու հիմնական իրավունք:(95)
Ո՞վ կմտածեր, որ կաթնային շեյք պատրաստող սարքերի վաճառող միջին տարիքի Ռեյ Քրոկը ամբողջովին կհեղաշրջի ֆրանչայզինգի բիզնեսը և Սան Բերնարդինոյի (Կալիֆորնիա) միակ McDonald’s ռեստորանը աշխարհում արագ սննդի կետերի ամենամեծ ցանցը կդարձնի: Որ Ադի Դասլերի կողմից իր մայրիկի խոհանոցում 1924թ. մեկնարկած մարզակոշիկների բրենդը 20 միլիարդ ԱՄՆ դոլարի վաճառք կունենա:(96) Որևէ մեկը ակնկալո՞ւմ էր, որ Ինգվար Քամպրադը՝ IKEA-ի հիմնադիրը, 1950-ականներին շվեդական Էլմհուլթ փոքր քաղաքում կբացի իր առաջին փոքր ցուցասրահը, որն այնուհետև կդառնա կահույքի մանրածախ վաճառքի ամենամեծ ցանցն աշխարհում:(97)
Սրանք բոլորին հայտնի օրինակներ են, սակայն նույն սխեման գործում է կրկին ու կրկին: Հաջողակ գործարարների ու պրոֆեսիոնալ ղեկավարների անցյալը հաճախ տարբեր է և նրանց ձեռքբերումների հետ ընդհանուր առմամբ կապ չունի: Բայց նրանք մի ընդհանուր բան ունեն. նրանք կարողանում են գործելու ավելի լավ եղանակներ գտնել և ռեսուրսների արժեքը մեծացնելու հնարավորություններն օգտագործելու ռազմավարություն ունեն (հնարավորություններ, որ այլոք չեն նկատել):
Անհատ ձեռներեցները անհամաչափ են բաշխված հարուստ բնակչության շրջանում: Չնայած ինքնազբաղվածները աշխատուժի մեծ մաս են կազմում, միլիոնատերերի շրջանում նրանք շատ ավելի մեծ մաս են կազմում: Օրինակ՝ 2015թ. Նիդերլանդներում ինքնազբաղվածները զբաղվածների 17%-ն էին կազմում(98), և աշխատող միլիոնատերերի գրեթե 80%-ը ինքնազբաղվածներ էին:(99) Անհատ ձեռներեցների ֆինանսական հաջողությանը չորս հիմնական գործոն է նպաստում: Առաջին. նրանք հիանալիորեն կարողանում են բացահայտել և օգտագործել գրավիչ հնարավորություններ, որոնք ուրիշները չեն նկատել: Երկրորդ. նրանք պատրաստ են ռիսկի դիմել: Որքան ավելի մեծ է ռիսկը, այնքան ավելի բարձր են եկամուտները: Որոշ առումով անհատ ձեռներեցների բարձր եկամուտները պարզապես նրանց բիզնես գործունեությանն ուղեկցող անորոշությունների փոխհատուցումն են: Երրորդ. նրանց ներդրումների շահութաբերությունը բարձր է: Անհատ գործարարները իրենց եկամտի մի մեծ մաս հաճախ իրենց բիզնեսի մեծացման և զարգացման մեջ են ներդնում: Չորրորդ. նրանք հիմնականում սիրում են իրենց գործը, և այդ է պատճառը, որ երկար են աշխատում:
Պետք է նշել, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և նախկին խորհրդային երկրներում փոքր բիզնեսի սեփականատերերի թիվն էականորեն տարբեր է՝ կախված երկրից և տարածաշրջանից։ Դա հավանաբար արտացոլում է պետական քաղաքականություններն ու մշակութը, որոնք ազդում են սեփական բիզնես սկսելու հնարավորության վրա:(100) Սակայն բոլոր դեպքերում արժե ձեռներեցական մոտեցում ունենալ:
Վարձու աշխատողները նույնպես կարող են այնպիսի հատկանիշներ որդեգրել, որոնք կօգնեն անհատ ձեռներեցների եկամուտների և բարեկեցության մակարդակն ունենալ: Նրանք իրենց խնայողությունները կարող են ներդնել բաժնետոմսերում և այդպիսով միջինից բարձր եկամուտ ապահովել, որը սակայն կարող է ուղեկցվել սեփական բիզնես ունենալու հետ կապված ռիսկով: Ցանկության դեպքում ներդրումների ավելի բարձր դրույքների և ավելի շատ աշխատաժամերի միջոցով նրանք նույնպես կարող են մեծ եկամուտներ ունենալ և հարստություն կուտակել:
Հավանաբար ամենակարևորն այն է, որ վարձու աշխատողները կարող են շահել «ձեռներեցական մտածելակերպից»: Ինչպես ձեռներեցի եկամուտներն են կախված սպառողներին բավարարելու ունակությունից, այնպես էլ աշխատողների եկամուտներն են կախված թե՛ ներկա, թե՛ ապագա գործատուների համար ավելի արժեքավոր լինելուց: Եթե աշխատողները ցանկանում են ավելի բարձր վարձատրվել, նրանք պետք է զարգացնեն այնպիսի հմտություններ, գիտելիքներ և մոտեցումներ ու աշխատանքային սովորություններ, որոնք ուրիշների կողմից բարձր են գնահատվում:
Ձեռներեցական մտածելակերպը խիստ կարևոր է նաև կրթության վերաբերյալ որոշում կայացնելու հարցում: Սակայն կրթությունն այնքան էլ չի մեծացնի ձեր եկամուտները, եթե ձեր ծառայությունները ուրիշների համար ավելի արժեքավոր դարձնելու համար գիտելիքներ ձեռք չբերեք և համապատասխան հմտություններ չզարգացնեք: Դրանցից են գրագետ գրելու, պարզ հաղորդակցվելու, պարզ մաթեմատիկական գործիքներ կիրառելու, տվյալներ և տեղեկություն հավաքելու և մշակելու ունակությունները, ինչպես նաև հատուկ հմտություններ, որոնց շնորհիվ բոլորից կտարբերվեք, և ձեր արտադրողականությունը կբարձրանա: Ուրիշների համար ձեզ ավելի արժեքավոր դարձնող հմտություններ զարգացնելը խիստ կարևոր է թե՛ ավանդական միջնակարգ և հետմիջնակարգ կրթական հաստատություններում, թե՛ դրանցից դուրս:
Այսօր բուհական կրթություն ունենալը դեռևս չի երաշխավորում, որ կգրավեք գործատուի ուշադրությունը և բարձր վարձատրվող աշխատանքի «ուղեգիր» կստանաք: 2019թ. Հայաստանում և հետխորհրդային մի շարք այլ երկրներում բուհերի շրջանավարտների շրջանում գործազրկության մակարդակը մոտ 25% էր։ Զբաղվածությունը և կրթական շուկաները արագ են փոփոխվում: Աշխատանք գտնելու լավագույն ճանապարհը ձեռներեցական մտածելակերպ ունենալն է և ֆորմալ կրթություն ստանալու միջոցով ուրիշներին սպասարկելու ձևեր բացահայտելը, ինչպես նաև աշխատելու ձեր պատրաստակամությունը ցույց տալը: Այս հարցում կարող են օգտակար լինել բազմաթիվ առցանց դասընթացները, հավաստագիր տրամադրող կրթական ծրագրերը և պրակտիկաները:
Ֆինանսական հաջողության բանալին ձեր տաղանդները զարգացնելն է և դրանք օգտագործելն այնպես, որ ուրիշներին մեծ օգուտներ բերեն: Սա նաև կարևոր է նրա համար, որն Արթուր Բրուքսը անվանում է «վաստակած հաջողություն»: Ավելին, վաստակած հաջողությունը երջանկության և կյանքի բավարարվածության կենտրոնական բաղադրիչ է: Ոչ ոք չի կարող ձեզ վաստակած հաջողություն տալ. դուք այն պետք է վաստակեք: Վաստակած հաջողության կարելի է հասնել այն ժամանակ, երբ ձեր կրթությանը, աշխատանքին և կենսակերպին առնչվող ընտրություններն արտացոլում են ձեր կյանքի նպատակը: Մեր մասնագիտական գործունեության ընթացքում մեր ուսանողներին հարցրել ենք՝ ինչպես են ուզում ապրել իրենց կյանքը: Այս կամ այն կերպ պատասխանը գրեթե միշտ նույնն է եղել. «Ես ուզում եմ աշխարհն ավելի լավը դարձնել»: Իհարկե, տարբեր մարկանց՝ այդ ցանկությունն իրագործելու ծրագրերը տարբեր կլինեն: Բայց անկախ նրանց ծրագրերից՝ իմաստալից, բավարարող և երջանիկ կյանք ապրելու ունակությունը զարգացնելու համար անհրաժեշտ են դրական մոտեցումներ և ձեռներեցական մտածելակերպ:
Բաղադրիչ 4.3. Բյուջետավորեք ծախսերը և խնայողությունները
Բյուջե կազմեք, որպեսզի կարողանաք փողն ավելի արդյունավետորեն ծախսել և պարբերաբար խնայողություններ անել:
Փողն ընդամենը գործիք է. այն ձեզ կտանի ուր ցանկանաք, բայց ձեր փոխարեն վարորդ չի լինի:
Այսօր ֆինանսական անապահովությունը մեծ մասամբ ոչ ճիշտ կատարված ընտրությունների հետևանք է: Եկամուտները գերազանցող ծախսերը, պարտքի կուտակումը և դրա մարման մասին չմտածելը, բյուջե չպլանավորելը և ֆինանսները տնօրինելու այլ ոչ խելամիտ սովորությունները քաոս են ստեղծում և սթրես առաջացնում: Բյուջեի կազմումը և դրա կատարմանը հետամուտ լինելը առողջ ֆինանսական վիճակ ունենալու, հարստություն կուտակելու և անձնական նպատակներին հասնելու բանալին է: Ինչպես պետությունները, այնպես էլ մարդիկ, խնայողության և ներդրումների միջոցով են հարստություն ստեղծում: Սակայն հարստության կուտակման հարցում մեծ դեր է կատարում նաև ռազմավարական պլանավորումը: Հարստություն ստեղծելու ուղղությամբ կատարվող ծախսերը, խնայողությունները և ներդրումները ճիշտ կառավարելու համար պետք է ծրագիր ունենալ: Անհատների և ընտանիքների դեպքում այդ ծրագիրը բյուջեն է: Բյուջեն օգնում է ֆինանսական միջոցները ծախսել ճիշտ, կատարել կանոնավոր խնայողություններ և տարբեր ներդրումներ, որոնք հնարավորինս կմեծացնեն ձեր եկամտից ստեղծվող արժեքը:
Արդյունավետ բյուջեի կազմումը ոչ թե մեկանգամյա, այլ շարունակական գործընթաց է: Այն բաղկացած է երկու հստակ գործողությունից: Առաջին. պետք է նախնական բյուջե կազմել, որը կներառի որոշակի ժամանակահատվածի համար ձեր պլանավորած և ակնկալվող բոլոր եկամուտներն ու ծախսերը: Շատ մարդիկ հաճախ ամսական բյուջե են կազմում, սակայն ընդունված է նաև տարեկան բյուջե կազմելը: Կարևոր է մանրամասն պլանավորել ոչ միայն տեսանելի ծախսերը, ինչպիսիք են սննդի, ավտոմեքենայի հետ կապված ծախսերը, վարձավճարները կամ հիպոթեքի վճարումները, այլև ներառել բոլոր ծախսերը: Մի մոռացեք ներառել նաև ծննդյան նվերների ծախսերը, ընտանի կենդանիների տարեկան արտոնագրի վճարները (Հաագայում արտոնագրի վճարը տարեկան 112.80 եվրո է), ամսագրերի բաժանորդագրության և ավտոմեքենայի յուղը փոխելու ծախսերը: Հաշվեք ձեր ամսական և տարեկան եկամուտը, այնուհետև որոշեք՝ որտեղ եք ծախսելու ձեր յուրաքանչյուր լուման: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի խնայողությունը և ներդրումները ձեր բյուջեում առանձին ծրագրված կետեր լինեն, այլ ոչ պարզապես մնացորդային հաշվեկշիռ (եթե այդպիսին առկա է):
Երկրորդ գործողությունը փաստացի ծախսերը գրանցելն է և բյուջեում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելը: Գրանցելով բոլոր ծախսերը ձեր բյուջեի համապատասխան բաժիններում՝ կարևոր տեղեկություն կունենաք նրա մասին, թե ինչպես եք սովորաբար ծախսում և ինչ առաջընթաց եք գրանցում ձեր ֆինանսական նպատակներին հասնելու ճանապարհին: Ծախսերը գրանցելը նաև կօգնի ապագայում ավելի լավ և ավելի ճշգրիտ բյուջե կազմել: Օրինակ՝ եթե ձեր նախնական բյուջեում մեկ կամ երկու ծախսային հոդված չներառեք, այդ փաստացի ծախսը կատարելու ընթացքում կարող եք որոշել՝ արդյոք հաջորդ անգամ ձեր նոր բյուջեում պետք է դրանք ներառել, թե ոչ: Ենթադրենք՝ ձեր բյուջեով ամսական 50 եվրո եք նախատեսում ռեստորանում ճաշելու համար, սակայն տեսնում եք, որ իրականում 80 եվրո եք ծախսել: Այս տարբերությունը վերացնելու համար այլ մասում ձեր պլանավորված ծախսը կփոխեք: Փաստացի ծախսերը գրանցելը հետադարձ կապ է ապահովում, որի օգնությամբ հնարավոր է հետագայում բյուջեում ճշգրտում կատարել և այլ կերպ իրականացնել ծախսը:
Եկամուտը պլանավորելու և կատարած ծախսերին հետևելու միջոցով կարող եք գնահատել և նպատակաուղղել ծախսերը այն կատեգորիաներին, որոնք ձեզ համար ամենամեծ արժեքը կստեղծեն: Հետևյալ չորս քայլը ձեզ կօգնի ֆինանսական կայունության հասնել. սկսեք անմիջապես, նպատակներ սահմանեք, գործիքներ ձեռք բերեք և բյուջե կազմեք՝ ձեր նպատակներին հասնելու համար:
Քայլ 1: Սկսեք հիմա և մեծացրեք հաջողության հասնելու հավանականությունը: Մի խաբեք ինքներդ ձեզ՝ կարծելով, որ բյուջե կազմելը միայն աշխատող կամ բարձր աշխատավարձ ունեցող մարդկանց է անհրաժեշտ, կամ որ «ավելի ուշ» կսկսեք: Նույնիսկ գրպանի ծախսի փող ստացող երեխաները, իրենց ծնողներից ֆինանսական օգնություն ստացող ուսանողները և հիմնական եկամուտ չունեցող մարդիկ պետք է բյուջե կազմեն և նպատակներ սահմանեն: Բյուջե կազմելը ավելի չի հեշտանա, երբ տարեց լինեք կամ երբ ավելի մեծ գումարներ վաստակեք: Իրականում դա կարող է ավելի բարդ լինել, և հետևաբար ավելի հեշտ է հետաձգելը: Բյուջե կազմող մարդիկ իրենց գումարն ավելի խելամիտ են ծախսում և սովորաբար ավելի վաղ են սկսում ապագայի համար փող խնայելը, երբ համեմատաբար ցածր եկամուտ ունեն:(101) Բյուջե կազմելու համար նախատեսված անվճար հավելվածները կարող են օգտակար լինել այս պարագայում (համացանցում բազմաթիվ լավերը կան):
Քայլ 2: Նպատակներ սահմանեք: Խթանները կարևոր են: Թույլ տվեք, որ անձնական կյանքում ձեր նպատակները պայմանավորեն ձեր գործողությունները: Կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական նպատակներ սահմանեք և դրանք ձեր բյուջեում ներառեք: Կարճաժամկետ նպատակները կարելի է մոտակա տարվա ընթացքում իրագործել և անմիջապես վայելել արդյունքները: Այդպիսի նպատակներ կարող են լինել կրեդիտային քարտի՝ ամենաբարձր տոկոսադրույքով տրամադրված վարկային պարտքի մարումը, չնախատեսված ծախսերի համար խնայողությունների զգալի ավելացումը կամ բջջային հեռախոսի կամ այլ սարքի նոր մոդել գնելու համար գումար հատկացնելը: Միջնաժամկետ նպատակներն իրագործվում են ավելի երկար ժամկետում՝ մեկից երեք տարվա ընթացքում: Այդպիսի նպատակներ են, օրինակ, կանխիկ գումարով օգտագործած ավտոմեքենա ձեռք բերելը, տան կամ բնակարանի ձեռքբերման համար քսան տոկոս կանխավճար վճարելը և լավ դիվերսիֆիկացված պորտֆելի հանգեցնող զգալի խնայողական հաշիվ ստեղծելը: Այսպիսի նպատակների հասնելու համար սովորաբար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Եվ վերջապես, երկարաժամկետ նպատակների օրինակներ են երեխայի ուսման և կենսաթոշակի նպատակով խնայողություններ և ներդրումներ կատարելը և ուսանողական վարկը կամ տան հիպոթեքը մարելը, որոնք շատերի համար ցանկալի նպատակներ են:
Ինչպես արդեն նշվել է, խնայողությունները և ներդրումները պետք է բյուջեում առանձին բաժին կազմեն: Ակնհայտ է, որ որքան վաղ սկսեք ռազմավարական մոտեցում ցուցաբերել խնայողոթյուններ կատարելու և ծախսելու հարցում, այնքան մեծ հարստություն կկուտակեք: Հայտնի չէ սակայն՝ որքան հարստություն կկարողանաք կուտակել, եթե վաղ սկսեք այդպես գործել: Այսօր խնայված կամ ներդրված նույնիսկ ամենափոքր գումարը կարող է շատ մեծ նշանակություն ունենալ: Դիտարկենք հետևյալ երկարաժամկետ ծրագիրը:
Քսաներկու տարեկան դառնալուն պես երկու տարի շարունակ օրական 2 եվրո սկսեք խնայել: Սա թերևս սուրճի, մեկ շիշ ջրի, թեթև ուտեստի վրա ծախսած կամ օրվա վերջում ձեր գրպանում մնացած գումարի համեմատ այդքան էլ մեծ գումար չէ: Այնուհետև քսանչորսից մինչև քսանվեց տարեկանն ընկած ժամանակահատվածում սկսեք օրական 3 եվրո խնայել: Տարբերությունն ընդամենը մեկ եվրո է, և դուք հավանաբար ավելի բարձր եկամուտ ստանալիս կլինեք: Քսանվեցից մինչև երեսուն տարեկան ընկած ժամանակահատվածում մեծացրեք ձեր խնայողությունները և դրանք օրական 4 եվրոյի հասցրեք: Ամեն օր այդ գումարը խնայելը և այն դրական եկամտաբերությամբ որևէ հաշվի վրա դնելը էական ազդեցություն չի ունենա ձեր կենսակերպի վրա: Երեսուն տարեկանում խնայած կլինեք 9 490 եվրո՝ գումարած տոկոսները. կարծես թե փոքր գումար չէ: Օրական ինչ-որ փոքր գումար խնայելով՝ հնարավոր է իսկապես մեծ գումար կուտակել:
Սակայն զարմանալին այն է, որ երբ վաթսուներեք տարեկանում կենսաթոշակի անցնեք, միայն այս առաջին ինը տարվա խնայողությունը խելամիտ ներդնելու դեպքում կարող է ավելի քան 150 000 եվրոյով մեծացնել ձեր կարողությունը։ Ավելին, այս թիվը հաշվարկված է այսօրվա գնողունակությամբ: Այդպես կլինի, եթե ձեր ներդրումները ապահովեն մոտավորապես այն նույն եկամտաբերությունը, որը ֆոնդային շուկաներն ունեցել են վերջին ութսուն տարվա ընթացքում (եկամտաբերության և բարդ տոկոսադրույքի օգտակարության մասին ավելի մանրամասն կխոսենք հետագա բաղադրիչներում): Ավելին, որքան վաղ սկսեք խնայել, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ կանոնավոր կերպով կշարունակեք խնայել ողջ կյանքի ընթացքում: Բացի այդ, ամենախելացի ներդրողներից ոմանք, օրինակ՝ Ուորեն Բաֆեթը և Shark Tank-ի («Շնաձկների ավազան») Մարկ Քյուբանը՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Դալաս Մավերիքս բասկետբոլային ակումբի սեփականատերը, համակարծիք են, որ պարտքերից խուսափելը կարևոր է և հնարավոր՝ խնայողությունները վաղ սկսելու դեպքում:
Քայլ 3: Բյուջե կազմելու համար համապատասխան գործիքներ կիրառեք: Մի փորձեք հեծանիվ հայտնագործել և բյուջե կազմելը դատարկ էջից մի սկսեք: Այսօր բազմաթիվ կայքեր, էլեկտրոնային աղյուսակներ և հավելվածներ կան, որոնց միջոցով բյուջե կազմելը շատ հեշտ է: Կան բազմաթիվ անվճար կամ էժան ռեսուրսներ, որոնք կարելի է ներբեռնել մի քանի ստեղնի հպումով: Համացանցում որոնեք «բյուջե կազմելու գործիքներ (անգլ. budgeting tools)» և բյուջե կազմելու բազմաթիվ բարձրորակ ու ապահով տարբերակներ կգտնեք: Այնպիսի գործիք ընտրեք, որը կօգնի ձեզ ճշգրիտ կերպով մուտքագրել ձեր եկամուտները և ծախսերը, ցույց կտա ձեր ֆինանսական նպատակները, վճարման հիշեցումներ կուղարկի, կօգնի վերահսկել պահի ոգևորությամբ բյուջեն գերազանցող ծախսերը և ձեր ֆինանսական նպատակներին հասնելու տարբերակներ կներկայացնի: Բյուջե կազմելու ձեր ընտրած գործիքն օգտագործելը սովորություն դարձրեք: Ճիշտ գործիքների շնորհիվ ծախսերն ու եկամուտները գրանցելը հեշտ է:
Քայլ 4: Գործողությունների ծրագիր մշակեք: Ձեր նպատակներին հասնելու համար փաստացի և նախատեսված կետերով անձնական բյուջե կազմեք: Թեև մենք միշտ մտածում ենք այն բոլոր բաների մասին, որ «անհրաժեշտ է» գնել, հիմնականում բոլորիս բավարար չափով սննդից, մաքուր ջրից, կացարանից և պարզ հագուստներից բացի իրականում ընդամենը մի քանի բան է անհրաժեշտ: Որպեսզի իմանաք ինչից սկսել նպատակներն իրագործելը, պետք է սահմանեք «անհրաժեշտ» բաները և դրանք տարանջատեք «ցանկալի» բաներից: Որպեսզի կարողանաք խնայողություններ և ներդրումներ կատարել, կրճատեք ցանկալի բաների ցուցակը և բյուջեի շրջանակում ձեր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներն իրագործելու ծրագիր կազմեք: Այսպես ձեր ֆինանսների տնօրինումը ձեր ձեռքը կվերցնեք:
Ոչ մի ճարտարապետ առանց գծագրի տուն չի կառուցում: Ոչ մի վիրաբույժ լավ չի հեռացնի հիվանդի ապենդիքսը, եթե իր գործողությունները չհամակարգի վիրահատական թիմի մյուս անդամների հետ: Ոչ մի սպորտսմեն օլիմպիական խաղերի չի մասնակցի, եթե մրցումներից տարիներ առաջ հաջողության հասնելու փիլիսոփայություն չորդեգրի: Եթե նպատակ ունեք կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսական հարցերում, հաջողության հասնել, ապա կարևոր է գործողությունների մանրամասն ծրագիր կազմել և դրա համաձայն գործել ու անհրաժեշտության դեպքում թարմացնել այն:
Բյուջեի յուրաքանչյուր հոդված պետք է մյուսների համատեքստում դիտարկել: Քանի որ ձեր եկամուտը սահմանափակ է, մի ոլորտում ծախսերի գերազանցումը մյուս ոլորտի ծախսերի կրճատման կհանգեցնի, եթե եկամտի նոր աղբյուրներ ի հայտ չգան: Ինչպես նշել ենք Մաս 1-ում, յուրաքանչյուր ընտրություն իր այլընտրանքային ծախսն ունի: Ծախսերի մասին որոշումներ կայացնելիս դիտարկեք ձեր այլընտրանքային ծախսերը: Ձեր բյուջեի միջոցով ուսումնասիրեք ձեր ծախսերի ընդհանուր պատկերը: Հաշվարկեք ձեր հիմնական ամսական ծախսերը, ցույց տվեք, թե որքան եք վաստակում, որքան հարկեր եք վճարում, որքան խնայողություններ և ներդրումներ եք կատարում, որքան եք ծախսում, և որքան է ձեր պարտքը:
Բյուջե կազմելու գործընթացում երկու հիմնական գործողություն կա, որոնք անկախ ձեր մասնագիտությունից, եկամտից կամ կյանքում ունեցած ձեր դիրքից՝ կօգնեն ձեզ համակարգված ձևով վերահսկել ծախսերը և այնպիսի ծախսեր կատարել, որ կարողանաք իրագործել ձեր նպատակները և բարձրացնեք ձեր բարեկեցության մակարդակը. այդպիսի գործողություններ են բյուջե կազմելը և ծախսերի մշտական վերահսկումն ու ճշգրտումը: Հստակ պլան կազմեք և տնօրինեք ձեր կյանքը: Կազմեք բյուջե, որի օգնությամբ կկազմակերպեք ձեր ծախսերը, կվերահսկեք ձեր պարտքը, միջոցներ կունենաք արտակարգ դեպքերի համար, ֆինանսական տարբեր նպատակներ կիրագործեք և միջոցներ կունենաք ներդրումների համար:
Հաջորդ անգամ, երբ մտածեք ձեզ «անհրաժեշտ» բոլոր բաների մասին, հիշեք, որ իրականում դրանցից ոչ բոլորն են ձեզ անհրաժեշտ: Հիշեք, որ այսօր ծախս կատարելը նվազեցնում է ապագայի ձեր բարեկեցությունը: Մենք չենք առաջարկում, որ կյանքում ամեն ինչից ձեզ զրկեք, որպեսզի ապագայում հարուստ լինեք: Դա ողջամիտ չէ: Սակայն ծախսերը կրճատելու և խնայողությունները մեծացնելու բազմաթիվ հնարամիտ ճանապարհներ կան: Բյուջե և խնայողությունների ծրագիր կազմելով՝ անմիջապես բավարարվածության, ֆինանսական վերահսկողութան և ապահովության զգացում կունենաք և հարստություն կկուտակեք ապագայի համար:
Դեյվ Ռեմսին՝ ԱՄՆ-ի առաջատար ֆինանսական խորհրդատուներից մեկը, ընդգծում է փող ծախսելու առողջ անձնական սովորություններ ձևավորելու կարևորությունը: Նա ասում է. «Անձնական ֆինանսները կառավարելով՝ ես հասկացա, որ դա այնքան էլ բարդ չէ, և դա լավ նորությունն է: Անձնական ֆինանսների կառավարման 80%-ը վարքագիծն է: Եվ միայն 20%-ն է տեսական գիտելիք»:(102) Մաս 4-ը ամբողջությամբ կարդալուց հետո դուք կունենաք այդ տեսական գիտելիքները: Պատրա՞ստ եք կենտրոնանալ և համապատասխանեցնել ծախսերի, խնայողությունների, վարկերի և գումար վաստակելու ձեր որոշումները այն որոշումների հետ, որոնք ֆինանսական կայունություն և բարեկեցիկ կյանք են խոստանում:
Բաղադրիչներ 4-ից 12-ը լրացուցիչ տեղեկություն են տրամադրում այն մասին, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետորեն ծախսել, խուսափել ոչ խելամիտ պարտքերից, չնախատեսված ծախսերի համար միջոցներ հատկացնել, գրավիչ եկամտաբերություն ունենալ ներդրումներից և նվազեցնել կյանքում ռիսկերի ենթարկվելու հավանականությունը:
Բաղադրիչ 4.4. Ողջամիտ տնօրինեք ֆինանսները
Ներդրում մի՛ կատարեք մի բանի մեջ, որի շահագործման ժամկետը գումարի մարման ժամկետից կարճ է:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ վարկով հանգստյան ուղևորություններ, հագուստ կամ այլ ապրանքներ եք ձեռք բերում, որոնք արագորեն սպառվում կամ արժեզրկվում են: Ի՞նչ է տեղի ունենում, երբ չորս տարով վարկ եք վերցնում, որպեսզի գնեք օգտագործված ավտոմեքենա, որը երկու տարի անց այլևս պիտանի չի լինելու: Երկու հարցի պատասխանն էլ նույնն է. դուք շուտով կսկսեք վճարել այնպիսի բաների համար, որոնց արժեքը թե՛ ձեզ, թե՛ ցանկացած մեկ ուրիշի համար չնչին է կամ զրոյական: Այդպիսի վճարումները հիասթափության, տհաճության և ֆինանսական անկայունության կհանգեցնեն:
Ինչ-որ բանի համար դրա պիտանելիության ժամկետից ավելի երկար վճարելու դեպքում ստիպված կլինեք ապագայում վճարել մի բանի համար, որն այլևս արժեք չի ունենա ձեզ համար: Արդյունքում ստիպված կլինեք կրճատել ապագայի ծախսերը: Ավելին, այսպիսի ռազմավարությունը կմեծացնի ձեր պարտքը, և դուք ապագայում ավելի քիչ փող կունենաք: Սա ֆինանսական աղետի տանող ճանապարհ է:
Բայց արդյո՞ք երբևէ անհատի կամ ընտանիքի համար ապառիկով կամ վարկով որևէ բան գնելն իմաստ ունի: Պատասխանն է` այո, բայց որոշ բացառություններով, միայն եթե այն, ինչ գնում եք, երկարակյաց ակտիվ է, և եթե պարտքի մարումն ավարտվելու է նախքան այդ ակտիվի պիտանելիության ավարտը: Այդպես դուք ձեռքբերվածի համար վճարում եք այն օգտագործելու ընթացքում:
Շատ քիչ գնումներ են համապատասխանում այդ չափանիշներին: Կարելի է առանձնացնել երեք կատեգորիա. տուն, ավտոմեքենա և կրթություն: Լավ պահպանելու դեպքում նոր տունը կարող է ծառայել քառասունից հիսուն տարի: Այս դեպքում երեսուն տարի մարման ժամկետով հիպոթեքային վարկը (եթե այն ձեզ հասանելի է) լիովին իմաստ կունենա: Նույն կերպ, եթե ակնկալվում է, որ ավտոմեքենան հինգ-վեց տարի է ծառայելու, հանգիստ կարելի է այն ձեռք բերել մինչև չորս տարի ժամկետով վարկով: Եթե երկարակյաց ակտիվները վարկի մարումից հետո դեռ շարունակում են լրացուցիչ եկամուտ ապահովել կամ որևէ արժեքավոր ծառայություն մատուցել, վարկի վճարումների որոշ մասն ըստ էության խնայողության և ներդրումների ձև է, որը մեծացնում է տնային տնտեսության կարողությունը: Ինչպես և տուն ձեռք բերելու դեպքում, կրթության նպատակով կատարվող ներդրումներն ընդհանուր առմամբ նույնպես երկարաժամկետ զուտ օգուտներ են ապահովում: Երիտասարդ ուսանողները, վարկով վճարելով իրենց կրթության համար, ներդրում են կատարում, որի շահաբաժինները ստանալու են բարձր վարձատրության տեսքով: Կրթության նպատակով կատարվող ներդրումը արդարացված կլինի, եթե հաջորդող քսան կամ երեսուն տարվա ընթացքում բարձր վարձատրությունը թույլ տա մարել վարկերը: Բայց այստեղ որոշ ռիսկեր կան. եթե լրացուցիչ կրթությունը ձեր ապագա եկամուտները չի մեծացնում` առնվազն զգալիորեն, ապա չափազանց բարդ կլինի մարել վերցրած վարկերը (ծանուցում. այս հարցի շուրջ առավել մանրամասն կխոսվի Մաս 4-ի Բաղադրիչ 11-ում):
Տնային տնտեսություններից շատերի համար այս կանոնի եզրահանգումը հստակ է. վարկով կարելի է գնել միայն անշարժ գույք, ավտոմեքենա և կրթություն: Իհարկե, կախված առողջության ապահովագրության՝ ձեր երկրում գործող համակարգից, անհետաձգելի բուժօգնության նպատակով միանշանակորեն արժե պարտքով գումար վերցնել, եթե դեռ չեք հասցրել չնախատեսված դեպքերի համար բավարար միջոցներ կուտակել: Ապենդիքսի հեռացման վիրահատության համար կարելի է պարտքով գումար վերցնել, իսկ դեմքի պլաստիկ վիրահատության համար՝ թերևս չարժե (եթե, իհարկե, հեռուստատեսային աստղ չեք): Պետք է համոզվել նաև, որ այս ակտիվների ձեռքբերման համար վերցված վարկերը հնարավոր է մարել նախքան այդ ակտիվների ժամկետի ավարտը: Այս պարզ կանոնի կիրառումը կարող է ապահովագրել ձեզ ֆինանսական խնդիրներից:
Պարտքերի հետ կապված ռիսկ է առաջանում նաև այն դեպքում, երբ վարկի արժույթը տարբերվում է ձեր եկամտի արժույթից: Արժույթների փոխարժեքները մեկը մյուսի նկատմամբ կարող են փոխվել` առանց նախազգուշացման:
Օրինակ՝ 2000-ականների սկզբին Լեհաստանում, Հունգարիայում, Խորվաթիայում և Ռումինիայում տուն գնելու համար կարելի էր վարկ ստանալ շատ ցածր տոկոսադրույքով, եթե այն տրամադրվեր շվեյցարական ֆրանկով: Սակայն վարկառուների մեծ մասի եկամուտն իրենց տեղական արժույթով էր:
2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ շվեյցարական ֆրանկի արժեքը եվրոյի և այլ արժույթների նկատմամբ բարձրացավ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների արժույթները շվեյցարական ֆրանկի նկատմամբ արժեզրկվեցին: 2011թ. Շվեյցարիան փորձեց կայունացնել իր արժույթը՝ կապելով այն եվրոյի հետ: Այնուհետև, երբ 2015թ. Շվեյցարիան առանձնացրեց իր արժույթը եվրոյից, նրա արժեքն ավելի բարձրացավ:
Երկու դեպքում էլ վարկառուները ցնցված էին, երբ իմացան, որ տեղական արժույթով իրենց սպասածից ավելի մեծ պարտք ունեն: Ֆյուչերսային պայմանագիրը կկարողանար մասնավոր ընկերություններին օգնել փոխարժեքը ֆիքսելու հարցում, մինչդեռ ֆիզիկական անձանց համար նման պայմանագրեր կարծես չեն գործել: Այդ պատճառով տհաճ անակնկալներից խուսափելու լավագույն տարբերակը ձեր եկամտի արժույթին համապատասխան արժույթով վարկ վերցնելն է:
Բաղադրիչ 4.5. Փողն ավելի արդյունավետ ծախսելու երկու եղանակ
Խուսափե՛ք կրեդիտային քարտի պարտքերից և օգտագործած ապրանքներ ձեռք բերե՛ք:
Մեզնից շատերն են ցանկանում ապագայում ավելի շատ փող ունենալ, սակայն պատրաստ չեն այսօր ինչ-որ բան զոհաբերել դրա համար: Շատերը, այդ թվում՝ միջինից բարձր եկամուտ ունեցող մարդիկ, երկու սխալ են թույլ տալիս այդ նպատակին հասնելու ճանապարհին: Առաջին. նրանք պարտքով գումար են վերցնում և գնում ապրանքներ, որոնց համար դեռևս վճարել չեն կարող: Երկրորդ. նրանք անպայման ձգտում են նոր ապրանքներ գնել, չնայած որ օգտագործածները հավասարապես օգտակար են և շատ ավելի տնտեսող:
Կրեդիտային քարտերի միջոցների անխնա օգտագործումը կարող է մեծ խոչընդոտ լինել ֆինանսական հաջողության տանող ճանապարհին: Թեպետ մարդկանց մեծ մասը խնայողաբար է օգտագործում քարտային միջոցները, մյուս մասն այդ միջոցները ծախսում է այնպես, կարծես քարտի չօգտագործված մնացորդը իրենց բանկային հաշվի գումարը լինի: Դա միանգամայն սխալ և վտանգավոր մտածելակերպ է: Կրեդիտային քարտի չօգտագործած մնացորդը պարզապես նշանակում է, որ դուք ոչ մեծ չափով լրացուցիչ վարկային միջոցներ վերցնելու հնարավորություն ունեք։ Եթե ընթացիկ հաշվին միջոցներ ունեք, կարող եք վճարումներ կատարել այդ միջոցներով՝ օգտագործելով ձեր կրեդիտային քարտը: Եթե հաշվին բավարար միջոցներ չունեք, մի կատարեք գնումը:
Թեև կրեդիտային քարտերը և դրանց էլեկտրոնային համարժեքները (օրինակ՝ PayPal-ը կամ Yandex Money-ը) հարմար են օգտագործման տեսանկյունից, դրանք փոխառության գայթակղիչ և ծախսատար ձևեր են: Կրեդիտային քարտերը պոտենցիալ վտանգ են ներկայացնում, քանի որ հեշտացնում են պարտքերի կուտակումը: Երբ կրեդիտային քարտի վրա չօգտագործած մնացորդ է լինում, որոշ մարդիկ կարծես թե չեն կարողանում վերահսկել պահի ազդեցությամբ ծախսելու ցանկությունը:(103) Եթե դուք էլ ունեք այս խնդիրը, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեք: Վերցրեք մկրատը և կտրտեք ձեր բոլոր կրեդիտային քարտերը: Հակառակ դեպքում դրանք ձեզ ֆինանսական անհաջողության կտանեն:
Կրեդիտային քարտով գնումներ կատարելու դեպքում զգացողությունն այնպիսին է՝ կարծես ձեր սեփական փողով ավելի շատ ապրանք եք գնում, պարզապես հաշիվը միշտ ամսվա վերջում եք ստանում: Այստեղ մեկ այլ գայթակղություն էլ կա՝ տոկոսը և մնացորդի մի փոքր մասը վճարելու հնարավորությունը, որը թույլ է տալիս պահպանել փողի մեծ մասը և այն ավելի շատ ապրանքներ գնելու վրա ծախսել: Եթե ընտրեք այս տարբերակը և շարունակեք սպառել քարտի մնացորդը, շատ շուտով մեծ խնդրի առաջ կկանգնեք. կսկսեք վճարել չվճարված մնացորդի վրա կուտակվող բարձր տոկոսները:
Կրեդիտային քարտի պարտքին ուղղվող վճարումը սովորաբար 15-18% է կազմում: Սա շատ ավելի բարձր է, քան այն գումարը, որը մարդկանց մեծ մասը (նույնիսկ հաջողակ ներդրողները) կարող են վաստակել իրենց կատարած խնայողություններից ու ներդրումներից: Ինչպես կտեսնենք հաջորդ բաղադրիչներում, կարելի է հարստանալ՝ վաստակելով տարեկան 7 տոկոս ձեր ներդրումներից: Ցավոք, չվճարված պարտքի համար գանձվող բարձր տոկոսադրույքները հակառակ ազդեցությունը կունենան: Նույնիսկ բարձր եկամուտ ունեցող մարդը, կրեդիտային քարտի պարտքի համար վճարելով 15-18%, կարող է աղքատանալ:
Դիտարկենք Շոնի օրինակը: Նա երիտասարդ մասնագետ է, որը որոշում է մի քանի օր հանգստանալ Ֆրանսիայի հարավում: Շոնի ուղևորության ծախսը կազմում է 1 500 եվրո, որը նա պահում է կրեդիտային քարտի հաշվին: Բայց ամսվա վերջում ամբողջ գումարը վճարելու փոխարեն Շոնը տասը տարի շարունակ միայն նվազագույն գումարն է վճարում, մինչև վերջապես մարում է ամբողջ պարտքը: Որքա՞ն վճարեց Շոնն իր ուղևորության համար, եթե հաշվի առնենք կրեդիտային քարտի 18% տոկոսադրույքը: Նա 120 ամիս շարունակ ամսական 26.63 եվրո է վճարում կամ ընդհանուր՝ 3 195.40 եվրո: Այսպիսով, Շոնն իր կրեդիտային քարտը տրամադրող կազմակերպությանը վճարում է ավելի շատ, քան նա վճարել է ավիատոմսի, հյուրանոցի, սննդի և ժամանցի համար:
Շոնը կարող էր ավելի քիչ գումար ծախսել ուղևորության համար, եթե այն նախօրոք պլանավորեր և սկսեր այդ նպատակով գումար տնտեսել իր կրեդիտային քարտը տրամադրող կազմակերպությանը ուղևորությունից հետո վճարելու փոխարեն: Եթե Շոնը քսան ամիս շարունակ ամսական 75 եվրո խնայեր՝ տարեկան 5% բարդ տոկոսադրույքով (բարդ տոկոսադրույքի մասին կխոսենք Բաղադրիչ 7-ում), նույն (սակայն ավելի վաղ կատարած) ուղևորության համար կրեդիտային քարտով 3195.40 եվրո (ներառյալ տոկոսադրույքը) վճարելու փոխարեն կարող էր 1560.89 եվրո վճարել: Այլ կերպ ասած՝ կրեդիտային քարտի միջոցները օգտագործելու և հետագայում պարտքը մարելու փոխարեն Շոնը կարող էր խնայողություններ կատարելով և իր ուղևորությունը նախապես պլանավորելով երկու ուղևորություն կատարել՝ ավելի ցածր գումարով, քան կրեդիտային քարտով մեկի համար վճարած գումարն էր:
Որոշ դեպքերում կրեդիտային քարտով կարող եք արդեն մեծ գումարի պարտք կուտակած լինել: Ավելի լավ կլիներ խուսափել այդ պարտքից, բայց դա մեծ եկամուտ ունենալու հնարավորություն է տալիս։ Կրեդիտային քարտի պարտքը մարելու համար ձեր խնայած ցանկացած գումար 18% կամ այլ համապատասխան եկամտաբերություն է ապահովում:
Այսպես դիտարկենք սա: Եթե ներդնեք մեկ եվրո, որը 18% եկամտաբերություն է ապահովում, այլ ոչ թե ծախսեք այդ մեկ եվրոն, ապա մեկ տարվա ընթացքում ձեր զուտ կարողությունը 1.18 եվրոյով կավելանա: Եթե մեկ եվրո եք խնայում կրեդիտային քարտի պարտքը մարելու նպատակով, մեկ տարվա ընթացքում ձեր զուտ կարողությունը նույնպես կավելանա 1.18 եվրոյով: Ձեր պարտքը կպակասի հենց այդ գումարի չափով. նախ՝ ձեր խնայած գումարի շնորհիվ, որն ի սկզբանե պակասեցրեց ձեր պարտքը, ապա՝ այն 18 ցենտի շնորհիվ, որն այլապես պետք է վճարեիք որպես տոկոս:
Նույնիսկ եթե ձեր կրեդիտային քարտի տոկոսադրույքը 18%-ից ցածր է, այն միևնույն է ավելի բարձր է խնայողության այլ ծրագրերում ձեր վաստակած գումարից, եթե իհարկե դուք չափազանց հաջողակ կամ արտակարգ ներդրող չեք: Իհարկե, դուք գուցե չզգաք, որ ձեր խնայողություններն իսկապես 18% եկամուտ են ապահովում, քանի որ գումարը փաստացիորեն ձեր ներդրումային հաշվին չի վճարվում: Բայց արդյունքում նույն բանն է ստացվում: Կրեդիտային քարտի պարտք ունեցող և ֆինանսական հաջողության հասնելու մասին լրջորեն մտածող ցանկացած մարդ առաջին հերթին պետք է մարի իր պարտքը՝ անհրաժեշտության դեպքում օգտագործելով խնայողությունները:
Իսկ եթե ձեր կրեդիտային քարտի պարտքը մարելու համար անհրաժեշտ միջոցներ չունե՞ք: Այդ դեպքում բանկից վարկ վերցրեք, որի տոկոսադրույքը ձեր կրեդիտային քարտի տոկոսադրույքից ցածր կլինի, այնուհետև Բաղադրիչ 3-ում ներկայացված բյուջեի կազմման սկզբունքների հիման վրա մշակեք վարկը հնարավորինս արագ մարելու պլան: Իհարկե, պետք է կրեդիտային քարտով այլ պարտքեր չկուտակել:
Բացի կրեդիտային քարտով պարտք կուտակելու կամ այն անմիջապես մարելու սովորությունից խուսափելուց, գումար կարելի է խնայել նաև օգտագործած իրեր գնելու միջոցով, եթե դրանք օգտակարությամբ նորերին չեն զիջում: Նոր իրեր գնելու խնդիրը կայանում է նրանում, որ դրանք գրեթե անմիջապես արժեզրկվում են: Այսպիսով, իհարկե կարելի է նոր իրեր գնել, սակայն դրանք շատ շուտով արդեն նոր չեն լինի:
Շուկայական արժեքի տեսանկյունից՝ նոր իրերը գնելուց գրեթե անմիջապես հետո «օգտագործած» են դառնում: Գնելով օգտագործած (կամ ինչպես այսօր ասում ենք՝ գործածության մեջ եղած) իրեր՝ կարելի է մեծ գումարներ խնայել: Համեմատենք նոր և օգտագործած ավտոմեքենա գնելու ծախսը: Օրինակ՝ եթե բոլորովին նոր Toyota գնեք մոտ 30 000 եվրոյով (2019թ. սա Կիևում ամենապահանջված մեքենաների՝ Toyota-ների միջին գինն էր) և մեկ տարի անց այն վաճառեք, դրա դիմաց մոտ 18 000 եվրո կստանաք կամ ձեր վճարած գնից 12 000 եվրո պակաս: Քսան հազար կիլոմետր վարելու դեպքում ձեր ամորտիզացիոն ծախսը (ավտոմեքենայի արժեքի նվազման՝ ձեր վրա նստած ծախսը) կիլոմետրը 60 ցենտ կկազմի:
Սակայն նոր մեքենա գնելու փոխարեն կարող եք մեկ տարի առաջ թողարկված ավտոմեքենա գնել: Այդ դեպքում մոտ 20 000 եվրո կվճարեք կամ նոր մեքենայի գնից 10 000 եվրոյով ավելի քիչ։ Այդ գինը բաղկացած է 18 000 եվրոյից, որը նախորդ սեփականատերը կստանա այն վաճառելու դիմաց, գումարած 2 000 եվրո գործարքային ծախսերը, ինչպիսիք են գովազդները, միջնորդավճարները և այլն:
Հաշվի առնելով այն, թե որքան երկար են ծառայում ավտոմեքենաները պատշաճ խնամելու դեպքում, ձեր օգտագործած Toyota-ն ութ տարի հիանալի կծառայի ձեզ, իսկ դրանից հետո հավանաբար կարող եք այն մոտ 2 000 եվրոյով վաճառել: Եթե համարենք, որ տարեկան 20 000 կմ եք վարում, ձեր ամորտիզացիոն ծախսը մեկ կիլոմետրի համար կկազմի 18 000 եվրո/160 000 կիլոմետրի համար կամ ուղղակի 11 ցենտից մի փոքր ավելի: Դա մեկ կիլոմետրի հաշվով 49 ցենտով ավելի քիչ է, քան ամեն տարի նոր ավտոմեքենա վարելու ծախսը: Շարունակելով ենթադրել, որ տարեկան 20 000 կիլոմետր եք վարում, օգտագործած ավտոմեքենայի ամորտիզացիոն ծախսի խնայողությունը տարեկան գրեթե տաս հազար եվրո կկազմի: Իհարկե, ավտոմեքենան գնելուց մի քանի տարի անց դրա վերանորոգման ծախսերը կարող են մեծանալ, բայց խնայողությունները միևնույնն է հսկայական կլինեն, եթե պարզապես հրաժարվեք նոր մեքենա ունենալու մտքից:
Բազմաթիվ այլ ապրանքներ օգտագործված վիճակում նույնքան օգտակար են, որքան նորերը, սակայն հաճախ շատ ավելի մատչելի են: Այդպիսի ապրանքներից են հագուստը, կահույքը, կենցաղային տեխնիկան, վերանորոգված հեռախոսները և խաղալիքները: Պարզապես անհրաժեշտ է մի փոքր ժամանակ անցկացնել բացօթյա շուկաներում կամ օգտագործած հագուստի խանութներում: Փնտրտուքի բերկրանքն ինքնին ժամանց է, ընդ որում՝ անվճար։ Սակայն եթե հաշվի առնենք, թե որքան թանկ է ձեր ժամանակը, օգտագործած իրեր կարելի է բազմաթիվ այլ ճանապարհներով գտնել: Համացանցային որոշ հավելվածներ առաջարկում են այլընտրանքներ, որոնք կրճատում են ծախսած ժամանակը և գործարքային ծախսերը: Ընդամենը մի քանի «հպումով» կարող եք գտնել իրեր, որոնք գերազանց վիճակում են և խանութներում վաճառվող գնից զգալիորեն ավելի մատչելի են: Իհարկե, կան դեպքեր, երբ նորը գնելը տնտեսապես ավելի արդյունավետ է: Մենք պարզապես խորհուրդ ենք տալիս հաշվի առնել օգտագործած իրեր գնելու միջոցով խնայողություններ անելու հնարավորությունները, որոնցից սպառողի բավարարվածությունը չի տուժում: Բացահայտեք ձեր գումարը առավելագույնս օգտագործելու հնարավորությունները:
Ամբողջ աշխարհում երիտասարդները հետսպառողական մշակույթի հնարավորություններ են դիտարկում՝ վարելով «կանաչ», մինիմալիստական կամ զրոյական թափոններով կենսակերպ: iFixit, RREUSE.org, makeresourcescount.eu և շատ այլ նման ռեսուրսներ, ինչպես նաև Youtube-ի բազմաթիվ այլ ալիքներ կոչ են անում օգտակար ապրանքները դեն նետելու փոխարեն վերանորոգել և եղած միջոցներով ուրախ ու երջանիկ կյանք վարել: Եթե համացանցում որոնեք «տնտեսող կանաչ կենսակերպ» հարցումը, բազմաթիվ գործնական ռեսուրսներ կգտնեք, ինչպես նաև համախոհներ, որոնք կօգնեն նման կենսակերպ վարել: Երկրագնդի տարբեր քաղաքներում սկսել են տարածել համօգտագործվող տնտեսության գաղափարը:(104)
Կարող եք տնտեսման տարբեր ռազմավարություններ ընտրել, որոնց միջոցով կկարողանաք թույլ տալ ձեզ այլ բաների կամ բաժանորդագրությունների վրա փող ծախսել: Կարևոր է հասկանալ, որ ձեր հնարավորությունները միայն առանց մտածելու նոր իրեր գնելով չեն սահմանափակվում:
Բաղադրիչ 4.6. Չնախատեսված դեպքերի համար միջոցներ խնայեք
Սկսեք յուրաքանչյուր ամիս խնայողական հաշվին չնախատեսված դեպքերի («սև օրվա») համար գումար կուտակել:

Մենք խոսել ենք ապագայի համար խնայողություններ կատարելու կարևորության մասին: Սակայն անհրաժեշտ է նաև չնախատեսված դեպքերի համար խնայողական հաշիվ ունենալ: Կյանքն անսպասելի անակնկալներից բաղկացած անվերջ շղթա է. օրինակ՝ ավտոմեքենան կարող է փչանալ, տանիքից կարող է ջուր հոսել, երաշտի պատճառով կարող է բերքը փչանալ, ձեր երեխան կարող է ձեռքի վնասվածք ստանալ և այլն:(105) Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ կպատահի կամ երբ: Սակայն կարող ենք կանխատեսել, որ բոլոր մարդիկ էլ բախվում են նման ծախսատար խնդիրների: Հետևաբար, կարելի է նման բաների համար գումար խնայել: Ահա, թե ինչի համար է անհրաժեշտ չնախատեսված դեպքերի խնայողական հաշիվը: Այն կօգնի վճարել անսպասելի ծախսերը, այլապես դրանք կարող են լուրջ սթրես պատճառել և ֆինանսական բարդություններ առաջացնել:
Խնայողական հաշիվ ունենալու փոխարեն կարելի է սպասել մինչև անսպասելի իրադարձությունները տեղի ունենան, այնուհետև փորձել լուծել առաջացած խնդիրները: Դա հաճախ հանգեցնում է կրեդիտային քարտերով պարտք կուտակելուն կամ խիստ անբարենպաստ պայմաններով միջոցներ փոխառելուն: Այնուհետև պետք է տոկոսավճարները վճարելու և ընդհանուր պարտքը մարելու մասին մտածել: Երբեմն էլ արդյունքում ստիպված կլինեք ընտանիքի անդամներին կամ հարևաններին դիմել, որոնք հեռատես են գտնվել և իրենց անձնական միջոցները կուտակել են չնախատեսված դեպքերի համար։ Այս ամենը կհանգեցնի սթրեսային վիճակի, որի արդյունքում էլ, ամենայն հավանականությամբ, ոչ խելամիտ ֆինանսական որոշումներ կկայացնեք:
Որքա՞ն գումար է պետք կանոնավոր կերպով մի կողմ դնել՝ նման իրավիճակները հաղթահարելու համար: Մոտեցումներից մեկը հետևյալն է. նախորդ տարում ձեզ, ձեր բարեկամների և հարևանների հետ տեղի ունեցած տարբեր անսպասելի իրավիճակների ցուցակ կազմել և հաշվել, թե որքան գումար է ծախսվել դրանցից յուրաքանչյուրի ժամանակ: Հիշեք ավտոմեքենայի վերանորոգումները, չնախատեսված ճամփորդությունները, բժշկի այցերը, տան կենցաղային տեխնիկան փոխարինելը և այն ամենը, որ անսպասելիորեն է տեղի ունեցել նախորդ տարում: Գումարեք ծախսերը, ստացված գումարը բաժանեք տասներկուսի և սկսեք այն ամեն ամիս ձեր «սև օրվա» խնայողական հաշվին փոխանցել:
Կարող եք այդ հաշվին պետք եղածից նույնիսկ ավելին փոխանցել. գուցե ապագայում արտասովոր մեծ անախորժության մեջ հայտնվեք: Ի վերջո, երբ հաշվին բավականին մեծ գումար կուտակեք, կարող եք ֆինանսական անվտանգության բարձիկ ստեղծել: Եթե հաշվին եղած միջոցները շարունակեն աճել, դրանց մի մասը կարող եք այլ նպատակներով օգտագործել կամ ձեր կենսաթոշակային խնայողության ծրագրին հատկացնել: Կարևոր է, որ ձեր խնայողության հաշվին ամեն ամիս կատարվող ներդրումները որպես ձեր բյուջեի պարտադիր, այլ ոչ որպես լրացուցիչ կետ դիտարկեք: Հետևաբար, դրանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես վերաբերվում եք հիպոթեքի, էլեկտրաէներգիայի և այլ կանոնավոր ծախսերին:
Չնախատեսված դեպքերի համար նախատեսված խնայողական հաշիվը թույլ է տալիս մի փոքր ավելի վստահ լինել և չանհանգստանալ կյանքում առաջացող ֆինանսական դժվարությունների համար: Այսպիսի հաշիվ ունենալու դեպքում կարող եք չմտածել ծախսերի մասին, որոնք ժամանակային առումով թեև հնարավոր չէ կանխատեսել, սակայն որոշակի ճշտությամբ կարելի է կանխատեսել դրանց համար անհրաժեշտ գումարի չափը: Երբ ձեր չնախատեսված ծախսերը միջինից ցածր լինեն, ձեր հաշվի մնացորդը կմեծանա: Երբ անակնկալ ծախսերը սովորականից բարձր լինեն, ձեր հաշվի մնացորդը կնվազի, սակայն դուք կպահպանեք ձեր հանգստությունը, քանի որ պատրաստված կլինեք: Սա կարևոր քայլ է՝ սեփական ֆինանսների կառավարման համար պատասխանատվություն ստանձնելու համար և թույլ չտալու, որ ֆինանսները կառավարեն ձեր կյանքը:
Բաղադրիչ 4.7. Բարդ տոկոսադրույքի ուժը
Բարդ տոկոսադրույքը (ներդրման վերադարձը) հօգուտ ձեզ օգտագործեք:
Բարդ տոկոսադրույքը տիեզերքի ամենահզոր ուժն է:
Բաղադրիչ 4.3-ում մենք շեշտեցինք կանոնավոր կերպով բյուջե կազմելու, խնայողություններ կատարելու և փողն արդյունավետորեն ծախսելու կարևորությունը: Հնարավորինս վաղ սկսելու և չհետաձգելու երկու հիմնական պատճառ կա: Առաջին. ինչպես արդեն քննարկել ենք, եթե բազմաթիվ պատրվակներ փնտրեք, որ չսկսեք բյուջե կազմել, գումար խնայել և խելացիորեն ծախսել, ապա հետո դա սկսելն ավելի դժվար կլինի: Սակայն այս բաղադրիչում ցանկանում ենք ավելի շատ խոսել հենց հիմա խնայել սկսելու երկրորդ պատճառի մասին. որքան վաղ սկսեք խնայել, այնքան ավելի մեծ օգուտ կստանաք:
Սկսելով խնայել փոքր գումար՝ ապագայում կարելի է զգալիորեն ավելի մեծ պարգևատրում ստանալ: Հիշե՛ք Բաղադրիչ 4.3-ում բերված կենսաթոշակի լրացուցիչ գումարի օրինակը, երբ երիտասարդը, 22-30 տարեկանն ընկած ժամանակահատվածում համեստ գումար խնայելով, կարող էր մինչև կենսաթոշակային տարիքը լրացուցիչ հարստություն կուտակել: Այդ ինը տարվա ընթացքում որոշակի գնումներից հրաժարվելով և 9 000 եվրոյից մի փոքր ավել գումար խնայելով՝ կարելի է 67 տարեկանում կենսաթոշակի գումարին ևս 150 000 եվրո ավելացնել: Ներկայի փոքր գումարը ապագայում մեծ գումարի վերածելու գաղտնիքը կայանում է նրանում, որ անհրաժեշտ է սկսել խնայել հենց հիմա, որպեսզի օգտվեք «բարդ տոկոսադրույքի հրաշքի» բոլոր առավելություններից:
Բարդ տոկոսադրույքն իրականում հրաշք չէ՝ չնայած նրան, որ երբեմն հրաշք է թվում: Բացի այդ, պարտադիր չէ, որ այն տոկոսի տեսքով լինի. եթե գումարը և այդ գումարից ստացած ողջ եկամուտը երկար ժամանակով ներդնեք ֆոնդային շուկայում, դա նույնպես համախառն եկամուտ կհամարվի, որը պարզության համար երբեմն անվանում ենք բարդ տոկոսադրույք:(106) Թեև հեշտ է բացատրել, թե ինչպես է գործում բարդ տոկոսադրույքը, արդյունքներն իսկապես ապշեցնող են: Բարդ տոկոսադրույքի դեպքում տոկոսը պարզապես տոկոսագումարի վրա է հաշվարկվում: Եթե այս տարում խնայողություններից կուտակված տոկոսագումարը չծախսեք, հաջորդ տարում տոկոսներ կհաշվարկվեն թե՛ ձեր խնայողությունների, թե՛ նախորդ տարվա տոկոսագումարների վրա: Ապագայում ամեն տարի նույնը կրկնելով՝ տոկոսի տոկոսից տոկոսներ կստանաք և այդպես շարունակ: Կարող է թվալ, թե դա այնքան էլ շատ չէ, և առաջին մի քանի տարում այդ տոկոսները այնքան էլ չեն մեծացնի ձեր կարողությունը: Սակայն կարճ ժամանակ անց ձեր կարողությունը կսկի զգալիորեն աճել, և որքան այն մեծանա, այնքան ավելի արագ կշարունակի աճել: Դա կարծես ձնածածկ սարից դեպի ներքև գլորվող փոքր ձնագունդ լինի: Սկզբում այն դանդաղ է մեծանում: Սակայն հավաքելով ձյան յուրաքանչյուր շերտը՝ այն մեծանում է, որը թույլ է տալիս, որ էլ ավելի շատ ձյուն կուտակվի, և շուտով ձնագունդը դառնում է ահռելի չափերի՝ արագորեն մեծանալով և գլորվելով դեպի ձեզ:
Խնայողությունների ծրագիրը վաղ սկսելու կարևորությունը բացատրվում է նրանով, թե ինչպես է բարդ տոկոսադրույքը հիմք ստեղծում հետագայում իր արագացման էֆեկտի համար: Անմիջապես թոշակի անցնելուց առաջ խնայողություններ կուտակելու դեպքում ձեր կենսաթոշակային ֆոնդը ընդամենը մի փոքր գումարով կավելանա: Ձնագունդը, որը սկսում է գլորվել ստորոտին մոտ գտնվող բարձրունքից, կանգ առնելով՝ շատ մեծ չի լինի: Հետևաբար, որքան ավելի վաղ սկսեք խնայելը, այնքան ավելի երկար կկուտակվեն խնայողությունները, և արդյունքում ավելի մեծ գումար կկուտակեք:
Դիտարկենք մի պարզ օրինակ: Ենթադրենք՝ տասնվեց տարեկան պատանին որոշում է կայացնում՝ սկսել ծխել, թե ոչ: Այս որոշումը կարևոր է մի քանի պատճառով, որոնցից ամենակարևորը առողջությանը հասցվող վնասն է: Առողջության գործոնից բացի, սակայն, չծխելու համար կարևոր է նաև ֆինանսական գործոնը: Եվրոպայում ծխախոտի մեկ տուփի միջին գինը 2017թ. 3-ից 13 եվրոյի սահմաններում էր տատանվում,(107) ուստի պարզեցնելու համար ենթադրենք, որ մեկ տուփն արժե 8 եվրո: Այսպիսով, եթե մեր պատանին (նրան Հոնզա անվանենք) որոշի չծխել, նա տարեկան 2 920 դոլար կխնայի (պայմանով, որ օրական մեկ տուփ էր ծխելու): Ենթադրենք՝ այս գումարը մեկ այլ բանի վրա ծախսելու փոխարեն Հոնզան այն ներդնում է իր կենսաթոշակային հաշվին կամ մեկ այլ ֆոնդում, որտեղ եկամտաբերությունը տարեկան 7% է, իսկ եկամուտը ազատված է եկամտային հարկից: Ինչպես երևում է գծապատկեր 24-ում, տասը տարվա ընթացքում ներդրումներն այսպես շարունակելու դեպքում Հոնզան 26 տարեկանում 29 200 դոլարի խնայողությունից 40 344 դոլար կկուտակի: Վատ չէ փոքր զոհաբերության համար, հատկապես որ այդ զոհաբերությունը Հոնզայի առողջությանն օգուտ է:
Սակայն սա դեռ «թռիչքի» սկիզբն է. բարդ տոկոսադրույքի եկամտաբերությունը սկզբում փոքր է: Եթե Հոնզան այս խնայողությունը շարունակի մինչև 36 տարեկան դառնալը, ապա 58 400 դոլարով նա 119 707 դոլար կկուտակի: Շարունակելով խնայել մինչև 46 տարեկանը՝ 87 600 դոլար խնայողություններով նա 275 825 դոլար կկուտակի: Իսկ հիմա տեղի կունենա իրական հրաշքը: Հոնզան 56 տարեկանում 116 800 դոլար խնայողությունից 582 935 դոլար կունենա: Գծապատկեր 24-ից երևում է, որ երբ նա 65 տարեկանում թոշակի անցնի, 1 106 677 դոլար կուտակած կլինի՝ ընդամենը 143 080 դոլարի խնայողություն կատարելով: Հետևաբար, որոշելով չծխել և ներդնելով խնայած գումարը, Հոնզան իր թոշակի համար մոտ 1.1 միլիոն դոլար կկուտակի (այս թիվն արտահայտված է դոլարով և այն էլ՝ այսօրվա գնողունակությամբ):(108)
Գծապատկեր 24. Թողեք ծխելը և հարստացեք
Աղբյուր՝ հեղինակի կատարած հաշվարկներ: Պայման՝ օրական 8 դոլար արժողությամբ մեկ տուփ ծխախոտից հրաժարվելը և խնայած գումարը տարեկան 7% եկամտաբերությամբ ներդնելը:
Իսկ այժմ տեսնենք, թե ինչ տեղի կունենար, եթե Հոնզան 16-ից մինչև 26 տարեկանը ծխեր, այնուհետև թողներ ծխելը և սկսեր ամեն օր ծխախոտի մեկ տուփի գումարի չափով խնայել: Ծխելը թողնելը դրական ազդեցություն կունենա նրա առողջության վրա. բացի այդ, նա խնայողություններից օգուտ կունենա: Սակայն խնայողությունը տասը տարով հետաձգելու դեպքում 1 106 667 դոլարի փոխարեն 65 տարեկանում Հոնզան ընդամենը 542 080 դոլար կունենա: Քառասունինը տարվա խնայողությունը տասը տարով հետաձգելու դեպքում Հոնզայի թոշակի գումարը 564 597 դոլարով կպակասի:
Մեծ գումարի խնայողություն կուտակելու համար պարտադիր չէ ինչ-որ բանից լիովին հրաժարվել: Ծախսերը փոքր-ինչ սահմանափակելով՝ կարելի է հավասար արդյունքներ ունենալ: Ամեն առավոտ ամենաբարձր որակի սուրճը գնելու փոխարեն կարելի է գնել սովորականը կամ տանը սուրճ պատրաստել: Ամեն օր ռեստորանում ճաշելու փոխարեն շաբաթական մեկ կամ երկու անգամ տանից սնունդը բերեք: Ռեստորանում թանկարժեք հանքային ջուր պատվիրելու փոխարեն ծորակի ջուր խմեք (խոսքն այն երկրների մասին է, որոնցում այդպես վարվելն ապահով է): Ավտոբուսի փոխարեն ոտքով կամ հեծանիվով գնացեք աշխատանքի (դա նույնիսկ ձեր բժշկական ծախսերը կնվազեցնի)։ Եթե ամառանոց ունեք, կարո՞ղ եք ավտոբուսով կամ գնացքով այնտեղ գնալ։ Հոնզան թողեց ծխելը, շաբաթական 56 դոլար խնայեց և ներդրեց այդ խնայած գումարը: Դուք նույնպես կարող եք փոխել ծախսելու ձեր սովորությունները, որպեսզի գումար խնայեք:
Կրկին, մենք չենք պնդում, որ պետք է թշվառ կյանքով ապրել և ամեն ինչում խնայել՝ սեփական անձը զրկելով կյանքի հաճույքներից, որպեսզի թոշակի անցնելու տարիքում հարստություն ունենաք: Ո՞րն է հանուն հարուստ ապագայի աղքատության մեջ ապրելու առավելությունը: Հակառակը, մենք շեշտում ենք, որ սովորական մարդիկ կարող են բարձր կենսամակարդակ ունենալ և միաժամանակ հարստություն կուտակել, քանի որ մեծ գումար կուտակելու համար շատ խնայողություններ հարկավոր չեն: Հոնզան չծխելու արդյունքում 1 106 677 դոլար էր կուտակել. միայն իր սպառումը կրճատելու արդյունքում 143 080 դոլար էր կուտակվել: Ի դեպ, մարդիկ, որոնք գումար են խնայում և ներդնում, ավելի շատ են կարողանում ծախսել, քան նրանք, որ այդպես չեն վարվում: Հոնզան թոշակի անցնելու տարիքում կամ ավելի վաղ կարող է սկսել ծախսել իր հարստությունը և արդյունքում կունենա ավելին, քան եթե երբեք խնայած չլիներ:
Դրա համար ընդամենն անհրաժեշտ է վաղ սկսել գումար կուտակել հարկերից ազատված կենսաթոշակային հաշվին, մի փոքր համբերել, իմանալ, թե ինչպես կարելի է ողջամիտ եկամուտ ստանալ խնայողություններից (տե՛ս հաջորդ երկու բաղադրիչը) և օգտվել բարդ տոկոսադրույքի առավելություններից:
Ծանոթություն. Շարիաթ կամ իսլամական բանկային համակարգ
Շարիաթը կամ իսլամական օրենսդրությունը արգելում են պարտքի դիմաց տոկոսավճարներ գանձելը: Պարտատերերին իրենց միջոցների օգտագործման դիմաց փոխհատուցելու համար իսլամական բանկային համակարգը ֆինանսական փոխհարաբերությունների այլ տեսակներ է մշակել, որոնք համապատասխանում են օրենքի պահանջներին, օրինակ՝ շահույթից մասնաբաժին ունենալը: Արգելվում է նաև ներդրումներ կատարել այնպիսի ապրանքներում, որոնց սպառումը մուսուլմանների համար արգելված է (օրինակ՝ ալկոհոլը և խոզի միսը): Բացի այդ, ելնելով արդարության պահպանման սկզբունքից, առևտրային գործարքում ներգրավված բոլոր կողմերը պետք է հավասարապես կիսեն թե՛ շահույթը, թե՛ վնասը, որը ենթադրում է, որ ներդրումից եկամուտ ստանալու համար պետք է կրել գործարքի ռիսկերը: Այսպիսով, եթե ցանկանում եք գնել, օրինակ, ավտոմեքենա, իսլամական բանկը կգնի ավտոմեքենան և կհամաձայնի վերավաճառել այն ձեզ հավասար վճարումներով, որի արդյունքում ավտոմեքենայի գինը մի փոքր բարձր կլինի: Ստացվում է, որ դուք կրկին կատարում եք ավտոմեքենայի վճարումները, բանկը գումար է աշխատում գործարքից, իսկ գործարքն, այնուամենայնիվ, համապատասխանում է իսլամական բանկային օրենսդրության պահանջներին: Շարիաթի սկզբունքներով աշխատող բանկում ավանդ ներդնելու դեպքում տոկոսներ ստանալու փոխարեն դուք ավանդի ժամկետի ընթացքում բանկի շահույթից մասնաբաժին կստանաք:
Իսլամական բանկային համակարգում գործող բանկերը պետք է առանձին իրավաբանական անձինք լինեն, սակայն միջազգային որոշ մեծ բանկեր իսլամական մասնաճյուղեր ունեն:
Բաղադրիչ 4.8. Դիվերսիֆիկացրեք ձեր ակտիվները
Դրամական միջոցները մեկ ծրագրում մի ներդրեք:
Բանկերի խնայողական հաշիվներից հետո երկու ամենատարածված ֆինանսական ակտիվներն են բաժնետոմսերը և պարտատոմսերը: Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք ֆինանսական այս երկու գործիքներին: Բաժնետոմսերը ներկայացնում են մասնավոր ընկերությունում ունեցած մասնաբաժինը: Բաժնետոմսերի սեփականատերերը ընկերության ապագա շահույթից մասնաբաժին ստանալու իրավունք ունեն՝ իրենց բաժնեմասերին համապատասխան: Բաժնետերերը շահույթից օգտվում են այն դեպքում, եթե ընկերությունը բավարար չափով եկամուտ է ստեղծում: Բաժնետերերի շահույթը հիմնականում արտացոլվում է շահաբաժինների (բաժնետերերին կանոնավոր կերպով վճարվող գումարներ) կամ բաժնետոմսի արժեքի ավելացման տեսքով: Սակայն երաշխիք չկա, որ ընկերության գործունեությունը հաջող կլինի և ապագայում եկամուտներ կապահովի: Հաջողություն չգրանցելու դեպքում ընկերության բաժնետոմսերի արժեքը կնվազի: Չնայած նրան, որ բաժնետերերը պատասխանատու չեն ընկերության պարտքերի համար՝ նրանք կարող են կորցնել բաժնետոմսը գնելու համար ներդրած բոլոր միջոցները։ (Ծանոթություն. «բաժնեմասը» բաժնետոմսի մեկ այլ անվանում է)։
Պարտատոմսերը մասնավոր ընկերությունների, կառավարության և այլ կազմակերպությունների համար դրամական միջոցներ փոխառելու հարմար միջոց են: Այս կազմակերպությունները պարտատոմսերի գնորդներից դրամական միջոցներ են ձեռք բերում սահմանված ժամկետներում նրանց տոկոսներ վճարելու և մայր գումարը (փոխառվող գումարը) ամբողջությամբ մարելու խոստման (և իրավական պարտավորության) դիմաց: Քանի դեռ պարտատոմսերը թողարկող կազմակերպությունը վճարունակ է, պարտատոմսը գնողը կարող է վստահ լինել, որ կստանա մայր գումարը՝ տոկոսների հետ միասին:
Բոլոր ներդրումները որոշակի ռիսկ են պարունակում: Կորպորատիվ բաժնետոմսի շուկայական արժեքը համեմատաբար կարճ ժամանակահատվածում կարող է զգալիորեն փոխվել: Նույնիսկ եթե անվանական եկամտաբերությունը երաշխավորված է (ինչպես բարձրակարգ պարտատոմսերի դեպքում), տոկոսադրույքի և (կամ) գնաճի ցուցանիշների փոփոխությունները կարող են զգալիորեն ազդել ակտիվի արժեքի վրա: Եթե ձեր կարողության մեծ մասը ներդրել եք փոքր քանակությամբ կորպորատիվ բաժնետոմսերում (կամ ավելի վատ՝ մեկ բաժնետոմսում), ապա հատկապես խոցելի եք:
Ձեր ֆինանսական ռիսկը կարող եք նվազեցնել դիվերսիֆիկացիայի միջոցով՝ ձեռք բերելով մեծ քանակությամբ միմյանց հետ կապ չունեցող ակտիվներ: Դիվերսիֆիկացիայի դեպքում մեծ թվերի օրենքը հօգուտ ձեզ է գործում: Եթե դիվերսիֆիկացված պորտֆելի ներդրումներից որոշները եկամտաբեր չլինեն, մյուսները չափազանց մեծ եկամտաբերություն կապահովեն: Հաջող ներդրումների եկամտաբերությունը կչեզոքացնի անհաջող ներդրումների արդյունքները, իսկ եկամտաբերության ցուցանիշը կմոտենա միջին ցուցանիշին:
Նրանք, որոնք նախընտրում են կարողություն կուտակել, սակայն չեն ցանկանում ամենօրյա գործնական որոշումներ կայացնել, կարող են ֆոնդային շուկայում բարձր եկամուտներ վաստակել: Միշտ է այդպես եղել: Վերջին երկու հարյուրամյակի ընթացքում կորպորատիվ բաժնետոմսերը տարեկան մոտ 7%, իսկ պարտատոմսերը 2-3% իրական եկամտաբերություն են ապահովել (իրական նշանակում է գնաճով ճշգրտված):(109)
Բաժնետոմսերի հետ կապված ռիսկն այն է, որ ոչ ոք չի կարող վստահաբար ասել, թե դրանք ապագայի որևէ կոնկրետ ժամանակահատվածում ինչ արժեք կունենան. անշուշտ, ժամանակահատվածներ կլինեն, որոնց ընթացքում ձեր ներդրումների շուկայական արժեքը կընկնի և միայն ամիսներ կամ տարիներ անց կբարձրանա: Անկայունություն կոչվող այդ ռիսկի պատճառով է, որ բաժնետոմսերի եկամտաբերությունը զգալիորեն բարձր է խնայողական հաշիվների, դրամական շուկայի սերտիֆիկատների և կարճաժամկետ պետական պարտատոմսերի եկամտաբերությունից, որոնցից յուրաքանչյուրն էլ երաշխավորում է ապագայում որոշակի գումարի ստացում: Քանի որ մարդկանց մեծ մասը պարտատոմսերի և խնայողական հաշիվների եկամուտների լրացուցիչ որոշակիությունն է նախընտրում, որը բաժնետոմսերը չեն առաջարկում, ներդրողներին գրավելու և կանխատեսելի եկամտաբերությամբ ու քիչ ռիսկային տարբերակների հետ մրցակցելու համար բաժնետոմսերի միջին եկամտաբերությունը պետք է ավելի բարձր լինի:
Ներդրումային փոխադարձ ֆոնդերը և բորսայական ներդրումային ֆոնդերը կարող են ներդրողներին օգնել դիվերսիֆիկացնել և կրճատել ռիսկերը: Այս ֆոնդերը պարզապես համախմբում են մի խումբ ներդրողների դրամական միջոցները և դրանք ուղղում դեպի տարբեր ներդրումային նախագծեր, օրինակ՝ բաժնետոմսեր (բաժնեմասեր), պարտատոմսեր, անշարժ գույք կամ գանձապետական պարտատոմսեր: Ներդրումային փոխադարձ ֆոնդերի տարբեր տեսակներ գոյություն ունեն:
Համատեղ ներդրումային ֆոնդում ներդրողների միջոցներն ուղղվում են տարբեր ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերելուն: Այս ֆոնդերը նույնիսկ փոքր ներդրողներին են հնարավորություն տալիս շահավետորեն դիվերսիֆիկացնել ներդրումները և կրճատել ռիսկը: Ֆոնդային շուկայում ներդրումային ռիսկերը բավականին ցածր կլինեն, եթե ներդրումային պորտֆելը շարունակաբար ընդլայնեք կամ երկար ժամկետով (ասենք` 30 կամ 35 տարով) տարբեր ընկերությունների բաժնետոմսեր ձեռք բերեք: Փորձը ցույց է տալիս, որ ներդրումային պորտֆելում երկար ժամկետով տարբեր բաժնետոմսեր պահելը բարձր եկամտաբերություն է ապահովել, և նման եկամտաբերության տատանողականությունը համեմատաբար ցածր է եղել: Տարբեր ընկերությունների բաժնետոմսեր ունեցող համատեղ ներդրումային ֆոնդի կանոնավոր վճարումները ներդրողների համար ֆոնդային շուկայում ոչ ծախսատար մեթոդով ներդրումներ կատարելու միջոց են:
Դիվերսիֆիկացիայի միջոցով ներդրումների եկամտաբերության տատանողականությունը ֆոնդային շուկայում հնարավոր է կրճատել երկու եղանակով: Առաջին. երբ որոշ ընկերություններ վնասներ են կրում, մյուսները շահույթ են ստանում: Նավթի գնի անկման դեպքում նավթային ոլորտի ընկերությունների շահույթը կնվազի, իսկ ավիափոխադրումների ոլորտի ընկերությունների շահույթը կմեծանա, քանի որ ավիավառելիքի գինը կնվազի: Երբ պողպատի մշակման ոլորտում պողպատի գների անկման հետևանքով շահույթը նվազի, պողպատի ցածր գները կնպաստեն ավտոմոբիլային ոլորտում շահույթի ավելացմանը:
Երկրորդ. դիվերսիֆիկացիան կարող է պաշտպանել ընդհանուր տնտեսական պայմանների փոփոխություններից: Ինչպես անկումը, այնպես էլ աճը իրենց ազդեցությունն են ունենում գրեթե բոլոր ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա: Սակայն դիվերսիֆիկացիայի շնորհիվ ներդրումների եկամտաբերության տատանողականությունը կրճատվում է, քանի որ տնտեսական անկման կամ զարգացման արդյունքում համապատասխանաբար տուժում կամ շահում են համապատասխան ընկերությունները և ոլորտները: Օրինակ` տնտեսական անկումը, որից Max Mara-ն (աշխարհով մեկ վաճառվող բարձր նորաձևության բրենդը) տուժում է, կարող է մեծացնել Zara-ի (ավելի էժան մրցակցի) վաճառքներն ու շահույթը։ Նույն տրամաբանությամբ էլ ճգնաժամերը կարող են մեծացնել Skoda մեքենաների պահանջարկը` BMW մեքենաների համեմատ:
Որոշ գործատուներ կենսաթոշակային ծրագրեր են առաջարկում, որոնք համապատասխանում են ընկերության` ձեր գնած բաժնետոմսին (սակայն ոչ այլ ընկերություններում ունեցած ներդրումներին) կամ թույլ են տալիս ձեռք բերել ընկերության բաժնետոմսը զգալիորեն զեղչված գնով: Այսպիսի առաջարկը շահագրգռում է գնել ընկերության բաժնետոմսը: Եթե մեծապես վստահում եք ընկերությանը, կարող եք օգտվել այդ առաջարկից: Բաժնետոմսը պահելու ժամկետի ավարտից հետո, որը սովորաբար երեք տարի է տևում, այս ծրագրերը թույլ են տալիս վաճառել գնված բաժնետոմսերը և ստացված միջոցներով այլ ներդրումներ կատարել: Այս իրավունքն ունենալուն պես պետք է անմիջապես օգտվել առաջարկվող հնարավորությունից: Եթե այդպես չանեք, շուտով ձեր ներդրումների հիմնական մասը կհայտնվի այն նույն ընկերությունում, որի համար աշխատում եք: Սա կրկնակի վտանգ է պարունակում. թե՛ ձեր աշխատանքը, թե՛ ձեր ներդրումների արժեքը զգալիորեն կախված կլինեն ձեր գործատուի հաջողությունից: Մի՛ վարվեք այդպես:
Ձեր գործատուն կարող է ձեզ առաջարկել պետական կենսաթոշակային ֆոնդին միանալ: Այս ֆոնդերը կարող են տարբեր ներդրումներ կատարել՝ կախված ձեր աշխատատեղից: Կարևոր է իմանալ, թե ձեր ընկերության կենսաթոշակային ֆոնդը միջոցները որտեղ է ներդնում, որպեսզի կարողանաք անձնական ներդրումները դիվերսիֆիկացնել այլ ակտիվներում:(110)
Ամփոփենք բաժնետոմսերում ներդրումներ կատարելու և դիվերսիֆիկացնելու կարևորությունը. ֆինանսական հաջողության հասնելու համար խնայողությունները պետք է ներդնել գրավիչ եկամուտներ ապահովող տարբեր ծրագրերում: Նախկինում ֆոնդային շուկայում կատարվող երկարաժամկետ ներդրումները թույլ էին տալիս մեծ եկամուտներ ստանալ: Համատեղ ներդրումային ֆոնդերը նույնիսկ փոքր ներդրողներին թույլ են տալիս դիվերսիֆիկացված պորտֆել պահել, ամեն ամիս մեծացնել այն և գործարքային ծախսերը ցածր մակարդակում պահել: Դիվերսիֆիկացված պորտֆելում երկարաժամկետ ներդրումներ կատարելով՝ կարելի է նվազագույնի հասցնել բաժնետոմսերում ներդրումներ կատարելու ռիսկը: Բոլոր ներդրումներն էլ որոշ չափով անորոշություն են պարունակում: Սակայն անցած հարյուր հիսուն տարվա փորձից ելնելով` կարելի է վստահաբար ակնկալել, որ տարբեր կորպորատիվ բաժնետոմսերից բաղկացած պորտֆելը երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ իրական եկամտաբերություն կապահովի, քան խնայողական հաշիվները, պարտատոմսերը, ավանդի վկայագրերը, փողի շուկայի ներդրումները և նմանատիպ այլ ֆինանսական գործիքներ: Ներդրումային փոխադարձ ֆոնդերի միջոցով բաժնետոմսեր ունենալը հատկապես շահավետ է թոշակի նպատակով գումար կուտակող երիտասարդների համար:
Նույնիսկ բանկային ավանդների դեպքում, որոնց ռիսկայնությունը բաժնետոմսերի կամ նույնիսկ պարտատոմսերի համեմատությամբ շատ ավելի ցածր է, պետք է հաշվի առնել բանկի սնանկացման ռիսկը: Շատ երկրներում գործում է ավանդների ազգային ապահովագրություն, որը փոխհատուցում է ավանդի գումարն իր հրապարակած սահմանաչափին համապատասխան, եթե բանկը սնանկանում է և այլևս չի կարողանում վերադարձնել ավանդի գումարը: Եթե ավանդի գումարը նշված սահմանաչափից մեծ է, ցանկալի է գումարը բաժանել երկու կամ ավելի բանկերի միջև, որպեսզի յուրաքանչյուր բանկում ավանդի գումարը ապահովագրված սահմանաչափից ցածր լինի: Եթե որևէ բանկ, ինչպես և ցանկացած ներդրում, սովորականից բարձր եկամտաբերություն է առաջարկում, միշտ ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչու: Հնարավոր է՝ բանիմաց ներդրողները տվյալ բանկից խուսափում են, քանի որ գիտեն, որ այն հավանաբար խնդրահարույց է: Իսկ անապահով բանկերն ամեն գնով փորձում են գումարներ ներգրավել: Թույլ մի՛ տվեք, որ փոքր-ինչ ավելի բարձր տոկոսադրույքի ակնկալիքը ձեզ ստիպի ձեր գումարը նրանց տալ: Հետկոմունիստական երկրից մի շատ լավ տնտեսագետ հաջողացրել է կորցնել երեք բանկում ներդրած իր գումարը. ընդ որում, այդ բանկերը «լավագույն (ամենաբարձր) տոկոսադրույքն էին վճարում»: Բարեբախտաբար, նա տեսաբան է, այլ ոչ ֆինանսների պրոֆեսոր:
Կարևոր է հաշվի առնել նաև խարդախությունների հավանականությունը, հատկապես այն դեպքերում, երբ ձեզ շուկայում առաջարկվող մնացած ներդրումների եկամտաբերությունից ավելի բարձր եկամտաբերությամբ ներդրում են առաջարկում (կարող եք այսպես անվանել. «իրական լինելու համար չափազանց գրավիչ է»):
Այս երևույթի լավագույն օրինակ են 1996թ. ալբանական Պոնցի (կամ ֆինանսական բուրգի) սխեմաները. երբ Ալբանիան կենտրոնացված տնտեսությունից անցավ շուկայական տնտեսության, մարդիկ հիմնականում ծանոթ չէին ներդրումներին: Այդ ժամանակ խաբեբաներ հայտնվեցին, որոնք կանխիկ գումարով ներդրումներ էին ընդունում՝ խոստանալով ամսական 5% կամ ավելի բարձր կամ տարեկան 60% եկամտաբերություն: Այդ 60%-ը սակայն վճարում էին ոչ թե ձեռնարկատիրական գործունեությունից ստացած շահույթից, այլ ավելի շատ կանխիկ միջոցներ ներգրավելու և դրանց հաշվին սկզբնական ներդրողներին վճարելու միջոցով: Այդ պատճառով խաբեբաները ամեն ամիս ստիպված էին ավելի ու ավելի շատ միջոցներ ներգրավել, որպեսզի վճարեն «բուրգ» անունը ստացած սխեմայով: Ի վերջո, այդ սխեմաների խարդախությունը բացահայտվեց, և մարդիկ սխեմայի փլուզման արդյունքում կորցրին իրենց գումարները:(111)
Նման սխեմաներ շատ երկրներում են ի հայտ եկել: Օրինակներից մեկը 1990-ականներին Ռուսաստանի MMM-ն էր: Աշխարհում տարածված խարդախության մեկ այլ հայտնի օրինակ է այսպես կոչված «Նիգերիական նամակները», երբ ինչ-որ մեկը ներկայանում է որպես հարուստ մարդ կամ հարստությունից օգտվելու իրավունք ունեցող մեկը: Խարդախության այս սխեմայով պատերազմից տուժած կամ ռեժիմային փոփոխությունների անցումային փուլում գտնվող ինչ-որ երկրի ինչ-որ հարուստ մարդու անունից ուղարկվում էին նամակներ սկզբում փոստով, այնուհետև՝ 1980-ականներին, ֆաքսով, իսկ այսօր՝ սոցիալական ցանցերով կամ էլեկտրոնային փոստով: Նամակում այդ անձը նշում է, որ ուրախ կլինի ձեզ մեծ գումար վճարել, եթե իրեն օգնեք իր փողն իր երկրից ապահով դուրս հանել, և խնդրում է, որ իրեն տրամադրեք ձեր բանկային հաշվեհամարը, որպեսզի գումարը ձեզ փոխանցի: Գուշակեք, թե ինչ տեղի կունենա, եթե նրան տրամադրեք ձեր հաշվեհամարը: Նա այդ հաշվեհամարից ձեր ողջ գումարը կփոխանցի իրեն, իսկ դուք, կարելի է ասել, այն չեք կարողանա հետ բերել: Այս սխեմայի բազմաթիվ տարբերակներ կան. երբեմն խարդախը խնդրում է գումար փոխանցել որոշակի վճարումներ կատարելու համար, այնուհետև այդ վճարումները ավելանում են, իսկ դուք ոչ մի գումար էլ չեք ստանում:
Բաղադրիչ 4.9. Գիտակցեք, որ հնարավոր չէ մշտապես գերշահութաբեր ներդրումներ կատարել
Ինդեքսավորվող սեփական կապիտալի փոխադարձ ֆոնդերը ձեզ կօգնեն ֆինանսական հաջողության հասնել առանց մեծ ռիսկի դիմելու:
Չնայած բաժնետոմսերի վերը թվարկված առավելություններին՝ շատ մարդիկ խուսափում են բաժնետոմսերում ներդրումներ կատարելուց, քանի որ կարծում են, որ ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ համապատասխան փորձ՝ ընտրելու այն ընկերությունները, որոնք ապագայում հաջողություն կունենան: Դա հատկապես վերաբերում է այն երկրներին, որոնցում կապիտալի շուկաները նոր են ի հայտ գալիս, և որտեղ և՛ ներդրողները, և՛ կանոնակարգողները քիչ փորձ ունեն։ Նույնիսկ վաղուց կայացած շուկաներում առանձին բաժնետոմսերի արժեքի կամ դրանց միջին գնի տատանումների ապագա ուղղությունը կանխատեսելը բարդ է: Ոչ ոք չի կարող վստահորեն ասել, թե ապագայում ինչպես կփոխվի առանձին բաժնետոմսերի արժեքը կամ բաժնետոմսերի գների ընդհանուր մակարդակը:
Տնտեսագետների մեծամասնությունն ընդունում է պատահական դեգերումների տեսությունը: Այս տեսության համաձայն` բաժնետոմսերի ընթացիկ գներն արտացոլում են ընկերության ապագա եկամուտների, տնտեսության վիճակի և բաժնետոմսերի գների վրա ազդող այլ գործոնների վերաբերյալ ամենաարժանահավատ տեղեկությունը: Բաժնետոմսերի գների ապագա փոփոխությունները, հետևաբար, անսպասելի հանգամանքների հետևանք են: Իրենց բնույթով այդ գործոններն անկանխատեսելի են: Եթե դրանք հնարավոր լիներ կանխատեսել, դրանք արդեն արտացոլված կլինեին բաժնետոմսերի ներկա գներում:
Ինչո՞ւ հնարավոր չէ պարզապես ընտրել այնպիսի բաժնետոմսեր, որոնք անկասկած եկամտաբեր են, օրինակ՝ Apple, Google և Microsoft ընկերությունների բաժնետոմսերը, և մնացած բոլորից հեռու մնալ: Հիանալի գաղափար է, սակայն մի խնդիր կա. պատահական դեգերումների տեսությունը կիրառելի է նաև կոնկրետ բաժնետոմսերի գների դեպքում: Ապագայում գրավիչ եկամտաբերության հավանականություն ունեցող բաժնետոմսերի գներում արդեն արտացոլված են այս հեռանկարները: Որևէ կոնկրետ բաժնետոմսի ապագա գինը հետևանք է չնախատեսված փոփոխությունների և ընկերության հեռանկարների վերաբերյալ լրացուցիչ տեղեկության, որը միայն ժամանակի ընթացքում է հայտնի դառնում: Որևէ կոնկրետ բաժնետոմսի ապագա գինը կախված է անթիվ գործոններից, որոնք անկանխատեսելի ձևերով անընդհատ փոփոխվում են: Օրինակ՝ Apple ընկերության բաժնետոմսի գինը կարող է ընկնել մի մտահղացման պատճառով, որի վրա տվյալ պահին իր տան նկուղում աշխատում է ավագ դպրոցի ինչ-որ աշակերտ: Այդ պատճառով հնարավոր չէ նախապես իմանալ, թե որ բաժնետոմսերի գինը սրընթաց կբարձրանա ֆինանսական վերնոլորտ, և որոնք կտապալվեն մեկնարկի պահին կամ անմիջապես մեկնարկից հետո:
Ուսումնասիրելով ֆոնդային շուկան, առանձին կորպորացիաների մասին մանրամասն տեղեկությունները և տնտեսության զարգացման միտումներն ու կանխատեսումները՝ գուցե փոքր-ինչ մեծացնեք ձեր հնարավորությունները: Սակայն մեզնից շատերի համար լավագույն տարբերակը մեր երկարաժամկետ (այսինքն՝ կենսաթոշակի համար կուտակվող) խնայողությունները համատեղ ներդրումային ֆոնդում ներդնելն է:
Գոյություն ունի համատեղ ներդրումային ֆոնդերի երկու մեծ կատեգորիա. կառավարվող ֆոնդեր և ինդեքսային ֆոնդեր: Կառավարվող բաժնեմասերի փոխադարձ ֆոնդում բաժնետոմսերի ընտրության, դրանց գնման և վաճառքի վերաբերյալ որոշումները կայացնում է ֆոնդի պորտֆելի կառավարիչը հանդիսացող փորձագետը: Ֆոնդի կառավարիչը գրեթե միշտ աշխատում է վերլուծություններ կատարող անձնակազմի հետ, որն ուսումնասիրում է ինչպես առանձին ընկերությունները, այնպես էլ շուկայի զարգացման միտումները, որպեսզի որոշի, թե որ բաժնետոմսերը կարող են ապագայում ամենամեծ եկամուտներն ապահովել: Կառավարչի առաջադրանքն է՝ մանրակրկիտ կերպով որոնել և ընտրել այն բաժնետոմսերը, որոնք ֆոնդի համար առավելագույն եկամտաբերություն կապահովեն:
Երկրորդ կատեգորիան ինդեքսավորվող սեփական կապիտալի փոխադարձ ֆոնդն է, որը պարզապես բաժնետոմսերը պահում է այն չափով, որով ներկայացված է ֆոնդային շուկայի խոշոր ինդեքսներում, ինչպիսիք են S&P 500 (Standard & Poor-ի՝ ԱՄՆ-ում գրանցված 500 խոշորագույն ընկերությունների ինդեքս), STOXX Europe 600-ը կամ FTSEurofirst 300-ը: Խոշոր ինդեքսային ֆոնդի բաժնետոմսերի պորտֆել պահելու համար շատ ջանքեր չեն պահանջվում: Բացի այդ, ինդեքսային ֆոնդն ընկերությունների ապագա հեռանկարներն ուսումնասիրելու և գնահատելու կարիք չունի: Այս երկու գործոնների շնորհիվ ինդեքսային ֆոնդերի գործառնական ծախսերը զգալիորեն (սովորաբար 1 կամ 2 տոկոսային կետով) ավելի ցածր են, քան կառավարվող ֆոնդերի գործառնական ծախսերը: Արդյունքում ինդեքսային ֆոնդերը ավելի ցածր միջնորդավճարներ են գանձում, ինչը նշանակում է, որ ձեր ներդրումների ավելի մեծ մասն է ուղղվում բաժնետոմսեր ձեռք բերելուն:
Միացյալ Նահանգների S&P 500-ի պես խոշոր ֆոնդային ինդեքսում ցուցակված համատեղ ներդրումային ֆոնդն իր բաժնետերերի համար կարող է ֆոնդային շուկայի մոտավորապես միջին եկամտաբերությունն ապահովել: Միայն Միացյալ Նահանգները չէ, որ ինդեքսային ֆոնդեր ունի։ Խոշոր տնտեսությունների մեծ մասը մեկ կամ ավելի նման ֆոնդեր ունեն, և օրեցօր նորերն են բացվում։ Կարելի է ինդեքսային ֆոնդեր գնել առանձին զարգացող երկրների համար, այդ թվում՝ Արևելյան Եվրոպայի տարածքում (iShares MSCI China ETF, Franklin India Index Fund, Expat Czech PX UCITS ETF կամ VanEck Vectors Russia ETF)։ Կարող եք նաև ձեռք բերել տարածաշրջանային ֆոնդեր, որոնք առնչվում են որոշակի երկրներում առկա բաժնետոմսերին։(112) Ո՞րն է միջին եկամտաբերության դրական կողմը: Ինչպես արդեն նշել ենք, ֆոնդային շուկայի միջին իրական եկամտաբերությունը երկարաժամկետ ներդրումների դեպքում մոտ 7% է կազմել: Դա նշանակում է, որ ձեր բաժնետոմսերի իրական արժեքը, այսինքն՝ գնաճով ճշգրտված արժեքը մոտավորապես յուրաքանչյուր տասը տարին մեկ կկրկնապատկվի: Վատ չէ: Սակայն ավելի կարևոր է այն, որ համեմատությունները ցույց են տալիս, որ տասը տարվա կտրվածքով ընդհանուր ինդեքսային ֆոնդի միջին եկամտաբերությունը գերազանցում է գրեթե բոլոր կառավարվող փոխադարձ ֆոնդերի եկամտաբերությունը: Սա զարմանալի չէ, քանի որ պատահական դեգերումների տեսության համաձայն՝ նույնիսկ մասնագետներն ի վիճակի չեն հետևողականորեն և որոշակի ճշտությամբ կանխատեսել առանձին բաժնետոմսերի գների ապագա ուղղությունները:
Միջին վիճակագրական տասնամյա ժամանակահատվածում S&P 500-ի եկամտաբերությունն ավելի բարձր է եղել, քան ակտիվորեն կառավարվող ֆոնդերի 85%-ի եկամտաբերությունը: Եվրոպական ակտիվ և պասիվ կառավարիչների համեմատական վերլուծությունները հաստատում են այս տվյալները:(113) Քսան տարվա կտրվածքով S&P 500-ում ցուցակված ներդրումային փոխադարձ ֆոնդերն իրենց եկամտաբերությամբ ընդհանուր առմամբ մոտ 98%-ով գերազանցել են ակտիվ կառավարվող ֆոնդերը:(114) Հետևաբար, հավանականությունը, որ դուք կամ որևէ մեկը ակտիվ կառավարվող ֆոնդ կընտրի, որը երկարաժամկետ հեռանկարում ավելի լավ ցուցանիշներ կունենա, քան շուկայի միջին վիճակագրական ցուցանիշն է, շատ փոքր է՝ գրեթե հիսունից մեկը:
Այն, որ կառավարվող փոխադարձ ֆոնդը մի քանի կամ նույնիսկ տասը տարվա ընթացքում լավ ցուցանիշներ է ապահովում, չի նշանակում, որ այդպես կշարունակվի նաև ապագայում: Օրինակ՝ 1980-ական թվականներին Միացյալ Նահանգների լավագույն քսան կառավարվող բաժնեմասերի ֆոնդերի եկամտաբերությունը տասնամյա ժամանակահատվածում տարեկան 3.9 տոկոսային կետով գերազանցել է S&P 500 ինդեքսի եկամտաբերությունը: Սակայն 1990թ. շուկա մուտք գործած ներդրողները, որոնք կարծում էին, թե 1980-ականների առաջատար ֆոնդերն ընտրելով կգրավեն շուկան, մեծ հիասթափություն էին ապրելու: 1980-ական թվականների լավագույն քսան ֆոնդերի եկամտաբերությունը 1990-ական թվականներին տարեկան 1.2 տոկոսային կետով զիջում էր S&P 500 ինդեքսի եկամտաբերությանը: Նույն կերպ, լավագույն քսան կառավարվող բաժնեմասերի ֆոնդերի միջին եկամտաբերությունը 1990-1999թթ. տարեկան 3.1 տոկոսային կետով գերազանցել է S&P 500 ինդեքսի եկամտաբերությունը, սակայն 2000-2009թթ. այդ նույն ֆոնդերն իրենց եկամտաբերությամբ տարեկան 1.3 տոկոսային կետով զիջել են S&P 500 ինդեքսին:(115)
1990-ական թվականների վերջերին, երբ ֆոնդային շուկայի «փուչիկը» աճում էր, եկամտաբերության ցուցանիշներով առաջատար ֆոնդերը նույնիսկ ավելի խաբուսիկ ներդրումային ցուցիչներ էին: 1998-1999թթ. ամենաարդյունավետ կառավարվող ֆոնդը Van Wagoner Emerging Growth ֆոնդն էր, որի միջին տարեկան եկամտաբերությունը կազմում էր 105.52%: Սակայն 2000-2001թթ. ընթացքում այս ֆոնդի միջին տարեկան եկամտաբերության ցուցանիշները նվազեցին (-43.54%), որն այս ժամանակաշրջանի ամենացածր ցուցանիշներից մեկն էր:(116)
Այս օրինակները իրականում կենսունակության տեսանկյունից բավարար չափով չեն ներկայացնում S&P 500-ում ցուցակված ներդրումային փոխադարձ ֆոնդի առավելությունները՝ կառավարվող բաժնեմասերի ֆոնդերի համեմատ: Խիստ անհավանական է, որ S&P 500 ինդեքսը լուծարվի, սակայն մեծ է հավանականությունը, որ կառավարվող ֆոնդը կենսաթոշակային խնայողությունների կուտակման ժամանակահատվածում կփակվի: Ներդրումային փոխադարձ ֆոնդը կարող է փակվել երկու պատճառով, որոնք երկուսն էլ կապված են ցածր արդյունավետության հետ: Առաջին դեպքում ֆոնդի մնացորդային ակտիվները փակվելու պարագայում բաշխվում են դրա սեփականատերերի միջև, իսկ երկրորդ դեպքում այն կարող է միաձուլվել եկամտաբերության բարձր ցուցանիշներ ունեցող մեկ այլ կառավարվող ֆոնդի հետ: Այսօր հազարավոր կառավարվող փոխադարձ ֆոնդեր են գործում, այնինչ 1970թ. Միացյալ Նահանգներում դրանց թիվն ընդամենը 358 էր: Բերթոն Մալքիելը 2013թ. ընթացքում հետևել է այս ֆոնդերի գործունեությանը: 43 տարվա ընթացքում 274 ֆոնդ (ընդհանուրի 75%-ը) դադարել է գործել: Մնացած 84-ից միայն 4-ն են իրենց եկամտաբերությամբ գերազանցել S&P 500 ինդեքսը տարեկան 2 կամ ավելի տոկոսային կետով:(117)
Ֆոնդային շուկան իր գոյության ընթացքում ապացուցել է, որ կարող է ավելի մեծ եկամտաբերություն ապահովել, քան մյուս հիմնական ներդրումային գործիքները, իսկ ինդեքսային ֆոնդերի շնորհիվ սովորական ներդրողը եկամուտ վաստակելու հնարավորություն է ստանում՝ առանց մտածելու ինչ ընտրել՝ առանձին բաժնետոմսեր, թե որևէ ներդրումային փոխադարձ ֆոնդ: 118 տարվա ընթացքում 21 երկրի բաժնետոմսերի և պարտատոմսերի եկամտաբերության համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ այդ ժամանակահատվածում ֆոնդային շուկայի եկամտաբերությունը յուրաքանչյուր երկրում գերազանցել է պարտատոմսերի եկամտաբերությունը:(118) Ֆոնդային շուկայի եկամտաբերությունը կազմել է միջինում տարեկան 3-6%՝ չնայած նրան, որ ժամանակահատվածը երկու համաշխարհային պատերազմ է ընդգրկում:
Իհարկե, վերելքները և վայրէջքները անխուսափելի են, և բաժնետոմսերի գների անկումները նույնիսկ կարող են երկար տևել: Այդ պատճառով շատ ներդրողներ թոշակի տարիքը մոտենալուն պես կցանկանան բաժնետոմսերի պորտֆելում ունեցած իրենց բաժնեմասը կրճատել (տե՛ս հաջորդ բաղադրիչը): Սակայն ելնելով ֆոնդային շուկայի գործունեության երկար պատմությունից՝ կարելի է ակնկալել, որ երկարաժամկետ հեռանկարում ֆոնդային շուկայի ընդհանուր ինդեքսի եկամտաբերությունը կգերազանցի ցանկացած այլ ներդրման (այդ թվում՝ կառավարվող բաժնեմասային ֆոնդերի) եկամտաբերությունը:(119)
Ինչպես երևում է Գծապատկեր 25-ում, նման տարբեր բաժնետոմսերում երկարաժամկետ ներդրում կատարելու դեպքում եկամտաբերությունը բարձր է եղել և հարաբերականորեն կայուն: Այստեղ ներկայացված են խոշոր ֆոնդային շուկայում 1871-2014թթ. տարբեր ժամկետներով կատարված ներդրումների իրական (գնաճով ճշտված) միջին տարեկան եկամտաբերության առավելագույն և նվազագույն ցուցանիշները: Ենթադրվում է, որ ներդրողը S&P 500 ինդեքսն արտացոլող փոխադարձ ֆոնդին տարեկան ֆիքսված գումար է վճարել:(120) Ակնհայտ է, որ մեծ տատանումներ հնարավոր են միայն բաժնետոմսերը կարճ ժամկետով պահպանելու դեպքում: 1871–2014թթ. S&P 500-ի տարեկան եկամուտները տատանվել են 47.2%-ից -40.8%-ի սահմաններում: Նույնիսկ հնգամյա ժամանակահատվածում տարեկան համախառն եկամուտները տատանվել են 29.8%-ից -16.7%-ի սահմաններում:
Գծապատկեր 25. Բաժնետոմսերում ներդրումներ կատարելու ռիսկը նվազում է երկարաժամկետ ներդնելու դեպքում
Աղբյուր՝ «Linqun Liu, Andrew J. Rettenmaier, and Zijun Wang, “Social Security and Market Risk,” National Center for Policy Analysis Working Paper Number 244 ( July 2001)»: Եկամտաբերությունը հաշվարկվել է այն ենթադրության հիման վրա, որ ներդրումային ժամանակահատվածի ընթացքում ներդրողը յուրաքանչյուր տարի ֆիքսված գումար է ներդնում: Տվյալները թարմացվել են մինչև 2015թ. ներառյալ:
Սակայն ուշադրություն դարձրեք, թե ներդրման ժամկետի մեծացմանը զուգընթաց առավելագույն և նվազագույն եկամուտների ցուցանիշներն ինչպես են մոտենում: Եթե ժամկետը դիտարկենք 35 տարի, ապա 1871-2014թթ. միջև ընկած լավագույն 35 տարվա ժամանակահատվածի համախառն տարեկան եկամուտը կազմել է 9.5%՝ վատագույն 35 տարվա ժամանակահատվածի 2.7%-ի համեմատ: Հետևաբար, վատագույն սցենարի դեպքում բաժնետոմսերի իրական տարեկան եկամտաբերությունը գրեթե հավասար է եղել պարտատոմսերի իրական եկամտաբերությանը: Այս բարձր և հարաբերականորեն կայուն երկարաժամկետ եկամտաբերության շնորհիվ բաժնետոմսերը կենսաթոշակային խնայողությունների համար առավել գրավիչ միջոց են:
Ժամանակի ընթացքում եկամուտների տարբերության նվազման նույն պատկերը կարելի է տեսնել ազատ տնտեսություն ունեցող գրեթե բոլոր երկրների շուկաներում (սա կարող է չվերաբերել այն դեպքերին, երբ երկրի տնտեսական քաղաքականությունները վերահսկվում են ոչ ժողովրդավարական կառավարության կողմից, որի համար հասարակության բարեկեցությունն առաջնահերթ չէ):
Այս բաղադրիչի ամենակարևոր ուղերձը հետևյալն է. թույլ մի տվեք, որ ժամանակի և փորձի պակասը ձեզ հետ պահեն բաժնետոմսերում ներդրումներ կատարելուց: Հաջողակ ներդրող լինելու համար խորն ուսումնասիրություն կատարելու կամ ֆոնդային շուկայի փորձագետ լինելու կարիք չկա: Ինդեքսավորվող սեփական կապիտալի փոխադարձ ֆոնդում կանոնավոր ներդրումներ կատարելով՝ կարելի է երկարաժամկետ ներդրումներից նվազագույն ռիսկով բարձր եկամուտներ ստանալ: Շատերի համար այդպիսի ներդրումները կարող են հուսալի կենսաթոշակային խնայողությունների կարևոր բաղադրիչ լինել: Յուրաքանչյուր հեղինակավոր ներդրումային ընկերություն ներդրումների համար մի քանի ինդեքսավորվող սեփական կապիտալի փոխադարձ ֆոնդ կառաջարկի: Յուրաքանչյուր ընկերության ֆոնդի անվանումը կարող է փոքր-ինչ տարբերվել իր անվանումից, այնպես որ կարդացեք նկարագրությունը, որպեսզի կարողանաք որոշել, թե որն է ձեր կարիքներին լավագույնս համապատասխանում:
Բաղադրիչ 4.10. Համապատասխանեցրեք ձեր ներդրումների և կարիքների ժամանակացույցերը
Երկարաժամկետ նպատակների համար բաժնետոմսեր ձեռք բերեք, իսկ եթե փողն անհրաժեշտ է կարճ ժամանակ անց, ավելի շատ պարտատոմսեր կամ նույնիսկ կանխիկ փող ձեռք բերեք:
Երկարաժամկետ ներդրումներ կատարելիս, օրինակ, կենսաթոշակային ծրագրում միջոցներ կուտակելիս լավագույն տարբերակը սովորաբար բաժնետոմսերի ինդեքսային ֆոնդն է: Չնայած նրան, որ բաժնետոմսերի եկամտաբերությունը երկարաժամկետ հեռանկարում ավելի բարձր է, քան պարտատոմսերինը, վերջինների արժեքը կարճաժամկետ կտրվածքով ավելի կայուն է: Երբ մոտենում է ներդրված միջոցներն օգտագործելու ժամանակը, նպատակահարմար է միջոցներն ուղղել դեպի ավելի կայուն արժեքով ներդրումներին: Հնգամյա հեռանկարում համեմատաբար ապահով ներդրում է հինգ տարի մարման ժամկետով պարտատոմսի ձեռքբերումը, որի ժամկետը լրանալուն պես կարող եք ստանալ ձեր ներդրման սկզբնական գումարը՝ տոկոսների հետ միասին: Ընդհանուր խորհուրդ. գնեք այնպիսի պարտատոմսեր, որոնց մարման ժամկետը մոտավորապես համընկնում է այն ժամանակին, երբ ձեզ անհրաժեշտ են լինելու ձեր միջոցները՝ օրինակ՝ տան հիպոթեքի կանխավճարը վճարելու կամ թոշակի տարիքում որպես եկամուտ օգտագործելու համար: Եթե ժամկետը հստակ չէ, կարող եք միջոցները ներդնել մարման տարբեր ժամկետներով պարտատոմսերում:
Պարտատոմսեր ունենալու հետ կապված ռիսկերը ներառում են կրեդիտային ռիսկ (այսինքն՝ ներդրման մայր գումարը հետ չստանալու հետ կապված ռիսկ), չնախատեսված գնաճ և տոկոսադրույքների փոփոխություն՝ պայմանավորված կառավարության՝ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնելու ջանքերով: Եթե միջոցները ներդնում եք պետական պարտատոմսերում և բարձրակարգ կորպորատիվ պարտատոմսերի ֆոնդերում, ապա այդ պարտատոմսերի հետ կապված ամենամեծ ռիսկը գնաճն է, որը նվազեցնում է ինչպես մայր գումարի, այնպես էլ ֆիքսված տոկոսագումարների արժեքը: Սակայն ռիսկը կարելի է նվազեցնել կամ վերացնել` գնելով գնաճից պաշտպանված պարտատոմսեր, ինչպիսիք են գնաճից պաշտպանված գանձապետական արժեթղթերը Միացյալ Նահանգներում կամ երկարաժամկետ գանձապետական պարտատոմսերը Ֆրանսիայում, որոնք ֆիքսված տոկոսադրույքով և գնաճով ճշգրտված պետական պարտատոմսեր են (որը նշանակում է, որ ֆիքսված տոկոսադրույք է վճարվում՝ գումարած գնաճով պայմանավորված գնողականության կորստի փոխհատուցումը): Քանի որ պարտատոմսերից ստացվող եկամտի՝ սպասվածից ցածր լինելու պատճառներից մեկը անկանխատեսելի գնաճն է, գնաճից պաշտպանված պարտատոմսեր ձեռք բերելը կարող է պաշտպանել այդ ռիսկից: Այս տեսակի պարտատոմսերը հատկապես գրավիչ տարբերակ են թոշակառուների համար, որոնք ցանկանում են մեծացնել իրենց ակտիվների իրական գնողունակությունը:(121)
Պարտատոմսերի հետ կապված լրացուցիչ ռիսկ է տոկոսադրույքների փոփոխությունների ազդեցությունը: Ենթադրենք՝ 1 000 եվրո արժողությամբ պարտատոմս եք գնում՝ 30 տարի ժամկետով և 5% տոկոսադրույքով: Այս պարտատոմսով ձեզ 30 տարի շարունակ տարեկան 50 եվրո տոկոսագումար է վճարվում, իսկ ժամկետի ավարտին այն մարվում է, և դուք 1 000 եվրո եք ստանում: Սակայն եթե այս պարտատոմսը գնելուց կարճ ժամանակ անց ընդհանուր տոկոսադրույքը հասնի 10%-ի, ձեր պարտատոմսն իսկույն կարժեզրկվի ձեռքբերման գնի մոտ կեսի չափով: Ինչո՞ւ: 10% տոկոսադրույքի դեպքում ներդրողը կարող է յուրաքանչյուր տարի այդ նույն 50 եվրո տոկոսագումարը ստանալ՝ 500 եվրո արժողությամբ պարտատոմս գնելով: Այսինքն, ձեր 1 000 եվրո արժողությամբ պարտատոմսի դիմաց ներդրողները կցանկանան ընդամենը 500 եվրո վճարել: Իհարկե, եթե տոկոսադրույքը 30 տարի մարման ժամկետով և 5% տոկոսադրույքով պարտատոմսը գնելուց կարճ ժամանակ անց իջնի մինչև 2.5%, ապա պարտատոմսի արժեքը մոտավորապես կկրկնապատկվի: Բայց սա տատանողականության հետ կապված ավելի մեծ ռիսկ է, որը չարժե ստանձնել, եթե գումարը որոշել եք խնայել՝ հինգ տարի անց ինչ-որ բան գնելու համար: Իսկ եթե պարտատոմսը պահեք ողջ ժամկետի (30 տարվա) ընթացքում, ապա հետ կստանաք ամբողջ 1 000 եվրոն, իսկ պարտատոմսը պահելու ընթացքում տեղի ունեցած գնային փոփոխություններն այլևս էական չեն լինի: Եվ այսպես, արժե այնպես անել, որ պարտատոմսի մարման օրը համընկնի այն ժամանակաշրջանի հետ, երբ ձեզ անհրաժեշտ է լինելու գումարը։
Որքա՞ն ժամանակ է պետք բաժնետոմսերը պահել պորտֆելում և ե՞րբ պետք է անցնել պարտատոմսերի: Դա կախված է այն ժամկետից, որի ավարտին ցանկանում եք ստանալ ներդրումային միջոցները: Ինչպես արդեն նշել ենք, համեմատաբար կարճաժամկետ ներդրումները կարող են լավ եկամտաբերություն ապահովել բացառապես պարտատոմսերի դեպքում: Օրինակ՝ երիտասարդ զույգը, որը խնայողություններ է կուտակում տան կամ բնակարանի հիպոթեքի 20% կանխավճարի համար, նախընտրելի է, որ միայն այդ նպատակով կուտակած խնայողությունները ներդնի պարտատոմսերում և ամբողջությամբ հրաժարվի ֆոնդային շուկայում ներդրումներ կատարելուց, քանի որ տուն կամ բնակարան ձեռք բերելու հիպոթեքի կանխավճարը կուտակելու համար հաճախ մի քանի տարի է պահանջվում: Բոլորովին այլ կլինի իրավիճակը, եթե երիտասարդ զույգը որոշի խնայողություններ կուտակել իր նորածին երեխայի կրթության համար (տասնութ տարով) կամ թոշակի համար (35-45 տարով): Երկու դեպքում էլ կուտակային ժամանակահատվածի գրեթե ողջ ընթացքում ներդրումային պորտֆելը հիմնականում կամ գուցե ամբողջությամբ պետք է բաժնետոմսերից կազմված լինի:
Նորածին երեխայի ծնողները, որոնք անմիջապես սկսում են գումար խնայել երեխայի կրթության համար, ավելի երկար ժամանակ ունեն` գումար կուտակելու և բա